ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 |
ՀՅՔՐԴ2/0153/01/08
|
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան | |
Դատավորներ` Գ. Մելիք-Սարգսյան |
|
Ա. Դանիելյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի |
2010 թվականի մարտի 26-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Նորիկ Սեդրակի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ պաշտպան Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2008 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 55104908 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Ն.Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ Ն.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2008 թվականի նոյեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան:
2. 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով Ն.Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը 2009 թվականի փետրվարի 27-ին ըստ ընդդատության փոխանցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճռով Ն.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը Ն.Պողոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին: Ն.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ն.Պողոսյանի պաշտպան Կ.Թումանյանը:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի մարտի 4-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Ն.Պողոսյանը դատապարտվել է այն բանի համար, որ իր ծանոթ Արթուր Լալայանին 2008 թվականի օգոստոսի 17-ին հրավիրել է Լոռու մարզի Մեծավան գյուղ` իր հայրական տուն, որտեղ հացկերույթ է կազմակերպել և նրան հյուրասիրել: Ա.Լալայանը, Պողոսյանների տան բակում նկատելով կանեփի թփեր, խնդրել է Ն.Պողոսյանին, որպեսզի վերջինս թույլատրի իրեն քաղել կանեփի տերևներ` թմրամիջոց պատրաստելու համար: Ն.Պողոսյանը, գիտակցելով, որ այդ թփերը պարունակում են թմրամիջոց, և Ա.Լալայանը դրանք քաղում է թմրամիջոց պատրաստելու համար, տվյալ պահին իր տիրապետության տակ գտնվող, իր հայրական տան այգում ցանած և մշակած կանեփի թփերից թույլատրել է Ա.Լալայանին քաղել թմրամիջոց պարունակող տերևներ` այդ կերպ անհատույց իրացնելով թմրամիջոց:
6. Ա.Լալայանը սույն գործով քրեական վարույթն իրականացնող մարմնին 2008 թվականի օգոստոսի 23-ին տված լրացուցիչ բացատրության ժամանակ հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված թմրանյութն իրեն իրացրել է Ն.Պողոսյանը` վերջինիս հայրական տանը հյուրընկալվելու ժամանակ (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, 18-20 էջեր): Նույն օրը նշված բացատրության ճշմարտացիությունը ստուգելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ Ա.Լալայանը մատնացույց է արել Պողոսյանների տան բակում աճեցված կանեփի թփերը և հայտնել, որ իր մոտ հայտնաբերված թմրանյութը ձեռք է բերել այդտեղից` Ն.Պողոսյանի թույլտվությամբ (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, 21-27 էջեր):
7. Փաստաբան Ա.Թամազյանը սույն գործի վարույթին ներգրավվել է 2008 թվականի օգոստոսի 27-ից (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, 55-59 էջեր): Քրեական գործի նյութերում բացակայում է Ն.Պողոսյանի ստորագրությամբ վավերացված որևէ փաստաթղթային հաստատում, որով վերջինս լիազորում է փաստաբան Ա.Թամազյանին իրականացնել իր շահերի պաշտպանությունը, ինչպես նաև բացակայում է Ա.Թամազյանին պաշտպան նշանակելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի որոշումը:
8. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 2009 թվականի օգոստոսի 28-ի թիվ 19/2-Ա որոշմամբ փաստաբան Ա.Թամազյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության` սույն գործի նախաքննության ընթացքում Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտում թույլ տալու համար:
ՀՀ փաստաբանների պալատում հարուցված կարգապահական վարույթի ընթացքում փաստաբան Ա.Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ. «23.08.2009թ. իր գործերով գտնվել է Լոռու մարզի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Ս.Թանդիլյանի մոտ, և այդ ժամանակ վերջինիս մոտ են բերել Նորիկ Պողոսյանին: Տեսնելով, որ նա խուճապի մեջ է, իսկ հայրը վախեցած` ինքը տեղեկացրել է նրանց, որ փաստաբան է և առաջարկել է օգտվել իր ծառայություններից: Մեղադրյալը և նրա հայրը հայտնել են, որ գումար չունեն վճարելու ծառայությունների համար: Ինքը համաձայնվել է անվճար և մարդասիրական նկատառումներից ելնելով՝ ստանձնել Ն.Պողոսյանի պաշտպանությունն անվճար (…)» (տե´ս քրեական գործ, հատոր 3-րդ, 138-139 էջեր):
9. Ամբաստանյալ Ն.Պողոսյանն Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ոչ մի տեղ չի սովորել, գրել-կարդալ չգիտի: Նախաքննության ընթացքում քննիչը գրել է ցուցմունքներ, որը չի կարդացել: Ինքը պաշտպան չի ցանկացել, սակայն քննիչը ներկայացրել է մի կնոջ որպես իր պաշտպանի (տե´ս դատական նիստի արձանագրություն, քրեական գործ, հատոր 3-րդ, 104-106 էջեր):
10. Ամբաստանյալ Ն.Պողոսյանի և փաստաբան Ա.Թամազյանի մասնակցությամբ կատարվել են մի շարք քննչական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք են բերվել հետևյալ ապացույցները և դրվել ամբաստանյալ Ն.Պողոսյանի մեղքը հաստատող ապացույցների շարքում.
ա) վկա Ն.Պողոսյանի 2008 թվականի օգոստոսի 27-ի հարցաքննության արձանագրությունը (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, 56-59 էջեր),
բ) կասկածյալ Ա.Լալայանի և վկա Ն.Պողոսյանի 2008 թվականի օգոստոսի 28-ի առերես հարցաքննության արձանագրությունը (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, էջ 72),
գ) վկա Ն.Պողոսյանի 2008 թվականի սեպտեմբերի 27-ի լրացուցիչ հարցաքննության արձանագրությունը (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, 123-125 էջեր),
դ) մեղադրյալ Ն.Պողոսյանի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի հարցաքննության արձանագրությունը (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, 138-139 էջեր):
11. Քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստաթղթային հաստատում առ այն, որ Ն.Պողոսյանը կրթություն է ստացել: Ամբաստանյալի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում կազմված փաստաթղթերի տակ, այդ թվում` սույն որոշման 10-րդ կետում թվարկված հարցաքննությունների արձանագրություններում Ն.Պողոսյանը ստորագրության փոխարեն դրել է խաչանման նշաններ:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 21-րդ, 22-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 105-րդ, 106-րդ, 107-րդ, 125-րդ, 127-րդ, 358-րդ հոդվածների պահանջները:
13. Առաջին հերթին բողոքաբերը, շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, փաստարկել է, որ ամբաստանյալ Ն.Պողոսյանի գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:
14. Այնուհետև բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ն.Պողոսյանին մեղավոր են ճանաչել` հիմնվելով մի շարք անթույլատրելի, ՀՀ Սահմանադրության և քրեադատավարական օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված ապացույցների վրա:
Մասնավորապես, սույն գործի նախաքննության ընթացքում խախտվել է ամբաստանյալ Ն.Պողոսյանի պաշտպանության իրավունքը, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ հրավիրել է փաստաբան Ա.Թամազյանին և ներգրավել գործի քննությանը` որպես Ն.Պողոսյանի շահերի պաշտպան:
Հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի վրա՝ բողոք բերած անձը եզրակացություն է արել այն մասին, որ քրեական գործի քննությանը մասնակցություն է ունեցել դրա իրավունքը չունեցող անձ` փաստաբան Ա.Թամազյանը, ում անմիջական մասնակցությամբ քրեական վարույթն իրականացող մարմնի կողմից ձեռք են բերվել նշված անթույլատրելի ապացույցներն ու դրվել ամբաստանյալ Ն.Պողոսյանի մեղքը հիմնավորող ապացույցների շարքում: Վերոշարադրյալից բացի, բողոքաբերը կասկածի տակ է դնում Ա.Թամազյանի մասնակցությամբ կատարված հարցաքննությունների արձանագրություններում առկա փաստական տվյալների ճշմարտացիությունը՝ նկատի ունենալով, որ Ն.Պողոսյանը երբևէ դպրոց չի հաճախել, կրթություն չի ստացել և որևէ լեզվով գրել-կարդալ չգիտի:
15. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը և Ն.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքում ճանաչել և հռչակել անմեղ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
16. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Այսպես, բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցը վերաբերում է ամբաստանյալ Ն.Պողոսյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությանը (տե´ս սույն որոշման 13-րդ կետը), այսինքն` այս մասով բողոքը վերաբերում է նյութական իրավունքի ենթադրյալ խախտմանը: Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ հարցը վերաբերում է նրան, թե արդյո՞ք սույն որոշման 10-րդ կետում թվարկված ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ և ստորադաս դատարաններն իրավասու՞ էին արդյոք դրանք դնել Ն.Պողոսյանի մեղքը հաստատող ապացույցների շարքում, թե պետք է դրանք ճանաչեին որպես անթույլատրելի ապացույցներ (տե´ս սույն որոշման 14-րդ կետը), այսինքն` փաստարկվում է դատավարական իրավունքի խախտման առկայությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի վկայակոչած նյութական իրավունքի ենթադրյալ խախտումներն ածանցված են դատավարական իրավունքի ենթադրյալ խախտումներով, հետևաբար առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել ստորադաս դատարանների կողմից սույն գործի քննության ժամանակ թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտումների հարցը:
I. Բողոքաբերի կողմից վկայակոչված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման և Ն.Պողոսյանի դատավարական կարգավիճակի միջև առկա կապը
17. Բողոքաբերի կողմից բարձրացված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցի պարզաբանման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել այն մասին, թե նախաքննության ընթացքում ապացույցների ձեռքբերման ժամանակ Ն.Պողոսյանն ունեցե՞լ է արդյոք կասկածյալի դատավարական կարգավիճակ:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալ է այն անձը՝
1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով,
2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը` օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար»:
19. Շարադրված հոդվածների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելը կապում է օրենքով նախատեսված գործողությունների կատարման կամ որոշման կայացման պահի հետ: Մասնավորապես, ձերբակալվածի, հետևաբար նաև կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելու համար անձը պետք է (1) փաստացի զրկվի ազատությունից, (2) բերվի իրավասու մարմնի մոտ, (3) պետք է կազմվի ձերբակալման արձանագրություն և (4) այդ մասին պետք է նրան հայտարարվի: Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անձը կարող է ձերբակալվածի, հետևաբար նաև կասկածյալի կարգավիճակ ստանալ վերջին` չորրորդ գործողությունը կատարելու պահից, այսինքն` քրեական հետապնդման մարմնում ձերբակալման արձանագրության մասին անձին հայտարարելու պահից: Կամ կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելու համար անձի նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացվի:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անձը կասկածյալի կարգավիճակ է ձեռք բերում ձևական (փաստաթղթային) ընթացակարգի ավարտման պահից, այսինքն՝ կասկածյալի կարգավիճակի ձեռքբերումը կապվում է ձևական առումով «քրեական մեղադրանքի» առկայության հետ:
20. Քննարկվող հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով որոշմամբ. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgiսm) գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետ 44): Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Šubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62, Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98)» (տե´ս Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 21-րդ կետը):
21. Սույն գործի նյութերից երևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, տեղեկություններ ունենալով, որ Ա.Լալայանին ապօրինի թմրամիջոց է իրացրել Ն.Պողոսյանը (տե´ս սույն որոշման 6-րդ կետը), վերջինիս քրեական գործի վարույթին ներգրավել և հարցաքննել է որպես վկա, նախազգուշացրել ակնհայտ սուտ ցուցմունք տալու և ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և հարցաքննության ընթացքում առաջադրել է հանցագործության կատարման մեջ Ն.Պողոսյանին մերկացնող հարցեր (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):
22. Ուստի, հիմք ընդունելով սույն որոշման 20-րդ կետում և համապատասխանաբար նաև Գ.Միքայելյանի վերաբերյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության ընթացքում ապացույցների ձեռքբերման ժամանակ Ն.Պողոսյանը փաստացի եղել է կասկածյալ և պետք է օգտվեր այդ կարգավիճակից բխող իրավունքներից:
II. Ն.Պողոսյանի պաշտպանության իրավունքի խախտումները
23. Վճռաբեկ դատարանի առջև բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը հետևյալն է. նախաքննության ընթացքում խախտվե՞լ է արդյոք Ն.Պողոսյանի պաշտպանության իրավունքը:
24. ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք»: Այսպիսով, քրեական դատավարությունում մեղադրվող անձի համար հայեցողական ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքը ստացել է սահմանադրական կարգավորում:
Սահմանադրական հիշյալ կարգավորումը համահունչ է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի պահանջներին, համաձայն որի` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք: (…)»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: (…)»:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կասկածյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, (…)»:
25. Շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված իրավունքների համակցություն, կասկածյալին հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:
Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝
«1. Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են`
1) կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով.
2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա:
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որևէ մեկին երաշխավորել հրավիրելու որևէ պաշտպանի:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է փաստաբանին նշանակել պաշտպան`
1) կասկածյալի կամ մեղադրյալի միջնորդությամբ.
2) այն դեպքում, երբ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, իսկ կասկածյալը կամ մեղադրյալը պաշտպան չունի:(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` «Իր իրավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու` կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը»:
27. Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ի թիվս պաշտպանի պարտադիր մասնակցության այլ դեպքերի, սահմանում է, որ վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին: Օրենսգիրքը հստակ սահմանում է նաև այդ դեպքում պաշտպանի հրավիրման ընթացակարգը, այն է՝ վարույթն իրականացնող մարմինը կասկածյալի ընտրած փաստաբանին ներգրավում է որպես պաշտպան: Այս դեպքում պաշտպանին վարույթ ներգրավելու հիմքը կասկածյալի ստորագրութամբ վավերացված փաստաթղթային հաստատումն է: Եթե կասկածյալը չունի պաշտպան և վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացնում որևէ փաստաբանի, ապա այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատից պահանջում է որևէ փաստաբանի նշանակել պաշտպան. պաշտպանի ընտրության և նշանակման իրավասություն քննիչը չունի: ՀՀ փաստաբանների պալատի նշանակումից հետո պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է պաշտպան նշանակելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի որոշումը:
ՀՀ քրեադատավարական օրենքում նման պահանջի և ընթացակարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել կասկածյալի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ դրանով իսկ նպաստելով քրեական գործի արդարացի քննությանն ու լուծմանը, ինչպես նաև բացառել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր նախաձեռնությամբ որևէ մեկին որպես պաշտպան երաշխավորելը:
28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննությունն իրականացնող մարմինը, ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով Ն.Պողոսյանին չտալով կասկածյալի կարգավիճակ, նրան մի քանի անգամ հարցաքննել է որպես վկա, կատարել առերեսում կասկածյալ Ա.Լալայանի հետ (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ ամբաստանյալ Ն.Պողոսյանը գրել-կարդալ չգիտի, այսինքն` ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին (տե´ս սույն որոշման 9-րդ և 11-րդ կետերը), իսկ քրեական գործի նյութերում բացակայում է Ն.Պողոսյանի ստորագրությամբ վավերացված որևէ փաստաթղթային հաստատում, որով վերջինս լիազորում է փաստաբան Ա.Թամազյանին իրականացնել իր շահերի պաշտպանությունը, ինչպես նաև բացակայում է Ա.Թամազյանին պաշտպան նշանակելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի որոշումը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, սույն գործով փաստաբան Ա.Թամազյանի մասնակցությունը կրել է անօրինական բնույթ, քանի որ վերջինս վարույթին ներգրավվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի խախտմամբ:
29. Հիմք ընդունելով սույն որոշման 24-28-րդ կետերում արված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախաքննության ընթացքում խախտվել է Ն.Պողոսյանի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս, փաստացի լինելով կասկածյալ, հարցաքննվել է որպես վկա: Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նա չի ապահովվել պաշտպանով այն դեպքում, երբ առկա էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ պաշտպանի պարտադիր մասնակցության դեպք: Սույն գործով մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, զրկելով Ն.Պողոսյանին առաջին իսկ հարցաքննության պահից պաշտպան ունենալու և օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից պաշտպանվելու փաստացի հնարավորությունից, ինչպես նաև պաշտպանի պարտադիր մասնակցության պայմաններում օրենքով սահմանված կարգով Ն.Պողոսյանին չապահովելով պաշտպանով՝ թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 70-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի և 71-րդ հոդվածի պահանջների խախտումներ:
30. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում չպարզաբանված է մնում այն հարցը, թե փաստաբան Ա.Թամազյանն ի վերջո ինչպես է ներգրավվել սույն գործի վարույթին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գնահատման ենթարկելով սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերում արտացոլված փաստական հանգամանքները, ինչպես նաև սույն որոշման մեջ արձանագրված Ն.Պողոսյանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը, ստորադաս դատարանը պետք է քննության առնի նաև այն հարցը, թե սույն գործով փաստաբան Ա.Թամազյանի մասնակցության առումով արդյո՞ք առկա է եղել քննիչի երաշխավորությունը:
III. Սույն գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների անթույլատրելիությունը
31. Բողոքաբերի կողմից փաստարկված դատավարական իրավունքի խախտման հետ կապված հաջորդ հարցը, որը բարձրացվել է Վճռաբեկ դատարանի առաջ, վերաբերում է նրան, թե ստորադաս դատարաններն իրավասու՞ էին արդյոք սույն որոշման 10-րդ կետում թվարկված ապացույցները դնել Ն.Պողոսյանի մեղքը հաստատող ապացույցների շարքում:
32. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` (…)
2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ. (…)
2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա (…)»:
33. Ապացույցների անթույլատրելիության հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Արմեն Սարգսյանի վերաբերյալ գործով որոշմամբ. «(…) որպես քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով: Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:
Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում» (տե´ս Արմեն Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշման 15-րդ կետը):
34. Հիմք ընդունելով սույն որոշման 33-րդ կետում և համապատասխանաբար նաև Ա.Սարգսյանի վերաբերյալ որոշման մեջ առկա իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հիմնվելով սույն որոշման 24-29-րդ կետերում առկա իրավական վերլուծության վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ն.Պողոսյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված, սույն որոշման 10-րդ կետում թվարկված ապացույցները ստացվել են վերջինիս պաշտպանության իրավունքի խախտման պայմաններում:
35. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
36. Սույն որոշման 34-րդ կետում նշված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է, ուստի հիմք է սույն գործով Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Առաջին ատյանի դատարան, որը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ և 106-րդ հոդվածներով, պետք է քննարկման առարկա դարձնի վիճարկվող ապացույցների թույլատրելիության հարցը՝ սույն որոշման մեջ արձանագրված պաշտպանության իրավունքի խախտման լույսի ներքո:
37. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները. դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:
38. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության ընթացքում հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի պաշտպանության իրավունքի ապահովման` քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականության իրավական հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Նորիկ Սեդրակի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
|
Ե. Դանիելյան | |
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |