ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0345/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0345/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան |
Դատավորներ՝ |
Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Վ. աՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. Բարսեղյանի Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Է. Հայրիյանի Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հոկտեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Ֆերդինանդ Մնացականյանի հայցի ընդդեմ Անահիտ Սարգսյանի, Ռոբերտ Աբգարյանի, Ռոբերտ Սարգսյանի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, և Ռոբերտ Աբգարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ֆերդինանդ Մնացականյանի` բնակելի տարածությունից վտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ֆերդինանդ Մնացականյանը պահանջել է վավեր ճանաչել իր և Անահիտ Սարգսյանի լիազորված անձ Ռոբերտ Աբգարյանի միջև կնքված ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Հայկ Գասպարյան փողոցի թիվ 9 տան և 450 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագիրը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ռոբերտ Աբգարյանը պահանջել է վտարել Ֆերդինանդ Մնացականյանին բնակելի տարածությունից։
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 10.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.09.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.05.2007 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.09.2006 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.05.2010 թվականի որոշմամբ Դատարանի 06.08.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Սարգսյանը։
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ֆերդինանդ Մնացականյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել գործում առկա 15.12.2003 թվականի ստացականը, ինչպես նաև հաշվի չի առել նշված ստացականի և բողոքում բերված հարցերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի թիվ 3-895 (ՎԴ) որոշմամբ հայտնված դիրքորոշումը և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը։ Մինչդեռ այդ ստացականի բովանդակությունից հետևում է, որ Ռոբերտ Աբգարյանը վիճելի տունը և հողամասը Ֆերդինանդ Մնացականյանին վաճառելու նպատակով 2003 թվականի մայիսին նրանից ստացել է 5.800 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ, նշված ստացականով կողմերն ընդունել և հաստատված են համարել այն կարևոր փաստը, որ իրենց միջև առուվաճառքի գործարք չի կայացել երկու կողմի համար հարգելի պատճառով, այսինքն` գործարքի նոտարական վավերացումից խուսափող կողմ չի եղել, որպիսի պայմաններում Ռոբերտ Աբգարյանն ընդամենը պարտավորվել է իրեն պատկանող երկու բնակարաններից որևէ մեկի վաճառքից հետո անմիջապես վերադարձնել Ֆերդինանդ Մնացականյանից ստացած 5.800 ԱՄՆ դոլարը։ Ստացականի վերջում առկա է ինչպես Ռոբերտ Աբգարյանի, այնպես էլ Ֆերդինանդ Մնացականյանի ստորագրությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի իմաստով դատարանն իրավունք ունի նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչել գործարքը լրիվ կամ մասնակի կատարած կողմի պահանջով, եթե մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից։
Նշված նորմը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ, քանի որ բացակայում է վիճարկվող առուվաճառքի գործարքը, Ռոբերտ Աբգարյանը վիճելի անշարժ գույքի սեփականատեր չի հանդիսանում և չի կարող գործարքի նոտարական վավերացումից խուսափող կողմ լինել։ Ֆերդինանդ Մնացականյանը չի հանդիսանում վիճելի գույքի առուվաճառքի գործարքը լրիվ կամ մասնակի կատարած կողմ։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` Ֆերդինանդ Մնացականյանի հայցը մերժել, իսկ Ռոբերտ Աբգարյանի հակընդդեմ հայցը` բավարարել։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերած անձը նշել է, որ գործարքի առարկան անշարժ գույքն է, որի դեպքում գործարքի նոտարական վավերացումը պարտադիր է, ինչը տվյալ դեպքում առկա չէ, հետևաբար կողմերի միջև կնքված հիշյալ գործարքի նկատմամբ ենթակա են կիրառման առոչինչ գործարքի հետևանքներ։ Սակայն բողոք բերած անձի նշված պնդումը սույն գործով չի կարող կիրառվել, քանի որ դատարանի վարույթում քննվել է ոչ թե առոչինչ գործարքի հետևանքները կիրառելու, այլ գործարքը վավեր ճանաչելու պահանջ։
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից 15.12.2003 թվականի ստացականի վկայակոչմանը, ապա Վերաքննիչ դատարանն իրավամբ նշել է, որ այն պատշաճ ապացույց չի կարող գնահատվել, քանի որ չի ներկայացվել պատշաճ վավերացված տեսքով կամ բնօրինակով։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կոտայքի մարզի Առինջ գյուղի Հայկ Գասպարյան փողոցի թիվ 9 տան և 450 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանել է գործով պատասխանողներ Անահիտ Սարգսյանին և նրա որդուն` Ռոբերտ Սարգսյանին (հատոր 1-ին, գ.թ. 9)։
2) Պատասխանող Ռոբերտ Աբգարյանն Անահիտ Սարգսյանի հայրը և Ռոբերտ Սարգսյանի պապն է։
3) 2003 թվականի ապրիլի 17-ին Անահիտ Սարգսյանը լիազորագիր է տվել իր հորը` Ռոբերտ Աբգարյանին, որով վերջինս լիազորված է եղել «...նվիրելու (վաճառելու կամ օտարելու) անձնական սեփականության իրավունքով ինձ պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող բնակելի տունը և 450 քմ. ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը ամբողջությամբ..» (հատոր 1-ին, գ.թ. 11)։
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.05.2007 թվականի թիվ 3-895 (ՎԴ) որոշմամբ որպես վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր նշվել են (հատոր 1-ին, գ.թ. 249-254).
● 2003 թվականի մարտ ամսին հայցվոր Ֆերդինանդ Մնացականյանը վիճելի անշարժ գույքը 15.000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարով գնելու ցանկություն է հայտնել։ Գումարը խոստացել է տալ մի քանի օր հետո, իսկ մինչ այդ, պատճառաբանելով, որ բնակվելու այլ տեղ չունի և ստանալով Ռոբերտ Աբգարյանի բանավոր համաձայնությունը, տեղափոխվել է վիճելի հասցե` պայմանով, որ գումարը չտալու դեպքում կազատի տարածքը։
● Ֆերդինանդ Մնացականյանը պայմանավորված 15.000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարից 5.800 (հինգ հազար ութ հարյուր) ԱՄՆ դոլարը Ռոբերտ Աբգարյանին է վճարել հասցե տեղափոխվելուց մոտ երկու ամիս անց` 2003 թվականի մայիս ամսին, իսկ մնացած 9.200 (ինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլարը խոստացել է վճարել 2003 թվականի սեպտեմբերին։
● Ֆերդինանդ Մնացականյանը մնացած 9.200 (ինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլար գումարը չի վճարել։
● 15.12.2003 թվականին Ռոբերտ Աբգարյանը Ֆերդինանդ Մնացականյանին տվել է ստացական, որում փաստելով այն, որ «...առք ու վաճառքը հարգելի պատճառով չի կայացել...», պարտավորվել է վերցրած 5.800 ԱՄՆ դոլարը վերադարձնել Ֆերդինանդ Մնացականյանին իր երկու բնակարաններից որևէ մեկը վաճառելուց հետո։ Նշված ստացականը ստորագրվել է ինչպես Ռոբերտ Աբգարյանի, այնպես էլ հայցվորի և այլ անձանց կողմից (հատոր 1-ին, գ.թ. 64)։
● 27.07.2004 թվականին ստորագրված ստացականի համաձայն` Ռոբերտ Աբգարյանը Ֆերդինանդ Մնացականյանից նախապես ստացած 5.800 ԱՄՆ դոլարից հետ է վերադարձրել 2.000 (երկու հազար) ԱՄՆ դոլար` պարտք մնալով 3.800 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 65)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։
Վճռաբեկ դատարանը սույն գործով արդեն անդրադարձել է բողոքում բերված հարցերին (Իրավական հիմնավորումները տես` Ֆերդինանդ Մնացականյանն ընդդեմ Ռոբերտ Աբգարյանի և Անահիտ Սարգսյանի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, և Ռոբերտ Աբգարյանն ընդդեմ Ֆերդինանդ Մնացականյանի` բնակելի տարածությունից վտարելու պահանջի մասին թիվ 3-895 (ՎԴ) գործով 18.05.2007 թվականի որոշման մեջ)։
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ։
Նշված հոդվածով ուղղակիորեն սահմանվում է Վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական հիմնավորումների պարտադիր բնույթը բոլոր դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործեր քննելիս (Տես Արծրուն Հովհաննիսյանն ընդդեմ Մարգարիտ Հակոբյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին և Մարգարիտ Հակոբյանն ընդդեմ Արծրուն Հովհաննիսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` հողամասն առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0443/02/08 գործով 28.11.2008 թվականի որոշումը)։
Ավելին, սույն գործով առկա են ոչ միայն նույնանման փաստական հանգամանքներ, այլ հարցը վերաբերում է նույն գործին, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հստակ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը` նշելով, որ առք ու վաճառքը հարգելի պատճառով չի կայացել, և Ռոբերտ Աբգարյանը պարտավորվել է վերցրած 5.800 ԱՄՆ դոլարը վերադարձնել Ֆերդինանդ Մնացականյանին իր երկու բնակարաններից որևէ մեկը վաճառելուց հետո, իսկ գործում առկա 15.12.2003 թվականին կողմերի միջև կնքված ստացականով կողմերն ըստ էության հրաժարվել են պայմանագրից։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում, կրկին քննարկման առարկա դարձնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության, ինչպես նաև 15.12.2003 թվականին կողմերի միջև կնքված ստացականի թույլատրելիության հարցերը, հետևաբար ավելորդ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցի մեկնաբանմանը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ռոբերտ Սարգսյանի վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` Ֆերդինանդ Մնացականյանի հայցը մերժել։ Ռոբերտ Աբգարյանի հակընդդեմ հայցը բավարարել` Ֆերդինանդ Մնացականյանին վտարել ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Հայկ Գասպարյան փողոցի թիվ 9 տնից։
2. Ֆերդինանդ Մնացականյանից հօգուտ Ռոբերտ Սարգսյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |