ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2009 թվականի N 1013-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 232-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) տնօրինման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերապահելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասը) համապատասխան հանձնման-ընդունման ակտով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` կից ներկայացնելով նաև տվյալ կազմակերպության կանոնադրության, պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենները, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատված հաշվապահական հաշվառման տարեկան և եռամսյակային վերջին հաշվետվությունները, ինչպես նաև բաժնետոմսերի փոխանցման հանձնարարագիրը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) համապատասխան մարմինների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև նշված աշխատանքներին առնչվող այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքներն իրականացնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել միջոցներ` անհրաժեշտության դեպքում այդ կազմակերպությունների կանոնադրություններում և պետական ռեգիստրի գրանցման վկայականներում համապատասխան փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում բաժնետիրոջ անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի վերաբերյալ համապատասխան փոփոխությունը գրանցելու համար.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|