Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները,
ղեկավարվելով 1991 թվականի դեկտեմբերի 8-ի` Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին Համաձայնագրի և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Համաձայնագրին կից Արձանագրության նպատակներով և սկզբունքներով,
ուշադրության առնելով Համագործակցության պետությունների ցանկությունը` Համագործակցության համակարգող ընդհանուր ինստիտուտների միջոցով իրականացնելու համատեղ գործունեություն,
անհրաժեշտ համարելով հիմնել հիշատակված Համաձայնագրի դրույթները հետևողականորեն կյանքի կոչելու համար համապատասխան միջպետական և միջկառավարական ինստիտուտներ՝ ընդունակ ապահովելու համագործակցության արդյունավետ համակարգումը և աջակցելու փոխշահավետ և իրավահավասար զարգացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Պետությունների ղեկավարների խորհուրդը հանդիսանում է բարձրագույն մարմին, որում պետությունների ղեկավարների մակարդակով ներկայացված են Համագործակցության բոլոր մասնակից պետությունները` նրանց ընդհանուր շահերի ոլորտում Համագործակցության պետությունների գործունեության համակարգման հետ կապված սկզբունքային հարցերը քննարկելու համար:
Խորհուրդը լիազորված է քննարկել Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրով և, ի զարգացումն նշված Համաձայնագրի, այլ փաստաթղթերով նախատեսված հարցեր` ներառյալ ԽՍՀ Միության գոյության դադարեցման և միութենական կառույցների լուծարման կապակցությամբ ծագած իրավահաջորդության հիմնախնդիրները:
Պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի գործունեությունն իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետությունների պետական ինքնիշխանության և ինքնիշխան հավասարության, ինքնորոշման անքակտելի իրավունքի, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների փոխադարձաբար ճանաչման և հարգման, ուժ գործադրելուց և ուժով սպառնալուց հրաժարվելու, տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, պարտավորությունների և միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ նորմերի և սկզբունքների բարեխիղճ կատարման հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 2
Պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի գործունեությունը կարգավորվում է Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին Համաձայնագրով, սույն Համաձայնագրով և ի զարգացումն դրանց ընդունված համաձայնագրերով, ինչպես նաև այդ ինստիտուների ընթացակարգի կանոններով:
Յուրաքանչյուր պետություն խորհրդում ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ փոխզիջմամբ:
Խորհուրդների պաշտոնական լեզուներն են Համագործակցության պետությունների պետական լեզուները:
Աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Հ ո դ վ ա ծ 3
Պետությունների ղեկավարների խորհուրը և Կառավարությունների ղեկավարների խորհուրդը քննարկում և, անհրաժեշտության դեպքում, ընդունում են ներքին և արտաքին առավել կարևոր հարցերով որոշումներ:
Ցանկացած պետություն կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր շահագրգիռ չլինելու մասին:
Հ ո դ վ ա ծ 4
Համագործակցության պետությունների ղեկավարների խորհուրդը նիստերի է հավաքվում ոչ պակաս, քան տարին երկու անգամ: Յուրաքանչյուր հաջորդ նիստի անցկացման ժամկետների և նախնական օրակարգի որոշումն ընդունվում է Խորհրդի հերթական նիստում, եթե Խորհրդում չեն պայմանավորվում այդ մասին: Պետությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Համագործակցության պետությունների ղեկավարների մեծամասնության նախաձեռնությամբ:
Պետության ղեկավարները խորհրդի նիստում նախագահում են Համագործակցության պետությունների անվանումների՝ ըստ ռուսերենի այբբենական կարգի:
Պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Մինսկում: Խորհրդի նիստը կարող է անցկացվել Համագործակցության պետություններից որևէ մեկում՝ մասնակիցների համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 5
Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհուրդը նիստերի է հավաքվում ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Յուրաքանչյուր հաջորդ նիստի անցկացման ժամկետների և նախնական օրակարգի որոշումն ընդունվում է Խորհրդի հերթական նիստում, եթե Խորհուրդը այլ բանի մասին չի պայմանավորվում:
Կառավարությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների մեծամասնության նախաձեռնությամբ:
Կառավարության ղեկավարները խորհրդի նիստերում նախագահում են Համագործակցության պետությունների անվանումների` ըստ ռուսերենի այբբենական կարգի:
Կառավարության ղեկավարների խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Մինսկում:
Խորհրդի նիստը, Կառավարությունների ղեկավարների համաձայնությամբ, կարող է անցկացվել Համագործակցության պետություններից որևէ մեկում:
Հ ո դ վ ա ծ 6
Պետությունների ղեկավարների խորհուրդը և Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհուրդը կարող են անցկացնել համատեղ նիստեր:
Հ ո դ վ ա ծ 7
Պետությունների ղեկավարների խորհրդի և Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել աշխատանքային և օժանդակ մարմիններ ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հիմքով:
Նրանք ձևավորվում են մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից: Նրանց նիստերին մասնակցելու համար կարող են ներգրավվել փորձագետներ և խորհրդատուներ:
Կատարված է Մինսկ քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 30-ին, մեկ օրինակով, ադրբեջաներեն, հայերեն, բելառուսերեն, ղազախերեն, ղրղզերեն, մոլդովերեն, ռուսերեն, տաջիկերեն, թուրքմեներեն, ուզբեկերեն և ուկրաիներեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հավաստված պատճենները կուղարկի սույն Համաձայնագրի մասնակից պետություններին:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 30-ից:
