ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2009 թվականի N 1034-Ն
«ՆՈՐԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Նորավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն)` դրա կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով, որ, կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս, ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը.
2) երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.
3) հաստատել կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը:
3. Սահմանել, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է:
4. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
4) սովորողների սննդի կազմակերպում.
5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:
5. Սահմանել, որ կազմակերպությանը`
1) սեփականության իրավունքով հանձնվում է 1063,0 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի.
2) անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է 268729,17 հազ. դրամ արժողությամբ գույք, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2009/2010 ուսումնական տարվա սկզբին աշակերտների միջին տարեկան թվի ճշգրտմամբ պայմանավորված` դասարանների փաստացի կազմավորման մասին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արմավիրի մարզի ենթակայության դպրոցներ» բաժնի «Արմավիրի տարածաշրջան» ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.
«18.1. Նորավանի միջնակարգ դպրոց»:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|