ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1092/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1092/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան |
Դատավորներ՝ | Ն. Տավարացյան | |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռիմա Նախշքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.01.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Ռիմա Նախշքարյանի հայցի ընդդեմ Միսակ և Կարեն Նախշքարյանների, երրորդ անձ Սեդա Հակոբյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև Միսակ Նախշքարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռիմա Նախշքարյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռիմա Նախշքարյանը պահանջել է Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տան և հողամասի 1/4 բաժինը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը։
Հակընդդեմ հայցով Միսակ Նախշքարյանը պահանջել է Գևորգ Նախշքարյանի ժառանգական գույքի` Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի 5/8 բաժնի` 68,12քմ տան և 210,9քմ հողամասի նկատմամբ ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 12.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է Միսակ Գևորգի Նախշքարյանի անվամբ գրանցված Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տան և հողամասի 1/4 բաժինը ճանաչել տիրազուրկ, և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ռիմա Նախշքարյանի սեփականության իրավունքը: Գևորգ Նախշքարյանի ժառանգական գույքի` Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տան 3/8 բաժնի նկատմամբ ճանաչել Միսակ Նախշքարյանին ժառանգությունն ընդունած ժառանգ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.01.2010 թվականի որոշմամբ Միսակ Նախշքարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.09.2009 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիմա Նախշքարյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 54-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 3-րդ կետը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ, 187-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 554-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Գևորգ Միսակի Նախշքարյանը հոր` Միսակ Գևորգի Նախշքարյանի մահից հետո փաստացի չի տիրապետել ու կառավարել ժառանգական գույքը, իսկ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված կարգով չի դիմել նոտարին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Գևորգ Միսակի Նախշքարյանի կողմից հոր` Միսակ Գևորգի Նախշքարյանի ժառանգական գույքը տիրապետելու կամ կառավարելու վերաբերյալ Միսակ Գևորգի Նախշքարյանը չի ներկայացրել որևէ ապացույց։
Մինչդեռ Ռիմա Միսակի Նախշքարյանը 1979 թվականից մինչ օրս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տան և հողամասի 1/4 բաժինը, կատարել է դրանց համար սահմանված պետական վճարումները, հոգացել է դրանց պահպանման խնդիրները, ինչի վերաբերյալ դատարանին են ներկայացվել բազմաթիվ գրավոր հայտարարություններ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.01.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.09.2009 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Միսակ Գևորգի Նախշքարյանը և Գոհարիկ Թադևոսի Գևորգյանն ամուսիններ են: Ռիմա, Գևորգ և Գրիշա Միսակի Նախշքարյանները նրանց զավակներն են, իսկ Միսակ Գևորգի Նախշքարյանը` Գևորգ Միսակի Նախշքարյանի և Սեդա Հայրապետի Հակոբյանի որդին է (Միսակ Գևորգի Նախշքարյանի թոռը) (հատոր 1-ին, գ.թ.13,60)։
2. Միսակ Գևորգի Նախշքարյանը (ավագը) մահացել է 31.01.1979 թվականին (հատոր 1-ին, գ.թ.12), Գոհարիկ Թադևոսի Գևորգյանը` 10.05.2002 թվականին (հատոր 1-ին, գ.թ.11), Գևորգ Միսակի Նախշքարյանը` 05.03.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ.9), իսկ Գրիշա Միսակի Նախշքարյանը` 31.05.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ.10)։
3. Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տունը ձեռք է բերվել Միսակ Գևորգի Նախշքարյանի և Գոհարիկ Թադևոսի Գևորգյանի ամուսնության ընթացքում։
4. 03.08.1979 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Միսակ Գևորգի Նախշքարյանի ժառանգական գույքի` Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տան 1/2 բաժնի նկատմամբ ժառանգներ են կինը` Գոհարիկ Թադևոսի Գևորգյանը, զավակները` Ռիմա, Գևորգ և Գրիշա Միսակի Նախշքարյանները: Ռիմա Նախշքարյանը հրաժարվել է ժառանգությունից հօգուտ մորը, իսկ Գևորգ և Գրիշա Միսակի Նախշքարյանները չեն ներկայացել ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար, նրանց բաժինները բաց է թողնվել (հատոր 1-ին, գ.թ.23)։
5. 22.11.2002 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ռիմա և Գևորգ Նախշքարյանները ճանաչվել են ժառանգ Գոհարիկ Թադևոսի Գևորգյանի ժառանգական գույքի` Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տան 3/4 բաժնի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ.19)։
6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 29.10.2008 թվականի թիվ 4880ա և 26.05.2009 թվականի թիվ Ել-2434ա գրությունների համաձայն` Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տան 3/4 բաժնի համասեփականատերեր են Ռիմա և Գևորգ Նախշքարյանները, իսկ 1/4 բաժնի սեփականատերն է Միսակ Գևորգի Նախշքարյանը, այդ բաժնով ժառանգության իրավունքը բացված չէ, իսկ 22.11.2002 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել (հատոր 1-ին, գ.թ.16, 27)։
7. 14.08.2008 թվականին Միսակ Գևորգի Նախշքարյանը դիմել է Կենտրոն նոտարական գրասենյակ` հոր` Գևորգ Միսակի Նախշքարյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար (հատոր 1-ին,գ.թ.61)։
8. Արաբկիր համայնքի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի 20.08.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Գևորգ Միսակի Նախշքարյանը Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում հաշվառվել է 1980 թվականից, սակայն բնակվել է 2005 թվականից մինչև մահը (հատոր 1-ին, գ.թ.68):
9. Երևանի Թավրիզյան փողոցի հասցեում բնակվող հարևանների հայտարարությունների համաձայն` Գևորգ Միսակի Նախշքարյանը Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում բնակվել է 2005 թվականից մինչև մահը` 05.03.2008 թվականը, իսկ Ռիմա Միսակի Նախշքարյանը 1979 թվականից տիրապետում և օգտագործում է Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տունը (հատոր 1-ին, գ.թ.97-100)։
10. Երևանի Արարատյան 1-ին զանգվածի 12 շենքի բնակիչների հայտարարությունների համաձայն` Գևորգ Միսակի Նախշքարյանը 1993 թվականից մինչև 2005 թվականը բնակվել է Երևանի Արարատյան 1-ին զանգվածի 12 շենքի թիվ 12 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ.101-104)։
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ 3-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար։
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տես` Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, Անահիտ, Մարգարիտ, Քնարիկ Հակոբյանների՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքն առանձնացնելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տես, օրինակ` Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի վկայականը համապատասխան բաժիններով տրամադրելու, Սերյոժա Բալասանյանի 01.02.1994 թվականի կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելու, Թամարա Բալասանյանի մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած միակ ժառանգ ճանաչելու և Այգեստան 10-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 58-րդ բնակարանի և ավտոտնակի նկատմամբ Կարինե Սերոպյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։ Ուստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու փաստը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով (տես` Գառնիկ Նազարյանն հայցի ընդդեմ Գագիկ Նազարյանի, Արտաշատի նոտարական տարածքի նոտարի՝ փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ճանաչելու և Գագիկ Նազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1125(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը, ինչպես նաև Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման՝ Վարդան Վարդանյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման եղանակով Միշա Վարդանյանին ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը)։
Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տես` Կիմա Սարգսյանի ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի՝ փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։
Դատարանը հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մասնակի բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ռիմա Նախշքարյանը շուրջ 50 տարի բնակվել է նշված բնակարանում, հոր մահից հետո կատարել է գույքի պահպանմանն ուղղված բոլոր գործողությունները և այդ ժամանակահատվածում որևէ մեկը չի վիճարկել գույքը դիմողի կողմից տիրապետելու փաստը: Դատարանը նաև նշել է, որ հակընդդեմ հայցվոր Միսակ Գևորգի Նախշքարյանի ներկայացուցչի պնդումը, որ Ռիմա Նախշքարյանը դեռևս 1979 թվականի օգոստոսի 3-ին հրաժարվել է հոր` իրեն հասանելիք ժառանգությունից, հօգուտ իր մոր, բաց մնացած ժառանգության 1/4 մասը տիրապետման փաստով ընդունել է վստահորդի հայրը` Գևորգ Միսակի Նախշքարյանը, որի առաջին հերթի ժառանգ է հակընդդեմ հայցվոր Միսակ Գևորգի Նախշքարյանը, անհիմն է և հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող: Ռիմա Նախշքարյանը վիճարկել է ոչ թե ժառանգությունն ընդունելու հարցը, այլ` հոր անվամբ որպես սեփականություն գրանցված Երևանի Թավրիզյան 31 հասցեի անշարժ գույքի 1/4 մասը ձեռքբերման վաղեմությամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու հարցը: Դատարանը նշել է, որ Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեի տան տնային գրքի հետազոտմամբ պարզվել է, որ Գևորգ Նախշքարյանը նշված հասցեի գրանցումից դուրս է գրվել դեռևս 1973 թվականի փետրվարի 3-ին, հայրը` Միսակ Նախշքարյանը մահացել է 31.01.1979 թվականին, իսկ Գևորգ Նախշքարյանը հոր ժառանգությունը բացվելու ժամանակ հաշվառված չի եղել և չի բնակվել հիշյալ հասցեում: Հետևաբար, լինելով չտիրապետող ժառանգ հոր 1/4 մասից իր բաժին ժառանգությունը չի ընդունել: Դատարանը նաև նշել է, որ հակընդդեմ հայցվորի պահանջը հիմնավոր է միայն Գոհար Գևորգյանի Երևանի Թավրիզյան 31 բնակելի տան 3/4 մասի վերաբերյալ, որի համար 22.11.2002 թվականին Գևորգ և Ռիմա Նախշքարյաններին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որտեղ Գևորգ Նախշքարյանի բաժինը կազմում է 3/4 մասի կեսը` 3/8 մասը: Գևորգ Նախշքարյանը մահացել է 05.03.2008 թվականին, որից հետո նրա որդին` Միսակ Գևորգի Նախշքարյանը 14.08.2008 թվականին դիմել է նոտարին` հոր մահից հետո մնացած ժառանգական գույքը ընդունելու համար: Հետևաբար համարվում է Գևորգ Նախշքարյանին պատկանող ժառանգական գույքն ընդունած ժառանգ:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս, գտել է, որ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերի և ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համադրմամբ անհրաժեշտ է պարզել Գևորգ Միսակի Նախշքարյանը հոր ժառանգական գույքի բաժինը չընդունելու պայմաններում արդյոք այդ բաժինն անցել է ըստ օրենքի մյուս ժառանգներին և այն արդյոք մայրը չի ընդունել, և ընդունելու դեպքում Գևորգ Միսակի Նախշքարյանի կողմից մոր ժառանգական գույքի զանգվածի մեջ արդյոք ներառվել է և Գևորգ Միսակի Նախշքարյանի մահից հետո դրա նկատմամբ տեղի չի ունեցել ժառանգական իրավահաջորդությամբ սեփականության իրավունքի փոխանցում նրա ժառանգներին:
Մինչդեռ հիմք ընդունելով սույն գործում առկա ապացույցները, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գևորգ Միսակի Նախշքարյանը Միսակ Գևորգի Նախշքարյանի մահից հետո փաստացի չի տիրապետել ու կառավարել ժառանգական գույքը, իսկ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված կարգով չի դիմել նոտարին:
Այսինքն` Գևորգ և Գրիշա Միսակի Նախշքարյանները ժառանգատու հոր` Միսակ Գևորգի Նախշքարյանի ժառանգական գույքի 1/8-ական բաժինների նկատմամբ ժառանգությունը չեն ընդունել, որի արդյունքում 1/4 բաժին ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել, և այն մնացել է գրանցված ժառանգատու Միսակ Գևորգի Նախշքարյանի անվամբ:
Ավելին, 22.11.2002 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրվել է Ռիմա և Գևորգ Նախշքարյաններին` ժառանգատու` Գոհարիկ Թադևոսի Գևորգյանի ունեցած ժառանգական գույքի` Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 հասցեում գտնվող տան 3/4 բաժնի նկատմամբ։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է :
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշության բացակայությունը :
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.01.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 12.09.2009 թվականի վճռին:
2. Միսակ Նախշքարյանից բռնագանձել ՀՀ պետական բյուջե 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Է. Հայրիյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ե. Խունդկարյան Տ. Պետրոսյան Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ