Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.33
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.04.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
17.04.2009
Дата вступления в силу
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/2851/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/2851/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրիկ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Յուրիկ Մնացականյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի հարկադիր կատարողի (այսուհետ` հարկադիր կատարող)՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և վճռի պահանջը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Յուրիկ Մնացականյանը պահանջել է ճանաչել իր և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի միջև իրավահարաբերության բացակայությունը և հարկադիր կատարողին պարտավորեցնել կատարելու ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2004 թվականի թիվ ՏՍ-718 վճռի պահանջը` կարճել թիվ 07/01-1021/07 կատարողական վարույթը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18.12.2008 թվականի վճռով վարչական գործի վարույթը կարճվել է` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Միաժամանակ, վճռվել է բռնագանձել Յուրիկ Մնացականյանից 8.000 ՀՀ դրամ պետական տուրքը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Յուրիկ Մնացականյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը      

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով ներկայացվել է հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելու վերաբերյալ հայց, որը ներկայացնող ֆիզիկական անձն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` պետական տուրքի մասով, բեկանել Դատարանի 18.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` ազատել պետական տուրքի վճարումից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

Յուրիկ Մնացականյանի 10.04.2008 թվականի հայցադիմումի պահանջներն են` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի հետ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելը և հարկադիր կատարողին ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2004 թվականի թիվ ՏՍ-718 վճռի պահանջը կատարելուն պարտավորեցնելը (գ.թ. 3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող է սահմանվել արտոնություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի թ) կետի 4-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ….. հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով:

Սույն գործով Յուրիկ Մնացականյանը ներկայացրել է պետական մարմնի հետ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և նույն պետական մարմնի պաշտոնատար անձին` հարկադիր կատարողին, ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2004 թվականի թիվ ՏՍ-718 վճռի պահանջը կատարելուն պարտավորեցնելու` կատարողական վարույթը կարճելու պահանջներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված պահանջներն ըստ էության հարկադիր կատարողի գործողությունները վիճարկելուն ուղղված պահանջներ են, հետևաբար, Յուրիկ Մնացականյանն ազատված է պետական տուրքի վճարումից:

Մինչդեռ, Դատարանը, կարճելով սույն վարչական գործի վարույթը, Յուրիկ Մնացականյանի վրա դրել է պետական տուրքի վճարման պարտականություն:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճռի` պետական տուրքի մասը և այն փոփոխել. Յուրիկ Մնացականյանին ազատել պետական տուրքի վճարումից:

2. Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ.Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան