ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
ելնելով գյուղատնտեսական բույսերի սերմերի շուկայի զարգացման և անդամ պետությունների՝ մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման նպատակով գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում համագործակցության առնչությամբ անդամ պետությունների փոխադարձ շահագրգռվածությունից,
ճանաչելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության, սորտերի փորձարկման և գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտներում պահանջների միասնականացման նպատակահարմարությունը,
պահպանելով փոխադարձ հարգանքի, հավասարության և հրապարակայնության սկզբունքները,
համաձայնեցին հետևյալի մասին:
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստր՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը տեղեկություններ է պարունակում ազգային ռեեստրներում ընդգրկված գյուղատնտեսական բույսերի սորտերի մասին.
սորտի փորձարկում՝ սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունների, ինչպես նաև սորտի տարբերակիչ հատկանիշների, միատարրության և կայունության որոշման միջոցառումներ՝ ազգային ռեեստրում այն ընդգրկելու նպատակով.
ազգային ռեեստր՝ անդամ պետությունների տարածքում օգտագործման համար արտոնված (թույլատրված, երաշխավորվող) գյուղատնտեսական բույսերի սորտերի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձևավորվող ռեեստր.
գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառություն՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք (այդ թվում՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով) գյուղատնտեսական բույսերի սերմերի տեղափոխումը, դրանց պահպանումն ու իրացումը.
գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքային (տնկման) որակներ՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի որակի այն ցուցանիշների ամբողջությունը, որոնք բնութագրում են ցանքի (տնկման) համար սերմերի պիտանիությունը.
գյուղատնտեսական բույսեր՝ հացահատիկային, հացահատիկաոլոռային, ձավարատու, կերային, տեխնիկական, յուղատու, եթերայուղատու, բանջարային, բոստանային, պտղատու, հատապտղատու, դեղատու մշակաբույսեր, ինչպես նաև կարտոֆիլ և խաղող.
գյուղատնտեսական բույսերի սերմեր՝ բույսերի բուն սերմերը, տնկիները, պտուղները, բարդ պտուղների մասերը, պտղաբույլերը, կոճղեզները, պալարները և բույսերի այլ՝ գեներատիվ և վեգետատիվ մասեր, որոնք նախատեսված են գյուղատնտեսական բույսերի սորտերի բազմացման և (կամ) վերարտադրության համար.
սերմնաբուծություն՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության, տեղափոխման, պահպանման, իրացման և օգտագործման հետ կապված գործունեություն.
սորտ՝ բուսաբանական տաքսոններից ստորադասի շրջանակներում գյուղատնտեսական բույսերի խումբ, որը որոշվում է տվյալ գենոտիպը կամ գենոտիպերի համակցությունը բնորոշող հատկանիշների արտահայտվածության աստիճանով, միևնույն բուսաբանական տաքսոնի գյուղատնտեսական բույսերի այլ խմբերից տարբերվում է մեկ կամ մի քանի հատկանիշներով կամ հատկանիշների արտահայտվածության աստիճանով և կայուն է.
գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային որակներ՝ հատկանիշների ամբողջություն, որը բնորոշում է գյուղատնտեսական բույսերի սերմերի պատկանելությունը որոշակի սորտի:
Հոդված 2
Սույն համաձայնագիրը կարգավորում է Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները` բացառությամբ գյուղատնտեսական բույսերի սերմերի, որոնց սորտերի գենային ծրագիրը գենային ինժեներիայի նյութ է պարունակում։
Հոդված 3
1. Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառությունն իրականացվում է դրանց սորտային և ցանքային (տնկման) որակների մասին տեղեկություններ պարունակող և ռուսերեն ու անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) ձևակերպված փաստաթղթերի առկայության դեպքում (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։
Եթե գյուղատնտեսական բույսերի սերմերը մշակվել են քիմիական կամ կենսաբանական պատրաստուկներով, Միության շրջանակներում դրանց շրջանառությունն իրականացվում է փաթեթավորված տեսքով՝ ի թիվս սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերի, նաև այդ սերմերն ուղեկցող փաստաթղթերի և դրանց մականշվածքի (պիտակի) վրա նշվող քիմիական կամ կենսաբանական պատրաստուկի անվանման մասին ռուսերեն և անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) ձևակերպված փաստաթղթերի առկայության դեպքում (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։
2. Անդամ պետությունները ճանաչում են գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, որոնք տրվել են մյուս անդամ պետությունների կողմից՝ անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված ցանկի համաձայն:
Հոդված 4
1. Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության հետ կապված գործունեության տեղեկատվական ապահովման նպատակներով Հանձնաժողովը ձևավորում է գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստր (այսուհետ` միասնական ռեեստր)։
2. Միասնական ռեեստրը ձևավորվում է ազգային ռեեստրներում սորտերի մասին պարունակվող և Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ անդամ պետությունների կողմից էլեկտրոնային տեսքով Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հիման վրա։
Միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։
Հոդված 5
Գյուղատնտեսական բույսերի սորտային նույնականացում անցկացնելու մոտեցումների միասնականացման, գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների որոշման նպատակներով անդամ պետություններն ապահովում են Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանվող միասնական մեթոդների կիրառումը։
Հոդված 6
Անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում սորտերի փորձարկման և սերմնաբուծության խնդիրները կարգավորող՝ իրենց օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ։ Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցների ցանկը և այդ ներդաշնակեցման ժամկետները սահմանվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։
Հոդված 7
Մինչև սույն համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան ընդունվող՝ Հանձնաժողովի խորհրդի ակտերի ուժի մեջ մտնելն անդամ պետություններում կիրառվում են գյուղատնտեսական բույսերի սորտային նույնականացում անցկացնելու, գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների որոշման մեթոդները, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ։
Հոդված 8
Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
Հոդված 9
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 10
Անդամ պետությունների պայմանավորվածությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։
Հոդված 11
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 7-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |