«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2003 թվականի N 505-Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի n 2081-ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների մասին
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2081-ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Քիմբերլի գործընթացի հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Քիմբերլի գործընթացի հավաստագրերի տպագրական ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 5 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող` բնական` չմշակված, չտեսակավորված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 10 000), արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 21 000), ոչ արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 31 000) ալմաստների մաքսային ձևակերպումներն իրականացնել միայն Քիմբերլի գործընթացի հավաստագրի առկայության դեպքում:
(3-րդ կետը փոփ. 24.12.09 N 1489-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
կ ա ր գ
Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացման
1. Սույն կարգով կարգավորվում է բնական` չմշակված, չտեսակավորված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 10 000), արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 21 000), ոչ արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 31 000) ալմաստների (այսուհետ` ալմաստներ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման դեպքում Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացման կարգը:
(1-ին կետը փոփ. 24.12.09 N 1489-Ն)
2. Ալմաստների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել միայն արտահանող երկրի կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի առկայության դեպքում: Ներկրված բնական ալմաստներն ուղեկցող Քիմբերլի գործընթացի հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) կտրոնի «Մաքսատան նշագրում» տողում դրվում է համապատասխան մաքսատան ծառայողի ստորագրությունն ու կնիքը:
3. Հավաստագրով Հայաստանի Հանրապետություն ալմաստների ներմուծման դեպքում այն ենթակա է հաշվառման, գրանցման և հրապարակման լիազորված մարմնի կողմից` համաձայն Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի սահմանած պահանջների:
4. Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանումը կարող է իրականացվել միայն լիազորված մարմնի կողմից տրված հավաստագրի առկայության դեպքում: Արտահանումը կարող է իրականացվել միայն Քիմբերլի գործընթացի անդամ հանդիսացող պետություններ:
5. Հայաստանի Հանրապետությունից ալմաստներ արտահանելու նպատակով հավաստագիր ստանալու համար հայտարարատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
դիմում,
արտահանվող ալմաստների ծագման աղբյուրը հիմնավորող փաստաթղթեր (ներմուծման պայմանագրի և հավաստագրի պատճենները, որոնց հիման վրա ներկրվել է հումքի արտահանվող քանակը),
տեղեկանք` արտահանվող հումքի մասին (արտահանվող երկիրը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), արտահանվող ալմաստների արժեքը (ԱՄՆ-ի դոլար), ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,
առաջին անգամ հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում հայտարարատուն պետք է ներկայացնի նաև տեղեկանք տվյալ օրվա դրությամբ իր մոտ առկա անմշակ ալմաստի մնացորդի մասին:
6. Լիազորված մարմինը հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա 3-օրյա ժամկետում տալիս է հավաստագիր:
7. Հավաստագիր ստանալու համար դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 5-րդ կետի պահանջներին: Մերժման հիմնավորումը քննարկվում է դիմումն ստանալու օրվանից երկօրյա ժամկետում: Դրա մասին երկօրյա ժամկետում տեղյակ է պահվում դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:
8. Լիազորված մարմնի ներկայացուցիչն իրավասու է ներկա գտնվելու ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողություններին։ Մաքսատունը ներմուծվող և (կամ) արտահանվող ալմաստների նկատմամբ մաքսային հսկողության գործողությունների կատարման վայրի և նախատեսվող ժամանակի մասին նախօրոք տեղեկացնում է լիազորված մարմնին։
Ներմուծված ալմաստների մաքսային սահմանով բացթողումն իրականացվում է միայն լիազորված մարմնի կողմից հավաստագրի կտրոնի հեռացման և հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքը դրված լինելու դեպքում։ Հավաստագրի վրա «Ներմուծումը հաշվառված է» դրոշմակնիքի առկայությունը հավաստում է լիազոր մարմնի կողմից հավաստագրի կտրոնը հեռացված լինելու փաստը:
(8-րդ կետը խմբ. 10.02.05 N 212-Ն)
9. Դիմողը հավաստագիր ստանալու մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Ներմուծման և արտահանման դիմումների հաշվառման համար վարվում են առանձին հաշվառման գրանցամատյաններ` համաձայն Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրով սահմանված պահանջների:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |