Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի դրույթների վրա,
հաստատելով երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ փոխշահավետ և իրավահավասար տնտեսական համագործակցությունը հետագայում ամրապնդելու ձգտումը,
հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին ու նորմերին,
համաձայնեցին հետևյալի մասին.
Բաժին I
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1
Սույն համաձայնագրով սահմանվում է երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների (այսուհետ՝ երրորդ կողմ) հետ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) այնպիսի միջազգային պայմանագրեր կնքելու, դրանց գործողությունը դադարեցնելու ու կասեցնելու կարգը, որոնց կարգավորման առարկայի մասով Միությունն օժտված է անհրաժեշտ իրավասությամբ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) համապատասխան։
Միության կողմից միջազգային պայմանագրեր կնքվելիս անդամ պետությունների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխգործակցության կարգը (այսուհետ՝ փոխգործակցության կարգ) սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։
Բաժին II
Միջազգային պայմանագիր կնքելու առաջարկը
Հոդված 2
1. Միջազգային պայմանագիր կնքելու առաջարկը կարող է ներկայացվել անդամ պետության, Հանձնաժողովի խորհրդի անդամի կամ երրորդ կողմի կողմից։
Հանձնաժողովի կոլեգիան կարող է սահմանված կարգով դիմել Հանձնաժողովի խորհրդի անդամներին՝ միջազգային պայմանագիր կնքելու հարցը նախաձեռնելու խնդրանքով։
2. Միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը գրավոր ուղարկվում է Հանձնաժողով։
3. Հանձնաժողովի կոլեգիայի նախագահն անդամ պետությունների կառավարություններին տեղեկացնում է այդպիսի առաջարկ ստանալու մասին՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։
4. Անդամ պետություններն ուսումնասիրում են միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը, անհրաժեշտության դեպքում անցկացնում են խորհրդակցություններ և Հանձնաժողովին փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում գրավոր տեղեկացնում են իրենց դիրքորոշումների մասին։
Անդամ պետությունների դիրքորոշումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ուղարկվում է անդամ պետություններ՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։
Հոդված 3
1. Միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը հետագայում ուսումնասիրելու նպատակահարմարության շուրջ բոլոր անդամ պետությունների համաձայնության դեպքում Հանձնաժողովն ապահովում է նշված հարցի ուսումնասիրումը Հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմինների շրջանակներում և անցկացնում է միջազգային պայմանագիր կնքելու տնտեսական նպատակահարմարության նախնական վերլուծություն՝ հաշվի առնելով անդամ պետությունների այն դիրքորոշումները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է՝ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
2. Երրորդ կողմի կողմից ներկայացված՝ միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը հետագայում ուսումնասիրելու նպատակահարմարության շուրջ մեկ կամ մի քանի անդամ պետության համաձայնության բացակայության դեպքում Հանձնաժողովը Միության դիրքորոշման վերաբերյալ տեղեկացնում է երրորդ կողմին՝ անդամ պետությունների հետ նախապես համաձայնեցված համապատասխան պատասխան ուղարկելու միջոցով։
3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումների անցկացման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, ապահովում է, այդ թվում՝ միջազգային պայմանագիր կնքելու նպատակահարմարության մասին վերլուծական տեղեկանք ներառող նյութերի նախապատրաստումը՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից ուսումնասիրման համար։ Նյութերի մեջ ներառվում են նաև (առկայության դեպքում) միջազգային պայմանագրի տեքստը կամ միջազգային պայմանագրի նախագիծը (Միության մարմինների աշխատանքային լեզվով թարգմանությամբ) կամ դրա հայեցակարգային դրույթները՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված դեպքի։
4. Միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները, որպես կանոն, ներառում են միջազգային պայմանագիր կնքելու հիմնական նպատակներին ու խնդիրներին, միջազգային պայմանագրի մեջ կարգավորման ենթակա հիմնական հարցերին առնչվող դրույթներ։
Միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթների նախապատրաստումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների հետ համատեղ, այդ թվում՝ երրորդ կողմի հետ խորհրդակցությունների (դրանց անցկացման դեպքում) արդյունքների հիման վրա։
Միջազգային պայմանագիր կնքելու հարցը 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» XXIV հոդվածի 8-րդ կետի իմաստով ուսումնասիրելու դեպքում միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները նախապատրաստվում են միջազգային պայմանագիր կնքելու նպատակահարմարությունն ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խմբի շրջանակներում (այսուհետ՝ համատեղ հետազոտական խումբ) և ներկայացվում են Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը, ինչպես նշված է սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետում։
5. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված վերլուծական տեղեկանքը պետք է ներառի՝
ա) միջազգային պայմանագրի կնքման ենթադրվող տնտեսական հետևանքների վերաբերյալ տեղեկություններ՝ ներառյալ անդամ պետությունների համար այդ պայմանագրի կնքման հետ կապված հնարավոր առավելությունների ու ռիսկերի վերաբերյալ տեղեկությունները
բ) միջազգային պայմանագրի կնքման հնարավոր ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն.
գ) միջազգային պայմանագրի կնքման առնչությամբ երրորդ կողմի մտադրության վերաբերյալ տեղեկություններ:
6. Սույն հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետում նշված տեղեկությունները հստակեցնելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմնի շրջանակներում նշված հարցը համաձայնեցնելուց հետո Հանձնաժողովի կողմից երրորդ կողմի հետ անցկացվում են նախնական խորհրդակցություններ։
Հոդված 4
1. Միջազգային պայմանագրի կնքմանն առնչվող հարցի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
սույն համաձայնագրի III բաժնին համապատասխան՝ համատեղ հետազոտական խումբ ստեղծելու մասին.
բանակցություններ սկսելու հարցը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ) ուսումնասիրմանը ներկայացնելու և միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները հաստատելու մասին։
2. Միջազգային պայմանագրին միանալու հարցի ուսումնասիրման դեպքում Հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունում անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման մասին՝ սույն համաձայնագրի 11-րդ հոդվածում նշված որոշումը Բարձրագույն խորհրդի կողմից հետագայում ընդունվելու նպատակով, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ:
Միջազգային պայմանագրին միանալուն առնչվող հարցի ուսումնասիրման անհրաժեշտության դեպքում սույն համաձայնագրի III և IV բաժինները համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառվում են համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis):
Բաժին III
Համատեղ հետազոտական խումբը
Հոդված 5
1. Միջազգային պայմանագիր կնքելու առաջարկի լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունում անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված համատեղ հետազոտական խումբ ձևավորելու մասին:
2. Միջազգային պայմանագիր կնքելու առաջարկը 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» XXIV հոդվածի 8-րդ կետի իմաստով ուսումնասիրելու դեպքում համատեղ հետազոտական խումբը ձևավորվում է պարտադիր կարգով:
3. Համատեղ հետազոտական խմբի աշխատանքում մասնակցում են երրորդ կողմի ներկայացուցիչները:
4. Համատեղ հետազոտական խմբի նիստերի և փորձագիտական խորհրդակցությունների անցկացման ժամկետներն ու ձևաչափը Հանձնաժողովի կողմից համաձայնեցվում են անդամ պետությունների և երրորդ կողմի հետ:
Հոդված 6
1. Սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստեղծված համատեղ հետազոտական խումբն իր աշխատանքի շրջանակներում ուսումնասիրում է հետևյալ հարցերը.
ա) երրորդ կողմի հետ ապրանքների առևտրի կառուցվածքը.
բ) միջազգային պայմանագրում կարգավորման ենթակա հիմնական հարցերը.
գ) միջազգային պայմանագրի կնքման հնարավոր տնտեսական հետևանքները՝ ներառյալ անդամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսության ճյուղերի համար առավելություններն ու ռիսկերը.
դ) միջազգային պայմանագրի կնքման հետևանքների տնտեսամաթեմատիկական մոդելավորման արդյունքները (այդ թվում՝ հաշվի առնելով համապատասխան վերլուծություն անցկացնելու համար համատեղ հետազոտական խմբի մեջ չներառված փորձագետներ ներգրավելու անհրաժեշտությունը)
ե) միջազգային պամանագրի կնքման նպատակահարմարության մասին որոշումն ընդունելու վրա ազդեցություն ունեցող այլ հարցեր:
2. Անդամ պետությունների և երրորդ կողմի շահագրգռվածության առկայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված հարցերից բացի կարող են ուսումնասիրվել նաև՝
ա) առևտրի շրջանառության կառուցվածքը՝ երրորդ կողմի հետ ծառայությունների առևտրի մասով.
բ) համագործակցության հնարավոր ուղղությունները ներդրումային ոլորտում.
գ) առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հնարավոր լրացուցիչ խնդիրները, որոնք կարող են լուծվել առևտրային ռեժիմի ազատականացման պայմաններում:
3. Համատեղ հետազոտական խմբի աշխատանքի շրջանակներում նախապատրաստվում են միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները։
4. Նախքան համատեղ հետազոտական խմբի աշխատանքն ավարտելը՝ համատեղ հետազոտական խմբի աշխատանքային լեզվով կազմված և Միության մարմինների աշխատանքային լեզվով թարգմանված ամփոփիչ զեկույցի նախագիծն ուղարկվում է անդամ պետությունների ուսումնասիրմանը։ Անդամ պետությունների կողմից ամփոփիչ զեկույցի նախագծի ուսումնասիրման ժամկետը սահմանվում է փոխգործակցության կարգով։
5. Համատեղ հետազոտական խմբի աշխատանքի ավարտ է համարվում ամփոփիչ զեկույցի համաձայնեցումն անդամ պետությունների ու երրորդ կողմի հետ։
6. Ամփոփիչ զեկույցը (ի հավելումն սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված նյութերի)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով նախատեսված կարգով, ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը` միջազգային պայմանագիր կնքելու առաջարկը Բարձրագույն խորհրդի ուսումնասիրմանը ներկայացնելու մասին որոշում ընդունելու համար:
Բաժին IV
Բանակցությունները
Հոդված 7
1. Միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ երրորդ կողմի հետ բանակցությունները (այսուհետ՝ բանակցություններ) անցկացվում են Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա։
2. Բանակցություններն անցկացվում են բանակցային պատվիրակության կողմից, որի կազմի մեջ ներառվում են անդամ պետությունների ու Հանձնաժողովի ներկայացուցիչները (այսուհետ՝ բանակցային պատվիրակություն)՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող հրահանգներին համապատասխան։
3. Բանակցություններ անցկացնելու վերաբերյալ հրահանգների նախագիծը մշակվում է՝ հաշվի առնելով միջազգային պայմանագրի նախագծի հայեցակարգային դրույթները՝ Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից համատեղ՝ բանակցություններ սկսելու վերաբերյալ Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա, և ուսումնասիրվում է Հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմնի շրջանակներում։
Հոդված 8
1. Հանձնաժողովի խորհուրդը նշանակում է Միության անունից բանակցություններ վարելու համար պատասխանատու՝ բանակցային պատվիրակության ղեկավար, ինչպես նաև հաստատում է բանակցություններին մասնակցելու համար պատվիրակության կազմը կամ սահմանում է այն ձևավորելու կարգը։
2. Յուրաքանչյուր անդամ պետություն նշանակում է բանակցային պատվիրակության համապատասխան ազգային մասի ղեկավար։
Հոդված 9
1. Բանակցային պատվիրակության ղեկավարն իրականացնում է երրորդ կողմին փոխանցվող՝ բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշումը պարունակող փաստաթղթերի նախագծերի գրավոր համաձայնեցումն անդամ պետությունների հետ։
Փաստաթղթերի համապատասխան նախագծերի համաձայնեցումն իրականացվում է անդամ պետությունների կողմից՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։
Հանձնաժողովի կողմից երրորդ կողմից ստացվող նյութերն ուղարկվում են անդամ պետություններ՝ փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։
2. Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ համաձայնեցում (բանակցային դիրքորոշում մշակելու նպատակով) կարող է անցկացվել Հանձնաժողովի հարթակում կազմակերպվող՝ անդամ պետությունների միջև խորհրդակցությունների շրջանակներում, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմինների նիստերի շրջանակներում։
Բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշման մշակումն իրականացվում է փոխգործակցության կարգին համապատասխան։
Նշված խորհրդակցությունների շրջանակներում բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշումը համաձայնեցնելու անհնարինության դեպքում համապատասխան հարցը ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը։
3. Բանակցությունների փուլերի ընթացքում բանակցային պատվիրակությունը գործում է բացառապես հրահանգների ու անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշման շրջանակներում։
Բանակցային պատվիրակության ղեկավարը բանակցային պատվիրակության անունից պաշտոնապես ներկայացնում է նախաձեռնությունները և պաշտոնապես համաձայնեցնում է անդամ պետությունների կողմից նախնական կարգով հավանության արժանացած՝ երրորդ կողմի առաջարկները։
Բանակցային պատվիրակության ղեկավարն իրականացնում է բանակցային խմբերի աշխատանքը համակարգող փորձագետների գործունեության համակարգումը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ համաձայնեցված՝ բանակցային պատվիրակության բանակցային դիրքորոշումը պահպանելու նպատակներով։
4. Բանակցային պատվիրակության ղեկավարը փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում բանակցությունների յուրաքանչյուր փուլի արդյունքներով անդամ պետություններ ու Հանձնաժողով է ուղարկում բանակցությունների ընթացքի և միջազգային պայմանագրի նախագծի մասով աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, բանակցությունների նախորդ փուլի արդյունքներով նախապատրաստված՝ միջազգային պայմանագրի նախագիծը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ նյութեր՝ անդամ պետությունների հարցումով։
5. Փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում անդամ պետությունները Հանձնաժողով են ուղարկում առաջարկներ՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված նյութերի մշակման արդյունքների վերաբերյալ։
6. Բանակցությունների արդյունքներով նախապատրաստված՝ միջազգային պայմանագրի նախագիծը, այն լեզվով (լեզուներով), որով (որոնցով) այն համաձայնեցվել է երրորդ կողմի հետ, Միության մարմինների աշխատանքային լեզվով թարգմանության կցմամբ, Հանձնաժողովի կողմից ուղարկվում է անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
Անդամ պետության պահանջով կամ այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է, որ միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցումն իրականացվում է անդամ պետության պետական լեզվով, կամ այն դեպքում, երբ միջազգային պայմանագիրն ստորագրվում է բոլոր անդամ պետությունների պետական լեզուներով, միջազգային պայմանագրի նախագիծը՝ դրա ներպետական համաձայնեցումն անցկացնելու համար, Հանձնաժողովի կողմից ուղարկվում է այդ անդամ պետությունների պետական լեզուներով թարգմանության կցմամբ։
7. Ներպետական համաձայնեցման արդյունքներով՝ միջազգային պայմանագրի նախագիծը լրամշակվում, համաձայնեցվում է երրորդ կողմի հետ և, Միության մարմինների աշխատանքային լեզվով թարգմանության կցմամբ, ուղարկվում է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու և Բարձրագույն խորհրդի հետագա ուսումնասիրմանն այն ներկայացնելու համար։
8. Բոլոր անդամ պետությունների պետական լեզուներով միջազգային պայմանագիրն ստորագրելու դեպքում անդամ պետություններն ապահովում են միջազգային պայմանագրի նախագծի՝ սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան կցված՝ համապատասխան պետական լեզվով թարգմանության լրամշակումը, և այն ուղարկում են Հանձնաժողով՝ միջազգային պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկելուց ոչ ուշ։
Ոչ ուշ, քան միջազգային պայմանագրի նախագծի՝ համապատասխան պետական լեզվով թարգմանությունները յուրաքանչյուր անդամ պետությունից ու երրորդ կողմից ստանալու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը նշված թարգմանություններն ուղարկում է մյուս անդամ պետություններ։
Բաժին V
Միջազգային պայմանագրի ստորագրումը
Հոդված 10
1. Միության անունից միջազգային պայմանագրի ստորագրումն իրականացվում է Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա՝ միջազգային պայմանագրի նախագծի մասով համապատասխան ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելուց հետո։
2. Միջազգային պայմանագրի ստորագրումն իրականացվում է անդամ պետությունների և Միության կողմից՝ բացառությամբ այն դեպքի, երբ Բարձրագույն խորհրդի կողմից որոշում է ընդունվում միջազգային պայմանագրի ստորագրման այլ ձևաչափի վերաբերյալ:
3. Միջազգային պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ որոշում ընդունելիս Բարձրագույն խորհուրդը նշանակում է Միության մարմնի այն անձին, որը լիազորված է Միության անունից միջազգային պայմանագիրն ստորագրելու համար՝ Միության իրավասությանը դասվող մասով։
4. Ստորագրման համար Բարձրագույն խորհրդի կողմից հավանության արժանացած՝ միջազգային պայմանագրի նախագծում Միության անունից միջազգային պայմանագիրն ստորագրելու համար լիազորված՝ Միության մարմնի անձի կողմից չեն կարող կատարվել փոփոխություններ՝ բացառությամբ տեխնիկական բնույթի փոփոխությունների։
Հոդված 11
Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու կամ ստորագրված միջազգային պայմանագրի մասնակից չդառնալու մտադրության մասին որոշումը Բարձրագույն խորհրդի կողմից ընդունվում է բոլոր անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո:
Հոդված 12
1. Եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հանձնաժողովը երրորդ կողմին տեղեկացնում է Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու մասին՝ սույն համաձայնագրի 11-րդ հոդվածում նշված՝ Բարձրագույն խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում՝ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծանուցումն ուղարկելու կամ համապատասխան փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով:
2. Միության՝ միջազգային պայմանագրին միանալու դեպքում այդպիսի միջազգային պայմանագրի ավանդապահին ի պահ է հանձնվում Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու մասին վկայող փաստաթուղթը, եթե հենց այդ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Միության անունից այդպիսի փաստաթղթի ստորագրումն իրականացվում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից։
3. Ոչ ուշ, քան միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը երրորդ կողմի կողմից կատարվելու մասին ծանուցումը երրորդ կողմից ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է անդամ պետություններին:
Հանձնաժողովն անդամ պետություններին ծանուցում է նաև միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին։
Հոդված 13
1. Միջազգային պայմանագիր ստորագրելու և (կամ) միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ իր համաձայնությունն արտահայտելու դեպքում Միությունը կարող է վերապահում կատարել, եթե այլ բան նախատեսված չէ հենց այդ միջազգային պայմանագրի դրույթներով կամ միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերով։
2. Միության անունից վերապահման մասին որոշումը Բարձրագույն խորհրդի կողմից ընդունվում է միջազգային պայմանագիրն ստորագրելու և (կամ) Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնության արտահայտման մասին որոշումն ընդունելու հետ միաժամանակ:
3. Եթե միջազգային պայմանագրով այլ բան սահմանված չէ, ապա Միության անունից վերապահումները կարող են հանվել ցանկացած ժամանակ։ Միության անունից վերապահումները հանելն իրականացվում է Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա։
4. Միջազգային պայմանագրի վերաբերյալ երրորդ կողմի կողմից արված վերապահման ընդունումը Միության կողմից կամ դրա դեմ Միության առարկումն իրականացվում է Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա՝ հենց այդ միջազգային պայմանագրի դրույթներին և միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերին համապատասխան:
Հոդված 14
1. Միջազգային պայմանագրերը, որոնց առնչությամբ Միությունը համաձայնություն է հայտնել դրանց պարտադիր լինելու վերաբերյալ, միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ տեղեկատվությունը Միության պաշտոնական կայքում ենթակա են պաշտոնական հրապարակման:
2. Անդամ պետություններում միջազգային պայմանագրերի հրապարակումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով:
3. Միության պաշտոնական կայքում միջազգային պայմանագրի հրապարակման ամսաթիվը համարվում է Միության շրջանակներում դրա պաշտոնական հրապարակման ամսաթիվը:
Հոդված 15
1. Միջազգային պայմանագրի դրույթների մեկնաբանման մասով Միության դիրքորոշումը ձևավորվում է բոլոր անդամ պետությունների կողմից համատեղ՝ Հանձնաժողովի աջակցությամբ։
2. Միջազգային պայմանագրի դրույթների մեկնաբանման մասով Միության դիրքորոշումը ձևավորելիս անդամ պետությունների միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում տարաձայնությունների կարգավորումն իրականացվում է խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։
Հոդված 16
1. Միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելը, միջազգային պայմանագրից Միության դուրս գալը կամ դրա գործողությունը կասեցնելն իրականացվում են հենց այդ միջազգային պայմանագրի դրույթներին կամ միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերին համապատասխան։
2. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկը Հանձնաժողով է ներկայացվում Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի անունով՝ անդամ պետության կամ Հանձնաժողովի խորհրդի անդամի կողմից։
3. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվելու մասին տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ուղարկվում է անդամ պետություններ։
4. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկն ուսումնասիրելուց հետո անդամ պետություններն իրենց դիրքորոշումների մասին Հանձնաժողովին տեղեկացնում են փոխգործակցության կարգով սահմանված ժամկետում։
5. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկին բոլոր անդամ պետությունների կողմ լինելու դեպքում այդ առաջարկը ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգով (Հանձնաժողովի խորհրդի կողմից ուսումնասիրվող նյութերին կցելով Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու հիմքերի, կարգի, հնարավորության և հետևանքների մասին վերլուծական տեղեկանքը, միջազգային պայմանագրի պատճենը և այլ նյութեր):
Նախքան Հանձնաժողովի խորհրդի կողմից միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկն ուսումնասիրելը՝ Հանձնաժողովի կոլեգիան անդամ պետությունների հետ համատեղ, իրավասու է, անհրաժեշտության դեպքում, երրորդ կողմի հետ քննարկելու միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը դադարեցնելու հետ կապված կարգը, ընթացակարգերը, հետևանքները և այլ հարցեր:
6. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու հարցի ուսումնասիրումը Բարձրագույն խորհրդի կողմից իրականացվում է անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո։
7. Միության համար միջազգային պայմանագիրը պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունը չեղարկելու, միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու, միջազգային պայմանագրից Միության դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու, ինչպես նաև կասեցված միջազգային պայմանագրի գործողությունը վերսկսելու մասին որոշումը Բարձրագույն խորհրդի կողմից ընդունվում է բոլոր անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո:
Բարձրագույն խորհրդի կողմից ընդունված որոշման մասին ծանուցումը երրորդ կողմ է ուղարկվում սույն համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 17
Երրորդ կողմի կողմից միջազգային պայմանագրից բխող պարտավորությունների խախտման դեպքում Հանձնաժողովի կոլեգիայի կամ անդամ պետությունների կողմից Հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը կարող են ներկայացվել միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկներ՝ միջազգային պայմանագրի դրույթներին և միջազգային իրավունքին համապատասխան:
Հոդված 18
Միջազգային պայմանագրի բնօրինակը միջազգային պայմանագրի ստորագրման օրվանից 10 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում ի պահ է հանձնվում Հանձնաժողովին:
Միջազգային պայմանագրի հաստատված պատճենները Հանձնաժողովի կողմից անդամ պետություններ են ուղարկվում միջազգային պայմանագիրն ստորագրելու կամ ավանդապահից հաստատված պատճեններն ստանալու օրվանից 10 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում (միջազգային պայմանագրին միանալու դեպքում):
Միջազգային պայմանագրի՝ Միության մարմինների աշխատանքային լեզվով (այն դեպքում, երբ այն միջազգային պայմանագրի լեզուն չէ) թարգմանությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից, համաձայնեցվում է անդամ պետությունների հետ և միջազգային պայմանագրի հաստատված պատճենի հետ միաժամանակ ուղարկվում է անդամ պետություններ:
Միջազգային պայմանագրի տեքստի՝ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված թարգմանությունը Միության մարմինների աշխատանքային լեզվով, միջազգային պայմանագրի նախագծի՝ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված թարգմանությունը, միջազգային պայմանագրի նախագծի՝ սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված թարգմանությունն անդամ պետությունների պետական լեզուներով, ինչպես նաև համատեղ հետազոտական խմբի ամփոփիչ զեկույցի նախագծի՝ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված թարգմանությունը Միության մարմինների աշխատանքային լեզվով իրականացվում են Հանձնաժողովի կողմից՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող կարգով։
Հոդված 19
Հանձնաժողովն իրականացնում է բազմակողմ միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթները, եթե այդ միջազգային պայմանագրերին համապատասխան այդ գործառույթները վերապահված են Միությանը:
Միջազգային պայմանագրի բնօրինակը պահվում է Հանձնաժողովի կողմից։
Բաժին VI
Եզրափակիչ դրույթները
Հոդված 20
Սույն համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 21
Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և կազմում է Միության իրավունքի մասը։
Հոդված 22
Սույն համաձայնագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում։
Հոդված 23
Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, կազմում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն համաձայնագրի 24-րդ հոդվածով նախատեսված կարգով։
Հոդված 24
Սույն համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում անդամ պետությունների կողմից այն վավերացվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրը:
Կատարված է Սոչի քաղաքում, 2018 թվականի մայիսի 14-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: