Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2011
Дата вступления в силу
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0570/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0570/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`   Ս. Միքայելյան

Դատավորներ` Ն. Տավարացյան
                                  Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրազդանի «Հ. Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Դպրոց) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուրեն Մաղաքյանի ընդդեմ Սուսաննա Երգինյանի` գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը հակաօրինական ճանաչելու, աշխատողի իրավունքները վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար փոխհատուցում գանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սուրեն Մաղաքյանը պահանջել է հակաօրինական ճանաչել գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել Դպրոցից հարկադիր պարապուրդի գումարը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2010 թվականի որոշմամբ Դպրոցի տնօրեն Սուսաննա Երգինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.10.2009 թվականի վճռի` Դպրոցի նախկին ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն և աշխարհագրության ուսուցիչ Սուրեն Մաղաքյանին նախկին աշխատանքին վերականգնելու մասը, և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Դատարանի վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի որոշմամբ Սուրեն Մաղաքյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 05.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.11.2010 թվականի որոշմամբ Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.08.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անհնար է Սուրեն Մաղաքյանի նախկին հաստիքի ստեղծումը: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ իրավաբանական անձը կարող է ունենալ միայն իր հիմնադիր փաստաթղթով նախատեսված գործունեության նպատակին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված պարտականություններ: Դպրոցի` որպես իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը վերջինիս կանոնադրությունն է, որով Դպրոցի տնօրենն օժտված չէ հաստիք կրճատելու կամ ավելացնելու լիազորությամբ: Հաստիքները հաստատվում են հիմնադրի` Կոտայքի մարզպետարանի կողմից: Այսինքն` Սուրեն Մաղաքյանին 0,5 հաստիքով փոխտնօրենի պաշտոնում վերականգնելով, Վերաքննիչ դատարանը Դպրոցի տնօրենին պարտադրել է կրել այնպիսի պարտականություն, որը Դպրոցի կանոնադրությամբ նախատեսված չէ, և որի կատարումն օբկյեկտիվորեն անհնար է:

Անհնար է նաև Սուրեն Մաղաքյանի վերականգնումն աշխարհագրության առարկայի ուսուցչի պաշտոնում, քանի որ Դպրոցն ունի աշխարհագրության 14 դասաժամ, իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել շաբաթական 22 դասաժամը: Տվյալ դեպքում առկա ժամերը պետք է հատկացվեն Դպրոցում 30.08.1993 թվականից աշխարհագրության ուսուցչուհի Սոնա Կարապետյանին, ով գտնվելիս է եղել հղիության և ծննդաբերության, այնուհետև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում և 14.07.2010 թվականի դիմումի համաձայն` դադարեցնելու է մասնակի վճարովի արձակուրդը և շարունակելու է աշխատել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2010 թվականի որոշումներով հաստատվել է, որ Դպրոցի տնօրենի կողմից ներկայացվել են բավարար ապացույցներ` ուսումնական գծով փոխտնօրենի հաստիքը 0,5 դրույքով կրճատված լինելու մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.11.2010 թվականի որոշումը և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Դպրոցի և Սուրեն Մաղաքյանի միջև 01.09.2006 թվականին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Սուրեն Մաղաքյանը Դպրոցում նշանակվել է ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալ` 0,5 դրույքով, միաժամանակ նրան է հանձնարարվել աշխարհագրության դասեր` շաբաթական 5 ժամ (հատոր 1-ին գ.թ. 11-12):

2. Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի հաստիքը բաժանելու մասին 04.01.2006 թվականի թիվ 1 հրամանով 04.01.2006 թվականից Դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի 1,5 հաստիքը, ըստ աշխատանքային պայմանագրի, բաժանվել է հետևյալ կերպ` Մաղաքյան Սուրեն` 0,5 դրույք, Իսկանդարյան Աղավնիկ` 0,5 դրույք, Օհանյան Նարինե` 0,5 դրույք (հատոր 1-ին գ.թ. 46):

3. Սուրեն Մաղաքյանին 30.06.2009 թվականին հասցեագրված ծանուցման համաձայն` Դպրոցը հայտնել է դասարանների և աշխարհագրության դասաժամերի կրճատմամբ պայմանավորված` Դպրոցի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 31.08.2009 թվականից լուծելու մասին, իսկ Դպրոցի տնօրենի 31.08.2009 թվականի թիվ 59 հրամանի համաձայն` Սուրեն Մաղաքյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով 31.08.2009 թվականից համարվել է լուծված (հատոր 1-ին գ. թ. 7-8):

4. 18.09.2009 թվականին հաստատված Դպրոցի հաստիքացուցակի համաձայն` ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալի հաստիքային միավորի քանակը 1-ն է (հատոր 1-ին գ.թ. 42):

5. Դպրոցի տնօրեն Սուսաննա Երգինյանի 22.07.2010 թվականի բացատրության համաձայն` Սոնա Կարապետյանը 03.11.2009 թվականից գտնվել է հղիության և ծննդաբերության, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում և իր 14.07.2010 թվականի դիմումի համաձայն` 01.09.2010 թվականից ներկայացել է աշխատանքի (հատոր 2-րդ գ. թ. 35):

6. 14.07.2010 թվականի Սոնա Կարապետյանի` Դպրոցի տնօրեն Սուսաննա Երգինյանին ուղղված դիմումի բովանդակության համաձայն` վերջինս գտնվել է երեխայի խնամքի մասնակի վճարովի արձակուրդում, ներկայումս դադարեցնելու է մասնակի վճարովի արձակուրդը և շարունակելու է աշխատել (հատոր 2-րդ գ. թ. 35):

7. Մանկավարժական խորհրդի 2009 թվականին կայացած նիստում հաստատված ուսումնական պլանի համաձայն` Դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա աշխարհագրության շաբաթական ժամերի քանակը 14-ն է (հատոր 2-րդ գ. թ. 32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Դատարանի կողմից գործատուի վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է:

Նման դեպքերում դատարանի կողմից վերոգրյալ հոդվածի չկիրառումը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք:

Նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակման: Այդ իսկ նպատակով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը` կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս Զոյա Ծատրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին թիվ 3-496(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե´ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, սահմանափակվել է միայն աշխատանքային պայմանագիրն օրենքի խախտմամբ լուծելու հանգամանքի գնահատմամբ և ըստ էության չի անդրադարձել հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելու անհնարինության հարցին:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ այն փաստը, թե արդյոք հնարավոր է Սուրեն Մաղաքյանի հետ վերականգնել հետագա աշխատանքային հարաբերությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գնահատման առարկա պետք է դարձնի այն հանգամանքը, որ Դպրոցի վարչակազմակերպչական կառուցվածքում Սուրեն Մաղաքյանի զբաղեցրած փոխտնօրենի 0,5 դրույքով հաստիքը, ներկայիս հաստիքացուցակի համաձայն, կրճատվել է, մասնավորապես` 04.01.2006 թվականի թիվ 1 հրամանով ուսումնական աշխատանքների գծով որպես փոխտնօրենի հաստիքային միավորի քանակ նշվել է 1,5-ը, իսկ 18.09.2009 թվականին հաստատված Դպրոցի հաստիքացուցակի համաձայն` նշված հաստիքային միավորի քանակը 1-ն է, իսկ փոխտնօրենի մեկ հաստիքը զբաղեցնում է ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը: Բացի այդ, Դատարանը պետք է քննարկի Սուրեն Մաղաքյանի աշխարհագրության դասաժամերի վերականգնման հնարավորության հարցը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար´ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան