ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2010 թվականի N 632-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագրի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 632-Ն որոշման |
2 0 1 0 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի ընդհանուր նկարագիրը
Սույն ծրագիրը, հանդիսանալով Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009 թվականի ծրագրի շարունակականության ապահովումը, մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։
Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում են Հայաստանի մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճը, համայնքային ենթակառուցվածքների գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը։
Տեխնոպարկի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բարձր որակավորում ունեցող մասնագետներին` փոքր կազմակերպությունների ստեղծման միջոցով, նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները։ Տեխնոպարկի ստեղծման հիմնական խնդիրներից է փոքր կազմակերպության զարգացմանը բազմակողմանի աջակցությունը։
Տեխնոպարկի կազմակերպական կառուցվածքում բիզնես-ինկուբատորի ներառմամբ` տեխնոպարկը կիրականացնի փոքր կազմակերպություններին աջակցելու գործառույթներ, կխթանի մրցունակ արտադրանքի դուրսբերումը ներքին և արտաքին շուկաներ։
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման համար հիմք են հանդիսացել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատեու մասին» N 380-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 957-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1463-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 490-Ն որոշումը։
2. Առաջարկվող ծրագիրը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրի պահանջներին։ Մասնավորապես, դա վերաբերում է Կայուն զարգացման ծրագրի նպատակներին և ռազմավարական գերակայություններին, որով նախատեսված են հետևյալ միջոցառումները`
1) նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծում և զարգացում.
2) Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում ակտիվ տարածքային քաղաքականության մշակում և իրականացում, որը նպատակաուղղված կլինի տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմմանը և հետ մնացող տարածքների տնտեսական զարգացման արագացմանը.
3) տնտեսական զարգացման ներկայիս խոր անհամաչափությունների հետագա աճի զսպում` հետ մնացող տարածքների արագացված զարգացումն ապահովող նպատակային տարածքային քաղաքականության մշակման և իրականացման միջոցով.
4) երկրի մրցունակության աճին ուղղված քաղաքականության վարում, որի հիմնական հատկանիշներն են` արտադրողականության աճի ապահովման խրախուսումը, միավոր աշխատանքի արժեքի մրցունակ մակարդակների ապահովումը` նոր, բարձր ավելացված արժեք ձևավորող աշխատատեղերի ստեղծման միջոցով։
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
3. Ծրագրի հիմնական նպատակն է թափ հաղորդել Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հավակնոտ ծրագրի իրականացմանը` պահպանելով նրա ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ և բարենպաստ գործարար միջավայր ունեցող կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է Գյումրիում խթանել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, նորաձևության, տեքստիլ արդյունաբերության, արվեստների, ոսկեգործության, արհեստագործության ճյուղերի զարգացումը: Հաշվի առնելով Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ներկա անբավարար մակարդակը` տեխնոպարկը սերտորեն կաշխատի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղերի և տեղական մասնավոր ընկերությունների հետ` սկսնակ կազմակերպություններ ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմնելու նպատակով։ Միաժամանակ ծրագիրն ունի հետևյալ ենթանպատակները`
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի և հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացում` արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ինտեգրման և ակտիվացման միջոցով.
2) ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում` օտարերկրյա)` առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերմանն աջակցելու նպատակով.
3) հասցեական աջակցության տրամադրում գիտատար արտադրանք նախաձեռնողներին և արտադրողներին.
4) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում.
5) գիտական մշակումների առևտրականացում.
6) գիտակրթական, գործարար և պետական հատվածների փոխշահավետ համագործակցության զարգացում։
4. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`
1) արտերկրի տեխնոպարկերի ստեղծման և զարգացման հաջողված փորձի ուսումնասիրում և համապատասխան տեղեկատվական բազայի ստեղծում, որը հիմք կհանդիսանա Գյումրու տեխնոպարկի կառուցվածքային միավորների ստեղծման և արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար.
2) մեխանիկայի և էլեկտրոնիկայի ուսումնական և գիտահետազոտական երկու լաբորատորիայի հիմնում` հագեցված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և ծրագրային ապահովման փաթեթներով, որոնք հնարավորություն կտան տարեկան առնվազն 50 անձի համար կազմակերպելու ուսումնական դասընթացներ և կադրերի վերապատրաստում.
3) ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների երկու բիզնես-ծրագրերի ընտրություն` մրցութային եղանակով, և պետության մասնակցությամբ նոր, երկու ընկերությունների հիմնադրման միջոցով այդ ծրագրերի ֆինանսավորում:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն տեխնոպարկում ներգրավված և դրա գործունեության արդյունքում ձևավորվելիք կազմակերպություններին։
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
6. Տեխնոպարկի գործունեության իրականացման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես`
1) տեխնոպարկի գործունեության կառավարում` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից։ Այս միջոցառման շրջանակում նախատեսվում է տեխնոպարկի կառավարման գրասենյակի աշխատանքի ապահովումը (աշխատավարձեր և պահպանման ծախսեր), գործուղումներ Իռլանդիա, Ֆինլանդիա, Հարավային Կորեա, Սինգապուր` տեխնոպարկերի ստեղծման ու զարգացման հաջողված փորձն ուսումնասիրելու և գործարար կապեր հաստատելու նպատակով.
2) մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում` տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ։ Նախատեսվում է գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաների ստեղծման համար ձեռք բերել աշխատակայաններ` հագեցված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և ծրագրային ապահովման փաթեթներով.
3) նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագրերի իրականացում: Նախատեսվում են ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես-գաղափարների ու ծրագրերի մրցույթի կազմակերպում և ընտրված երկու գաղափարների կամ ծրագրերի ֆինանսավորման համար պետության մասնակցությամբ նոր, երկու ընկերությունների հիմնում.
4) նախատեսվում է նաև տեխնոպարկի տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծման բիզնես-մոդելի մշակում, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 12-րդ կետի կատարման ապահովումն է:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
7. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացմանը կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 200000.0 հազ. դրամը։
8. Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 632-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
Կատարման արդյունքները |
1. | Տեխնոպարկի գործունեության կառավարում |
Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ |
2010 թ. ընթացքում | Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի 2010 թվականի միջոցառումների արդյունավետ կազմակերպում և արդյունքների նկատմամբ հսկողություն, կանոնադրական գործառույթների իրականացում |
2. | Մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում` տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (համաձայնությամբ)
«Նեյշնլ ինսթրումենթս» (համաձայնությամբ) |
2010 թ. ընթացքում | մեխանիկայի և էլեկտրոնիկայի ուսումնական և գիտահետա-զոտական լաբորատորիաների հիմնում` հագեցված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և ծրագրային ապահովման փաթեթներով |
3. | Նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագրերի իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ |
2010 թ. ընթացքում | պետության մասնակցությամբ` նոր ընկերությունների հիմնադրման միջոցով մրցութային եղանակով ընտրված ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների երկու բիզնես-ծրագրերի ֆինանսավորում |
4. | Տեխնոպարկի տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծման բիզնես-մոդելի մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ |
2010 թ. ընթացքում | Նախատեսվում է նաև տեխնոպարկի տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծման բիզնես-մոդելի մշակում, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1463-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 12-րդ կետի կատարման ապահովումն է: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |