ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1337-Ն
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակների համաձայն` դրանցում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով.
1.1) սույն կետի 1-ին ենթակետում նշված հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) կառուցված բնակելի տները քաղաքացիներին հատկացվում են դրանց շինարարության ավարտման փաստագրումից անմիջապես հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական աջակցություն ցուցաբերելու մասին համապատասխան պայմանագրի համաձայն.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրով բնակելի տան նկատմամբ ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ կետը լրաց., փոփ. 26.11.09 N 1402-Ն)
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին`
1) ստեղծել աշխատանքային խմբեր սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված աղետի գոտու գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման ցուցակների ստուգման նպատակով և անհրաժեշտության դեպքում առաջարկել համայնքների ղեկավարներին համապատասխան փոփոխություններ կատարել ցուցակներում.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված ցուցակների ստուգման արդյունքներով դրանք ներկայացնելը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 20-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցության միջոցով իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի (այսուհետ` բնակարանային ապահովման ծրագիր) շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և բնակարանային ապահովության առաջնահերթության որոշման չափանիշները:
2. Բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և տվյալ բնակավայրում հաշվառված ու մշտական բնակություն հաստատած (այդ թվում` երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված) այն անձինք ու նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակելի տները երկրաշարժի հետևանքով քանդվել կամ 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա են քանդման:
(2-րդ կետը լրաց. 23.07.09 N 845-Ն, 26.11.09 N 1402-Ն)
3. Բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառման ժամանակ ընտանիքի կազմը որոշվում է երկրաշարժի պահին տվյալ բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքում գրանցված, ինչպես նաև հաշվառման պահին ընտանիքի փաստացի անդամների թվով` որպես մեկ ընտանիք:
(3-րդ կետը փոփ. 26.11.09 N 1402-Ն)
II. ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
4. Բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:
5. Բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին: Դիմումում նշվում են ընտանիքի անդամների, այդ թվում` ժամանակավոր բացակայողների թիվը, ժամանակավոր բնակության վայրը:
6. Դիմումին կից ներկայացվում են`
1) ընտանիքի անդամների անձնագրերի (անչափահաս անդամների` ծննդյան վկայականների) պատճենները.
2) ամուսնության (ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության) վկայականների պատճենները.
3) 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև տուն ունենալու մասին քաղվածք` համապատասխան բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք և (կամ) այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը.
4) ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականների պատճենները.
5) անավարտ շինարարության բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականության վկայականի պատճենները.
6) անապահովության համակարգում ընդգրկվածության և ընտանիքի անապահովության մեծության բալային ցուցանիշի մասին տեղեկանք.
7) (ենթակետն ուժը կորցրել է 23.07.09 N 845-Ն)
(6-րդ կետը փոփ. 23.07.09 N 845-Ն, խմբ. 26.11.09 N 1402-Ն)
6.1. Երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված անձանց կողմից, բացի սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերից, դիմումին կից ներկայացվում է նաև երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան (բնակարանի) և դրա դիմաց նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքից չօգտվելու մասին նախկին մշտական բնակավայրի համայնքի ղեկավարի տրված տեղեկանքը:
(6.1 կետը լրաց. 23.07.09 N 845-Ն)
7. Սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետում նշված տեղեկանքը տրամադրվում է քաղաքացու դիմումի հիման վրա` սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմնի կողմից` դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում:
8. Բնակարանային պայմանները բարելավելու համար քաղաքացիների դիմումների հաշվառումը վարում է համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատողը` համաձայն սույն կարգի N 1 ձևի:
9. Դիմումում նշված տեղեկատվությունն ու դիմումում ներկայացված քաղաքացիների բնակարանային պայմաններն ստուգում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ` համաձայն սույն կարգի N 2 ձևի:
9.1. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու համար համայնքի ղեկավարը հիմք է ընդունում տվյալ համայնքի ավագանու որոշումը` 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին:
(9.1 կետը լրաց. 26.11.09 N 1402-Ն)
10. Քաղաքացիների դիմումները, կից ներկայացված փաստաթղթերի հետ միասին, մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և քաղաքացուն հաշվառման վերցնելու վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով հանձնաժողովի կարծիքը:
11. Դիմումների քննության արդյունքներով մերժվում են այն անձինք, ովքեր`
1) ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն` բացառությամբ նախորդ տարիներին պետական միջոցների հաշվին առանց վարկային միջոցների ներգրավմամբ շինարարությունն սկսած անավարտ շինարարության բնակելի տների.
2) նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում օգտվել են բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից.
3) 2004 թվականի հունվարի 1-ից հետո օտարել են բնակարան (բնակելի տուն), որի հետևանքով արհեստականորեն վատթարացրել իրենց բնակարանային պայմանները.
4) երկրաշարժից հետո հրաժարվել են բնակարանի (բնակելի տան) ժառանգությունից կամ ժառանգության բացման օրվանից սահմանված ժամկետում դիմում չեն ներկայացրել բնակարանի (բնակելի տան) ժառանգման իրավունքի վկայականն ստանալու համար.
5) սեփականության իրավունքով իրենց պատկանող` երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան դիմաց նախկին Հայխնայբանկում բացված իրենց ավանդային հաշիվներին փոխանցված փոխհատուցման միջոցներով կառուցել են բնակելի տուն.
6) չեն ներկայացրել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև 9.1-ին կետի համաձայն անհրաժեշտ փաստաթղթեր.
7) ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
(11-րդ կետը փոփ., լրաց. 26.11.09 N 1402-Ն)
12. Հաշվառման վերցված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մերժել են, մեկշաբաթյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկվում են: Համայնքի ղեկավարի որոշման հետ չհամաձայնվելու դեպքում քաղաքացիները կարող են այն բողոքարկել դատարան:
13. Հաշվառման վերցված քաղաքացիների ազգանունները գրանցվում են բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման մատյանում` համաձայն սույն կարգի N 3 ձևի:
14. Սույն կարգի 12-րդ կետում նշված հաշվառման մատյանը պետք է համարակալված, ժապավենավորված և ստորագրված լինի համայնքի ղեկավարի կողմից: Հաշվառման մատյանը, կնքված համայնքի ղեկավարի աշխատակազմի կնիքով, պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ և դրանում ուղղումներ կատարել չի թույլատրվում:
15. Հաշվառման վերցված յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է հաշվառման գործ, որում պահվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Գործում առկա փաստաթղթերի ցուցակն ստորագրում է հաշվառման վերցված քաղաքացին: Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում նրանց անձանց ազգանունների դիմաց նշված համարներին:
16. Եթե հաշվառման մեջ գտնվող քաղաքացին մշտական բնակության է մեկնել այլ վայր կամ մահացել կամ սույն կարգի 17-րդ կետի հիմքերով կորցրել է հաշվառման մեջ մնալու իրավունքը, ապա նրա հետ միասին հաշվառման վերցված նրա ընտանիքի անդամների համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը:
16.1. Եթե հաշվառման մեջ գտնվող քաղաքացու ընտանիքը բնակարանային ապահովման ծրագրի իրականացմանը նախորդող 1 տարվա ընթացքում լրիվ կազմով փաստացի բնակվում է հանրապետությունից դուրս, ապա ծրագրի շրջանակներում նրան բնակելի տան հատկացման հարցը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների: Նշված քաղաքացիների նկատմամբ բնակելի տան հատկացման հարցն ավելի ուշ ժամկետների փոխադրելու մասին որոշումներն ընդունում է համայնքի ղեկավարը` հաշվի առնելով հանձնաժողովի կարծիքը:
(16.1 կետը լրաց. 23.07.09 N 845-Ն)
17. Քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`
1) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.
2) հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր.
3) բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման պահին ի հայտ է եկել բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակում նրանց հաշվառելու չափանիշների անհամապատասխանություն.
4) առաջ է եկել սույն կարգի 11-րդ կետով սահմանված դիմումի մերժման որևէ հիմք:
18. Քաղաքացիներին հաշվառումից հանում է համապատասխան համայնքի ղեկավարը: Ընդ որում, հաշվառումից հանելու հարցի առաջացման դեպքում քաղաքացիները հրավիրվում են այն նիստին, որտեղ քննարկվում է նրանց հաշվառումից հանելու հարցը: Առանց հարգելի պատճառների նիստին քաղաքացիների չներկայանալը հարցի լուծման համար խոչընդոտ չի հանդիսանում: Ընդունված որոշման մասին 5-օրյա ժամկետում քաղաքացիներին հայտնվում է գրավոր:
19. Հաշվառման վերցնելու մասին ընդունված որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակ` համաձայն սույն կարգի N 4 ձևի` ըստ բնակարանային ապահովության հետևյալ առաջնահերթության`
1) 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ.
2) երկրաշարժի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներ.
3) երկրաշարժի հետևանքով 1-ին խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքներ.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխա որդեգրած անձինք.
5) կերակրողներից մեկին կորցրած` անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ.
6) միայնակ ծերեր.
7) երկրաշարժի հետևանքով 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքներ։
20. Բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում նշվում է ցուցակում ընդգրկված անձի ընտանիքին (անձերի թվով) սույն կետով սահմանված նորմերից ելնելով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակելի տան (բնակարանի) սենյակների թիվը`
1) միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին՝ 1 սենյակ.
2) ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 2 սենյակ.
3) չորս-հինգ անձից բաղկացած ընտանիքին՝ 3 սենյակ.
4) վեց-յոթ անձից բաղկացած ընտանիքին՝ 4 սենյակ.
5) ութ և ավելի անձից բաղկացած ընտանիքին՝ 5 սենյակ:
20.1. Բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում սույն կարգի 20-րդ կետով սահմանված նորմերին համապատասխան տրամադրվող բնակելի տան սենյակների թիվը կարող է ավելանալ մեկ սենյակով` բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման մեջ գտնվող առանձին ընտանիքների միավորման մասին այդ ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում:
(20.1 կետը լրաց. 23.07.09 N 845-Ն)
21. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված բնակարանային ապահովության առաջնահերթության համաձայն յուրաքանչյուր ենթակետերի շրջանակներում հաշվառման վերցված անձանց հերթականությունը որոշվում է` ելնելով ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորից՝ ըստ նվազման հերթականության և հաշվառման համար ներկայացված դիմումի ժամկետի:
22. Բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները ենթակա են հաստատման համայնքի ղեկավարի կողմից` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը: 2008 թվականի դեկտեմբերի 15-ից հետո դիմումներ չեն ընդունվում, և այդ ժամկետում բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով` սահմանված կարգով դիմում չներկայացրած անձանց նկատմամբ աղետի գոտու գյուղական բնակավայրերում բնակելի տների հատկացման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունների կատարումը համարվում է դադարեցված:
(22-րդ կետը լրաց. 23.07.09 N 845-Ն)
22.1. Սույն կարգի համաձայն հաշվառման վերցված անձինք պահպանում են սույն կարգի 19-րդ կետի համաձայն առաջնահերթության իրավունքը` մինչև բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում իրենց բնակարանային պայմանները բարելավելը:
(22.1 կետը լրաց. 23.07.09 N 845-Ն)
23. Սույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 2008 թվականի դեկտեմբերի 20-ը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
24. Հրապարակայնությունն ապահովելու նպատակով հաստատված ցուցակները տվյալ համայնքում փակցվում են տեսանելի տեղում և տեղադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան մարզպետարանների ինտերնետային կայքերում` նշելով, որ համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակները կարող են փոփոխվել աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման գործընթացի ժամանակ` դրանցում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ
__________________________________
(համայնքի անվանումը, դրա ղեկավարի անունը, ազգանունը)
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Բնակության վայրը |
Դիմումն ստացվելու ամսաթիվը, տարեթիվը |
Ծանոթա-գրություն |
Ձև N 2
Ա Կ Տ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ___________________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը)
Ժամանակավոր բնակության վայրը _____________________________
1. Հանձնաժողովը` կազմված ______ անձանցից, ________ 2008 թ. ստուգեց բնակարանային պայմանները և պարզեց` 1) ժամանակավորապես զբաղեցրած շենքի նկարագրությունը ________________________________________________________ 2) բնակտարածությունը, որտեղ ժամանակավորապես բնակվում է քաղաքացին, ում է այն պատկանում և բնակության վայրը ________________________ ________________________________________________________ 3) տվյալ բնակելի տարածությունում ժամանակավորապես բնակվող ընտանիքի կազմը ________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________
2. Ստուգման ընթացքում դիմողի ընտանիքի մասին հայտնաբերված լրացուցիչ տեղեկություններ` ____________________________________________ (երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան) ________________________________________________________ (ընտանիքի զոհվածների կամ հաշմանդամ դարձած անդամների մասին և այլն) ________________________________________________________
3. Հանձնաժողովի եզրակացությունը ____________________________________________________ ____________________________________________________
Հանձնաժողովի անդամների ստորագրությունները |
Ձև N 3
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
________________________________
(համայնքի անվանումը)
Ազգանունը, անունը, հայրանունը |
Տվյալ բնակա-վայրում բնակվելու ժամկետը |
Նախ-կինում զբաղեց-րած բնակելի տան մակե-րեսը, սենյակ-ների թիվը |
Ընտանիքի կազմը |
Ժամանակա-վորապես զբաղեցրած կացարանի նկարագրու-թյունը |
Հաշվառման վերցնելու մասին որոշման համարը, ամսաթիվը, տարեթիվը |
Նշումներ բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու մասին |
Ծանոթա-գրություն |
Ձև N 4
Ց ՈՒ Ց Ա Կ
_________________ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ (համայնքի անվանումը) |
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնա-գրային տվյալները |
Ընտանիքի անդամների թիվը |
Բնակապա-հովման առաջնահեր-թությունը |
Հասանելիք բնակելի տան չափը (սենյակների թվով) |
Նշումներ անավարտ շինարարության բնակելի տան առկայության և դրա շինարարական պատրաստականության մասին |