ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0287/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0287/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան |
|
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Աղաբաբյանի, Սեյրան Խաչատրյանի և Կառլեն Նիգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սիրանուշ Առուստամյանի ընդդեմ Սեյրան Խաչատրյանի, Վարդան Աղաբաբյանի և Կառլեն Նիգարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 20.11.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 15-02-309 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սիրանուշ Առուստամյանը պահանջել է Սեյրան Խաչատրյանից, Վարդան Աղաբաբյանից և Կառլեն Նիգարյանից բռնագանձել 1.820 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Դիմելով դատարան՝ Վարդան Աղաբաբյանը, Սեյրան Խաչատրյանը և Կառլեն Նիգարյանը պահանջել են նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Դատարանի 20.11.2007 թվականի վճիռը: Դատարանի 12.01.2009 թվականի որոշմամբ 20.11.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին Սեյրան Խաչատրյանի, Վարդան Աղաբաբյանի և Կառլեն Նիգարյանի դիմումի հիման վրա հարուցված վարույթը հանձնվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի քննությանը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 20.11.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդան Աղաբաբյանը, Սեյրան Խաչատրյանը և Կառլեն Նիգարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի 20.11.2007 թվականի վճռի մասին Վարդան Աղաբաբյանը, Սեյրան Խաչատրյանը և Կառլեն Նիգարյանը տեղեկացել են այն ժամանակ, երբ 15.05.2008 և 31.05.2008 թվականներին ստացել են կատարողական վարույթ հարուցելու, գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումները:
Այսինքն՝ այդ պահին է պարզ դարձել, որ 20.11.2007 թվականին Դատարանի կողմից ոչ պատշաճ կերպով ծանուցվելու և բացակայության պայմաններում կայացվել է վճիռ: Դատարանի կողմից պատշաճ կարգով ծանուցված չլինելով դատական նիստի ժամանակի և վայրի մասին՝ Վարդան Աղաբաբյանը, Սեյրան Խաչատրյանը և Կառլեն Նիգարյանը զրկված են եղել Սիրանուշ Առուստամյանի և Կառլեն Նիգարյանի միջև կնքված պայմանագիրը և Սիրանուշ Առուստամյանի կողմից տրված թվով 2 ստացականները Դատարան ներկայացնելու հնարավորությունից, իսկ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Դատարանի 20.11.2007 թվականի ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի մասին Վարդան Աղաբաբյանը, Սեյրան Խաչատրյանը և Կառլեն Նիգարյանը պատշաճ չեն տեղեկացվել, այն է` ծանուցագրերը ստացել են նույն օրը՝ 20.11.2007 թվականին և գործի քննությանը չեն մասնակցել (գ.թ. 18, 21, 24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես` Մելանիա Ղազարյան-Հարթոնյանի հայցն ընդդեմ Դոնարա, Սարգիս, Լիաննա Մկրտչյանների և Էմմա Թադևոսյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և պատասխանողներին վտարելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/2190/02/08) որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 20.11.2007 թվականի ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի մասին Վարդան Աղաբաբյանը, Սեյրան Խաչատրյանը և Կառլեն Նիգարյանը պատշաճ չեն տեղեկացվել, այն է` ծանուցագրերը ստացել են նույն օրը՝ 20.11.2007 թվականին և գործի քննությանը չեն մասնակցել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Աղաբաբյանը, Սեյրան Խաչատրյանը և Կառլեն Նիգարյանը Դատարանի 20.11.2007 թվականի ժամը 15:00-ի դատական նիստի մասին պատշաճ չեն տեղեկացվել, գործի քննությանը չեն մասնակցել, և վճիռը կայացվել է նրանց բացակայությամբ, որը դատավարական իրավունքի նորմի կոպիտ խախտում է:
Ինչ վերաբերում է Սիրանուշ Առուստամյանի և Կառլեն Նիգարյանի միջև կնքված պայմանագիրը և Սիրանուշ Առուստամյանի կողմից տրված թվով 2 ստացականները դատարան չներկայացնելու բողոք բերած անձանց փաստարկին, ապա կողմի դատավարական նորմի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր դիտելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|