Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխադարձ աջակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ելնելով երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից,
ձգտելով երկու երկրների միջև բեռնաշրջանառության իրականացմամբ կայուն համագործակցություն և փոխադարձ աջակցություն հաստատել մաքսային հսկողության և մաքսային խախտումների դեմ պայքարի ոլորտում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի կիրառման համար օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
- «Մաքսային օրենսդրություն» - Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից կիրառվող օրենսդրական և կարգավորող դրույթներ, որոնք կարգավորում են ապրանքների արտահանումը, ներմուծումը և տարանցումը, ինչպես նաև դրանց տեղափոխումը ցանկացած մաքսային ընթացակարգով. ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցները,
- «Մաքսային ծառայություն» - Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Եգիպտոսի մաքսային ծառայություն,
- «Մաքսային իրավախախտումներ» - մաքսային օրենսդրության խախտումներ կամ խախտում կատարելու որևէ փորձ,
- «Անձ» - յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ,
- «Թմրանյութեր» - ՄԱԿ-ի 1961թ. «Թմրանյութերի միասնական կոնվենցիայի» և դրա հետագա լրացումների անվանացանկում ընդգրկված նյութեր,
- «Հոգեներգործուն նյութեր» - ՄԱԿ-ի 1971թ. «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիայի և դրա հետագա լրացումների անվանացանկում ընդգրկված նյութեր,
- «Մաքսային տուրքեր և հարկեր» - մաքսատուրքերը և բոլոր այլ տուրքերը, հարկերը, վճարները կամ մուծումները, որոնք գանձվում են ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ կամ այդ կապակցությամբ` բացառությամբ այն վճարների և մուծումների, որոնք սահմանափակվում են տրամադրված ծառայությունների դիմաց գանձվող մոտավոր արժեքով,
- «Վերահսկելի մատակարարում» - Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքներում կիրառվող ընթացակարգ, որն իրականացվում է դրանց իրավասու մարմինների հսկողության ներքո` ապօրինի բեռների կամ այն բեռների ներմուծման և արտահանման ժամանակ, որոնց նկատմամբ կա կասկած, որ պարունակում են թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ դրանց փոխարինող նյութեր, ինչպես նաև ապրանքների ցանկացած այլ ապօրինի փոխադրումների դեպքում` այդպիսի իրավախախտումների կատարման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով,
- «Տարանցում» - Պայմանավորվող կողմերից մեկի կողմից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքով ապրանքների տեղափոխում դեպի երրորդ երկիր:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների, ուղևորների փոխադրումների և փոստային առաքումների մաքսային հսկողության պարզեցման, այդ հսկողության մեթոդների կատարելագործման, ինչպես նաև բեռների և տրանսպորտային միջոցների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման, ուղևորների, փոստային առաքումների, արժութային արժեքների ապօրինի տեղափոխման կանխարգելման ուղղությամբ, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության տնտեսական և այլ շահերին, երկու երկրների ազգային օրենսդրությունների դրույթներին համապատասխան` չխախտելով Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային համաձայնագրերի շրջանակներում, որոնց նրանք անդամակցում են, ստանձնած պարտավորությունները:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքներով փոխադրվող տարանցիկ բեռների տեղափոխումն իրականացվում է համապատասխան երկրների օրենսդրությունների համաձայն` չխախտելով երկու երկրներում կիրառվող օրենսդրությունը:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները փոխադարձաբար ճանաչում են միմյանց մաքսային փաստաթղթերը, նույնականացման միջոցները (կապարակնիքներ, կնիքներ) և փոստային առաքումների, բեռների և տրանսպորտային միջոցների վրա դրված պաշտոնական այլ նշանները:
Պայմանավորվող կողմերը փոխանակում են սույն հոդվածում նշված մաքսային փաստաթղթերի և միջոցների նմուշներ:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային մարմնի խնդրանքով Պայմանավորվող կողմերից մեկի տարածք ներմուծված և Պայմանավորվող կողմի հսկողություն իրականացնող մարմիններից մեկի կողմից մերժված ապրանքները, տրանսպորտային միջոցները, արժութային արժեքները և այլ առարկաները կվերաարտահանվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածք` համապատասխան փաստաթղթերում նշելով մերժման պատճառների մասին:
Հոդված 6
Մի Պայմանավորվող կողմի պետության տարածքից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ապօրինի ներմուծված բոլոր ապրանքների նկատմամբ կկիրառվեն այն պետության ազգային մաքսային օրենսդրության նորմերը, որի տարածքում այդ ապրանքները գտնվում են:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը իրենց օրենսդրությունների և փոխադրման միջազգային կանոնների շրջանակներում ապահովում են տարանցիկ փոխադրումների անվտանգությունը իրենց տարածքներում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանում: Փոխադրողը պատասխանատվություն է կրում տեղափոխման ընթացքում տարանցիկ բեռների պակասելու, դրանց հասցված վնասների և ցանկացած այլ խախտման համար:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերը, իրենց երկրներում գործող օրենսդրության համապատասխան, սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցում են մաքսանենգության և մաքսային իրավախախտումների, ինչպես նաև թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու և հետաքննելու ուղղությամբ:
Այս համագործակցության շրջանակներում ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տեղեկատվությունը համարվում է գաղտնի:
Հոդված 9
Ա. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը կարող են օգտագործվել ստացող Պայմանավորվող կողմի կողմից` բացառապես սույն Համաձայնագրում նշված նպատակների համար, և միայն իրավասու մարմինների կողմից. ներառյալ դրանց օգտագործումը դատական և վարչական գործընթացներում: Այդ փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող կողմի կողմից կարող են օգտագործվել այլ նպատակներով միմիայն դրանք տրամադրող Պայմանավորվող կողմի համաձայնությամբ:
Բ. Տրամադրող Պայմանավորվող կողմի խնդրանքով սույն Համաձայնագրի շրջանակներում մյուս Պայմանավորվող կողմին տրամադրված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող կողմի կողմից կհամարվեն գաղտնի:
Գ. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված փաստաթղթերին կամ այլ տեղեկատվությանը կտրվի գաղտնիության այն աստիճանը, որը կիրառվում է այդ երկրում:
Դ. Սույն Համաձայնագրի շրջանակներում անձնական տվյալների փոխանակման դեպքում Պայմանավորվող կողմերը կապահովեն պաշտպանվածության այն մակարդակը, որը կիրառվում է դրանք տրամադրող Պայմանավորվող կողմի տարածքում` նրա պետության տարածքում գործող ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 10
Ա. Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային մարմինը կարող է, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնի խնդրանքով, լիազորել իր պաշտոնատար անձանց, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում հանդես գալու որպես փորձագետներ կամ վկաներ դատական կամ վարչական վարույթներում սույն Համաձայնագրի շրջանակներին առնչվող հարցերով, ներկայացնելու փաստեր, փաստաթղթեր կամ դրանց վավերացված օրինակներ, որոնք կարող են պահանջվել այդ վարույթների ընթացքում:
Ներկայանալու մասին հայցում պետք է հստակ նշվի, թե որ դատական կամ վարչական մարմիններում պաշտոնատար անձը պետք է ներկայանա, ինչ գործով և որպես ինչ պաշտոնյա կամ որակավորում ունեցող պետք է հարցաքննվի:
Բ. Հայցող մարմինը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում պաշտոնատար անձանց անվտանգության ամբողջական ապահովման և սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն ներկայացված ցուցմունքների գաղտնիության պահպանման ուղղությամբ: Այդ պաշտոնատար անձանց տրանսպորտային ծախսերը, օթևանի վարձը և օրապահիկը կհատուցվեն հայցող մարմնի կողմից:
Գ. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց որպես փորձագետներ կամ վկաներ ներկայանալու մասին հայցը պետք է ներկայացվի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությունների համաձայն:
Հոդված 11
Պայմանավորվող կողմերը, իրենց նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, միմյանց ներկայացնում են հետևյալ տեղեկատվությունը.
ա) թմրանյութերի մաքսանենգությամբ կամ ապօրինի շրջանառությամբ զբաղվող` հայտնի կամ կասկածվող անձանց մասին,
բ) մաքսանենգ ճանապարհով ապրանքների շրջանառության համար օգտագործվող տրանսպորտային միջոցների, բեռների և փոստային առաքումների մասին,
գ) Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով մյուսի տարածք թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության հայտնաբերման փաստերի մասին,
դ) մաքսանենգության մեթոդների և դրանց հայտնաբերման ուղիների մասին:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի համաձայն` աջակցության մասին հարցումները ներկայացվում են գրավոր, հարցմանը պետք է կցվեն դրա իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Աջակցության մասին հարցումը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.
- հարցում ներկայացնող մաքսային ծառայության անվանումը,
- հարցման նպատակն ու պատճառը,
- այն անձանց անուններն ու հասցեները, եթե հայտնի են, որոնք հետաքննության օբյեկտ են հանդիսանում,
- դեպքի համառոտ նկարագրությունն ու առնչվող համապատասխան իրավական տարրերը:
Սույն Համաձայնագրի համաձայն` տեղեկատվության փոխանակումը պետք է իրականացվի Պայմանավորվող կողմերի պաշտոնական լեզուներով` կցելով անգլերեն թարգմանությունը:
Հոդված 13
Պայմանավորվող կողմերը, իրենց օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ պայքարի նպատակով կիրառում են թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի «Վերահսկելի մատակարարում» մեթոդը:
Հոդված 14
Պայմանավորվող կողմերը, իրենց օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան, համագործակցում են մշակութային արժեքների ապօրինի ներմուծման/արտահանման դեմ պայքարի ոլորտում: Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները միմյանց վերադարձնում են հնաոճ և արվեստի առարկաները, ինչպես նաև այլ մշակութային արժեքները, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքից մյուսի տարածք տեղափոխվել են ապօրինի կերպով:
Հոդված 15
Ա. Այն դեպքերում, երբ հայցվող Պայմանավորվող կողմը գտնում է, որ հարցման պատասխանը կարող է վտանգել իր ինքնիշխանությունը, անվտանգությունը, պետական կարգը կամ ազգային շահերի այլ կարևոր ոլորտները, նա կարող է մերժել աջակցության տրամադրումը կամ տրամադրել այն որոշակի պայմաններով:
Բ. Աջակցության մերժման դեպքում մերժման պատճառը պետք է անհապաղ գրավոր տրամադրվի հայցող մարմնին:
Հոդված 16
Պայմանավորվող կողմերը չեն պահանջի սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացած ծախսերի հատուցում: Պետական պաշտոնյաներ չհանդիսացող փորձագետների, վկաների և թարգմանիչների ծախսերը և վճարները կհոգա հայցող Պայմանավորվող կողմը:
Հոդված 17
Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված վիճելի հարցերը կլուծվեն Պայմանավորվող Կողմերի մաքսային ծառայությունների միջև` բանակցությունների միջոցով:
Սույն Համաձայնագիրը կարող է լրացվել և փոփոխվել Պայմանավորվող Կողմերի փոխադարձ համաձայնությամբ. այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերով:
Հոդված 18
Կողմերը միմյանց տրամադրում են տեղեկատվություն մաքսային հարցերին առնչվող` իրենց երկրներում գործող համապատասխան օրենսդրությունների վերաբերյալ:
Հոդված 19
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու երկրներում գործող ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցման օրվանից:
Սույն Համաձայնագիրը կգործի անորոշ ժամանակով, մինչև Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին` դադարեցման ամսաթվից վեց ամիս առաջ:
Կատարված է Կահիրե քաղաքում, 2007 թվականի ապրիլի 15-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 01.04.2008թ.:
