ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1452/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1452/02/09 |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գոլդ Օյլ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Գոլդ Օյլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.937.500 ՀՀ դրամ` որպես 15.04.2009 թվականի թիվ 164 հաշիվ-ապրանքագրով Ընկերությանը մատակարարված ապրանքի դիմաց և Կազմակերպության կողմից չվճարված գումարի պարտք, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` 29.08.2009 թվականից մինչև պարտավորության կատարման օրը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.06.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.08.2010 թվականի որոշմամբ Դատարանի 04.06.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ սույն գործով հայցվորը չի կատարել իր դատավարական պարտականությունը, այն է` չի ապացուցել այն հանգամանքը, որ պատասխանողին մատակարարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածով սահմանված պայմանագրին համապատասխան որակի ապրանք, պատասխանողի վկայակոչած ապրանքի անորակ լինելու փաստն ապացուցելու պարտականությունը դրել է հայցվորի վրա: Մինչդեռ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապրանքն օգտագործման համար ոչ պիտանի լինելու վերաբերյալ փաստն ապացուցելու պարտականությունը կրում էր պատասխանողը և դրանից բխող բացասական հետևանքները պետք է կրեր նույնպես պատասխանող կողմը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորի կողմից պահպանվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի պահանջները, իսկ պատասխանողի կողմից ստորագրվել է 15.04.2009 թվականի հաշիվ-ապրանքագիրը, որի համաձայն՝ վերջինս ընդունել է ապրանքը և այն ընդունելուց հետո վիճարկվող ապրանքի թերությունների վերաբերյալ գրավոր առարկություններ չի ներկայացրել:
Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի ուժով պատասխանողը պարտավոր էր անորակ ապրանքի պայմաններում անհապաղ գրավոր տեղեկացնել հայցվորին, որը պատասխանող կողմը չի կատարել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ձեռք բերված որևէ ապացույց հիմք չէ հաստատված համարելու, որ 28.04.2008 թվականին սերտիֆիկացված ապրանքն արտադրվել է 15.04.2008 թվականից առաջ:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը վերաբերելի ապացույցի բացակայության պայմաններում, այն է՝ առանց արևածաղկի ձեթի արտադրության վերաբերյալ ստույգ տեղեկություն պարունակող փաստաթղթի, հաստատված է համարել, որ արևածաղկի ձեթը պատասխանողին վաճառելու օրվա դրությամբ եղել է մեկ տարվա պիտանիության ժամկետն անցած, այսինքն՝ արտադրվել է 15.03.2008 թվականից առաջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.08.2010 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 21.02.2009 թվականից մինչև 08.04.2009 թվականը Կազմակերպությունը մատակարարել է «Զատեյա» ապրանքանիշի արևածաղկի ձեթ Ընկերությանը (հատոր 2-րդ, գ.թ. 22-32):
2. 15.04.2009 թվականին թիվ 164 հաշիվ-ապրանքագրով Կազմակերպությունը 3.937.500 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 1լ տարողությամբ 7.500 հատ «Զատեյա» ապրանքանիշի արևածաղկի ձեթ է մատակարարել Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 7, հատոր 2-րդ, գ.թ.31)։
3. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալի 13.05.2010 թվականի թիվ 14586/7-1 գրության համաձայն՝ Կազմակերպության կողմից «Զատեյա» ապրանքանիշի արևածաղկի ձեթ չի ներմուծվել, իսկ «Կրե-Ար» ՀՁ ՍՊԸ-ի (ՀՎՀՀ 00098548) կողմից 15.04.2008-15.04.2009 թվականների ընթացքում` ըստ ՊԵԿ-ի համակարգչային տվյալների, «Զատեյա» ապրանքանիշի արևածաղկի ձեթ 26.04.2008 թվականին ներմուծվել է 97.704 կգ, 21.05.2008 թվականին`97.704 կգ և 12.09.2008 թվականին` 146.556 կգ (հատոր 1-ին, գ.թ. 97):
4. «Կրե-Ար» ՀՁ ՍՊԸ-ի կողմից 26.04.2008 թվականին ներմուծված խմբաքանակի համար ապրանքի ծագման սերտիֆիկատ է տրվել ՌԴ Ռոստովի մարզի համապատասխան ծառայության կողմից 24.03.2008 թվականին, 21.05.2008 թվականին ներմուծված ապրանքի ծագման սերտիֆիկատ է տրվել 21.04.2008 թվականին, իսկ 12.09.2008 թվականին ներմուծված խմբաքանակի համար ապրանքի ծագման սերտիֆիկատ է տրվել 28.04.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 101-102, 109-110, 118-120):
5.Կազմակերպությունը 21.08.2009 թվականի գրությամբ Ընկերությանը հայտնել է, որ 08.04.2009 թվականի N137, 15.04.2009 թվականի N164 հաշիվ-ապրանքագրերով Կազմակերպությունից գնել է արևածաղկի ձեթ՝ 7.837.500 ՀՀ դրամ արժողությամբ և խնդրել սույն գրությունը ստանալուց հետո նշված գումարը փոխանցել յոթօրյա ժամկետում Կազմակերպության հաշվեհամարին: Տվյալ գրությունն Ընկերությանն ուղարկվել է 21.08.2009 թվականին, որը Ընկերությունը ստացել է 24.08.2009 թվականին: Ընկերության կողմից վճարվել է միայն 08.04.2009 թվականի N137 հաշիվ-ապրանքագրով մատակարարված ապրանքը` պարտք մնալով 3.937.500 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 10, 9, 8):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը), իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակների (մանրածախ առուվաճառք, ապրանքների մատակարարում, ապրանքների մատակարարում պետական կարիքների համար, էներգամատակարարում, անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրին համապատասխանող որակի ապրանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում: Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:
⚖Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն գնորդ Ընկերության կողմից ընդունած ապրանքի որակի ստուգման և մատակարար Կազմակերպությանը հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնելու պարտավորության կատարման փաստի առկայությունը:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերությունը վիճարկվող ապրանքը 15.04.2009 թվականի թիվ 164 հաշիվ-ապրանքագրով ընդունել է, որից հետո Ընկերությունն օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում ընդունած ապրանքի որակի վերաբերյալ գրավոր առարկություններ չի ներկայացրել մատակարարին: Բացի այդ, գործում բացակայում է վիճելի ապրանքի ժամկետանց լինելը հավաստող որևէ ապացույց:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:
⚖Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` փաստի ապացուցման պարտականությունը կրում է գործին մասնակցող այն անձը, որը վկայակոչել է այդ փաստը: (տե´ս Էդգար Մարկոսյան և Զարուհի Գևորգյան ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Սարգսյանի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ 0479/02/08 որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ և պատճառաբանելով, որ մատակարարված ապրանքը պիտանիության ժամկետի մեջ լինելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը, հանգել է այն հետևության, որ հայցվոր Կազմակերպությունը չի կատարել իր դատավարական պարտականությունը, այն է` չի ապացուցել այն հանգամանքը, որ պատասխանողին մատակարարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածին համապատասխան որակի ապրանք:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 15.04.2009 թվականին թիվ 164 հաշիվ ապրանքագրով պատասխանողին վաճառված (տվյալ դեպքում մատակարարված) «Զատեյա» ապրանքանիշի արևածաղկի ձեթը վաճառելու օրվա դրությամբ եղել է ժամկետանց, քանի որ փաստաթղթերով հիմնավորված է, որ ձեթի համար ապրանքի ծագման սերտիֆիկատը ՌԴ Ռոստովի մարզի համապատասխան գերատեսչության կողմից տրվել է 28.04.2008 թվականին, հետևաբար տվյալ խմբաքանակի ձեթն արտադրվել և շշալցվել է ավելի վաղ, որից հետո միայն կարող էր հաջորդել ապրանքի ծագման ժամանակը և վայրը հավաստող սերտիֆիկացման գործընթացը և առաքումը Հայաստանի Հանրապետություն:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով մատակարարված ապրանքի անորակ (տվյալ դեպքում ժամկետանց) լինելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանող կողմը՝ գնորդ Ընկերությունը: Այսինքն` այն կողմը, որի վրա օրենքով սահմանված կարգով դրված է ընդունած ապրանքի որակի ստուգման և մատակարարին հայտնաբերված թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնելու պարտականության կատարումը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ 15.04.2009 թվականին թիվ 164 հաշիվ-ապրանքագրով պատասխանողին մատակարարված ձեթը վաճառելու օրվա դրությամբ եղել է ժամկետանց, քանի որ ապրանքի ծագման սերտիֆիկատը ՌԴ Ռոստովի մարզի համապատասխան գերատեսչության կողմից տրվել է 28.04.2008 թվականին, ուստի տվյալ խմբաքանակի ձեթն արտադրվել և շշալցվել է ավելի վաղ, որից հետո միայն կարող էր հաջորդել ապրանքի ծագման ժամանակը և վայրը հավաստող սերտիֆիկացման գործընթացը և առաքումը Հայաստանի Հանրապետություն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքի ծագման սերտիֆիկատը 28.04.2008 թվականին տրված լինելու հանգամանքը բավարար չէ հաստատված համարելու 15.04.2009 թվականին թիվ 164 հաշիվ-ապրանքագրով Կազմակերպության կողմից Ընկերությանը մատակարարված (վաճառված) «Զատեյա» ապրանքանիշի արևածաղկի ձեթի պիտանիության ժամկետն անցած լինելը:
Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա փաստերով չի հիմնավորվել Կազմակերպության կողմից Ընկերությանը մատակարարված վեճի առարկա «Զատեյա» ապրանքանիշի արևածաղկի ձեթի ժամկետանց լինելու փաստը, որի բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, այսինքն` Ընկերությունը:
Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ և Դատարանը, և Վերաքննիչ դատարանը սույն գործով չեն իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում` անտեսելով այն հանգամանքը, որ սույն գործում առկա փաստերով չի հիմնավորվել Կազմակերպության կողմից Ընկերությանը մատակարարված` վեճի առարկա «Զատեյա» ապրանքանիշի արևածաղկի ձեթի ժամկետանց լինելու փաստը:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 26.08.2010 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության պահանջը՝ Ընկերությունից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` 29.08.2009 թվականից մինչև պարտավորության կատարման օրը բռնագանձելու մասով, պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Սույն գործում առկա Կազմակերպության 21.08.2009 թվականի գրությամբ Ընկերությունից պահանջվել է 08.04.2009 թվականի N137, 15.04.2009 թվականի N164 հաշիվ-ապրանքագրերով գնված 7.837.500 ՀՀ դրամ արժողությամբ արևածաղկի ձեթի համար սահմանված գումարը գրությունը ստանալուց հետո յոթօրյա ժամկետում փոխանցել Կազմակերպության հաշվեհամարին: Տվյալ գրությունն Ընկերությանն ուղարկվել է 21.08.2009 թվականին, որն Ընկերությունը ստացել է 24.08.2009 թվականին: Ընկերության կողմից վճարվել է միայն 08.04.2009 թվականի N137 հաշիվ-ապրանքագրով մատակարարված ապրանքը` պարտք մնալով 3.937.500 ՀՀ դրամ գումար:
Հաշվի առնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը գումարային պարտավորությունը պետք է կատարեր գրությունը ստանալուց հետո՝ յոթօրյա ժամկետում, այսինքն՝ մինչև 31.08.2009 թվականը: Հետևաբար, Կազմակերպության դրամական միջոցներն Ընկերության կողմից ապօրինի պահվել են ոչ թե 29.08.2009 թվականից, այլ 01.09.2009 թվականից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2010 թվականի որոշումը և այն փոփոխել. «Գոլդ Օյլ» ՍՊԸ-ի հայցը բավարարել` «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից հօգուտ «Գոլդ Օյլ» ՍՊԸ-ի բռնագանձել 3.937.500 ՀՀ դրամ, ինչպես նաև դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` 01.09.2009 թվականից մինչև պարտավորության կատարման օրը:
2. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից հօգուտ «Գոլդ Օյլ» ՍՊԸ-ի բռնագանձել 78.750 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրք, իսկ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 236.250 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախատեսված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |