ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵՄԴ/0039/01/09 |
ԵՄԴ/0039/01/09
|
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան | |
Դատավորներ՝ Գ. Մելիք-Սարգսյան, Մ. Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Հ. Ղուկասյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2010 թվականի փետրվարի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանիի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ.Սոլթանիի և պաշտպան Գուրգեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Թիվ 58202909 քրեական գործը հարուցվել է 2009 թվականի մարտի 20-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2009 թվականի մարտի 30-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրոն իրեղեն ապացույց ճանաչելու մասին, միաժամանակ նշված գումարներն ի պահ են հանձնվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:
Նախաքննության մարմնի 2009 թվականի մարտի 31-ի որոշմամբ Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով:
2. 2009 թվականի մայիսի 8-ին Մ.Սոլթանիի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով Մ.Սոլթանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով` գույքի, այն է` մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ:
«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Մ.Սոլթանին ազատվել է նշանակված պատժի կրումից: Իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանն ի պահ հանձնված 58.300 (հիսունութ հազար երեք հարյուր) ԱՄՆ դոլարը և 9.000 (ինը հազար) եվրոն հանձնվել է պետական բյուջե:
3. Ամբաստանյալը և պաշտպան Գ.Գրիգորյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել վերը նշված դատավճռի դեմ` վիճարկելով Մ.Սոլթանիի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը և խնդրելով նրան արդարացնել:
Ամբաստանյալ Մ.Սոլթանիի և պաշտպան Գ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը` թողնվել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալը և պաշտպանը` պնդելով Մ.Սոլթանիի արարքում հանցակազմի բացակայության վերաբերյալ իրենց նախկին դիրքորոշումը և պահանջելով նրան արդարացնել:
2009 թվականի դեկտեմբերի 4-ին բողոքաբերները Վճռաբեկ դատարանին հասցեագրված դիմումով խնդրել են նշված բողոքը քննության չառնել, փոխարենը, բողոքարկման մեկամսյա ժամկետի պահպանմամբ, ներկայացրել են նոր վճռաբեկ բողոք: Ներկայացված բողոքում բողոքաբերները հայտնել են, որ այլևս չեն վիճարկում Մ.Սոլթանիի արարքի քրեաիրավական որակման հարցը, այն քննարկման առարկա չեն դարձնում և այդ մասով համաձայն են ստորադաս դատարանների դատական ակտերի հետ:
Նոր բողոքում բողոքաբերները խնդրել են ՀՀ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը` իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանն ի պահ հանձնված 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրոն պետական բյուջե հանձնելու մասով բեկանել և փոփոխել, կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 9-րդ կետը և Մ.Սոլթանիին ազատել լրացուցիչ պատժից` գույքի բռնագրավումից:
2009 թվականի դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները.
5. Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել այն արարքի համար, որ 2009 թվականի մայիսի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Թեհրան թիվ RV 7807 չվերթով մեկնելիս, տաբատի և պիջակի գրպաններում տեղադրելով, մաքսային հսկողությունից թաքցրել և մաքսային տարածքից դուրս է հանել 58.300 ԱՄՆ դոլար և 9.000 եվրո: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մ.Սոլթանին ենթարկվել է զննության, որի ժամանակ նրա մոտից հայտնաբերվել են 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրո:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակները, մեջբերելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 29-ի թիվ 386-Ն որոշմամբ հաստատված` «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգի» 2.1-րդ կետը, որի հիման վրա Մ.Սոլթանին արժույթն արտահանելիս հայտարարագրելու պարտականություն չուներ, նա իրավունք ուներ կանխիկ արտահանել 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
7. Բողոքի հեղինակները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, Մ.Սոլթանիին ազատել է հիմնական պատժի կրումից, սակայն չի կիրառել նույն որոշման 9-րդ կետը, որը պետք է կիրառեր և ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 12-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա Մ.Սոլթանիին ազատեր նաև լրացուցիչ պատժից` գույքի, այն է` մաքսանենգության առարկաների բռնագրավումից, առավել ևս, որ բռնագրավումն ի կատար չի ածվել համաներման որոշման հրապարակման պահին:
8. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոք բերած անձինք գտնում են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է` չի կիրառել ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 9-րդ կետի պահանջները և կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան` լրացուցիչ պատժի մասով, որը չպետք է կիրառեր:
Վերոգրյալից բացի, բողոքաբերները փաստարկել են, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը Մ.Սոլթանիի համար առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես` վերջինս զրկվել է օրենքով իրեն վերապահված իրավունքներից և իր սեփականությունը հանդիսացող գումարից:
9. Բողոքի հեղինակները խնդրել են Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը` իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանն ի պահ հանձնված 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրոն պետական բյուջե հանձնելու մասով բեկանել և փոփոխել, կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 9-րդ կետը և Մ.Սոլթանիին ազատել լրացուցիչ պատժից` գույքի բռնագրավումից, և նրան հանձնել իրեղեն ապացույց ճանաչված գումարները:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը ճի՞շտ են որոշել արդյոք մաքսանենգության առարկա հանդիսացած արժութային արժեքների չափը:
11. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները կարող են առանց որևէ սահմանափակումների և առանց հայտարարագրման ՀՀ տարածք փոխադրել, առաքել, արտահանել արժութային արժեքներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:
Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու, տնտեսական ռիսկերը կանխարգելելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ վիճակագրական նպատակներով նորմատիվ իրավական ակտով ՀՀ կառավարության լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է սահմանել արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգ և պայմաններ»:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2005 թվականի հուլիսի 29-ին ընդունվել է թիվ 386-Ն որոշումը` «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգը հաստատելու մասին»:
Արժութային արժեքների փոխադրումը, առաքումը, արտահանումը և ներմուծումը սահմանված է վերը նշված կարգի 2-րդ գլխի 2.1-րդ կետում, համաձայն որի` «Ֆիզիկական և իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների և ինկասացիոն կազմակերպությունների) իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթերի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ (…)` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր:
Սույն կետում նշված գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ»:
Վերը շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից կարող է արտահանվել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ կամ համարժեք կանխիկ արտարժույթ: Արժույթի և արտարժույթի նշված չափը հանդիսանում է կանխիկ արժութային արժեքի այն թույլատրելի չափը, որը կարող է արտահանվել Հայաստանի Հանրապետությունից` առանց հայտարարագրման:
12. Սույն գործի նյութերից երևում է, որ Մ.Սոլթանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 58.300 ԱՄՆ դոլար և 9.000 եվրո մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային տարածքից դուրս հանելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Մ.Սոլթանին իրավունք ուներ առանց հայտարարագրման Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ կամ դրան համարժեք կանխիկ արտարժույթ (տե´ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը):
13. Հիմք ընդունելով սույն որոշման 11-րդ կետում արտահայտված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները սխալ են որոշել մաքսանենգության առարկա հանդիսացած արժութային արժեքի չափը և այն ամբողջությամբ պետական բյուջե հանձնելով, թույլ են տվել նյութական իրավունքի խախտում:
Ուստի, ելնելով այն հանգամանքից, որ նշված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածների համաձայն հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու համար, բացի այդ, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխված մասով կայացնել նոր դատական ակտ և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրոն պետական բյուջե հանձնելու մասով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը պետք է բեկանել և փոփոխել, նշված գումարից 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը վերադարձնել ամբաստանյալ Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանիին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունից առանց հայտարարագրման արտահանվող` կանխիկ դրամի կամ համարժեք կանխիկ արտարժույթի թույլատրելի չափի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
14. Ինչ վերաբերում է արժութային արժեքը բյուջե հանձնելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, ապա սույն գործի նյութերից երևում է, որ վերոնշյալ արժութային արժեքները հանդիսացել են իրեղեն ապացույց և ի պահ հանձնված են եղել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը (տե՛ս սույն որոշման 1-ին կետը), ուստի Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումներով դրանք տնօրինվել են որպես իրեղեն ապացույցներ:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: 58.300 (հիսունութ հազար երեք հարյուր) ԱՄՆ դոլարը և 9.000 (ինը հազար) եվրոն պետական բյուջե հանձնելու մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանել և փոփոխել` նշված գումարից 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը վերադարձնել ամբաստանյալ Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանիին: Դատական ակտի մնացած մասը թողնել անփոփոխ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|