Լ Ր Ա Ց Ո Ւ Ց Ի Չ Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Եվրոպայի խորհրդի «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Գլխավոր համաձայնագրի
1949 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզում ստորագրված Եվրոպայի խորհրդի «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Գլխավոր համաձայնագիրը (այսուհետև՝ Համաձայնագիր) ստորագրած կառավարությունները,
ցանկություն ունենալով լրացնել Համաձայնագրի դրույթները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Եվրոպայի խորհրդի ներկա և ապագա ցանկացած անդամ, որը չի ստորագրել Համաձայնագիրը, կարող է միանալ դրան և սույն Արձանագրությանը՝ այս երկու ակտերին միանալու փաստաթղթերը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով, որը այդ մասին կծանուցի Խորհրդի անդամներին:
Հ ո դ վ ա ծ 2
ա) Համաձայնագրի 4-րդ գլխի դրույթները կիրառվում են այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք մասնակցում են Նախարարների պատվիրակների ժողովներին:
բ) Համաձայնագրի 4-րդ գլխի դրույթները կիրառվում են այն ներկայացուցիչների նկատմամբ (բացառությամբ Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչների), որոնք մասնակցում են Եվրոպայի խորհրդի կողմից հրավիրված այն ժողովներին, որոնք տեղի են ունենում Նախարարների կոմիտեի և Նախարարների պատվիրակների նստաշրջանների ժամանակաշրջաններից դուրս: Այն ներկայացուցիչները, որոնք մասնակցում են այդ ժողովներին, չեն կարող ազատվել, սակայն, ձերբակալությունից կամ դատական հետապնդումից, եթե բռնվել են հանցանքի պահին (հանցանք կատարելիս, կամ հանցանքի փորձ կատարելիս, կամ հանցանքից անմիջապես հետո):
Հ ո դ վ ա ծ 3
Համաձայնագրի 15-րդ հոդվածի դրույթները կիրառվում են նաև վեհաժողովի ներկայացուցիչների կամ նրանց փոխարինողների նկատմամբ, երբ նրանք մասնակցում են վեհաժողովի հանձնաժողովի կամ ենթահանձնաժողովի հանդիպումներին, հանդիպման վայր մեկնելիս կամ այնտեղից վերադառնալիս՝ անկախ այն հանգամանքից՝ այդ հանդիպումները Խորհրդակցական վեհաժողովի նստաշրջանի ժամանակաշրջանու՞մ են տեղի ունենում, թե այլ ժամանակ:
Հ ո դ վ ա ծ 4
Եվրոպայի խորհրդին առընթեր անդամների մշտական ներկայացուցիչները իրենց լիազորությունների ժամկետում և ժողովների վայրեր մեկնելիս կամ վերադառնալիս օգտվում են նույն արտոնություններից, անձեռնմխելիություններից և հնարավորություններից, ինչպիսիք ունեն նույն կարգավիճակն
ունեցող դիվանագիտական գործակալները:
Հ ո դ վ ա ծ 5
Այս արտոնությունները, անձեռնմխելիությունները և հնարավորությունները տրվում են անդամների ներկայացուցիչներին ոչ թե նրանց անձնական շահի համար, այլ Եվրոպայի խորհրդի հանդեպ նրանց գործառույթների իրականացման անկախությունը ապահովելու նպատակով: Հետևաբար անդամը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է հրաժարվել իր ներկայացուցչի անձեռնմխելիությունից բոլոր այն դեպքերում, երբ, իր կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և անձեռնմխելիությունից հրաժարումը չի կարող վնասել այն նպատակին, որի համար տրվել է:
Հ ո դ վ ա ծ 6
4-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում այն պետության իշխանությունների նկատմամբ, երբ ներկայացուցիչը իր քաղաքացին է, կամ այն անդամի նկատմամբ, որի ներկայացուցիչն է կամ ներկայացուցիչն է եղել:
Հ ո դ վ ա ծ 7
ա) Սույն Արձանագրությունը բաց է Համաձայնագիրը ստորագրած անդամների ստորագրման համար: Արձանագրությունը կվավերացվի Համաձայնագրի հետ միաժամանակ կամ նրա վավերացումից հետո: Վավերագրերն ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
բ) Սույն արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ կվավերացվի այն ստորագրողների կողմից, որոնք այդ պահին վավերացրած կլինեն Համաձայնագիրը՝ պայմանով, որ ստորագրողների թիվը, որոնք վավերացրել են Համաձայնագիրը և Արձանագրությունը, յոթից պակաս չլինի:
գ) Բոլոր մյուս ստորագրողների համար Արձանագրությունն ուժի մեջ կմտնի իրենց վավերագիրը ի պահ հանձնելու օրվանից:
դ) Բոլոր այն անդամների համար, որոնք միացել են Համաձայնագրին և Արձանագրությանը 1-ին հոդվածին համապատասխան, Համաձայնագիրը և Արձանագրությունն ուժի մեջ կմտնեն.
i. վերոհիշյալ «բ» կետում նշված օրը, եթե միացման փաստաթուղթը ի պահ հանձնվի այդ օրվանից առաջ.
ii. միացման փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից, եթե ի պահ հանձնելը տեղի ունենա վերոհիշյալ «բ» կետում նշված օրվանից հետո:
Ի վկայումն վերոշարադրյալի՝ այդ նպատակի համար պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 1952 թվականի նոյեմբերի 6-ին՝ ֆրանսերեն և անգլերեն լեզուներով հավասարազոր տեքստերից բաղկացած մեկ բնօրինակից, որը կպահվի Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճենները կներկայացնի բոլոր ստորագրած կամ միացած կառավարություններին:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 25-ից: