ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2010 թվականի N 322-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող կաթսայատան` 8210.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 100 քառ. մետր մակերեսով աջակողմյան հատվածը, ինչպես նաև 105.0 քառ. մետր մակերեսով` պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորակառույց մասնաշենքի էլեկտրական սնուցման նպատակով բաշխիչ կետ կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու աշխատանքների կատարումը.
2) բաշխիչ կետի շինմոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո` սահմանված կարգով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ ապահովել անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 7 Երևան |
|