ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-2-Ո-12
2009 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՐՏԻՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Տ. Բարսեղյանի, Գ. Բադիրյանի, Հ. Փանոսյանի |
մասնակցությամբ դատավոր |
Մ. Կարապետյանի |
ՀՀ արդարադատության նախարար |
Գ. Դանիելյանի |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ն. Առուստամյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2009 թվականի հունվարի 22-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Կարապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ արդարադատության նախարարի 02.12.2008 թվականի թիվ 197-Ա հրամանով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Կարապետյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Լիլյա Մարտիրոսյանի` ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումը:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.
ՀՀ արդարադատության նախարարն Արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ) է ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Մ. Կարապետյանին արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Կարապետյանի կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը:
Ըստ եզրակացության՝
Դիմումատու Լ. Մարտիրոսյանը 30.04.1993 թվականից հաշվառվել և բնակվել է իր ազգական` Մարգարիտա Ստեփանյանին վարձակալական իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի Նանսենի փողոցի 5/2-րդ շենքի 54-րդ բնակարանում` ձեռք բերելով բնակտարածության օգտագործման իրավունք: Շուրջ 15 տարի շարունակ խնամել և հոգացել է իր ազգականի հոգսերը, քանի որ վերջինս տառապել և տառապում է հոգեկան հիվանդությամբ: Վերջին շրջանում Մ. Ստեփանյանը դարձել է ավելի ագրեսիվ, այդ իսկ պատճառով դիմումատուն ցերեկները խնամել է նրան, իսկ գիշերները գիշերել բարեկամների տանը:
26.10.2007 թվականին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով, Լիլյա Մարտիրոսյանի դիմումի համաձայն, Մարգարիտա Ստեփանյանը ճանաչվել է անգործունակ:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմումատուն դիմել է Նոր Նորքի թաղապետարանին, անգործունակ ճանաչված Մ. Ստեփանյանի նկատմամբ իրեն խնամակալ ճանաչելու խնդրանքով, սակայն մերժվել է:
Դրանից հետո, Նոր Նորք համայնքի 30.11.2007 թվականի թիվ 282 որոշմամբ Մ. Ստեփանյանի խնամակալության պարտավորությունը դրվել է Նոր Նորքի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի վրա, որից հետո Լ. Մարտիրոսյանին տրվել է բնակարանի սեփականաշնորհման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը և դիմումատուի կողմից ներկայացվել է թաղապետարան:
Սակայն, թաղապետարանը Լ. Մարտիրոսյանի՝ Նանսենի 5/2 շենքի թիվ 54 բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունքը դադարեցնելու պահանջի հայցով դիմել է դատարան: 24.01.2008 թվականին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Նոր Նորքի թաղապետարանի հայցն ընդդեմ Լ. Մարտիրոսյանի և ՀՀ ոստիկանության Նոր Նորք անձնագրային բաժանմունքի` Երևանի Նանսենի 5/2 շենքի 54 բնակարանի նկատմամբ Լ. Մարտիրոսյանի օգտագործման իրավունքը դադարեցնելու և նշված բնակարանում հաշվառումն անվավեր ճանաչելու պահանջները, բավարարել է ամբողջությամբ` «Երևան քաղաքի Նանսենի փողոցի 5/2 շենքի թիվ 54 բնակարանի նկատմամբ Լիլյա Մեժլումի Մարտիրոսյանի բնակտարածության օգտագործման իրավունքը դադարեցնել, նրա հաշվառումն այդ բնակարանում անվավեր ճանաչել 30.04.1993 թվականից»:
08.04.2008 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ Վ. Թորոսյանի, մասնակցությամբ դատավորներ Ն. Հովսեփյանի և Ռ. Հակոբյանի) քննելով Լիլյա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը վերը նշված վճռի դեմ, որոշել է` «Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 24.01.2008 թվականի վճիռը և այն փոփոխել: Երևանի Նոր Նորք թաղապետարանի հայցը մերժել»:
Նախարարը գտնում է, որ դատարանի վճիռը անօրինական է և չհիմնավորված, քանի որ այն չի կայացվել դատական նիստի ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը սահմանում է, որ «դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ»:
Նույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ «դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը սահմանում է, որ «սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ»:
Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածը սահմանում է, որ «անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակելի տարածության սեփականատիրոջ ընտանիքի անդամները և այլ անձինք բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք ունեն, եթե այդ իրավունքը գրանցված է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դրա դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով՝ սեփականատիրոջ կողմից շուկայական գնով փոխհատուցելու միջոցով:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օգտագործման իրավունքի դադարեցման իրավունքը վերապահված է միայն բնակելի տարածության սեփականատիրոջը, որի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում է ստացել:
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, քանի որ գործով ձեռք չի բերվել ոչ մի ապացույց, որ հայցվորը հանդիսանում է վիճելի բնակարանի սեփականատերը: Հակառակը, գործով ձեռք է բերվել ապացույց, որ հայցվորը 20.03.2007 թվականի որոշմամբ Լ. Մարտիրոսյանին տվել է համաձայնություն վիճելի բնակարանը սեփականացնելու համար, որ Լ. Մարտիրոսյանը վիճելի բնակարանում հաշվառված է 30.04.1993 թվականից:
Սույն գործի փաստերի համաձայն վիճելի բնակարանի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցում առկա չէ, հետևաբար սեփականատիրոջ իրավունքների խախտման վերաբերյալ սույն գործով դատարանի եզրահանգումներն անհիմն են, այսինքն՝ հայցվորը պատշաճ հայցվոր չէ:
Դատարանը գործի քննությամբ չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում հանգել է վեճի սխալ լուծման, քանի որ վիճելի բնակարանը չունի սեփականատեր, իսկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է պետական գրանցման պահից: Հետևաբար, հայցվորը պատշաճ հայցվոր չէ:
Ձեռք բերված ապացույցները վկայում են, որ պատասխանողը վիճելի բնակարանում հաշվառվել է 30.04.1993 թվականից, նշված ժամանակահատվածում գործող բնակարանային օրենսգրքի 55-րդ հոդվածի հիմքով և այդ պահից ձեռք բերել բնակելի տարածության օգտագործման իրավունք: Հետևաբար, առանց բավարար ապացույցների եզրահանգել, թե պատասխանողը բնակարանում հաշվառվել է անօրինական և նպատակ է հետապնդել առանց օրինական հիմքերի բնակարանին տիրանալու, անհիմն է և դատավարական նորմերի կոպիտ խախտում:
Դատավոր Մ. Կարապետյանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին տրված 09.12.2008 թվականի բացատրությամբ, և 09.01.2009 թվականի լրացուցիչ բացատրությամբ, ըստ էության, ընդունել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2008 թվականի՝ իր կողմից 24.01.2008 թվականին կայացված վճռի բեկանման մասին որոշման օրինական և հիմնավորված լինելու հանգամանքը: Ընդունել է, որ գործը քննելիս իր կողմից անուշադրության է մատնվել այն հանգամանքը, որ վիճելի բնակարանի նկատմամբ Երևան քաղաքի Նոր Նորքի թաղապետարանի սեփականության իրավունքը գրանցված չի եղել, հետևաբար հայցվորը պատշաճ հայցվոր չի եղել: Եվ, որ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, թե իբրև դատաքննությամբ պատասխանողը չի պարզաբանել դատարանին, թե ինչ ազգակցական կապի մեջ է գտնվել վարձակալի հետ: Հետևաբար դատարանը գտել է, որ 1991 թվականից պատասխանողի՝ վարձակալական իրավունք ձեռք բերելը վեճի առարկա բնակարանի նկատմամբ անօրինական է: Նախարարը գտնում է, որ ձեռք բերված ապացույցները բավարար են, որպեսզի ապացուցվեր պատասխանողի վարձակալական իրավունքի ձեռքբերման հիմնավորվածությունը վիճելի բնակարանի նկատմամբ:
Կիրառելով այն օրենքները, որոնք չպետք է կիրառեր (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդված), դատարանը (դատավոր Մ. Կարապետյան) թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 3-րդ կետի և 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտումներ, որոնք տվյալ դեպքում իրենց էությամբ ակնհայտ և կոպիտ են և որոնց արդյունքում կայացվել է չհիմնավորված և անօրինական վճիռ:
Կայացված վճռի հետևանքով խախտվել է պատասխանողի ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով (յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք), ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով (յուրաքանչյուր ոք, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք) սահմանված իրավունքները:
Ընդ որում դատավոր Մարտին Կարապետյանի կողմից նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ պարունակող և տեղեկանքում նկարագրված արարքները կատարվել են մեղավորությամբ:
ՀՀ արդարադատության նախարարը գտել է, որ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Կարապետյանը արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի, 53-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 3-րդ կետի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների կոպիտ խախտում, ինչը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Կարապետյանը ընդունել է իր նախագահությամբ 24.01.2008 թվականի վճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2008 թվականի որոշման օրինական և հիմնավորված լինելը, սակայն չի ընդունել արդարադատություն իրականացնելիս իր կողմից նյութական կամ դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը, ինչը կարող է հիմք հանդիսանալ կարգապահական պատասխանատվության համար:
Մասնավորապես, 22.01.2009 թվականին կայացած Արդարադատության խորհրդի նիստի ժամանակ դատավոր Մ. Կարապետյանը հայտնել է.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի, անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է:
Լիլյա Մարտիրոսյանը Երևան քաղաքի Նանսենի փողոցի 5/2 շենքի 54 բնակարանում երբեք չի բնակվել: Նա իր ընտանիքի հետ բնակվել է այլ վայրում:
Լիլյա Մարտիրոսյանի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում նշել է, որ իր վստահորդն իրոք չի բնակվել վիճելի բնակարանում, քանի որ բնակարանի պատուհանների ապակիներն ամբողջովին կոտրված են, սենյակի մանրահատակը հանվել վառվել է, Մարգարիտա Ստեփանյանի հետ միևնույն հարկի տակ ապրել հնարավոր չէ:
Վիճելի բնակարանում Լիլյա Մարտիրոսյանի չբնակվելու փաստը գործի քննության ընթացքում ընդունել է նաև ինքը՝ Լիլյա Մարտիրոսյանը:
Իր ծնողների տանը բնակվելու, վերջին տարիներին վիճելի բնակարանում չգիշերելու փաստը Լիլյա Մարտիրոսյանը ընդունել է նաև ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումում:
Դատավոր Մ. Կարապետյանը նշել է, որ վճիռ կայացնելիս ղեկավարվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականին ընդունված ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ, համաձայն որի՝ եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 01.01.2007 թվականից հետո, ապա նշված կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով: Գործը քննելու պահին Երևան քաղաքի Նանսենի փողոցի 5/2 շենքի 54 բնակարանի նկատմամբ Լիլյա Մարտիրոսյանի բնակտարածության օգտագործման իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցված չի եղել:
Համաձայն ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման թիվ 8 հավելվածի (փոփ. 17.12.1997թ.)՝ Նոր Նորքի վարչական տարածքի պետական բնակարանային ֆոնդը, այդ թվում նաև Երևան քաղաքի Նանսենի փողոցի 5/2 շենքի 54 բնակարանը, հանդիսացել է Երևան քաղաքի Նոր Նորք թաղային համայնքի սեփականությունը: Եթե այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նոր Նորքի թաղապետարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան և Նոր Նորք տարածքային ստորաբաժանումում չի գրանցել, դատավորի կարծիքով, չի նշանակում, որ այդ բնակարանը թաղապետարանի սեփականությունը չի հանդիսացել և թաղապետարանը չէր կարող դիմել դատարան:
Երևան քաղաքի Նանսենի փողոցի 5/2 շենքի 54 բնակարանի վարձակալ, հետագայում անգործունակ ճանաչված Մարգարիտա Ստեփանյանի խնամակալության պարտավորությունը Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավարի 30.11.2007 թվականի թիվ 288 որոշմամբ դրվել է Նոր Նորքի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի վրա: Այդ հիմքով էլ թաղապետարանն իրավասու է եղել դիմել դատարան:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում դրվել է նաև ոչ պատշաճ հայցվորի մասնակցությամբ գործ քննելը:
Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունը վերաքննիչ դատարանը գտել է անհիմն և նշել, որ հայցվորի կողմից ներկայացված հայցի անհիմն լինելու հանգամանքը չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով գործի վարույթի կարճման հիմք հանդիսանալ:
Վերաքննիչ դատարանն իր 08.04.2008 թվականի որոշմամբ, փոփոխելով իր նախագահությամբ 24.01.2008 թվականին կայացրած վճիռը, մերժելով Երևան քաղաքի Նոր Նորք թաղապետարանի հայցը, ընդունել է հայցվորի պատշաճ լինելու փաստը:
ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Լիլյա Մարտիրոսյանի մասնակցությամբ գործով արդարադատություն իրականացնելիս, դատավորի կարծիքով, իր կողմից թույլ չի տրվել արարք, որը կարող է համարվել կոպիտ և ակնհայտ խախտում, քանի որ արդարադատության իրականացման ընթացքում թույլ չեն տրվել ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի էական խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել Լիլյա Մարտիրոսյանի կամ այլ անձանց իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն:
Արդարադատության խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացրած որոշումներում, օրինակ՝ 12.10.2007 թվականի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը:
Համաձայն ՀՀ արդարադատության խորհրդի ԱԽ-11-Ո-32-2007 որոշման ձևավորվել է դիրքորոշում, որ «....չեն կարող սանկցիաներ կիրառվել այն դատավորի նկատմամբ, որի կարծիքը պարզապես տարբերվում է իր գործընկերների կամ գործադիր իշխանության որևէ պաշտոնյայի կարծիքից»:
Օրենսդիրը եռաստիճան դատական համակարգ սահմանելով, ելել է այն կանխավարկածից, որ արդարադատության իրականացման ժամանակ հնարավոր են դատական սխալներ: Դատավորի կողմից սխալ թույլ տալը դեռևս չի նշանակում, որ նա անպայման պետք է պատժվի: Հակառակ ցանկացած մեկնաբանություն, ինչպես նշվել է Արդարադատության խորհրդի 2008 թվականի ԱԽ-3-Ո-7 որոշման մեջ, կվնասի դատավորի անկախության կարևոր սկզբունքը և դատավորների մեծ մասը պետք է պատժվի, քանի որ նրանցից մի մասի նախագահությամբ կամ մասնակցությամբ կայացված դատական ակտերը բեկանվել են և այսուհետ կբեկանվեն նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտումների պատճառով:
Դատավորը ևս մեկ անգամ նշեց, որ իր նախագահությամբ դատարանի 24.01.2008 թվականի վճիռն ուժի մեջ չի մտել, որևէ իրավական կամ այլ հետևանք չի ունեցել, վճիռը բեկանվել-փոփոխվել, Նոր Նորքի թաղապետարանի հայցը մերժվել է, ինչով կարճ ժամանակում վերականգնվել է նախկին վիճակը, Լիլյա Մարտիրոսյանի կամ այլ անձի համար ոչ մի բացասական հետևանք չի առաջացել:
Դատավորի կարծիքով տվյալ դեպքում վճռի բեկանումն ինքնին չպետք է առաջացներ կարգապահական պատասխանատվության հարց:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. 20.03.2007 թվականին Երևանի Նոր Նորք համայնքի ավագանին որոշում է կայացրել Նանսենի փողոցի 5/2 շենքի 54 բնակարանի սեփականաշնորհման մասին:
2. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման կողմից 09.08.2007 թվականին տրվել է թիվ Կ/|| 5337-ա գրությունն այն մասին, որ Երևանի Նանսենի 5/2 շենքի 54 բնակարանի նկատմամբ որևէ իրավունքի պետական գրանցում կատարված չէ:
3. Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.10.2007 թվականի վճռով Մարգարիտա Ստեփանյանը, Լիլյա Մարտիրոսյանի դիմումի հիման վրա, ճանաչվել է անգործունակ:
4. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից 04.02.2008 թվականին տրվել է տեղեկանք առ այն, որ Լիլյա Մարտիրոսյանը 30.04.1993 թվականից հաշվառված է Նանսենի փողոցի 5/2 շենքի 54 բնակարանում, իսկ հաշվառման հիմքերը պահպանված չեն:
5. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Մ. Կարապետյան) 24.01.2008 թվականի վճռով բավարարվել է Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի թաղապետարանի հայցն ընդդեմ Լիլյա Մարտիրոսյանի և ՀՀ ոստիկանության Նոր Նորք բաժնի անձնագրային բաժանմունքի՝ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 5/2 շենքի 54 բնակարանի նկատմամբ Լիլյա Մարտիրոսյանի բնակտարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու, նրա հաշվառումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
6. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2008 թվականի որոշմամբ, Լիլյա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա, բեկանվել է Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 24.01.2008 թվականի վճիռը և Նոր Նորք համայնքի թաղապետարանի հայցը մերժվել է:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Կարապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Նույն օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բնակելի տարածության նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով՝ սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ բնակտարածության օգտագործման իրավունքը կարող է դադարեցվել կամ սեփականատիրոջ հետ կնքված և նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ, կամ սեփականատիրոջ պահանջով՝ դատարանի կողմից: Այսինքն, բոլոր դեպքերում այդ իրավունքը վերապահված է միայն սեփականատիրոջը:
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը սույն գործով կիրառելի չէ, քանի որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց առ այն, որ հայցվորը հանդիսանում է վիճելի բնակարանի սեփականատերը: Վիճելի բնակարանի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը գրանցված չէ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ուստի նրա՝ որպես սեփականատիրոջ իրավունքների խախտման մասին խոսք լինել չի կարող: Սույն գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների թաղապետարանը հանդիսանում է ոչ պատշաճ հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:
Գործով ձեռք բերված ապացույցները վկայում են, որ պատասխանող Լիլյա Մարտիրոսյանը վիճելի բնակարանում հաշվառված է 30.04.1993 թվականից, իսկ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից 04.02.2008 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ հաշվառման հիմքերը պահպանված չեն:
Նման պայմաններում հաշվառման անօրինական լինելու վերաբերյալ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ, քանի որ դատարանին դատաքննության ժամանակ հաշվառման վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Այսինքն, դատարանի տվյալ եզրահանգումը չի բխում դատական նիստում հետազոտված ապացույցներից:
Սույն կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է դատավոր Մ. Կարապետյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտում թույլ տալու հիմքով: Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորների բացատրությունները` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Կարապետյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 25.09.2001 թվականից: Բացի այդ Մ. Կարապետյանը փորձառու դատավոր է, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, իր գործունեությամբ նպաստում է արդարադատության որակի բարձրացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Կարապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել՝ բավարարվելով հարցի քննարկմամբ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Մ. Մարտիրոսյան Տ. Պետրոսյան Գ. Բադիրյան Տ. Բարսեղյան Հ. Փանոսյան Մ. Սիմոնյան Ն. Տավարացյան |