Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախաբան
Պայմանավորվող պետությունները,
համարելով, որ գաղափարների և գիտելիքի ազատ փոխանակումը և ընդհանրապես քաղաքակրթությունների ինքնարտահայտման տարբեր ձևերի առավել լայն տարածումը կենսական նշանակություն ունեն ինչպես մտավոր առաջընթացի և միջազգային փոխըմբռնման, այնպես էլ, հետևաբար, ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար,
համարելով, որ այդ փոխանակումներն իրականացվում են առաջին հերթին գրքերի, հրատարակությունների, ինչպես նաև կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող նյութերի միջոցով,
հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության կանոնադրությամբ ազգերի միջև համագործակցության կոչ է արվում մտավոր գործունեության բոլոր բնագավառներում` ներառյալ «գեղարվեստական և գիտական հետաքրքրություն ներկայացնող հրատարակությունների, առարկաների և տեղեկատվական այլ նյութերի փոխանակումները» և նախատեսվում է, որ «կազմակերպությունը մասնակցում է զանգվածային լրատվության բոլոր միջոցներով ազգերի միջև փոխըմբռնմանը և միմյանց ճանաչելուն նպաստող գործունեությանը և այդ նպատակով խորհուրդ է տալիս կնքել միջազգային այնպիսի համաձայնագրեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել խոսքի և պատկերի միջոցով գաղափարների ազատ տարածման համար»,
ընդունում են, որ այդ նպատակների իրականացմանն արդյունավետ կծառայի կրթական, գիտական և մշակութային բնույթի գրքերի, հրատարակությունների և նյութերի ազատ տարածմանն աջակցող միջազգային համաձայնագիրը,
համաձայնեցին հետևյալ դրույթների շուրջ.
ՀՈԴՎԱԾ I
1. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են հետևյալ նյութերի ներմուծման ժամանակ կամ ներմուծման հետ կապված չկիրառել մաքսատուրքեր և այլ վճարներ.
ա) գրքեր, հրատարակություններ և փաստաթղթեր, որոնք նշված են սույն Համաձայնագրին կից Ա հավելվածում.
բ) սույն Համաձայնագրին կից Բ, Գ, Դ և Ե հավելվածներում թվարկված և Պայմանավորվող այլ պետության արտադրանք հանդիսացող` կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութեր` այդ հավելվածներում նշված պայմանների պահպանման պայմանով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները ցանկացած Պայմանավորվող պետության չեն արգելում ներմուծվող նյութերից գանձել հետևյալ հարկերը.
ա) ներքին հարկեր կամ ցանկացած տեսակի ներքին այլ գանձումներ, որոնք սահմանվում են ներմուծման ժամանակ կամ դրանից հետո, և որոնք չեն գերազանցում հայրենական նմանատիպ արտադրանքների համար ուղղակի կամ անուղղակի կերպով գանձվող հարկերի և վճարների չափերը.
բ) մաքսային տուրքերից տարբեր` այլ տուրքեր և վճարներ, որոնք պետական կամ վարչական մարմինների կողմից գանձվում են ներմուծման կամ դրա հետ կապված դեպքերում, և որոնք սահմանափակվում են տրամադրվող ծառայությունների մոտավոր արժեքով և չեն հանդիսանում ո´չ հայրենական արտադրանքի անուղղակի պաշտպանության, ո´չ էլ ներմուծումը` բյուջեի եկամուտների համար հարկելու միջոցներ:
ՀՈԴՎԱԾ II
1. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են տրամադրել անհրաժեշտ լիցենզիաներ և (կամ) արտարժույթ հետևյալ առարկաների ներմուծման համար.
ա) գրքեր և այլ հրատարակություններ, որոնք նախատեսված են հանրային գրադարանների և հավաքածուների, ինչպես նաև պետական, կրթական, գիտահետազոտական կամ մշակութային հաստատությունների գրադարանների և հավաքածուների համար.
բ) պետության կողմից հրատարակված պաշտոնական փաստաթղթեր, այսինքն` պաշտոնական, խորհրդարանական և վարչական փաստաթղթեր` հրատարակված իրենց ծագման երկրում.
գ) Միավորված ազգերի կազմակերպության և նրա ցանկացած մասնագիտացված գործակալությունների գրքեր և հրատարակություններ.
դ) Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության ստացած և նրա կողմից կամ հսկողությամբ անվճար տարածվող գրքեր և հրատարակություններ.
ե) ներմուծման երկրից դուրս զբոսաշրջությունը խթանելու համար նախատեսված հրատարակություններ, որոնք ուղարկվում և բաժանվում են անվճար.
զ) կույրերի համար նախատեսված առարկաներ`
i) կույրերի համար ցցուն տառատեսակով տարաբնույթ գրքեր, հրատարակություններ և փաստաթղթեր.
ii) կույրերի կրթական, գիտական կամ մշակութային զարգացման համար հատուկ նախատեսված այլ առարկաներ, որոնք ներմուծվում են անմիջականորեն կույրերի խնամակալությամբ զբաղվող հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` նման առարկաների անմաքս ներմուծման համար:
2. Այն Պայմանավորվող պետությունները, որոնք բոլոր դեպքերում կիրառում են քանակական սահմանափակումներ և արժույթի նկատմամբ վերահսկողության միջոցներ, պարտավորվում են հնարավորության սահմաններում տրամադրել արտարժույթ և արտոնագիր, որոնք անհրաժեշտ են կրթական, գիտական և մշակութային բնույթի այլ նյութերի, մասնավորապես սույն Համաձայնագրի հավելվածներում թվարկված նյութերի ներմուծման համար:
ՀՈԴՎԱԾ III
1. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են տրամադրել բոլոր հնարավոր միջոցները կրթական, գիտական և մշակութային բնույթի այն նյութերի ներմուծման համար, որոնք ներմուծվում են բացառապես ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից հաստատված հանրային ցուցահանդեսների համար` հետագայում դրանք արտահանելու պայմանով: Այդ միջոցները ներառում են անհրաժեշտ արտոնագրերի տրամադրումը և մաքսատուրքերից ու ներքին հարկերից, ինչպես նաև ներմուծման բոլոր գանձումներից ազատումը` բացառությամբ այն վճարումների և գանձումների, որոնք համապատասխանում են մատուցված ծառայությունների մոտավոր արժեքին:
2. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը ներմուծող երկրի իշխանություններին չի արգելում ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել ցուցահանդեսի ավարտից հետո նշված նյութերի արտահանումն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ IV
Պայմանավորվող պետությունները պարտավորվում են հնարավորության սահմաններում`
ա) շարունակել համատեղ ջանքեր գործադրել կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ազատ տարածմանը բազմակողմանիորեն աջակցելու և սույն Համաձայնագրում չթվարկված` ազատ տարածման ցանկացած սահմանափակում վերացնելու կամ կրճատելու ուղղությամբ.
բ) պարզեցնել կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման վարչական ընթացակարգը.
գ) աջակցել կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի արագ և անվտանգ մաքսազերծմանը:
ՀՈԴՎԱԾ V
Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի ազդում Պայմանավորվող պետությունների իրավունքների վրա` իրենց օրենսդրությանը համապատասխան ձեռնարկելու առարկաների ներմուծումը կամ ներմուծումից հետո դրանց տարածումն արգելելուն կամ սահմանափակելուն ուղղված այնպիսի միջոցներ, որոնք հիմնված են ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ հասարակական բարոյականությանն ուղղակիորեն առնչվող պատճառների վրա:
ՀՈԴՎԱԾ VI
Սույն Համաձայնագիրը չի փոփոխում Պայմանավորվող պետության` հեղինակային իրավունքին, ապրանքային նշաններին և արտոնագրերին առնչվող օրենքները և կանոնակարգերը կամ որևէ միջազգային պայմանագիր, կոնվենցիա, համաձայնագիր կամ հայտարարություն կամ չի ազդում դրանց վրա:
ՀՈԴՎԱԾ VII
Պահպանելով այն կոնվենցիայի դրույթները, որոնք Պայմանավորվող պետությունները նախկինում կարող են կնքած լինել վեճերի կարգավորման համար, Պայմանավորվող պետությունները պարտավորվում են, սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ կարգավորելու նպատակով, դիմել բանակցությունների կամ հաշտեցման գործընթացների:
ՀՈԴՎԱԾ VIII
Պայմանավորվող պետությունների միջև ներմուծվող նյութերի` կրթական, գիտական կամ մշակութային բնույթի հետ կապված վեճի դեպքում շահագրգիռ կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են դիմել Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության գլխավոր տնօրենին խորհրդատվական եզրակացության համար:
ՀՈԴՎԱԾ IX
1. Սույն Համաձայնագիրը, որի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, թվագրվում է այսօրվա ամսաթվով և ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության անդամ պետությունների, ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների և ցանկացած այլ` ոչ անդամ պետության համար, որը կստանա անդամակցության հրավեր Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության գործադիր խորհրդի կողմից:
2. Համաձայնագիրը վավերացվում է ստորագրող պետությունների կողմից` նրանց ներպետական ընթացակարգերին համապատասխան:
3. Վավերացման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ X
IX հոդվածի 1-ին կետում նշված պետությունները կարող են միանալ սույն Համաձայնագրին 1950 թվականի նոյեմբերի 22-ից: Միանալն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին պաշտոնական փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից:
ՀՈԴՎԱԾ XI
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության 10 պետության` վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերը գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից:
ՀՈԴՎԱԾ XII
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում Համաձայնագրի կողմ հանդիսացող պետություններից յուրաքանչյուրը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները համաձայնագրի լիարժեք և արդյունավետ գործողությունն ապահովելու համար:
2. Այն պետությունները, որոնք վավերացման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերն ի պահ կհանձնեն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, այդ միջոցները ձեռնարկում են փաստաթղթերը հանձնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետները լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմերը Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանն են ներկայացնում զեկույց` համաձայնագրի լիարժեք ու արդյունավետ գործողությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած միջոցների մասին:
4. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունն այդ հաշվետվությունը փոխանցում է Համաձայնագիրն ստորագրած բոլոր պետություններին և Առևտրի միջազգային կազմակերպությանը (նախապես` դրա Ժամանակավոր հանձնաժողովին):
ՀՈԴՎԱԾ XIII
Ստորագրման պահին կամ վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հայտարարել, որ սույն Համաձայնագիրը տարածվում է այն բոլոր կամ որոշ տարածքների վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է:
ՀՈԴՎԱԾ XIV
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իր կամ այն տարածքների անունից, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր փաստաթղթի միջոցով:
2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդ մասին փաստաթուղթն ստանալուց մեկ տարի հետո:
ՀՈԴՎԱԾ XV
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը տեղեկացնում է IX հոդվածի 1-ին կետում նշված պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը (նախապես` դրա Ժամանակավոր հանձնաժողովին) IX և X հոդվածներով նախատեսված` վավերացման և միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու, ինչպես նաև, համապատասխանաբար, XIII և XIV հոդվածներով նախատեսված ծանուցումների և չեղյալ հայտարարելու մասին:
ՀՈԴՎԱԾ XVI
Սույն Համաձայնագրի պայմանավորվող պետությունների մեկ երրորդի պահանջով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության գլխավոր տնօրենը կազմակերպության հաջորդ Գլխավոր խորհրդաժողովի նիստի օրակարգում ներառում է սույն Համաձայնագրի վերանայման նպատակով նիստ գումարելու հարցը:
ՀՈԴՎԱԾ XVII
Համաձայնագրին կից Ա, Բ, Գ, Դ, Ե հավելվածները, ինչպես նաև Արձանագրությունը կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ XVIII
1. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն` սույն Համաձայնագիրը գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից` ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը իրենց համապատասխան Կառավարությունների անունից:
Կատարված է Լեյք Սաքսեսում` Նյու Յորք, հազար ինը հարյուր հիսուն թվականի նոյեմբերի քսաներկուսին, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվ, իսկ դրա հաստատված բնօրինակներն ուղարկվում են IX հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը և Առևտրի միջազգային կազմակերպությանը (նախապես` դրա Ժամանակավոր հանձնաժողովին):
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ա
ԳՐՔԵՐԸ, ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
i) Տպագիր գրքեր:
ii) Թերթեր և պարբերական հրատարակություններ:
iii) Ոչ տպագրական եղանակով բազմացված գրքեր և փաստաթղթեր:
iv) Պետության կողմից հրատարակված պաշտոնական փաստաթղթեր, այսինքն` պաշտոնական, խորհրդարանական և վարչական փաստաթղթեր` հրատարակված իրենց ծագման երկրում:
v) Զբոսաշրջության համար նախատեսված քարոզչական պաստառներ և գրականություն (գրքույկներ, տեղեկատուներ, ուղեցույցներ, բուկլետներ և նմանատիպ հրատարակություններ)` պատկերազարդ կամ առանց, այդ թվում` այն հրատարակությունները, որոնք տպագրվել են մասնավոր ընկերությունների կողմից և ուղղված են զբոսաշրջության խթանմանը ներմուծման երկրից դուրս:
vi) Հրատարակություններ, որոնց նպատակը ներմուծման երկրից դուրս ուսումնառությունը խթանելն է:
vii) Ձեռագրեր, մեքենագիր փաստաթղթեր:
viii) Գրքերի և այլ հրատարակությունների կատալոգներ, որոնք գնորդներին առաջարկում են ներմուծման երկրից դուրս գործող հրատարակիչները կամ գրավաճառները:
ix) Ֆիլմերի ձայնագրությունների և կրթական, գիտական կամ մշակութային բնույթի այլ տեսալսողական նյութերի կատալոգներ, որոնք թողարկվել են Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված գործակալություններից որևէ մեկի կողմից կամ անունից:
x) Ձեռագիր, տպագիր կամ ոչ տպագրական եղանակով բազմացված նոտաներ:
xi) Աշխարհագրական, ջրագրական կամ աստղագիտական քարտեզներ և գծագրեր:
xii) Գիտակրթական հաստատություններում ուսումնասիրելու համար նախատեսված ճարտարապետական, արդյունաբերական կամ ճարտարագիտական գծագրեր և պատկերներ կամ դրանց վերարտադրումներ, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` անմաքս ներմուծման համար:
(Հավելված Ա-ում նախատեսված ազատումները չեն վերաբերում հետևյալ նյութերին`
ա) գրասենյակային պարագաներ.
բ) գրքեր, հրատարակություններ և փաստաթղթեր (բացառությամբ վերը նշված կատալոգների, զբոսաշրջության համար նախատեսված պաստառների ու հրատարակությունների), որոնք հրատարակվել են հիմնականում գովազդի նպատակով` մասնավոր առևտրային ձեռնարկությունների կողմից կամ դրանց համար.
գ) թերթեր և պարբերականներ, որոնցում գովազդը գերազանցում է մակերեսի 70 տոկոսը.
դ) ցանկացած այլ առարկա (բացառությամբ վերը նշված կատալոգների), որում գովազդը գերազանցում է մակերեսի 25 տոկոսը: Զբոսաշրջության համար նախատեսված քարոզչական պաստառների և գրականության դեպքում այդ տոկոսային չափանիշը կիրառվում է միայն մասնավոր առևտրային գովազդային նյութերի նկատմամբ):
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Բ
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
i) Գեղանկարներ և գծանկարներ, այդ թվում` ամբողջովին ձեռակերտ վերարտադրումներ` բացառությամբ արդյունաբերական եղանակով պատրաստված նմանօրինակ առարկաների:
ii) Ձեռակերտ նմանակումներ, որոնք պատրաստված են ձեռքով փորագրված և դրոշմագրված քարից, թիթեղից կամ այլ նյութերից և որոնք նկարչի կողմից ստորագրված են ու համարակալված:
iii) Քանդակագործական արվեստի բնօրինակ գործեր` կլոր, ուռուցիկ կամ խորը կտրվածքով` բացառությամբ զանգվածային արտադրության վերարտադրումների և առևտրային բնույթի ավանդական արհեստագործական գործերի:
iv) Վերավաճառքի համար չնախատեսված` պետական պատկերասրահների, թանգարանների և պետական այլ հաստատությունների համար նախատեսված հավաքածուների առարկաներ և արվեստի գործեր, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` անմաքս ներմուծման համար:
v) Վերավաճառքի համար չնախատեսված այնպիսի ոլորտների հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, ինչպիսիք են անատոմիան, կենդանաբանությունը, բուսաբանությունը, հանքագիտությունը, հնէաբանությունը, հնագիտությունը և ազգագրությունը:
vi) 100 տարուց ավելի վաղեմության առարկաներ:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Գ
ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ
i) Կրթական, գիտական կամ մշակութային բնույթի ֆիլմեր, դիաֆիլմեր, միկրոֆիլմեր և սլայդներ, որոնք ներմուծվում են կազմակերպությունների (այդ թվում` հեռարձակող կազմակերպություններ` ներմուծող երկրի հայեցողությամբ) կողմից, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` այդպիսի նյութերի անմաքս ներմուծման համար, այդ կազմակերպությունների կամ վերը նշված իշխանությունների կողմից պետական կամ մասնավոր կրթական, գիտական կամ մշակութային այլ հաստատությունների կողմից բացառապես ցուցադրվելու նպատակով:
ii) Կինոխրոնիկա (ձայնային կամ ոչ ձայնային), որը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ նորությունների նշանակությունը ներմուծման ժամանակ և ներմուծվում է վերարտադրման նպատակներով կա´մ նեգատիվների ձևով` լուսանկարված և երևակված, կա´մ պոզիտիվների` ցուցադրված և երևակված, երբ ներմուծվում է կազմակերպությունների կողմից (այդ թվում, ներմուծող երկրի հայեցողությամբ, հեռարձակող կազմակերպություններ) և որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` անմաքս ներմուծման համար` պայմանով, որ ազատ ներմուծումը կարող է սահմանափակվել յուրաքանչյուր առարկայի համար երկու օրինակով:
iii) Բացառապես պետական կամ մասնավոր կրթական, գիտական կամ մշակութային հաստատությունների կամ միությունների (այդ թվում, ներմուծող երկրի հայեցողությամբ, հեռարձակող կազմակերպություններ) համար նախատեսված կրթական, գիտական կամ մշակութային բնույթի ձայնագրություններ, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` անմաքս ներմուծման համար:
iv) Կրթական, գիտական կամ մշակութային բնույթի ֆիլմեր, դիաֆիլմեր, միկրոֆիլմեր և ձայնագրություններ` թողարկված Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված գործակալություններից որևէ մեկի կողմից:
v) Պետական կամ մասնավոր կրթական, գիտական կամ մշակութային հաստատություններում բացառապես ցուցադրման և դասավանդման համար նախատեսված նմուշներ, մակետներ և ուսումնական պաստառներ, որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` անմաքս ներմուծման համար:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Դ
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԿԱՄ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Գիտական գործիքներ կամ սարքավորումներ` նախատեսված բացառապես դասավանդման կամ գիտական հետազոտության համար` պայմանով,
ա) որ նման գիտական գործիքները և սարքավորումները նախատեսված կլինեն պետական կամ մասնավոր գիտական կամ կրթական հաստատությունների համար ու հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` անմաքս ներմուծման համար և կօգտագործվեն այդ հաստատությունների հսկողության և պատասխանատվության ներքո.
բ) որ նմանատիպ գիտական արժեք ունեցող գործիքներ և սարքավորումներ ներմուծման երկրում չեն արտադրվում:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ե
ԿՈՒՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
i) Կույրերի համար նախատեսված` ցցուն տառատեսակով գրքեր, հրատարակություններ և փաստաթղթեր:
ii) Այլ առարկաներ` հատուկ նախատեսված կույրերի կրթական, գիտական կամ մշակութային զարգացման համար, որոնք ներմուծվում են անմիջականորեն կույրերի խնամակալությամբ զբաղվող հաստատությունների կամ կազմակերպությունների կողմից և որոնք հաստատված են ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից` անմաքս ներմուծման համար:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ
Պայմանավորվող պետությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Համաձայնագրին դյուրացնելու նպատակով համաձայնեցին հետևյալի մասին.
1. Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է վավերացնել սույն Համաձայնագիրը` IX հոդվածի համաձայն, կամ միանալ դրան` X հոդվածի համաձայն` վերապահումով, որի տեքստը ներկայացվում է ստորև:
2. Այն դեպքում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները դառնա սույն Համաձայնագրի կողմ 1-ին կետում նախատեսված վերապահումով, սույն վերապահման դրույթները կարող են վկայակոչվել ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից` սույն Համաձայնագրի ցանկացած Պայմանավորվող պետության նկատմամբ, այնպես էլ յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կողմից` Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ` պայմանով, որ տվյալ վերապահումով սահմանված ցանկացած միջոց կկիրառվի` խտրականության բացառման հիման վրա:
Վերապահման տեքստը
ա) Եթե սույն Համաձայնագրով որևէ Պայմանավորվող պետության ստանձնած պարտավորությունների արդյունքում սույն Համաձայնագրով նախատեսված ցանկացած ապրանք իր տարածք ներմուծելը հարաբերական աճ է արձանագրում և իրականացվում այնպիսի պայմաններում, որոնք սպառնալիք են պարունակում կամ սպառնում են լուրջ վնասներ հասցնել նմանատիպ ապրանքների արտադրությամբ զբաղվող ազգային արտադրողներին կամ ուղղակիորեն նրա մրցակիցներին, ապա տվյալ Պայմանավորվող պետությունն ազատ է, վերը նշված 2-րդ կետով սահմանված պայմանների համաձայն, այն ժամանակահատվածում և միջոցների սահմաններում, որոնք անհրաժեշտ են այդ վնասը կանխարգելելու կամ վերականգնելու համար, ամբողջովին կամ մասնակիորեն կասեցնել այդ ապրանքի նկատմամբ սույն Համաձայնագրով ստանձնած ցանկացած պարտավորություն:
բ) Նախքան վերը նշված` «ա» կետի համաձայն դրույթների կիրառմանն ուղղված որևէ միջոց ձեռնարկելը, ցանկացած Պայմանավորվող պետություն այդ մասին նախապես` հնարավորինս շուտ, գրավոր ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը և տրամադրում է կազմակերպությանը և սույն Համաձայնագրի կողմ հանդիսացող Պայմանավորվող պետություններին իր կողմից նախատեսված միջոցը վերջիններիս հետ համադրելու հնարավորություն:
գ) Ծայրահեղ դեպքերում, երբ ուշացումը կհանգեցնի դժվար փոխհատուցելի վնասների, սույն արձանագրության «ա» կետի համաձայն, առանց նախնական խորհրդակցության, կարող են ձեռնարկվել ժամանակավոր միջոցներ` պայմանով, որ այդ խորհրդակցությունն իրականացվի այդպիսի միջոցներ ձեռնարկելուց անմիջապես հետո:
Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2010թ. օգոստոսի 23-ին: