ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ֆերդինանդ Ամիրխանյանի և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպության) ընդդեմ Ֆերդինանդ Ամիրխանյանի և Ընկերության` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Ֆերդինանդ Ամիրխանյանին և Ընկերությանը վերադարձնել «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 862 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այուհետ՝ Դատարան) 12.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.07.2009 թվականի որոշմամբ Ֆերդինանդ Ամիրխանյանի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆերդինանդ Ամիրխանյանը և Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Կազմակերպությունը:
2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը և 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն Ընկերությանը չի ուղարկել, գործի քննությանը մասնակից չի դարձրել, չի բացատրվել դատավարական իրավունքները և չի ապահովել հայցադիմումին պատասխան ներկայացնելու 14-օրյա ժամկետը: Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի 3-59 (ՏԴ) որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Կազմակերպության հայցը մերժել:
2.1 Ֆերդինանդ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Կազմակերպության կողմից չի ապացուցվել, որ «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 862 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվել է Ֆերդինանդ Ամիրխանյանի տիրապետման ներքո: Հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի 30.03.2009 թվականի որոշմամբ վեճի առարկա ավտոնեքենան հայտնաբարվել է Երևանի Ա. Վշտունի 73 հասցեում, որը Ընկերության գործունեության հասցեն է: Այսինքն, վեճի առարկա ավտոմեքենան չի գտնվել Ֆերդինանդ Ամիրխանյանի տիրապետման ներքո:
Վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի 3-54 (ՎԴ) որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Կազմակերպության հայցը մերժել:
2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանների հիմնավորումները
Վճռաբեկ բողոքների պատճառաբանություններն անհիմն են, վճռաբեկ բողոքները բերվել են ձևական առումով, և դրանց հիմնավորումների պատասխանը մանրակրկիտ կերպով շարադրված է Վերաքննիչ դատարանի որոշմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 31.05.2008 թվականին լուծվել է Կազմակերպության և Ֆերդինանդ Ամիրխանյանի միջև 06.03.2008 թվականի աշխատանքային պայմանագիրը: Նույն հրամանով հանձնարարվել է Կազմակերպության ավտոհավաքակայանի պետ Վարդան Մելքոնյանին երկու օրվա ընթացքում կազմակերպել և իրականացնել Ֆերդինանդ Ամիրխանյանին կցված «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 862 ՏՍ 65 պետհամարանիշի բեռնատար-սառնարան ավտոմեքենայի ընդունում-հանձնումը (գ.թ. 51):
2) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևանի ստորաբաժանման ավագ հարկադիր կատարողի 27.03.2009 թվականի պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ակտի և արձանագրության համաձայն` Կազմակերպության «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 862 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է Երևանի Ազատ Վշտունի 73 հասցեում` Ընկերության վարչական տարածքում (գ.թ. 56, 58):
3) Դատարանն Ընկերությանը չի ուղարկել հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 19.02.2009 թվականի որոշումը և Ընկերությանը որպես պատասխանող ներգրավելու մասին որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով Ընկերության վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելներով գործի առանձնահատկությունից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տե՛ս հայցը «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության՝ 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-59(ՏԴ)):
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտել է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:
Սույն գործի փաստերով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Դատարանն Ընկերությանը պատշաճ կարգով ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 19.02.2009 թվականի որոշումը, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Փաստորեն, սույն քաղաքացիական գործով Դատարանը, հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:
Քննելով Ֆերդինանդ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետությունից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործի փաստերով չի հիմնավորվել Կազմակերպության «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 862 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Ֆերդինանդ Ամիրխանյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:
Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի 27.03.2009 թվականի պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ակտի և արձանագրության համաձայն` վիճելի ավտոնեքենան հայտնաբարվել է Երևանի Ա. Վշտունի 73 հասցեում: Այսինքն` «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 862 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվել է Երևանի Ազատ Վշտունի 73 հասցեում՝ Ընկերության վարչական տարածքում:
Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Վճռաբեկ բողոքի պատասխաններում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ֆերդինանդ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և մասնակիորեն փոփոխել` հայցը` Ֆերդինանդ Ամիրխանյանի մասով, մերժել, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մասով գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ՝ |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |