ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 սեպտեմբերի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 22.07.2009թ. դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հուլիսի 15-ին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու համար Հայաստանի Հանրապետությանն աջակցելու նպատակով:
2. Վարկային համաձայնագիրը բաղկացած է վեց հոդվածներից և հինգ հավելվածներից:
Համաձայնագիրը ներառում է հոդվածներ վարկի, վարկի տրամադրման կարգի, սահմանումների, վարկային միջոցների օգտագործման, հատուկ պայմանավորվածությունների, համաձայնագրի գործողության ժամկետի, ինչպես նաև դրա իրականացման այլ դրույթների վերաբերյալ:
Հավելվածները ներառում են Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի նկարագրությունը, վճարների ժամանակացույցը, վարկային միջոցների մասհանումների պայմանները և այլն:
3. Վարկային համաձայնագրով նախատեսվում է ԱԶԲ-ի Հատուկ ֆոնդի ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` երկու մասով, համապատասխանաբար` 29,735,000 և 21,643,000 Հատուկ փոխառության իրավունքներին (ՀՓԻ) համարժեք գումար` տարբեր արտարժույթներով, ընդհանուր գումարով` 51, 378,000 ՀՓԻ, որը համարժեք է 80,000,000 ԱՄՆ դոլարին:
Վարկային համաձայնագրի տևողությունն է 24 տարի, որից 8 տարին արտոնյալ ժամանակահատված է:
Վարկի առաջին մասով նախատեսված է տարեկան 1% տոկոսադրույքով վարկային վճար արտոնյալ ժամանակաշրջանի ընթացքում և տարեկան 1.5%` մարման ժամանակահատվածում: Վարկի երկրորդ մասով նախատեսված է տարեկան 1.6% տոկոսադրույք` վարկի մարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:
Վճարման արժույթը ԱՄՆ դոլարն է:
Որպես վարկի տրամադրման վերջնաժամկետ նախատեսված է 2009 թվականի դեկտեմբերի 31-ը կամ Վարկառուի և ԱԶԲ-ի միջև փոխհամաձայնեցված այլ օր:
4. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
-
համամասնորեն մարել վարկային հաշվից ստացված վարկի մայր գումարը` համաձայնագրի հավելված 2-ում նշված ամորտիզացիոն վճարների ժամանակացույցի համաձայն,
-
ապահովել, որ վարկային միջոցներն ուղղվեն ծրագրային ծախսերի ֆինանսավորմանը` վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան,
-
Ծրագրի իրականացման ընթացքում կատարել կամ ապահովել վարկային համաձայնագրի հավելված 5-ում շարադրված բոլոր պարտավորությունների կատարումը,
-
տրամադրել, կամ ապահովել տրամադրումը, ԱԶԲ-ին եռամսյակային հաշվետվություններ` Ծրագրի առաջընթացի և Քաղաքականության նամակով նախանշված գործողությունների ընթացքի վերաբերյալ,
-
լիարժեք համագործակցել ԱԶԲ-ի հետ` կատարողականի գնահատման և հսկման համակարգ մշակելու գործում, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ մշակել և օգտագործել հատուկ չափորոշիչներ` գնահատելու Ծրագրի արդյունքները և ազդեցությունները:
5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|