ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-689(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 08-1791 | |
Նախագահող դատավոր՝ | Ա. Խառատյան |
Դատավորներ՝ | Կ. Չիլինգարյան |
Վ. Ավանեսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդան Թեյմուրազյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն)` խախտված իրավունքի վերականգնման (վնասի հատուցման) պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վարդան Թեյմուրազյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը վճարել բնակարանի վարձակալության իրավունքի սահմանափակման հետևանքով կրած վնասները, Երևան-Սիմֆերոպոլ-Երևան ուղեվարձի արժեքը և Սակիում գտնվող Բուրդենկոյի անվան առողջարանի մեկ ուղեգրի արժեքը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.08.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս Նախարարության, պարտավորեցվել է որպես վնասի հատուցում Վարդան Թեյմուրազյանին տրամադրել Սակի առողջարանի մեկ ուղեգիր` վճարելով նաև 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով Երևան-Սիմֆերոպոլ-Երևան չվերթի ինքնաթիռի տոմսի արժեքը: Հայցը՝ բնակարանի վարձակալության իրավունքի սահմանափակման հետևանքով կրած վնասների պահանջի մասով, մերժվել է` հայցային վաղեմության ժամկետը լրանալու կապակցությամբ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2008 թվականի որոշմամբ Վարդան Թեյմուրազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.08.2005 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդան Թեյմուրազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վնասի հատուցման պահանջով Վարդան Թեյմուրազյանը դեռևս 2001 թվականին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որն էլ 13.12.2001 թվականի վճռով բավարարել է հայցը` պարտավորեցնելով պետական բյուջեից Վարդան Թեյմուրազյանին վճարել 13.499 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև Երևանի Կենտրոն թաղապետարանին պարտավորեցրել է Վարդան Թեյմուրազյանի ընտանիքի չորս անդամին վերցնել բնակարանի արտահերթ կարիքավորների ցուցակում բնակհաշվառման: Փաստորեն, ժամանակին Վարդան Թեյմուրազյանի պահանջը բնակարանի մասով բավարարվել է, այսինքն՝ առկա է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, որը Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ նախորդ գործում օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը հայցը բավարարելիս հաշվի է առել միայն Վարդան Թեյմուրազյանի խախտված իրավունքը, նրա ընտանիքի կազմին չի անդրադարձել, ապա հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանի այդ դիրքորոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածներին, որոնց համաձայն` արդարացվածը կարող է վնասի հատուցման պահանջ ներկայացնել միայն իր մասով, իսկ նրա ընտանիքի անդամների վրա այդ իրավունքները և արտոնությունները չեն տարածվում:
Բացի այդ, բնակության պայմանների բարելավման կարիք ունեցող և արտահերթ հատկացվող բնակտարածության իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառելիս նկատի են ունեցվել նաև Վարդան Թեյմուրազյանի ընտանիքի անդամները և հաշվառումը կատարվել է ընտանիքի անդամների թվով պայմանավորված:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2008 թվականի որոշումը` ընտանիքի անդամների վարձակալության իրավունքների սահմանափակման հետևանքով կրած վնասների պահանջի մասով և այդ մասով հայցը մերժել, իսկ նախկինում զբաղեցրած բնակելի տարածությանը համարժեք գումար տրամադրելու պահանջի մասով որոշումը բեկանել և գործի վարույթը կարճել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոքի հիմնավորումներն այն մասին, որ Վարդան Թեյմուրազյանի կողմից ներկայացված պահանջն արդեն իսկ քննվել է, անհիմն է, քանի որ 13.12.2001 թվականի վճռում հստակ նշված է, որ այդ գործով քննարկվել է Վարդան Թեյմուրազյանից բնակարանն ապօրինի խլելու հետևանքով վարձակալությամբ բնակվելու փոխհատուցման հարցը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վարդան Թեյմուրազյանը Սպանդարյանի ժողդատարանի 11.05.1983 թվականի և 29.09.1988 թվականի դատավճիռներով դատապարտվել է ազատազրկման համապատասխանաբար 1 տարի 6 ամիս և 4 տարի ժամկետներով:
2) ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 25.01.2001 թվականի որոշմամբ վերը նշված դատավճիռները բեկանվել են, և քրեական գործերը կարճվել են` Վարդան Թեյմուրազյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:
3) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 10.09.2001 թվականի վճռով Վարդան Թեյմուրազյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, բավարարվել է մասնակիորեն` պետությունից հօգուտ Վարդան Թեյմուրազյանի բռնագանձվել է 9747 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 3360 ԱՄՆ դոլարը 1983 թվականին անօրինական դատապարտվելու հետևանքով 18 ամիսներին չստացած 2700 ռ հաշվարկով աշխատավարձի գումար, 5091 ԱՄՆ դոլարը` 1988-1992 թվականի օգոստոսը նվազագույն ամսական աշխատավարձի գումարը, 330.000 ՀՀ դրամը` դատապարտվելու հետևանքով վիրահատության և բուժման ծախսերը, 636 ԱՄՆ դոլարը` Բուրդենկոյի առողջարանում ողնաշարային հիվանդությունը բուժելու ծախսերը:
4) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 13.12.2001 թվականի վճռով Վարդան Թեյմուրազյանի հայցն ընդդեմ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Երևանի Կենտրոն թաղապետարանի բավարարվել է մասնակիորեն: Դատարանի նշված վճռով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, Վարդան Թեյմուրազյանի օգտին բռնագանձել է 13.499 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես բնակարանի վարձակալության իրավունքի սահմանափակման հետևանքով կրած վնաս, իսկ ինքնաթիռի տոմսի արժեքի բռնագանձման պահանջի մասով գործի վարույթը կարճվել է` 10.09.2001 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության հիմքով: Միաժամանակ Երևանի Կենտրոնի թաղապետարանին պարտավորեցրել է բնակարանի արտահերթ կարիքավորների ցուցակում բնակհաշվառման վերցնել Վարդան Թեյմուրազյանին (նրա ընտանիքի 4 անձին):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով հնարավոր բաց թողնված օգուտները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի նաև վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում, հետ ստանալ նախկինում զբաղեցված բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման հիմքում դրել է այն փաստարկը, որ 13.12.2001 թվականի վճռով Վարդան Թեյմուրազյանի հայցը բավարարվել է միայն նրա մասով, իսկ նույն վճռով նրա ընտանիքի կազմին անդրադարձ չի եղել:
Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Թեյմուրազյանն ապօրինի դատապարտվելու հետևանքով դուրս է գրվել Երևանի Տերյան 2բ շենքի թիվ 66 բնակարանի հաշվառումից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 13.12.2001 թվականի վճռով Վարդան Թեյմուրազյանի հայցը բավարարվել է 13.499 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Դատարանը հայցը բավարարելիս հաշվի է առել նաև Վարդան Թեյմուրազյանի ընտանիքի անդամների կազմը` փոխհատուցման հետ միաժամանակ պարտավորեցնելով Երևանի Կենտրոն թաղապետարանին բնակարանի արտահերթ կարիքավորների ցուցակում բնակհաշվառման վերցնել Վարդան Թեյմուրազյանին (նրա ընտանիքի 4 անձին):
Հետևաբար, սույն գործով Վարդան Թեյմուրազյանի կողմից ներկայացված բնակարանի վարձակալության իրավունքի սահմանափակման հետևանքով կրած վնասների պահանջն արդեն քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում և դրա վերաբերյալ առկա է 13.12.2001 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռ: Ուստի այդ մասով գործի վարույթը ենթակա է կարճման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. բնակարանի վարձակալության իրավունքի սահմանափակման հետևանքով կրած վնասները հատուցելու մասով գործի վարույթը կարճել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |