Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.134
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.11.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
26.11.2009
Дата вступления в силу
26.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

քրեական գործ թիվ ՇԴ/0008/01/09

ՇԴ/0008/01/09

 

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

Դատավորներ` Ժ. Հովսեփյան
                       Ռ. Ազարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

2009 թվականի նոյեմբերի 26-ին

Երևան քաղաքում

  

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման դեմ Դավիթ Ֆելիքսի Գալստյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2008 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հետաքննության բաժնում հարուցվել է թիվ 83163508 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ֆիզիկական անձ Դ.Գալստյանի կողմից առանց պետական գրանցման, առանց հարկային մարմիններում հաշվառման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ:

2009 թվականի հունվարի 15-ին Դ.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2009 թվականի փետրվարի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հուլիսի 7-ին որոշում է կայացրել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Դ.Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործի վարույթը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Նույն որոշմամբ Դ.Գալստյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 4.467.800 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությանը քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց հարուցելու իրավունք է վերապահվել:

Իրեղեն ապացույց ճանաչված, Դ.Գալստյանին ի պահ հանձնված գույքը բռնագրավվել է հօգուտ պետության:

3. Վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Գալստյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ Դ.Գալստյանի բողոքը մերժվել է, իսկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 7-ի որոշումը` թողնվել օրինական ուժի մեջ:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Դ.Գալստյանը:

 Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

5. Նախաքննության մարմնի կողմից Դ.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, առանց պետական գրանցման, 2007 թվականի մայիսի 1-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես, 2007 թվականի մայիսի 1-ից մինչև 2008 թվականի մայիսի 1-ը Գյումրի քաղաքի Ծուլիկիձե փողոցի 125 տանը, իսկ 2008 թվականի մայիսի 1-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 28-ը Ղորղանյան փողոցի 326 տանը Դ.Գալստյանը զբաղվել է կենցաղային 12 սմ և 20 սմ չափերով մոմերի արտադրությամբ և դրանց իրացմամբ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 4.467.800 ՀՀ դրամի վնաս, որից ավելացված արժեքի հարկ` 2.089.300 ՀՀ դրամ, եկամտահարկ` 1.736.300 ՀՀ դրամ, սոցվճար` 642.200 ՀՀ դրամ (քրեական գործ հատոր 1-ին, գ/թ 145):

6. Սույն գործով նախաքննության մարմինը 2009 թվականի փետրվարի 11-ին որոշում է կայացրել Դ.Գալստյանին պատկանող, կալանքի տակ գտնվող և նրան ի պահ հանձնված տեխնիկական միջոցները և նյութական արժեքները որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին (քրեական գործ հատոր 1-ին, գ/թ 237-238):

7. Քրեական գործով քաղաքացիական հայցվոր ճանաչված ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության կողմից 2009 թվականի մարտի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել հայցադիմում, որով քաղաքացիական հայցվորը խնդրել է քաղաքացի Դ.Գալստյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 6.767.900 ՀՀ դրամ, հարկային մարմնի զարգացման և խրախուսման ֆոնդի գումար` 752.000 ՀՀ դրամ (քրեական գործ հատոր 2-րդ, գ/թ 59):

8. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ նշել է. «Դատարանը քննարկելով Դ.Գալստյանի մեղադրանքի ծավալում առկա պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի 4.467.800 ՀՀ դրամ վնասի հատուցման հարցը, գտնում է, որ այն ենթակա է բռնագանձման: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության տույժերի և տուգանքների գծով ներկայացրած հայցապահանջին` դատարանը գտնում է, որ Դ.Գալստյանի կողմից հայցը չընդունելու պատճառաբանությունների պայմաններում այն պետք է թողնել քրեական գործով առանց քննության` քաղաքացիական դատավարության կարգով քննության առնելու համար:

Գործով իրեղեն ապացույց ճանաչված հանցագործության առարկաները և միջոցները ենթակա են բռնագրավման պետության օգտին» (քրեական գործ հատոր 2-րդ, գ/թ 148, 149):

9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր դատական ակտում նշել է. «Գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Դավիթ Գալստյանը առանց պետական գրանցման, 2007 թվականի մայիսի 1-ից մինչև 2008 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն (…), որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի` 4.467.800 ՀՀ դրամի վնաս (…):

Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Դ.Գալստյանի մեղադրանքի ծավալում առկա պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի` 4.467.800 ՀՀ դրամ վնասի հատուցման հարցը, վերը շարադրված հիմքերի առկայության պայմաններում հանգել է ճիշտ հետևության և իրավացիորեն որոշել է Դ.Գալստյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 4.467.800 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի գումար:

(…) Տվյալ պարագայում ամբաստանյալից առգրավված տեխնիկական միջոցները և նյութական արժեքները հանդիսանում են հանցագործության առարկաներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պետք է բռնագրավվեն հօգուտ պետության» (քրեական գործ հատոր 3-րդ, գ/թ 35, 36):

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

10. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշմամբ իրենից հօգուտ պետական բյուջեի 4.467.800 ՀՀ դրամ բռնագանձելով և իրեղեն ապացույց ճանաչված, իրեն ի պահ հանձնված գույքը հօգուտ պետության բռնագրավելով, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ հոդվածների և «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 5-րդ կետի պահանջների խախտում: Բողոքաբերի պնդմամբ` քրեական գործի կարճման մասին որոշում կայացնելով` դատարանն իրավունք չունի այլ պարտականություններ դնել քաղաքացու վրա:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ ինքը զրկվել է իր խախտված իրավունքները վերականգնելու և արդյունավետ պաշտպանվելու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքներից, քանի որ քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելիս քաղաքացիական հայցվորը դատարանում իր նկատմամբ կունենա առավելություն:

11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը և մասնակիորեն բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 7-ի որոշումը` իրենից հօգուտ պետական բյուջեի 4.467.800 ՀՀ դրամ բռնագանձելու և իրեղեն ապացույց ճանաչված, իրեն ի պահ հանձնված գույքը հօգուտ պետության բռնագրավելու մասերով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

I. Հանցագործության գործիքները հօգուտ պետության բռնագրավելու իրավաչափությունը.

 

12. Բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրած առաջին հարցը հետևյալն է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իրավասո՞ւ էր արդյոք քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ գործով իրեղեն ապացույց ճանաչված գույքը բռնագրավել հօգուտ պետության:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ`

1) հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում` ոչնչացվում են.

(...)»:

Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը, գործով վարույթն ավարտելիս, այդ թվում` գործի վարույթը կարճելիս, պարտավոր է որոշում կայացնել իրեղեն ապացույց ճանաչված հանցագործության գործիքները և հանցավոր գործողությունների օբյեկտ հանդիսացող առարկաները տնօրինելու վերաբերյալ` դրանց որոշակի նյութական արժեք ներկայացնելու պարագայում հօգուտ պետության բռնագրավելու, իսկ նյութական արժեք չներկայացնելու դեպքում` ոչնչացնելու միջոցով:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելիս, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Դ.Գալստյանի ապօրինի արտադրամասում հայտնաբերված, նախաքննության մարմնի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված, հանցագործության գործիք ծառայած և հանցավոր գործողությունների օբյեկտներ հանդիսացող տեխնիկական միջոցները և նյութական արժեքները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը) բռնագրավել է հօգուտ պետության (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սույն գործով ոչ միայն իրավասու էր, այլ նաև պարտավոր էր քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ գործով իրեղեն ապացույց ճանաչված գույքը բռնագրավել հօգուտ պետության:

 

II. Քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտով քաղաքացիական հայցը լուծելու իրավաչափությունը.

 

15. Բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրած երկրորդ հարցը հետևյալն է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իրավասո՞ւ էր արդյոք քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ լուծել ներկայացված քաղաքացիական հայցը:

16. ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով»:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը որդեգրել է քրեական մեղադրանքի հանդեպ քաղաքացիական հայցի ածանցյալ դերի հայեցակարգը: Իսկ դրանից բխում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծելու համար դատարանը նախ պետք է ապացուցված համարի տվյալ հանցագործության համար անձի մեղավորությունը, որից հետո միայն կարող է անդրադառնալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի բնույթի, չափի և դրա հատուցման հետ կապված հարցերին:

Միևնույն ժամանակ, անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքից բխում է, որ հանցագործության մեջ անձի մեղավորությունը չի կարող ապացուցված համարվել այլ կերպ, քան մեղադրական դատավճռով: Հետևաբար մեղադրական դատավճռի բացակայության պայմաններում դատարանը չի կարող լուծում տալ քաղաքացիական հայցին:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հուլիսի 7-ին որոշում է կայացրել Դ.Գալստյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Վերոնշյալ ակտով դատարանը որոշում է կայացրել Դ.Գալստյանից պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի 4.467.800 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու մասին (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 7-ի որոշումը (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը)` պատճառաբանելով, որ գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Դ. Գալստյանն առանց պետական գրանցման, 2007 թվականի մայիսի 1-ից մինչև 2008 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի` 4.467.800 ՀՀ դրամի վնաս (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Այսինքն նախաքննության մարմնի կողմից Դ.Գալստյանին առաջադրված մեղադրանքում վերջինիս մեղավորությունը կամ անմեղությունը ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով սահմանված կարգով դատարանում չի ապացուցվել: Մեղսագրված արարքում անձի մեղքը ապացուցված չլինելու պայմաններում չի կարող ապացուցված համարվել նաև մեղսագրված հանցավոր գործողությունների արդյունքում անմիջականորեն պատճառված գույքային վնասը: Սակայն անտեսելով վերոնշյալ հանգամանքը՝ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանը գտել են, որ հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասը ենթակա է հատուցման:

 19. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով նախատեսված դեպքերում քրեական գործի վարույթի կարճումը հանգեցնում է նաև քրեական գործով հարուցված քաղաքացիական հայցի հետագա քննության դադարեցման:

Հետևաբար, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, համաներման ակտի կիրառմամբ Դ.Գալստյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով, իրավասու չէր լուծել ներկայացված քաղաքացիական հայցը, այլ պետք է թողներ այն առանց քննության՝ քաղաքացիական հայցվորին բացատրելով ներկայացված քաղաքացիական հայցը քաղաքացիական դատավարության կարգով հարուցելու նրա իրավունքը:

20. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 7-ի որոշումը Դ.Գալստյանից հօգուտ պետական բյուջեի 4.467.800 ՀՀ դրամ բռնագանձելու մասով և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել և սույն գործով քաղաքացիական հայցվորի ներկայացրած քաղաքացիական հայցն ամբողջությամբ թողնել առանց քննության:

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելիս իրեղեն ապացույցների տնօրինման և քաղաքացիական հայցի լուծման հարցերի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դավիթ Ֆելիքսի Գալստյանից հօգուտ պետական բյուջեի 4.467.800 ՀՀ դրամ բռնագանձելու մասով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 7-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումները բեկանել և քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան