Գլխավոր տեղեկություն
Номер
N 1330-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.02.2011-01.05.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1256
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2008
Дата вступления в силу
13.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1330-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարությանն օժանդակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3) (ենթակետն ուժը կորցրել է 08.10.09 N 1280-Ն)

(1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, փոփ. 08.10.09 N 1280-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 21

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման և վիճակահանության արդյունքում շահող կտրոնների տիրապետող ֆիզիկական անձանց պարգևավճարների և բոնուսների տրամադրման կարգը:

(1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, խմբ. 18.11.10 N 1539-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) վիճակահանություն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձանց տրամադրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերի բացահայտման հրապարակային միջոցառում, որի արդյունքում հայտնի են դառնում հատուկ համարների շահող թվերը (հատուկ համարներում առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ).

2) վիճակահանություն անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողով, որի անդամները գործում են հասարակական հիմունքներով.

3) հատուկ համարներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման համար կիրառվող ժապավեններին ներկայացվող պահանջներին համապատասխան` ժապավենի դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն.

4) շահող կտրոններ` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին (առաջինից կամ վերջինից սկսած` հաջորդական հերթականությամբ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի (առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ) սույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոններ.

5) շահող կտրոնների տիրապետողներ` վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բնօրինակները սույն կարգով սահմանված պարգևավճարներ տրամադրող մարմին ներկայացրած ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, oտարերկրյա պետությունների քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք).

6) պարգևավճարների հիմնադրամ` յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված գումար, որից կամ որի հաշվին սույն կարգին համապատասխան տրամադրվելու են վիճակահանության արդյունքներով շահող կտրոններ տիրապետողների պարգևավճարները և բոնուսները.

7) պարգևավճար և բոնուս` վիճակահանության արդյունքներով` սույն կարգին համապատասխան պարգևավճարների հիմնադրամից շահող կտրոններին բաժին ընկնող գումար և (կամ) ավտոմեքենա.

8) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)

(2-րդ կետը խմբ. 09.04.09 N 404-Ն, լրաց. 13.05.10 N 537-Ն, խմբ., փոփ. 18.11.10 N 1539-Ն)

 

II. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Վիճակահանությունը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` հանրային հեռուստատեսությամբ: Վիճակահանությունն անցկացվում է, եթե ներկա է հանձնաժողովի անդամ պետական պաշտոնատար անձանց 1/2-ը:

(3-րդ կետը փոփ. 25.03.10 N 311-Ն)

4. Վիճակահանությունն անցկացվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` տվյալ ամսվա երկրորդ շաբաթ օրը, որի արդյունքները վերաբերում են միայն վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած` բացառապես հատուկ համարներ պարունակող կտրոններին:

(4-րդ կետը փոփ. 27.01.11 N 56-Ն)

5. Վիճակահանության անցկացման մասին դրան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակում է տեղեկատվություն, որը նույն օրը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 404-Ն)

7. Վիճակահանության ժամանակ առանձնացվում են վիճակահանության համար նախատեսված ութ թափանցիկ սարքեր, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն զրոյից մինչև ինը թվերով համարակալված տասն անթափանց և միագույն գնդեր: Գնդերի խառնման արդյունքում յուրաքանչյուր սարքից պատահականորեն դուրս է գալիս մեկ գունդ, որն առանձնացվում է և ցուցադրվում` բարձրաձայն հայտարարելով գնդի վրա արտացոլված թիվը: Բոլոր ութ սարքերից հանված գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդականության:

(7-րդ կետը խմբ. 29.01.09 N 96-Ն)

8. Վիճակահանությունն ավարտվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերը (առաջին նիշից սկսած` դրանց հաջորդական հերթականությամբ) հայտնի դառնալով, որի մասին հատուկ տեղեկատվությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

9. Վիճակահանության անցկացումից հետո, հարկային մարմինն ապահովում է շահող կտրոնների մասին տեղեկությունների ընթացիկ տեղադրումն իր պաշտոնական ինտերնետային կայքում:

(9-րդ կետը փոփ. 18.11.10 N 1539-Ն)

 

III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Վիճակահանության պարգևավճարների հիմնադրամը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` յուրաքանչյուր տարվա ընթացքում վիճակահանության անցկացման համար պահանջվող միջոցների` հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացված հայտին համապատասխան:

(10-րդ կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, փոփ. 18.11.10 N 1539-Ն)

11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների համար տրամադրվում է`

 

1) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում`
 

մեկ ավտոմեքենա և մեկ միլիոն դրամ

2) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերը
համընկնելու դեպքում`
 

մեկ ավտոմեքենա և հարյուր հազար դրամ

3) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր վեց թվերը
համընկնելու դեպքում`
 

հիսուն հազար դրամ

4) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերը
համընկնելու դեպքում`
 

քսան հազար դրամ

5) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվերը
համընկնելու դեպքում`
 

հինգ հազար դրամ

6) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր երեք թվերը
համընկնելու դեպքում`
 

երկու հազար դրամ

7) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր երկու թվերը
համընկնելու դեպքում`

հինգ հարյուր դրամ

 

(11-րդ կետը խմբ. 13.05.10 N 537-Ն, 18.11.10 N 1539-Ն)

12. Յուրաքանչյուր վիճակահանության համար որպես պարգևավճար և (կամ) բոնուս տրամադրվում է 10 ավտոմեքենա, բացառությամբ վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված շահող կտրոնների թիվը տասից ավելի լինելու դեպքի, երբ յուրաքանչյուր շահող կտրոնի տիրապետողին պարտադիր տրամադրվում է մեկ ավտոմեքենա և դրամական պարգևավճար: Վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված շահող կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումից հետո մնացած ավտոմեքենաները`

 1) որպես բոնուս տրամադրվում են շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող` սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված կարգով ավտոմեքենաների քանակը չսպառվելու դեպքում մնացած ավտոմեքենաները որպես բոնուս տրամադրվում են շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող` սույն կարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետում նշված շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան գործարքի նույն արժեք ունեցող և մեքենաների քանակը գերազանցող շահող կտրոններ տիրապետող անձանց որպես բոնուս ավտոմեքենաները տրամադրվում են հաջորդ վիճակահանության ընթացքում հանձնաժողովի սահմանած կարգով սույն ենթակետում նշված կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով:

(12-րդ կետը խմբ. 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն, 18.11.10 N 1539-Ն)

12.1. Յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետում նշված դրամական պարգևավճարները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ պարգևավճար տրամադրելու նպատակով պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպության (այսուհետ` պարգևավճար վճարող մարմին) կողմից սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային oրվա ընթացքում: Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար կամ բոնուս ավտոմեքենաների տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, պարգևավճար վճարող մարմնի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկատվության հիման վրա յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող վիճակահանության ընթացքում հրապարակելու համար հանձնաժողովին ներկայացնելով շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ: Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում որպես բոնուս ավտոմեքենաների տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

(12.1 կետը փոփ. 25.03.10 N 311-Ն, խմբ. 18.11.10 N 1539-Ն)

13. Վիճակահանության համար նախատեսված պարգևավճարների հիմնադրամն օգտագործվում է բազային պարգևավճարների հաշվարկման և վճարման (այդ թվում` պարգևավճար վճարող մարմնին կանխավճարի տրամադրման), ինչպես նաև վճարահաշվարկային ծառայությունների դիմաց վճարման համար (բյուջետային ծախսերի նույն դասակարգմամբ): Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն կարգով նախատեսված որպես պարգևավճար և բոնուս տրամադրվող ավտոմեքենաների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

(13-րդ կետը փոփ. 09.04.09 N 404-Ն, խմբ. 25.03.10 N 311-Ն, փոփ., լրաց. 18.11.10 N 1539-Ն)

13.1. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող` հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու համար հրապարակային սակարկությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարների հաշվին:

(13.1 կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

 

III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Պարգևավճար ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (2011 թվականի հունվար ամսվա վիճակահանության համար մինչև 2011 թվականի փետրվարի 5-ը ներառյալ) սույն կարգի 11-րդ կետում նշված շահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձինք պարգևավճար վճարող մարմին են ներկայանում անձնագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթղթով (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ)` ներկայացնելով դիմում, որին կցվում են վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը տրամադրվում է նրանց oրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:

(14-րդ կետը փոփ. 29.01.09 N 96-Ն, 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն, 25.03.10 N 311-Ն, խմբ. 18.11.10 N 1539-Ն, լրաց. 27.01.11 N 56-Ն)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)

16. Պարգևավճար վճարող մարմնի և հարկային մարմնի միջև իրականացվում է ներկայացված շահող կտրոնների, դրանց կից ներկայացված փաստաթղթերի ու դրանց վավերապայմանների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում` պարգևավճար վճարող մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

(16-րդ կետը խմբ. 29.01.09 N 96-Ն, փոփ. 25.03.10 N 311-Ն, 18.11.10 N 1539-Ն)

17. Եթե շահող կտրոնի հատուկ համարն ունենում է վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերի` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված` մեկից ավելի համընկնում, ապա պարգևավճար տրամադրվում է առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առավելագույնս համընկած թվերի մեկ համակցության համար: Առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առաջին և վերջին երեք նիշերը, ինչպես նաև առաջին և վերջին երկու նիշերը միաժամանակ համընկնելու դեպքում պարգևավճարը վճարվում է յուրաքանչյուր համընկնելու համար:

(17-րդ կետը լրաց. 13.05.10 N 537-Ն, 18.11.10 N 1539-Ն)

18. Եթե հսկիչ-դրամարկղային մեքենայի շահող կտրոնն իր դարձերեսին ունի մեկից ավելի հատուկ համարներ, ապա յուրաքանչյուր հատուկ համար հավասարապես մասնակցում է վիճակահանությանը, բոնուսի և պարգևավճարի տրամադրմանը:

(18-րդ կետը փոփ. 09.04.09 N 404-Ն, 18.11.10 N 1539-Ն)

18.1. (18.1 կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)

18.2. (18.2 կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)

18.3. (18.3 կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)

18.4. (18.4 կետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)

19. Պարգևավճար և բոնուս չեն տրամադրվում, եթե ներկայացվում են`

1) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, որի վրա բացակայում է այն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

2) վնասված կամ մաշված այնպիսի կտրոն, որի վրա անընթեռնելի է դարձերեսի հատուկ համարը (առնվազն մեկ նիշ) կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

3) վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվան չվերաբերող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ.

4) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի պատճենը:

5) (ենթակետն ուժը կորցրել է 18.11.10 N 1539-Ն)

(19-րդ կետը լրաց. 09.04.09 N 404-Ն, 08.10.09 N 1280-Ն, փոփ. 18.11.10 N 1539-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հայաստանի վաճառականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՇԱՀԱԾ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈՆՈՒՍԻ ՉԱՓԵՐԸ

(Հավելվածն ուժը կորցրել է 08.10.09 N 1280-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան