ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ՄՍՀԿ` ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՆՉՅՈՒՆԱԳՐԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(ընդունված է Ժնևում՝ 1996 թվականի դեկտեմբերի 20-ին)
Ներածություն
Պայմանավորվող կողմերը,
ցանկանալով հնարավորին չափ արդյունավետ և միանման զարգացնել և պաշտպանել կատարողների և հնչյունագիր արտադրողների իրավունքները,
ճանաչելով նոր միջազգային կանոնների կիրառման անհրաժեշտությունը` տնտեսական, սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական զարգացումների հետ կապված հարցերին բավարար լուծում տալու համար,
ճանաչելով տեղեկատվության և կապի տեխնոլոգիաների զարգացման և համապատասխանեցման մեծ ազդեցությունը կատարումների և հնչյունագրերի արտադրության և օգտագործման վրա,
ճանաչելով կատարողների և հնչյունագիր արտադրողների իրավունքների և հասարակության շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը հատկապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության մատչելիության բնագավառներում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Գ լ ու խ I
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. | Առնչությունը այլ կոնվենցիաների հետ |
1) Սույն Պայմանագիրը որևէ կերպ չի վնասում գոյություն ունեցող պարտավորությունները, որոնք Պայմանավորվող կողմերն ունեն միմյանց նկատմամբ 1961թ. հոկտեմբերի 26-ին Հռոմում կնքված՝ Կատարողների, հնչյունագիր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պաշտպանություն համար միջազգային կոնվենցիայով:
2) Սույն Պայմանագրով տրամադրված պաշտպանությունը պետք է անեղծ թողնի գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի պաշտպանությունը և ոչ մի կերպ չպետք է ներազդի վերջինիս վրա: Հետևաբար, սույն Պայմանագրի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես նման պաշտպանությանը վնաս հասցնող:
3) Սույն Պայմանագիրը որևէ կապ չպետք է ունենա և ոչ էլ վնաս հասցնի այլ պայմանագրերով նախատեսված այլ իրավունքների և պարտավորությունների:
Հոդված 2. | Սահմանումներ |
Սույն Պայմանագրի նպատակով՝
ա) «կատարողներ»՝ դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պարողներ և այլ անձինք, ովքեր կատարում, երգում, արտասանում, կարդում, նվագում, թարգմանում կամ այլ կերպ կատարում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործություններ կամ ազգային բանահյուսության արտահայտություններ:
բ) «Հնչյունագիր» նշանակում է՝ կատարման հնչյունների կամ այլ հնչյունների ամրագրումը կամ հնչյունների այլ ձևով ներկայացման ամրագրումը՝ բացի հնչյունների ամրագրման այն ձևից, որն ընդգրկված է կինեմատոգրաֆիկ կամ այլ տեսալսողական ստեղծագործություններում:
գ) «Ամրագրում» նշանակում է՝ հնչյունների մարմնավորումը կամ դրանց ներկայացումը, որը թույլ է տալիս դրանց ընկալումը, վերարտադրումը կամ համապատասխան սարքավորման օգնությամբ հաղորդումը:
դ) «Հնչյունագիր արտադրող»՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է կատարման հնչյունների կամ այլ հնչյունների կամ հնչյունների ներկայացման առաջին ամրագրումը:
ե) «Ամրագրված կատարման կամ հնչյունագրի լույսընծայում» նշանակում է՝ իրավատիրոջ համաձայնությամբ ամրագրված՝ կատարման կամ հնչյունագրի կրկնօրինակները հասարակությանը ողջամիտ քանակությամբ առաջարկելը:
զ) «Հեռարձակում» նշանակում է՝ պատկերների կամ հնչյունների կամ դրանց պատկերների տարածումը հասարակության մեջ` առանց հաղորդալարի. այսպիսի արբանյակային կապով տարածումը նույնպես հեռարձակում է. «հեռարձակում» է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ:
է) «Կատարման կամ հնչյունագրի հրապարակային հաղորդում» նշանակում է՝ հաղորդումը հասարակությանը ցանկացած եղանակով, բացի եթերային հեռարձակումից, հնչյունագրում ամրագրված կատարման հնչյունների կամ ուղղակի հնչյունների կամ հնչյունների ներկայացման միջոցով: 15-րդ հոդվածի նպատակով «հաղորդում հանրության»-ը ընդգրկում է հնչյունագրում ամրագրված հնչյունների կամ հնչյունների ներկայացումը հասարակության համար ունկնդրելի դարձնելը:
Հոդված 3. | Սույն Պայմանագրով պահպանվող անձինք |
1) Պայմանավորվող կողմերը համաձայնում են սույն Պայմանագրով սահմանված այն կատարողների և հնչյունագիր արտադրողների պաշտպանության մասին, ովքեր հանդիսանում են այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ:
2) Այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ հասկացվում են այն կատարողները կամ հնչյունագիր արտադրողները, ովքեր համապատասխանում են Հռոմի կոնվենցիայով նախատեսված պահպանության տրամադրման չափանիշներին, և սույն Պայմանագրի բոլոր Պայմանավորվող կողմերը դիտվում են նաև իբրև Կոնվենցիայի մասնակից պետություններ: Նշված չափանիշների վերաբերյալ Պայմանավորվող կողմերը կիրառում են սույն Պայմանագրի 2-րդ հոդվածին համապատասխան սահմանումները:
3) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որն օգտվում է Հռոմի կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հնարավորություններից, նշված կոնվենցիայի 5-րդ հոդվածի նպատակով, սույն Կոնվենցիայի 17-րդ հոդվածով ծանուցում է ուղարկում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) գլխավոր տնօրենին:
Հոդված 4. | Ազգային մոտեցում |
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է մյուս Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին, համաձայն 3-րդ հոդվածի 2-րդ կետի, այնպիսի մոտեցում, որն ինքը տրամադրում է իր քաղաքացիներին, սույն Պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքների առումով, ներառյալ սույն Պայմանագրի 15-րդ հոդվածով նախատեսված արդարացի վարձատրման իրավունքը:
2) 1-ին կետով սահմանված պարտավորությունը չի կիրառվում այն ծավալով, ինչ ծավալով մյուս Պայմանավորվող կողմը օգտագործում է այն վերապահումները, որոնք թույլատրվում են սույն Պայմանագրի 15-րդ հոդվածի 3-րդ կետով:
Գ լ ու խ II
Կատարողների իրավունքները
Հոդված 5. | Կատարողների ոչ գույքային իրավունքները |
1) Անկախ կատարողի գույքային իրավունքներից և նույնիսկ այդ իրավունքների փոխանցման դեպքում էլ կատարողը, ինչ վերաբերում է իր չամրագրված բանավոր կատարումներին կամ հնչյունագրերում ամրագրված կատարումներին, իրավասու է պահանջել, որ իր կատարումների նկատմամբ ճանաչվի որպես կատարող, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ իրավունքի սահմանափակումը պայմանավորված է կատարման օգտագործման բնույթից, և կարող է առարկել իր կատարման ցանկացած խեղաթյուրման, աղճատման կամ այլ ձևափոխման, ինչպես նաև իր անվանը վնասող գործողությունների դեմ:
2) Իրավունքները, որոնք կատարողին տրամադրված են 1-ին կետի համաձայն, պահպանվում են նրա մահից հետո, առնվազն մինչև գույքային իրավունքների դադարման ժամկետը, և իրականացվում են այն անձանց կամ հաստատությունների կողմից, որոնք լիազորված են պաշտպանություն պահանջող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ: Այնուամենայնիվ, այն Պայմանավորվող կողմերը, որոնց օրենսդրությունը վավերացման կամ սույն Պայմանագրին միանալու պահին չի նախատեսում կատարողի մահից հետո նախորդ կետում թվարկված նրա բոլոր իրավունքների պահպանությունն ապահովող դրույթներ, կարող են սահմանել, որ այդ իրավունքների մի մասը դադարում է գործել նրա մահից հետո:
3) Իրավունքների պահպանության ապահովման միջոցները նախատեսվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ պահանջվում է պաշտպանությունը:
Հոդված 6. | Կատարողների գույքային իրավունքները նրանց չամրագրված կատարումների նկատմամբ |
Կատարողները օգտվում են բացառիկ իրավունքից՝ իրենց կատարումների նկատմամբ թույլատրելու.
i) իրենց չամրագրված կատարումների եթերային հեռարձակումն ու հրապարակային հաղորդումը` բացառությամբ այն դեպքերի, երբ կատարումը արդեն հեռարձակված է, և
ii) իրենց չամրագրված կատարումների ամրագրումը:
Հոդված 7. | Վերարտադրության իրավունք |
Կատարողները օգտվում են բացառիկ իրավունքից` թույլատրելու հնչյունագրերում ամրագրված իրենց կատարումների ուղղակի կամ անուղղակի վերարտադրությունը բոլոր եղանակներով կամ ձևերով:
Հոդված 8. | Տարածման իրավունք |
1) Կատարողներն օգտվում են բացառիկ իրավունքից` թույլատրելու հնչյունագրերում ամրագրված կատարումների բնօրինակը կամ կրկնօրինակները հասարակությանը մատչելի դարձնել վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ փոխանցման միջոցով:
2) Սույն Պայմանագրով ոչինչ չի ազդում Պայմանավորվող կողմերի անկախության վրա՝ սահմանելու այն պայմանները, որոնց համաձայն 1-ին կետում նշված իրավունքի դադարեցումը կիրառվում է ամրագրված կատարման առաջին վաճառքից կամ կատարողի թույլտվությամբ ամրագրված կատարման բնօրինակի կամ կրկնօրինակի սեփականության իրավունքի այլ փոխանցումից հետո:
Հոդված 9. | Վարձույթով տալու իրավունք |
1) Կատարողները օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու հնչյունագրերում ամրագրված իրենց կատարումների բնօրինակը կամ կրկնօրինակները Պայմանավորվող կողմերի ազգային օրենքով սահմանված կարգով հանրությանը առևտրային նպատակով վարձույթով տալը նույնիսկ կատարողի կամ, նրա թույլտվությամբ, դրանց տարածումից հետո:
2) Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող կողմը, որի նկատմամբ 1994թ. ապրիլի 15-ին գործում էր և շարունակում է գործել կատարողների արդարացի վարձատրություն ստանալու կարգը հնչյունագրերում ամրագրված իրենց կատարումների կրկնօրինակները վարձույթով տալու համար, կարող են պահպանել այս կարգը այն դեպքում, երբ հնչյունագրերն առևտրային նպատակով վարձույթով տալը էական վնաս չի հասցնում կատարողների վերարտադրության բացառիկ իրավունքին:
Հոդված 10. | Ամրագրված կատարումները հանրությանը մատչելի դարձնելու իրավունք |
Կատարողները օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու հնչյունագրերում ամրագրված իրենց կատարումները հանրությանը մատչելի դարձնել հաղորդալարով կամ առանց հաղորդալարի, այնպիսի եղանակով, որ հասարակության ներկայացուցիչներին դրանք մատչելի լինեն անհատապես ընտրած ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ:
Գ լ ու խ III
Հնչյունագրեր արտադրողների իրավունքները
Հոդված 11. | Վերարտադրության իրավունք |
Հնչյունագիր արտադրողներն օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու իրենց հնչյունագրերի ուղղակի կամ անուղղակի վերարտադրությունը բոլոր եղանակներով կամ ձևերով:
Հոդված 12. | Տարածման իրավունք |
1) Հնչյունագիր արտադրողները օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու իրենց հնչյունագրերի բնօրինակը կամ կրկնօրինակները հասարակությանը մատչելի դարձնել վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ փոխանցման միջոցով:
2) Սույն Պայմանագրով ոչինչ չի ազդում Պայմանավորվող կողմերի անկախության վրա՝ սահմանելու այն պայմանները, որոնց համաձայն 1-ին կետում նշված իրավունքի դադարեցումը կիրառվում է ամրագրված կատարման առաջին վաճառքից կամ, կատարողի թույլտվությամբ, հնչյունագրի բնօրինակի կամ կրկնօրինակի սեփականության իրավունքի այլ փոխանցումից հետո:
Հոդված 13. | Վարձույթով տալու իրավունք |
1) Հնչյունագիր արտադրողները օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու իրենց հնչյունագրերի բնօրինակը կամ կրկնօրինակները Պայմանավորվող կողմերի ազգային օրենքով սահմանված կարգով հանրությանը առևտրային նպատակով վարձույթով տալը` նույնիսկ արտադրողի կամ, նրա թույլտվությամբ, դրանց տարածումից հետո:
2) Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող կողմը, որի նկատմամբ 1994թ. ապրիլի 15-ին գործում էր և շարունակում է գործել հնչյունագիր արտադրողների արդարացի վարձատրություն ստանալու կարգը իրենց հնչյունագրերի կրկնօրինակները վարձույթով տալու համար, կարող է պահպանել այս կարգը` պայմանով, որ հնչյունագրերն առևտրային նպատակով վարձույթով տալը էական վնաս չի հասցնի հնչյունագրեր արտադրողների վերարտադրության բացառիկ իրավունքին:
Հոդված 14. | Հնչյունագրերը հանրությանը մատչելի դարձնելու իրավունքը |
Հնչյունագիր արտադրողները օգտվում են բացառիկ իրավունքից` թույլատրելու իրենց հնչյունագրերը հանրությանը մատչելի դարձնել հաղորդալարով կամ առանց հաղորդալարի, այնպիսի եղանակով, որ հասարակության անդամներին դրանք հասանելի լինեն անհատապես ընտրած ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ:
Գ լ ու խ I V
Ընդհանուր դրույթներ
Հոդված 15. | Հանրությանը հաղորդելու և հեռարձակելու համար վարձատրություն ստանալու իրավունք |
1) Կատարողներն ու հնչյունագիր արտադրողները օգտվում են միանվագ արդարացի վարձատրություն ստանալու իրավունքից հնչյունագրերի ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար, առևտրային նպատակով հրապարակված եթերային հեռարձակման կամ ցանկացած հրապարակային հաղորդման համար:
2) Պայմանավորվող կողմերը կարող են իրենց ազգային օրենսդրությամբ սահմանել, որ միանվագ արդարացի վարձատրություն կպահանջվի օգտագործողից՝ կատարողին կամ հնչյունագիր արտադրողին, կամ երկուսին միասին: Պայմանավորվող կողմերը իրենց ազգային օրենսդրությամբ կարող են սահմանել, որ կատարողի և հնչյունագիր արտադրողի միջև անհամաձայնության դեպքում նախատեսվեն պայմաններ, որոնց համաձայն կատարողների ու հնչյունագիր արտադրողների միջև կբաշխվի միանվագ արդարացի վարձատրությունը:
3) Ցանկացած Պայմանավորվող կողմ ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ի պահ հանձնված հայտարարագրով կարող է հայտարարել, որ կկիրառի 1-ին կետի դրույթները միայն օգտագործման որոշ տեսակների դեպքում կամ կսահմանափակի դրանց կիրառումը մեկ այլ ճանապարհով կամ ընդհանրապես չի կիրառի այս դրույթները:
4) Սույն հոդվածի նպատակով հնչյունագրերը, որոնք հանրությանը մատչելի են դարձել հաղորդալարով կամ առանց հաղորդալարի, այնպիսի եղանակով, որ հասարակության անդամներին դրանք հասանելի լինեն անհատապես ընտրած ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ, կդիտվեն որպես առևտրային նպատակով լույս ընծայված:
Հոդված 16. | Սահմանափակումներ և բացառություններ |
1) Պայմանավորվող կողմերը կարող են իրենց ազգային օրենսդրությամբ կատարողների և հնչյունագրեր արտադրողների պահպանության վերաբերյալ նախատեսել այնպիսի սահմանափակումներ կամ բացառություններ, ինչպիսիք նրանք իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսում են գրական և գեղարվեստական ստեղծագործությունների առնչությամբ` հեղինակային իրավունքի պաշտպանության վերաբերյալ:
2) Պայմանավորվող կողմերը կարող են սահմանել իրավունքների որոշակի սահմանափակումներ և բացառություններ սույն Պայմանագրով նախատեսված որոշ հատուկ դեպքերի համար, որոնք վնաս չեն հասցնում կատարմանը կամ հնչյունագրի նորմալ օգտագործմանը և չհիմնավորված կերպով չեն ոտնահարում կատարողի կամ հնչյունագիր արտադրողի օրինական շահերը:
Հոդված 17. | Պաշտպանության ժամկետը |
1) Սույն Պայմանագրով կատարողներին տրամադրվող պաշտպանության ժամկետը պետք է տևի առնվազն մինչև 50 տարվա ժամանակահատվածի վերջը՝ հաշվարկված այն տարվա վերջից, երբ կատարումը ամրագրվել է հնչյունագրի վրա:
2) Սույն Պայմանագրով հնչյունագիր արտադրողներին տրամադրվող պաշտպանության ժամկետը պետք է տևի առնվազն մինչև 50 տարվա ժամանակահատվածի վերջը՝ հաշվարկված այն տարվա վերջից, երբ հրապարակվում է հնչյունագիրը, կամ, նման հրապարակման բացակայության դեպքում, հնչյունագրի ամրագրումից 50 տարվա ընթացքում, 50 տարվա ժամանակահատվածի վերջը, երբ կատարվել է ամրագրումը:
Հոդված 18. | Տեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ պարտավորություններ |
Պայմանավորվող կողմերն ապահովում են համապատասխան օրենսդրական պաշտպանություն և արդյունավետ օրենսդրական միջոցներ գործող տեխնոլոգիական միջոցների շրջանցումների դեմ, որոնք օգտագործվում են կատարողների ու հնչյունագիր արտադրողների կողմից՝ սույն Պայմանագրով և Բեռնի կոնվենցիայով իրենց իրավունքների իրականացման համար, և որոնք սահմանափակում են գործողություններն իրենց կատարումների կամ հնչյունագրերի նկատմամբ, և որոնք թույլատրված չեն հեղինակների կողմից կամ արգելված են օրենքով:
Հոդված 19. | Իրավունքների կառավարման տեղեկատվությանը վերաբերող պարտավորությունները |
1) Պայմանավորվող կողմերը ապահովում են համապատասխան և արդյունավետ օրենսդրական միջոցներ ցանկացած անձի դեմ, ով գիտակցաբար կատարում է հետևալ գործողություններից որևէ մեկը` իմանալով, կամ քաղաքացիական միջոցների առումով՝ բավականաչափ հիմքեր ունենալով իմանալու, որ այդպիսի գործողությունը կխթանի, կնպաստի, կօգնի կամ կկոծկի սույն Պայմանագրով սահմանված որևէ իրավունքի խախտում.
i) առանց թույլտվության` հեռացնել կամ փոփոխել իրավունքների կառավարման վերաբերյալ որևէ էլեկտրոնային տեղեկատվություն,
ii) առանց թույլտվության` տարածել, տարածման նպատակով ներմուծել, եթերով հեռարձակել, հրապարակայնորեն հաղորդել կատարումները կամ նրանց կրկնօրինակները` իմանալով, որ իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը հեռացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության:
2) Սույն հոդվածի իմաստով «իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն» նշանակում է` տեղեկատվություն, որը նույնականացնում է կատարողին, կատարման կատարողին, հնչյունագիր արտադրողին, կատարման կամ հնչյունագրի նկատմամբ որևէ իրավունքի իրավատիրոջ կամ կատարման կամ հնչյունագրի օգտագործման ժամկետների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն և ցանկացած համար կամ կոդ, որում պարունակվում է նման տեղեկատվություն, երբ այդ տեղեկատվության տարրերից ցանկացածը կցված է ամրագրված կատարման կրկնօրինակին, կամ ի հայտ է եկել ամրագրված կատարումը կամ հնչյունագիրը հաղորդելու կամ հանրությանը մատչելի դարձնելու կապակցությամբ:
Հոդված 20. | Ընթացակարգեր |
Սույն Պայմանագրով նախատեսված իրավունքների ձեռքբերումն ու իրացումը ընթացակարգերի հետ չեն առնչվելու:
Հոդված 21. | Վերապահումներ |
15-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն՝ սույն Պայմանագրով որևէ վերապահում չի թույլատրվում:
Հոդված 22. | Այդ ժամանակահատվածում կիրառումը |
1) Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով համապատասխան փոփոխությունները, կիրառում են Բեռնի կոնվենցիայի 18-րդ հոդվածի դրույթները սույն Պայմանագրով սահմանված կատարողների և հնչյունագիր արտադրողների իրավունքների նկատմամբ:
2) Չնայած 1-ին կետին՝ Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը այն կատարումների նկատմամբ, որոնք արվել են տվյալ Կողմի համար սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 23. | Իրավունքների իրականացման առնչությամբ դրույթներ |
1) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, համաձայն իրենց օրենսդրության, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու սույն Պայմանագրի կիրառումը:
2) Պայմանավորվող կողմերը երաշխավորում են, որ իրենց օրենսդրության մեջ կնախատեսվեն այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան կատարել արդյունավետ գործողություններ սույն Պայմանագրով տրվող իրավունքների որևէ խախտման դեմ, ներառյալ անհապաղ միջոցները՝ կանխելու խախտումները, և միջոցներ, որոնք կբացառեն հետագա խախտումները:
Գ լ ու խ V
Վարչական ԵՎ եզրափակիչ դրույթներ
Հոդված 24. | Ասամբլեա |
1) ա) Պայմանավորվող կողմերն ունեն Ասամբլեա:
բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացվում է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդատուներ ու փորձագետներ:
գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակող Պայմանավորվող կողմը: Ասամբլեան կարող է դիմել ՄՍՀԿ-ին ֆինանսական օժանդակության խնդրանքով՝ օժանդակելու համար այն Պայմանավորվող կողմերի պատվիրակների մասնակցությունը, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պրակտիկայի համաձայն՝ համարվում են զարգացող երկրներ, կամ որոնք գտնվում են շուկայական տնտեսության անցումային փուլում:
2) ա) Ասամբլեան քննարկում է այն հարցերը, որոնք առնչվում են սույն Պայմանագրի պահպանմանը, զարգացմանը, կիրառմանն ու աշխատանքին:
բ) Ասամբլեան կատարում է 26-րդ հոդվածի 2-րդ կետով ստանձնած գործառույթը սույն Պայմանագրին որոշ միջկառավարական կազմակերպությունների մասնակցությանը նպաստելու առնչությամբ:
գ) Ասամբլեան որոշում է սույն Պայմանագրի վերանայման նպատակով դիվանագիտական համաժողով գումարել և անհրաժեշտ հանձնարարականներ է տալիս ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին` նման դիվանագիտական համաժողով նախապատրաստելու համար:
3) ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը պետություն է ներկայացնում, ունի մեկ քվե և քվեարկում է միայն իր անունից:
բ) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հանդես է գալիս որպես միջկառավարական կազմակերպություն, կարող է մասնակցել քվեարկությանը իր անդամ պետությունների փոխարեն՝ ձայների այն քանակությամբ, որը հավասար է անդամ պետությունների ձայների քանակին, որոնք սույն Պայմանագրի կողմերն են: Ոչ մի նման միջկառավարական կազմակերպություն չի կարող մասնակցել քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից մեկը օգտվում է քվեարկության իր իրավունքից և ընդհակառակը:
4) Ասամբլեան հերթական նիստի է հավաքվում յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ՝ ՄՍՀԿ գլխավոր տնօրենի գումարմամբ:
5) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները, ինչպես նաև արտահերթ նիստերի գումարումը, քվորումի պահանջները և, ելնելով Պայմանագրի դրույթներից, տարատեսակ որոշումների ընդունման համար ապահովում է պահանջվող մեծամասնությունը:
Հոդված 25. | Միջազգային բյուրո |
ՄՍՀԿ Միջազգային բյուրոն իրականացնում է Պայմանագրին առնչվող վարչական առաջադրանքները:
Հոդված 26. | Պայմանագրի Կողմ դառնալու իրավունք |
1) ՄՍՀԿ յուրաքանչյուր անդամ պետություն կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:
2) Ասամբլեան կարող է որոշում ընդունել ցանկացած միջկառավարական կազմակերպության սույն Պայմանագրի կողմ դառնալու կարգի վերաբերյալ, որը հայտարարում է, որ ինքն իրազեկ է բոլոր անդամ պետությունների` սույն Պայմանագրի նկատմամբ պարտավորեցնող օրենսդրությանը, և որ ինքը, համաձայն իր ներպետական ընթացակարգերի, պատշաճ ձևով լիազորվել է՝ դառնալու սույն Պայմանագրի կողմ:
3) Եվրոպական համայնքը, սույն Պայմանագիրն ընդունած Դիվանագիտական համաժողովում հայտարարություն անելով վերը նշված կետի վերաբերյալ, կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:
Հոդված 27. | Պայմանագրով տրամադրվող իրավունքներն ու պարտավորությունները |
Եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է օգտվի բոլոր իրավունքներից և ստանձնի սույն Պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:
Հոդված 28. | Պայմանագրի ստորագրումը |
Սույն Պայմանագիրը բաց կլինի ՄՍՀԿ ցանկացած անդամ պետության և Եվրոպական համայնքի կողմից ստորագրման համար մինչև 1997թ. դեկտեմբերի 31-ը:
Հոդված 29. | Պայմանագրի ուժի մեջ մտնելը |
Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում 30 պետությունների կողմից վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթը ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ի պահ հանձնվելուց 3 ամիս անց:
Հոդված 30. | Պայմանագրի Կողմի համար Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետը |
Սույն Պայմանագիրը պարտադիր է.
i) 29-րդ հոդվածում հիշատակված 30 պետությունների համար՝ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից,
ii) յուրաքանչյուր այլ պետության համար՝ ՄՍՀԿ գլխավոր տնօրենին իր վավերագիրը ի պահ հանձնելու օրվանից 3 ամիս հետո,
iii) Եվրոպական համայնքի համար՝ ՄՍՀԿ գլխավոր տնօրենին վավերացման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց 3 ամիս հետո, եթե 29-րդ հոդվածի համաձայն՝ նման փաստաթուղթն ի պահ է հանձնվել սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 3 ամիս հետո, եթե փաստաթուղթն ի պահ է հանձնվել սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առաջ,
iv) ցանկացած այլ միջկառավարական կազմակերպության համար, որին թույլատրվել է դառնալ սույն Պայմանագրի կողմ՝ իր վավերագիրը ի պահ հանձնելուց 3 ամիս անց:
Հոդված 31. | Պայմանագրի չեղյալ հայտարարումը |
Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը ՄՍՀԿ գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ: Ցանկացած չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում ծանուցումը ՄՍՀԿ գլխավոր տնօրենի ստանալու օրվանից 1 տարի անց:
Հոդված 32. | Պայմանագրի լեզուները |
1) Սույն Պայմանագիրը ստորագրվում է մեկ բնօրինակով` անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իտալերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:
2) Պաշտոնական տեքստը այլ լեզուներով, բացի 1-ին կետում նշված լեզուներից, հաստատվում է ՄՍՀԿ գլխավոր տնօրենի կողմից, շահագրգիռ կողմի խնդրանքով՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց հետո: Սույն կետի նպատակով «շահագրգիռ կողմ» նշանակում է՝ ՄՍՀԿ ցանկացած անդամ պետություն, որի պաշտոնական լեզուն կամ լեզուներից մեկը ներգրավված է, ինչպես նաև Եվրոպական համայնքը և ցանկացած այլ միջկառավարական կազմակերպություն, որը կարող է սույն Պայմանագրին կողմ դառնալ, եթե նրա պաշտոնական լեզուներից մեկը ներգրավված է:
Հոդված 33. | Ավանդապահը |
ՄՍՀԿ գլխավոր տնօրենը սույն Պայմանագրի ավանդապահն է:
Ուժի մեջ է մտել 06.03.2005թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|