ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ԵՔԴ/0363/05/08 |
Վարչական գործ թիվ ԵՔԴ/0363/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
Է. Խունդկարյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Թամարա Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.01.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Թամարա Ավագյանի ընդդեմ Արեգ, Ռոեննա, Գագիկ Հայրապետյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)՝ Երքաղխորհրդի գործկոմի 22.09.1995 թվականի թիվ 34/4 որոշումը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և Երևանի Փ. Բյուզանդի 53 հասցեի 205,7 քմ մակերեսով շինության ու 672 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Թամարա Ավագյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Երքաղխորհրդի գործկոմի 22.09.1995 թվականի թիվ 34/4 որոշումը, դրա հիման վրա Արեգ, Ռոեննա, Գագիկ Հայրապետյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Փ. Բյուզանդի 53 հասցեի 205,7 քմ մակերեսով շինության ու 672քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.02.2008 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան:
Երևանի քաղաքացիական դատարանի 24.03.2008 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկվել է ՀՀ վարչական դատարան:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.02.2009 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Ավագյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի, 90-րդ հոդվածը, 112-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, 275-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ ՀՀ վարչապետի 23.02.1996 թվականի թիվ 78 որոշմամբ Երևանի քաղաքային գործադիր կոմիտեն լուծարվել է և նույն կամ այլ որոշմամբ իրավահաջորդ չի ճանաչվել:
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել գործում եղած բոլոր ապացույցները:
Վարչական դատարանը հաշվի չի առել, որ 02.03.1928 թվականի գույքային թերթի /թիվ 6 տոմարի 108 թերթ/, պետական նոտարի 24.08.1929 թվականի թիվ 3797 գրառմամբ Արամ Ավագյանը 3500 ռուբլիով Եղիսաբեթ Զախարի Ենգիբարյանից գնել է վիճելի անշարժ գույքը: Այդ թվականից սկսած հայցվորը իր ընտանիքով՝ հայր, մայր և չորս քույրերը բնակվել են Սվերդլովի 53 հասցեի տանը:
1937 թվականի օգոստոսի 31-ի ՀՍՍՌ ՆԳԺԿ Եռյակի որոշմամբ Արամ Ավագյանը դատապարտվել է մահապատժի, հակահեղափոխական Դաշնակցական կուսակցության կոմիսար լինելու և ակտիվ հակասովետական գործունեություն ծավալելու համար։ Երկրորդ շրջանի ժողովրդական դատարանի 07.08.1934 թականի թիվ 091 որոշմամբ, Սվերդլովի 53 հասցեի տունն Արամ Ալեքսանի Ավագյանի մասով համարվել է պետական ունեցվածք։
Չնայած այդ հանգամանքին, չորս քույրերը մինչև ամուսնանալը շարունակել են բնակվել նշված հասցեում, իսկ մայրը մինչև իր մահը՝ 1973 թվականը: 1989 թվականի մայիսի 25-ի ԽՍՀՄ դատախազության եզրակացությամբ Արամ Ավագյանը համարվել է ռեաբիլիտացիայի ենթարկված և նրա վրա տարածվել է ԽՍՀՍ Գերագույն Խորհրդի նախագահության 1989 թվականի հունիսի 16-ի «1930-40թթ. և 1950-ական թթ. սկզբներրն տեղի ունեցած բռնադատումների զոհերի նկատմամբ արդարության վերականգնման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 1-ին հոդվածը և նա արդարացվել է։
28.06.1995 թվականին Թամարա Ավագյանը ստացել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգի թիվ 2659 վկայականը, սակայն 1973 թվականին Թամարա Ավագյանի մոր մահից հետո այդ տարածքն անօրինական կերպով իրացվել է Հայրապետյանների կողմից, իրենց պատկանող մասը ներկայացնելով որպես ինքնակամ կառույց։
Քանի որ Արամ Ավագյանը 1989 թվականի հունիսի 16-ի ԽՍՀՄ ԳԽ Նախագահության որոշմամբ արդարացվել է, ուստի մյուս իրավունքերի հետ միասին վերականգնվել է նաև նրա գույքային իրավունքը և այդ իրավունքները 28.06.1995 թվականին Թամարա Ավագյանին են անցել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգի վկայականով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.01.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Սույն գործի վարույթի կարճման հիմքում դրվել է ՀՀ վարչապետի 23.02.1996 թվականի «Պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» թիվ 78 որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է:
Սույն վարչական գործով Դատարանը գործի վարույթի կարճելիս հիմք է ընդունել ՀՀ վարչապետի 23.02.1996 թվականի թիվ 78 որոշումը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.
Արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 90-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը կիրառելի է Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների խորհրդի պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ քաղաքային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների լուծարման դեպքում:
1978 թվականի ՀԽՍՀ Սահմանադրության համաձայն` գործադիր կոմիտեները հանդիսացել են պետական իշխանության գործադիր մարմիններ:
05.07.1995 թվականի ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային, շրջանային խորհուրդները և նրանց գործադիր մարմինները շարունակել են իրականացնել օրենքով սահմանված իրենց լիազորությունները մինչև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրության ընդունումը:
Վերոգրյալից հետևում է, որ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն պետական մարմին է (տե՛ս, ըստ Աշխեն Աբրահամյանի հայցի ընդդեմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի` բնակարան հատկացնելու կամ փոխարժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, թիվ 3-994(ՎԴ) (2007թ.) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 22.09.1995 թվականի թիվ 34/4 որոշմամբ Փ. Բյուզանդի 53 հասցեում գտնվող 205,7քմ բնակելի տան և 689քմ հողամասի նկատմամբ ճանաչվել է Արեգ և Ռոեննա Հայրապետյանների սեփականության իրավունքը, ՀՀ վարչապետի 23.02.1996 թվականի թիվ 78 որոշմամբ ստեղծվել կառավարական լուծարային հանձնաժողով և հաստատվել նրա կազմը, որը պետք է երկամսյա ժամկետում ավարտեր պատգամավորների Երևանի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման աշխատանքները:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժողովրդական պատգամավորների խորհրդի պետական կառավարման մարմինների լուծարման դեպքում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի լուծարումից հետո վերջինիս կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերից բխող իրավունքների և պարտավորությունների կրողը պետությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը տվյալ դեպքերում կիրառելի չէ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն պատճառաբանությունը, որ գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ, քանի որ ՀՀ վարչապետի 23.02.1996 թվականի թիվ 78 որոշման համաձայն Երևանի քաղաքային գործադիր կոմիտեն լուծարվել է և իրավահաջորդ նույն կամ այլ որոշմամբ չի ճանաչվել:
Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա Դատարանում գործի վարույթը կարճված լինելու և սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզված չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.01.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
|
|
Վ. Աբելյան |
|
|
Ս. Անտոնյան |
|
|
Մ. Դրմեյան |
|
|
Է. Խունդկարյան |
|
|
Է. Հայրիյան |
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|