«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60210308
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 օգոստոսի 2010 թ. |
N 51-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
Հաստատել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը (կցվում է):
Նախագահ |
Գ. Ամալյան |
Հաստատված է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի թիվ 51-Ն որոշմամբ |
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորումը:
2. Լիցենզավորումը իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի համաձայն:
II. ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ
1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարություն ներկայացնում է դիմում (աշխատանքային օրերին, ժամը` 1000-ից մինչև 1700-ն), որում նշվում են`
1) դիմումատուի անվանումը և գտնվելու վայրը.
2) հեռուստառադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը.
3) սփռման տարածքը.
4) տեղեկություններ դիմումատուի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.
5) վերահեռարձակվող հեռուստառադիոծրագրերի թիվը (եթե դիմումատուն նախատեսում է իրականացնել վերահեռարձակում).
6) իր կողմից շահագործվող կաբելային (մալուխային) ցանցով այլ հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու մասին տեղեկություններ.
7) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
2. Դիմումին կից ներկայացվում են դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, տեղեկանք` դիմումում նշված սփռման տարածքում բնակարանների թվի մասին:
3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը դրանք ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմողին պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին` դրանց շտկման նպատակով: Դիմողն իրավունք ունի նշված ծանուցումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովին ներկայացնել փաստաթղթերը` առանց սույն մասում նշված թերությունների:
III. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը Հանձնաժողովի աշխատակազմում ուսումնասիրվում են դրանք մուտքագրելուց հետո` 45 օրվա ընթացքում:
Աշխատակազմը ուսումնասիրման արդյունքների մասին Հանձնաժողովին ներկայացնում է գրավոր առաջարկություն:
2. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:
3. Լիցենզիա տալու մասին որոշմամբ Հանձնաժողովը սահմանում է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված այն հեռուստաընկերությունների հեռուստառադիոծրագրերը (բացառությամբ վերահեռարձակող հեռուստաընկերությունների), որոնք ենթակա են պարտադիր հեռարձակման հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից (սույն կետը ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից):
4. Լիցենզիա չի տրվում, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են, կամ չեն համապատասխանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, և սույն կարգի 2-րդ գլխի 3-րդ մասին համապատասխան` դիմողը չի վերացրել Հանձնաժողովի նշած թերությունները.
2) դիմողը, օրենքի համաձայն, իրավունք չունի զբաղվելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակմամբ.
3) բացակայում են հեռուստառադիոծրագրերի հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:
5. Լիցենզիա տալը մերժելու հիմքերի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են որոշման ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Լիցենզավորման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով: