ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0090/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0090/02/10 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գրիշա Գալստյանի ընդդեմ Մանվել Զոհրաբյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Կադաստրի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գրիշա Գալստյանը պահանջել է վավեր ճանաչել 10.04.2007 թվականին Մանվել Զոհրաբյանի հետ կնքված, նոտարական վավերացում չստացած անշարժ գույքի` Երևանի Ջիվանի փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող տան մի մասի առուվաճառքի պայմանագիրը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 12.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` «Ճանաչել վավեր 2007 թվականի ապրիլի 10-ին Գրիշա Գալստյանի և Մանվել Զոհրաբյանի միջև Երևանի Ջիվանի փող. թիվ 3 հասցեի նկատմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի ներքին պայմանագիրը, որի հիմքով ճանաչել Գրիշա Գալստյանի սեփականության իրավունքը նշված հասցեի ըստ անշարժ գույքի կադաստրի «Շենգավիթ» ստորաբաժանման կողմից կատարված չափագրման արդյունքներով տրված հատակագծի 147,8 քմ մակերեսով հողամասի և դրա վրա եղած շինությունների նկատմամբ: 6,8 քմ մակերեսով հողամասը թողնել կողմերի ընդհանուր օգտագործմանը, որպես մուտքային տարածություն»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2010 թվականի որոշմամբ Կադաստրի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կադաստրը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ և 188-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ և 300-րդ հոդվածների դրույթները, կարող էր միայն վավեր ճանաչել Գրիշա Գալստյանի և Մանվել Զոհրաբյանի միջև կնքված ներքին առուվաճառքի պայմանագիրը, չէր կարող ճանաչել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, քանի որ Գրիշա Գալստյանի կողմից նման պահանջ չի ներկայացվել, իսկ ներկայացված լինելու դեպքում էլ սեփականության իրավունքի ճանաչումը չէր կարող տարածվել պայմանագրի առարկա չհանդիսացող անշարժ գույքի նկատմամբ: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գրիշա Գալստյանի կողմից Մանվել Զոհրաբյանի դեմ ներկայացված պահանջն ուղղված էր միայն կնքված ներքին առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելուն, և այդ պահանջի բավարարման դեպքում Գրիշա Գալստյանը սեփականության իրավունք կարող էր ձեռք բերել միայն պայմանագրում նշված գույքի նկատմամբ և այն էլ միայն օրինական գույքի նկատմամբ:
Ուստի Դատարանն առանց բավարար իրավական հիմքերի դուրս է եկել հայցի շրջանակներից և վավեր ճանաչելով ներքին առուվաճառքի պայմանագիրը` դրա հիմքով ճանաչել է Գրիշա Գալստյանի սեփականության իրավունքը պայմանագրի առարկա չհանդիսացած անշարժ գույքի, այդ թվում 256,1 քմ մակերեսով կարգավիճակը չորոշված բնակելի տան նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները, համաձայն որոնց` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ի կատարումն վերը նշված հոդվածի` ՀՀ կառավարության կողմից 18.05.2006 թվականին ընդունվել է «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, որով սահմանվել է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման կարգը:
Վերը նշվածը հաշվի չառնելով` Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել նաև նախքան այդ կառույցի օրինականացումը:
Վերաքննիչ դատարանի 29.07.2010 թվականի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի թիվ 3-2504 (ՏԴ), 26.01.2007 թվականի թիվ 3-106 (ՎԴ), 30.03.2007 թվականի թիվ 3-249 (ՎԴ) որոշումներին:
Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքով պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 10.04.2007 թվականին Գրիշա Գալստյանը և Մանվել Զոհրաբյանը ստորագրել են անշարժ գույքի առուվաճառքի նոտարական վավերացում չստացած պայմանագիր, որի համաձայն` Մանվել Զոհրաբյանը` վաճառել, իսկ Գրիշա Գալստյանը գնել է «Երևան, Ջիվանու փողոց, թիվ 3ա» հասցեում գտնվող տան երկու սենյակը, նկուղը, արևելյան կողմի հողակտորը և դեպի տուն տանող ճանապարհը` վճարելով 30.000 ԱՄՆ դոլար գումար (գ.թ. 14):
2) Կադաստրի կողմից կատարված չափագրման արդյունքում կազմված հատակագծով հաստատվել է, որ Մանվել Զոհրաբյանից Գրիշա Գալստյանին փոխանցված 147,8քմ մակերեսով օրինական հողամասի վրա առկա է 256,1քմ մակերեսով ինքնակամ կառույց` բնակելի տուն (գ.թ. 44, 45):
3) Կադաստրի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման կողմից տրված 25.03.2010 թվականի թիվ 1236 գրության համաձայն` Գրիշա Գալստյանի կողմից օգտագործվող բնակելի տան մակերեսը կազմում է 57,6քմ, առկա է նաև կառուցված 256,1քմ մակերեսով բնակելի տուն, որի կարգավիճակը որոշված չէ: Օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 147,8 քմ, որից 4,76քմ կարգավիճակը որոշված չէ, որի վրա առկա է նաև 9,25 քմ մակերեսով կարգավիճակը չորոշված շինություն: Օգտագործվում է նաև 6,8քմ մակերեսով ընդհանուր հողամաս Մ. Զոհրաբյանի հետ, որը ծառայում է որպես մուտքային տարածություն (գ.թ. 44):
4) 09.06.2010 թվականի վերաքննիչ բողոքում առկա չեն Դատարանի կողմից հայցի հիմքի և առարկայի շրջանակներից դուրս գալու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները (գ.թ. 79):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Նույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել oրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել oրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի (Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը) համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:
Նշված հոդվածից հետևում է, որ անձը սեփականության իրավունք կարող է ձեռք բերել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծած գույքի նկատմամբ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ 148,8 քմ մակերեսով օրինական հողամասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու մասով Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, հանգել է այն հետևության, որ հայցվորը նշված հողամասի նկատմամբ գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի պատշաճ սուբյեկտ է:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, ակտը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ճանաչվել նաև նախքան այդ կառույցի օրինականացումը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունը և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, արձանագրել է, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, արձանագրել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման (տես, ըստ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի քաղաքացիական գործով թիվ 3-106 (ՎԴ) որոշումը):
Սույն գործում առկա Կադաստրի կողմից կատարված չափագրման արդյունքում կազմված հատակագծի համաձայն` Մանվել Զոհրաբյանից Գրիշա Գալստյանին փոխանցված 147,8քմ մակերեսով օրինական հողամասի վրա առկա է 256,1քմ մակերեսով ինքնակամ կառույց` բնակելի տուն, իսկ Կադաստրի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման 25.03.2010 թվականի թիվ 1236 գրությամբ նշվել է, որ «Գրիշա Գալստյանի կողմից օգտագործվող բնակելի տան մակերեսը կազմում է 57,6 քմ, առկա է նաև կառուցված 251,6քմ մակերեսով բնակելի տուն, որի կարգավիճակը որոշված չէ: Օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 147,8 քմ, որից 4,76 քմ կարգավիճակը որոշված չէ, որի վրա առկա է նաև 9,25 քմ մակերեսով կարգավիճակը չորոշված շինություն: Օգտագործվում է նաև 6,8 քմ մակերեսով ընդհանուր հողամաս Մ. Զոհրաբյանի հետ, որը ծառայում է որպես մուտքային տարածություն»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հողամասի վրա առկա շինություններն օրինական չեն, հետևաբար, ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանն առանց բավարար իրավական հիմքերի դուրս է եկել հայցի շրջանակներից և վավեր ճանաչելով ներքին առուվաճառքի պայմանագիրը` դրա հիմքով ճանաչել է Գրիշա Գալստյանի սեփականության իրավունքը պայմանագրի առարկա չհանդիսացած անշարժ գույքի, այդ թվում 256,1 քմ մակերեսով կարգավիճակը չորոշված բնակելի տան նկատմամբ, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն oրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:
Նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ վճռաբեկության կարգով բողոքարկված վերաքննիչ դատարանի դատական ակտերը Վճռաբեկ դատարանը վերանայում է վճռաբեկ բողոքի սահմաններում: Ընդ որում, անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան այն հիմքերով, որոնցով նա չի բողոքարկել Վերաքննիչ դատարան:
Սույն գործում առկա վերաքննիչ բողոքի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը սույն բողոքի հիմքում վերը նշված փաստարկը չի ներկայացրել Վերաքննիչ դատարան, որի արդյունքում այն Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի նշված փաստարկներին չի անդրադառնում:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և մի մասով գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2010 թվականի որոշման՝ Գրիշա Գալստյանի սեփականության իրավունքն անշարժ գույքի կադաստրի «Շենգավիթ» ստորաբաժանման կողմից կատարված չափագրման արդյունքներով տրված հատակագծի 147,8քմ մակերեսով հողամասի վրա եղած շինությունների նկատմամբ ճանաչելու մասը և այդ մասով գործի վարույթը կարճել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Գրիշա Գալստյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
|
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |