ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0365/05/08 |
Նախագահող դատավոր՝ Ա. Ալավերդյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 25.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի հայցի ընդդեմ Էդգար Թադևոսյանի, Արգիշտի Հովսեփյանի` 2.183.034 ՀՀ դրամ բռնագանձելու և ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մաքսային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Էդգար Թադևոսյանի, Արգիշտի Հովսեփյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կոմիտեի` ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի (այսուհետ` Վարչության պետ) 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը փոփոխելու պահանջի մասին, ինչպես նաև ըստ Էդգար Թադևոսյանի, Արգիշտի Հովսեփյանի հայցի ընդդեմ Կոմիտեի` Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու, Էդգար Թադևոսյանին, Արգիշտի Հովսեփյանին ապրանքի պահպանության հետ կապված ծախսերից ազատելու և դրանք Կոմիտեի վրա թողնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է համապարտության կարգով բռնագանձել Էդգար Թադևոսյանից, Արգիշտի Հովսեփյանից 2.183.034 ՀՀ դրամ և պարտավորեցնել վերջիններիս կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մաքսային պարտավորությունը, այն է` մաքսային մարմին ներկայացնել ապրանքի` Հայաստանի Հանրապետություն ներմուծված 420 հատ MicroSD 1GB, 316 հատ MicroSD 512MB, 50 հատ Transcend 2GB, 20 հատ Transcend 4GB տեսակի հիշողության սարքի, 10 հատ Bluetooth Model SY-630, 96 հատ Bluetooth Model SY-690 հիշողության քարտ կարդացող սարքի և 81 հատ Bluetooth USB ES-388 2.0 ինֆորմացիա փոխանցող սարքի վերաբերյալ հայտարարագիր:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Էդգար Թադևոսյանը, Արգիշտի Հովսեփյանը պահանջել են փոփոխել Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը, այն է` սարքերի մաքսային արժեքը սահմանել 1.407.349,3 ՀՀ դրամ և նշված որոշման 2-րդ կետում «2.183.034 ՀՀ դրամ» բառերը փոխարինել «1.407.349,3 ՀՀ դրամ» բառերով:
Դիմելով դատարան` Էդգար Թադևոսյանը, Արգիշտի Հովսեփյանը պահանջել են անվավեր ճանաչել Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը, Էդգար Թադևոսյանին, Արգիշտի Հովսեփյանին ազատել ապրանքի պահպանության հետ կապված ծախսերից և դրանք թողնել Կոմիտեի վրա:
ՀՀ վարչական դատարանի 25.01.2010 թվականի որոշմամբ նշված գործերը միացվել են մեկ վարույթում:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.05.2010 թվականի վճռով Կոմիտեի հայցը մերժվել է, Էդգար Թադևոսյանի, Արգիշտի Հովսեփյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման 2-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, իսկ Էդգար Թադևոսյանի, Արգիշտի Հովսեփյանի հակընդդեմ հայցի, ինչպես նաև վերջիններիս հայցի` Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման 1-ին կետն անվավեր ճանաչելու, Էդգար Թադևոսյանին, Արգիշտի Հովսեփյանին ապրանքի պահպանության հետ կապված ծախսերից ազատելու և դրանք Կոմիտեի վրա թողնելու պահանջների մասով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Էդգար Թադևոսյանը և Արգիշտի Հովսեփյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ, 25-րդ, 128-րդ, 130-րդ, 132-րդ, 141-րդ, 189-րդ հոդվածները, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Կառավարության 21.11.2003 թվականի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշումը, ՀՀ մաքսային վարչության 11.06.1998 թվականի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման մասին» թիվ 70-ՄՎՐ, 10.07.1998 թվականի ««ՀՀ մաքսային սահմանով անցնող քաղաքացիների կողմից հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը հաստատելու մասին» թիվ 86-ՄՎԸ հրամանները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ Կառավարության 21.11.2003 թվականի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» թիվ 1927-Ն որոշումը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ ապրանքներ տեղափոխող անձ է համարվում դրանց սեփականատեր, գնորդ կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք իր անունից ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձը: Տվյալ դեպքում Էդգար Թադևոսյանի և Արգիշտի Հովսեփյանի բացատրությունների համաձայն` վերջիններս մինչև 27.06.2008 թվականը Միացյալ Արաբական Էմիրություններ մեկնելը միասին պայմանավորվել են համատեղ գումարով այնտեղից ձեռք բերել և վերադառնալիս Հայաստանի Հանրապետություն ներմուծել հիշողության և ինֆորմացիա փոխանցող սարքեր` վերավաճառելու նպատակով: Նշվածից հետևում է, որ Արգիշտի Հովսեփյանը նույնպես համարվում է ապրանքներ տեղափոխող անձ, քանի որ ապրանքների գնորդ և գնման իրավունքով սեփականատեր է: Հետևաբար, Էդգար Թադևոսյանը և Արգիշտի Հովսեփյանը կրում են համապարտ պատասխանատվություն:
Դատարանը հաշվի չի առել, որ Էդգար Թադևոսյանի և Արգիշտի Հովսեփյանի պատճառաբանությունն այն մասին, որ վերջիններս ապրանքները հայտարարագրելու պատրաստակամություն են ունեցել, սակայն մաքսային մարմինները չեն ունեցել բավարար պայմաններ կամ թերացել են իրենց պարտականություններում, անհիմն է, քանի որ Էդգար Թադևոսյանը և Արգիշտի Հովսեփյանը կարող էին և պարտավոր էին իմանալ ՀՀ Կառավարության 21.11.2003 թվականի թիվ 1927-Ն որոշման մասին: Բացի այդ, ապրանքների հայտարարագրումը և հայտարարագրի ներկայացումը հայտարարատուի, այլ ոչ թե մաքսային մարմինների պարտականությունն է: Ինչ վերաբերում է մաքսային մարմինների կողմից մաքսային միջնորդների (բրոքերների) ծառայությունից օգտվելու և դրա գտնվելու վայրի մասին Էդգար Թադևոսյանին և Արգիշտի Հովսեփյանին չտեղեկացնելուն և «Զվարթնոց» մաքսատանը այդպիսի ծառայություն չունենալուն, ապա նշված ծառայության առկայություն օրենքը չի պարտադրում:
Դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով ձեռքբերված ապացույցներով հիմնավորվում է, որ Էդգար Թադևոսյանի և Արգիշտի Հովսեփյանի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված ապրանքները չհայտարարագրելու փաստը` կատարված զանցանքը, վերջիններիս կողմից երբևէ չի ժխտվել:
Դատարանը հաշվի չի առել նաև, որ Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը բովանդակում է ՀՀ մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված բոլոր պահանջները:
Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է նաև ընթերակաների կողմից, ինչն օրենքը չի պահանջում, հիմնավոր չէ, քանի որ օրենքը նշվածը նաև չի արգելում:
Այսպիսով, Կոմիտեի հայցի մերժման վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունները կրում են ձևական բնույթ:
Դատարանը վճռով չի անդրադարձել Կոմիտեի հայցի` Էդգար Թադևոսյանին, Արգիշտի Հովսեփյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մաքսային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջին և այդ մասով հայցն ընդհանրապես քննության առարկա չի դարձրել, ինչպես նաև չի գնահատել իրավախախտման փաստի առկայությունը հաստատող գործում եղած բոլոր ապացույցները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 25.05.2010 թվականի վճռի` Կոմիտեի հայցը մերժելու, Էդգար Թադևոսյանի, Արգիշտի Հովսեփյանի հայցը բավարարելու մասերը և այդ մասերով այն փոփոխել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Դատարանը բազմակողմանի, հիմնավոր վերլուծությամբ գնահատել է գործում եղած բոլոր ապացույցները և Էդգար Թադևոսյանի, Արգիշտի Հովսեփյանի հայցը բավարարել է արդարացիորեն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան ՈւՄՀ բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 04.07.2008 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն, որի համաձայն` Շարժա-Երևան թիվ 237 չվերթով ուղևոր Էդգար Թադևոսյանը, հատելով մաքսային հսկողության կանաչ ուղին, առանց հայտարարագրելու անցել է, նա ետ է հրավիրվել և կատարվել է ուղեբեռի զննում, որի ընթացքում հայտնաբերվել են համակարգչային հիշողության սարքավորումներ (հատոր 1-ին, գ.թ. 8): Նշված արձանագրությունը չի պարունակում Արգիշտի Հովսեփյանի կողմից մաքսային կանոնների խախտման մասին որևէ նշում:
2) Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Էդգար Թադևոսյանի և Արգիշտի Հովսեփյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով Էդգար Թադևոսյանը, Արգիշտի Հովսեփյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով ճանաչվել են զանցառու և տուգանվել են առանց հայտարարագրելու Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված 420 հատ MicroSD 1GB, 316 հատ MicroSD 512MB, 50 հատ Transcend 1GB, 50 հատ Transcend 2GB, 20 հատ Transcend 4GB տեսակի հիշողության սարքի, 10 հատ Bluetooth Model SY-630, 96 հատ Bluetooth Model SY-690 հիշողության քարտ կարդացող սարքի և 81 հատ Bluetooth USB ES-388 2.0 ինֆորմացիա փոխանցող սարքի մաքսային արժեքի չափով` 2.183.034 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 25-28):
3) Էդգար Թադևոսյանը և Արգիշտի Հովսեփյանը 16.07.2008 թվականին տվել են բացատրություններ, որոնցով հաստատվում է այն հանգամանքը, որ վերջիններս Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման մեջ նշված ապրանքը գնել են համատեղ (հատոր 1-ին, գ.թ. 13-14, 16):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխի 205-րդ հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նույն գլխին չհակասող մասով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերն են` իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերումը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից իրավունք ունի`
ա) տալ բացատրություններ.
բ) հարուցել միջնորդություններ.
գ) օգտվել փաստաբանի կամ մասնագետի ծառայությունից.
դ) ելույթ ունենալ մայրենի լեզվով և օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում հայերենին.
ե) ծանոթանալ գործի նյութերին.
զ) բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը.
է) իմանալ, թե ինչի համար է իր նկատմամբ վարույթ հարուցվել.
ը) վարույթն իրականացնող մարմնից ստանալ վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ.
թ) առարկել վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել արձանագրության մեջ.
ժ) հայտնել բացարկներ.
ժա) ծանոթանալ արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է գտնվել, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, պահանջել արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք իր կարծիքով պետք է նշվեն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` ճիշտ են կազմվել արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` որպես կանոն, վարչական ակտն անվավեր է ճանաչվում ամբողջությամբ:
Վարչական ակտը մի մասով անվավեր կարող է ճանաչվել, եթե անվավեր չճանաչված մասը կարող է ուժի մեջ մնալ առանց անվավեր ճանաչված մասի:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մաքսային կանոնների խախտման հայտնաբերման ժամանակ կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Այդ պահանջի կատարումը կրում է պարտադիր բնույթ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ իրականացվող վարույթի ընթացքում ունի առանցքային նշանակություն, քանի որ այդպիսի վարույթը սկսված է համարվում արձանագրության կազմման պահից, որից անմիջապես հետո էլ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի համար ՀՀ մաքսային օրենսգրքով երաշխավորվում են այնպիսի իրավունքներ, որոնց իրականացումն անխզելիորեն կապված է նաև արձանագրություն կազմելու գործընթացի հետ:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է ապացույցները գնահատել իր ներքին համոզմունքով` հիմնված գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա: Այդ պահանջի կատարումն ապահովելու համար վերջինս պարտավոր է նաև լուծել այն հարցը, թե արդյոք ճիշտ է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը:
Վերոգրյալ պահանջների խախտմամբ իրականացված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթը որևէ դեպքում չի կարող դիտվել որպես գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված վարույթ, իսկ դրա արդյունքում ընդունված վարչական ակտը պետք է դիտվի որպես օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտ:
Սույն գործով Դատարանը Կոմիտեի հայցը մերժելու, իսկ Էդգար Թադևոսյանի, Արգիշտի Հովսեփյանի հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Արգիշտի Հովսեփյանի նկատմամբ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, սակայն Վարչության պետը 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ նրան նույնպես ենթարկել է վարչական պատասխանատվության:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը հիմավոր է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման մեջ նշված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմվել է միայն Էդգար Թադևոսյանի նկատմամբ, իսկ Արգիշտի Հովսեփյանի նկատմամբ այդպիսի արձանագրություն չի կազմվել, սակայն վերջինս նույն որոշմամբ նույնպես ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նշվածի արդյունքում Արգիշտի Հովսեփյանը զրկվել է ՀՀ մաքսային օրենսգրքով երաշխավորված իր իրավունքների իրականացումից:
Այսինքն` Արգիշտի Հովսեփյանի նկատմամբ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ չի սկսվել և չի իրականացվել, սակայն վերջինիս նկատմամբ ընդունվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչության պետի 08.08.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը միայն Էդգար Թադևոսյանի մասով ուժի մեջ մնալու հանգամանքը պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության, քանի որ Դատարանն այդ մասով որևէ վերլուծություն չի կատարել:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը նույն օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150.000 դրամը:
ՀՀ Կառավարության 21.11.2003 թվականի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» թիվ 1927-Ն որոշման 1-ին կետով հաստատված` «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման» կարգի 7-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` «Կարմիր» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, ովքեր տեղափոխում են հայտարարագրման ենթակա ապրանքներ:
Նույն կարգի 13-րդ կետի համաձայն` «Կանաչ» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, որոնք չունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ:
Նույն կարգի 14-րդ կետի համաձայն` ուղևորի կողմից «Կանաչ» ուղին ընտրելը և նույն կարգի 4.2-րդ կետում նշված «Կանաչ» ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում:
Նույն կարգի 15-րդ կետի համաձայն` եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղևորի մոտ առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև ուղևորի կողմից «Կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի:
Նույն կարգի 16-րդ կետի համաձայն` եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղու ելքը հատած ուղևորն իր հետ տեղափոխում է հայտարարագրման ենթակա կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ տեղափոխվում են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա դրանք տեղափոխող անձը պարտավոր է ընտրել «Կարմիր» ուղին, իսկ հակառակ դեպքում նախատեսված է «Կանաչ» ուղին, որի ընտրության դեպքում այն հատելը համարվում է հայտարարագրման ենթակա ապրանքներ չունենալու մասին բանավոր հայտարարագրում: Այսինքն` «Կանաչ» ուղու ընտրության դեպքում բանավոր հայտարարագրումը կդիտվի որպես իրավաչափ միայն այն դեպքում, երբ ապրանքներ տեղափոխող անձն իր մոտ չունենա հայտարարագրման ենթակա ապրանքներ:
Հետևաբար, անհիմն է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Էդգար Թադևոսյանի և Արգիշտի Հովսեփյանի կողմից «Կանաչ» ուղու ելքը հատելը կարող է գնահատվել որպես հայտարարագրման ենթակա ապրանքներ ունենալու մասին բանավոր հայտարարագրում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 25.05.2010 թվականի վճռի` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժելու, Էդգար Թադևոսյանի և Արգիշտի Հովսեփյանի հայցը բավարարելու մասերը և այդ մասերով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ՝ |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |