Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Լիտվայի Հանրապետության կառավարության միջԵՎ ներդրումների խրախուսման ԵՎ փոխադարձ պաշտպանության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիտվայի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
նպատակ ունենալով փոխադարձ շահավետ պայմանների հիման վրա ամրապնդել տնտեսական համագործակցությունը միմյանց միջև,
մտադրվելով ստեղծել բարենպաստ պայմաններ մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում,
ընդունելով, որ ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանեն մասնավոր գործարար նախաձեռնությունը և կբարձրացնեն երկու երկրների բարգավաճումը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. | Սահմանումներ |
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «Ներդրում» տերմինի տակ հասկացվում են գույքի բոլոր տեսակները, որոնք ներդրվում են մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ ներդրումն իրականացվել է մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին համապատասխան և ներառում է, մասնավորապես, սակայն ոչ բացառապես.
ա. շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև ցանկացած այլ իրավունքը, in rem, ինչպես, օրինակ` գրավադրությունը, գրավի իրավունքը, գրավը և նմանատիպ այլ իրավունքները,
բ. բաժնետոմսերը, բաժնեմասերը և ձեռնարկությունում մասնակցության այլ ձևերը,
գ. դրամական կամ տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության կատարման պահանջները,
դ. մտավոր սեփականության իրավունքները, մասնավորապես, հեղինակային իրավունքները, արդյունաբերական գույքային իրավունքները (ինչպիսիք են արտոնագրերը, արդյունաբերական նախագծերը և մոդելները, առևտրային նշանները, առևտրային անունները) և նոու հաուն,
ե. բարի համբավը,
զ. օրենսդրությամբ կամ պայմանագրով տրամադրված տնտեսական գործունեությունների իրականացման ցանկացած իրավունքը, ներառյալ բնական պաշարների հետախուզման, արդյունահանման կամ շահագործման կոնցեսիաները:
Գույքի ներդրման ձևի ցանկացած օտարում չի ազդի դրա դիտարկմանը որպես ներդրման` պայմանով, որ այդպիսի օտարումը իրականացված է ընդունող Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:
2. «Ներդրող» տերմինը նշանակում է.
ա. ցանկացած ֆիզիկական անձ, որը հանդիսանում է քաղաքացի, այդ Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին համապատասխան, կամ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում քաղաքացիություն չունեցող մշտական բնակվող անձ,
բ. հիմնադրված կամ ստեղծված ցանկացած իրավաբանական անձ` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:
3. «Եկամուտ» տերմինը նշանակում է` ներդրումից ստացված բոլոր գումարները, և ներառում է, մասնավորապես, սակայն ոչ բացառապես, շահույթը, կապիտալի աճը, տոկոսադրույքները, շահաբաժինները, ռոյալթիները և վճարները:
4. «Տարածք» տերմինը նշանակում է` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետական (ցամաքային, ջրային և օդային) տարածքը և ցանկացած այլ տարածք, որի սահմաններում տվյալ Պայմանավորվող կողմի պետությունը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ իրավազորություն` միջազգային օրենքին համապատասխան:
5. «Օրենքներ և իրավական ակտեր» տերմինը նշանակում է` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դեպքում` այդ Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքներն ու իրավական ակտերը:
Հոդված 2. | Ներդրումների խրախուսում |
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին խրախուսի ներդրումներ կատարել իր տարածքում և ընդունի այդպիսի ներդրումները` համաձայն իր օրենքներին և իրավական ակտերին:
Հոդված 3 | Ազգային և առավել բարենպաստ ազգային ռեժիմ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ բոլոր դեպքերում պետք է ապահովի արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև` նրանց ամբողջական անվտանգությունը և պաշտպանությունը:
2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է կամայական կամ խտրական միջոցներով վնասի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կառավարումը, պահպանումը, օգտագործումը, տնօրինումը կամ տիրապետումը:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր սեփական կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին, որն ավելի բարենպաստ է:
4. Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես մի Պայմանավորվող կողմին պարտավորեցնող մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների վրա տարածել ցանկացած երրորդ պետության ներդրողներին տրամադրված ցանկացած ռեժիմի շահավետություն, առավելություն կամ արտոնություն, որոնք արդյունք են.
ա) ցանկացած առկա կամ ապագա մաքսային միության, ընդհանուր շուկայի, ազատ առևտրի գոտու, տարածաշրջանային տնտեսական համագործակցության այլ ձևերի կամ նմանատիպ միջազգային համաձայնագրերի, որոնց Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կողմ է կամ կարող է լինել կողմ,
բ) կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ ցանկացած առկա կամ ապագա համաձայնագրերի կամ հարկմանը վերաբերող ցանկացած այլ կարգավորման:
Հոդված 4. | Օտարում |
1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է օտարի, ազգայնացնի կամ դրանց հավասարազոր հետևանքներ ունեցող միջոցառումներ ձեռնարկի (այսուհետ՝ օտարում) մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ` բացառությամբ, երբ.
ա) այդպիսի օտարումը բխում է հասարակական շահերից և իրականացվում է օրենքի շրջանակներում,
բ) օտարումը իրականացվում է առանց խտրականության,
գ) վճարվում է նախնական և համարժեք փոխհատուցում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարված ներդրման շուկայական արժեքին, որը եղել է օտարման պահից կամ նախատեսվող օտարման մասին հանրորեն հայտնի դառնալու պահից անմիջապես առաջ, որի նկատմամբ օտարման պահից մինչև ամբողջ փոխհատուցման վճարման օրը կներառվի տոկոսադրույք` հաշվարկված LIBOR-ի հիման վրա:
3. Այն ներդրողները, որոնց գույքը օտարվել է, առանց խախտելու սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով իրենց տրված իրավունքները, իրավունք կունենան օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմի համապատասխան դատական կամ այլ իրավասու և անկախ մարմինների կողմից իրենց գործի արագ քննության` պարզելու համար, թե որքանով են այդպիսի օտարումը և դրա հետ կապված ցանկացած փոխհատուցումը համապատասխանում սույն հոդվածով սահմանված սկզբունքներին և օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին:
Հոդված 5. | Վնասների փոխհատուցում |
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնց ներդրումները վնասներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի, ազգային արտակարգ իրավիճակների, խռովության, ապստամբության կամ այլ նմանատիպ իրադարձությունների հետևանքով, վերջին Պայմանավորվող կողմը կտրամադրվի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր սեփական կամ որևէ երրորդ պետության ներդրողներին, և որն ավելի բարենպաստ է:
2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի պայմաններին` մի Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնք վնաս են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած իրադարձության հետևանքով, և որը արդյունք է.
ա) վերջինիս զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման, կամ
բ) վերջինիս զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման, որը չի բխել իրավիճակի անհրաժեշտությունից,
պետք է ստանան վերականգնում կամ փոխհատուցում, որոնք ցանկացած դեպքում պետք է լինեն արագ, ճշգրիտ և արդյունավետ:
Հոդված 6. | Փոխանցումներ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կերաշխավորի դեպի իր տարածք և իր տարածքից դեպի դուրս մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումը, մասնավորապես.
ա) նախնական կապիտալը և ներդրումների պահպանման կամ ընդլայնման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարները,
բ) եկամուտները,
գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի լուծարումից ստացված միջոցները,
դ) ուղղակիորեն ներդրումների հետ կապված փոխառությունների հետ վճարման գումարները,
ե) 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցումը,
զ) 7-րդ հոդվածում նախատեսված երաշխավորման կամ ապահովագրման պայմանագրով վճարումները,
է) իր տարածքում ներդրումների առնչությամբ ներգրավված արտասահմանյան աշխատուժի աշխատավարձերի գումարները:
2. Չխախտելով Եվրոպայի միության կողմից ընդունված միջոցառումները` փոխանցումները պետք է կատարվեն այն արժույթով, որով իրականացվել է սկզբնական ներդրումը, կամ ազատ փոխարկելի արժույթով` ներդրողի համաձայնությամբ, փոխանցման իրականացման օրվա` արտարժույթի փոխանակման շուկայական հիմնական փոխարժեքով, և իրականացվեն առանց անհիմն ուշացման:
3. Պայմանավորվող կողմերը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փոխանցումներին կտրամադրեն այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է որևէ երրորդ պետության ներդրողների ներդրումների հետ կապված փոխանցումներին:
4. Չնայած սույն հոդվածով սահմանված դրույթներին` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է իրականացնել հավասար, ոչ խտրական և բարեխիղճ միջոցառումներ` կապված հարկման, վարկատուների իրավունքների պաշտպանության հետ կամ այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխանության ապահովման հետ:
Հոդված 7. | Սուբրոգացիա |
Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա կողմից նշանակված մարմինը (առաջին Պայմանավորվող կողմ) վճարում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի (երկրորդ Պայմանավորվող կողմ) տարածքում ներդրողի ներդրումների համար երաշխավորագրի կամ ապահովագրական պայմանագրի հիման վրա, ապա երկրորդ Պայմանավորվող կողմը ճանաչում է.
ա) առաջին Պայմանավորվող կողմին փոխհատուցվող կողմի բոլոր իրավունքների և պահանջների փոխանցումը` օրենքով կամ իրավական կարգավորմամբ, և
բ) որ առաջին Պայմանավորվող կողմը սուբրոգացիայի իրավունքով ստանում է նման իրավունքները իրականացնելու և նրա պահանջները ներկայացնելու իրավունք այն չափով, որն ուներ փոխհատուցվողը:
Հոդված 8. | Ներդրումային վեճերի կարգավորումը |
1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ծագած վեճերը` կապված առաջինի տարածքում վերջինիս ներդրման հետ, հնարավորության սահմաններում պետք է լուծվեն բարեկամաբար: Վեճի առկայության դեպքում ներդրողը պետք է պատշաճ մանրամասնությամբ գրավոր ծանուցի այն Պայմանավորվող կողմին, որի տարածքում կատարվել է ներդրումը:
2. Եթե 1-ին կետում սահմանված գրավոր ծանուցման ներկայացման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, անհնար է եղել բարեկամաբար կարգավորել վեճը, և սպառվել են բոլոր տեղական դատական և վարչական միջոցները, Պայմանավորվող կողմը կամ ներդրողը իրավունք կունենա վեճը ներկայացնելու.
● Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ՆՎԿՄԿ), որը հիմնվել է Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայի հիման վրա` ՆՎԿՄԿ-ի միջնորդ դատավարության ընթացակարգերի կանոնների ներքո հաշտեցման կամ միջնորդ դատավարության համար, եթե երկու Պայմանավորվող կողմերն էլ միացել են կոնվենցիային, կամ
● «ad-hoc» միջնորդ դատարան` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն: Վեճին մասնակից կողմերը կարող են գրավոր համաձայնել այդ կանոնները փոփոխել:
3. Միջնորդ դատավարության որոշումը վերջնական և պարտադիր կլինի վեճին մասնակից կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է առանց ուշացման իրականացնի ցանկացած այդպիսի որոշումը, որը ճանաչվել է համապատասխան Պայմանավորվող կողմի օրենքներին և իրավական ակտերին համաձայն, և պետք է ապահովի այդպիսի որոշումների արդյունավետ կիրառումը իր տարածքում:
4. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը, ի պաշտպանություն իրեն, չի հայտարարի, որ հայտարարվող ամբողջ վնասի կամ դրա մի մասի համար փոխհատուցում է վճարվել կամ պետք է վճարվի` երաշխավորման կամ ապահովագրման պայմանագրի համաձայն:
Հոդված 9. | Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը |
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ հնարավորության սահմաններում կկարգավորվի դիվանագիտական ուղիներով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գալիս վեճի ծագման օրվանից սկսած` վեց ամսվա ընթացքում, ապա, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջով, այն կարող է ներկայացվել միջնորդ դատարան:
3. Յուրաքանչյուր դեպքի համար միջնորդ դատարանը կկազմավորվի հետևյալ կերպով. Միջնորդ դատավարության պահանջի ներկայացումից հետո` երկու ամսվա ընթացքում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի միջնորդ դատարանի մեկական անդամի: Այս երկու անդամները ընդհանուր համաձայնությամբ հետագա երկու ամսվա ընթացքում ընտրում են երրորդ անդամին, որը հանդիսանում է երրորդ երկրի քաղաքացի: Միջնորդ դատարանի երրորդ անդամը, երկու Պայմանավորվող կողմերի հաստատմամբ, կնշանակվի միջնորդ դատարանի նախագահ:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամանակահատվածներում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ցանկացած այլ համաձայնության բացակայության դեպքում, անհրաժեշտ նշանակումները կատարելու համար կարող է հրավիրել Միջազգային դատարանի Նախագահին: Եթե Նախագահը որևէ Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի է, կամ եթե որևէ այլ պատճառով նա չի կարող կատարել նշված գործառույթը, ապա նշանակումները կատարելու համար պետք է հրավիրվի փոխնախագահը: Եթե փոխնախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ եթե նա նույնպես որևէ այլ պատճառով չի կարող կատարել նշանակումները, ապա նշանակումները կատարելու համար հրավիրվում է Միջազգային դատարանի այն անդամը, որը ավագության սկզբունքով հաջորդն է և որևէ Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի չէ:
5. Միջնորդ դատարանը կսահմանի իր սեփական ընթացակարգը: Միջնորդ դատարանի որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ: Կայացված վճիռները կլինեն վերջնական և պարտադիր յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկրի միջնորդ դատարանում իր սեփական անդամի և միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության ծախսերը; Նախագահի և մյուս ծախսերը Պայմանավորվող կողմերը կկրեն հավասար չափերով: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի մեծ մասը պետք է կրի Պայմանավորվող կողմերից որևէ մեկը, և այդպիսի որոշումը պարտադիր կլինի երկու Պայմանավորվող կողմերի համար:
Հոդված 10. | Առավել բարենպաստ դրույթներ |
Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ներպետական օրենքը կամ միջազգային օրենքով սահմանված պարտավորությունները, որոնք ներկայումս գործում են կամ կսահմանվեն հետագայում, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրում են առավել բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է սույն Համաձայնագրով, ապա նախապատվությունը տրվում է առավել բարենպաստ ռեժիմին:
Հոդված 11. | Խորհրդակցություններ |
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դիմումով` մյուս Պայմանավորվող կողմը արագ կհամաձայնի անցկացնել սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված խորհրդակցություններ:
Հոդված 12. | Սույն Համաձայնագրի կիրառումը |
1. Սույն Համաձայնագիրը կվերաբերի մի Պայմանավորվող կողմի տարածքում, նրա օրենքներին և իրավական ակտերին համապատասխան, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումներին, որոնք իրականացվել են ինչպես նախքան, այնպես էլ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, բայց չի վերաբերի որևէ ներդրումային վեճի, որը ծագել է կամ կարող էր ծագած լինել, կամ որևէ հայցային պահանջի, որը լուծվել է մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
2. Սույն Համաձայնագիրը չի վերաբերի այն հարցերին, որոնք կապված են հող ձեռք բերելու, օգտագործման, շահագործման կամ տիրապետման հետ: Այս հարցերը կարգավորվում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 13. | Փոփոխություններ և լրացումներ |
Պայմանավորվող կողմերը ընդհանուր համաձայնությամբ կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ և լրացումներ: Նման փոփոխությունները և լրացումները կկատարվեն գրավոր և սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո կդառնան նրա անբաժան մասը:
Հոդված 14. | Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը |
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա համար Պայմանավորվող կողմերի համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա տասը (10) տարվա ընթացքում: Այն կգործի անորոշ ժամանակահատվածով` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի` դադարեցնելու մտադրության մասին մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու օրվանից մինչև տասներկու (12) ամիսը լրանալը:
3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը, 1-ից մինչև 12-րդ հոդվածների դրույթները կգործեն դադարեցման ժամկետից հետո` հաջորդ տասը (10) տարիների ընթացքում:
Կատարված է Երևան քաղաքում, 2006 թ. ապրիլի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լիտվերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման շուրջ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի մարտի 16-ից: