ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0681/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0681/02/08 |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՏԳ Սթոուն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ «Յունիպրոտեկտ Սիկյուրիթի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 3.220.720 դրամ, որից 2.484.000 դրամ՝ որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 673.560 դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոսների գումար, ինչպես նաև հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումարը:
Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ 3.005.640 ՀՀ դրամի չափով:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.10.2008 թվականի որոշմամբ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետը:
Սույն գործով դատարանը հայցապահանջը բավարարել է այն հիմքով, որ պատասխանողը չի ապացուցել Ընկերության կողմից ծառայությունը չմատուցելու հանգամանքը, մինչդեռ, ծառայությունը մատուցված լինելու հանգամանքն ապացուցելու պարտականությունը կրում է հայցվորը:
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցները փաստում են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով պատասխանողի կողմից հայցվորին վճարում կատարելու պարտավորություն առկա չէ, քանի որ քննարկվող ժամանակահատվածի համար Ընկերության կողմից կատարված աշխատանքների հանձնման մասին ապացույցներ չկան, և եթե անգամ պայմանականորեն ընդունվի, որ ծառայություն մատուցվել է, ապա գործում առկա ապացույցների և շարադրվածի հաշվառմամբ այն պայմանագրի պահանջներին համապատասխան չի մատուցվել։ Այսպես՝ 17.04.2006 թվականի պահպանության պայմանագրի լուծման մասին 2007 թվականի հունվարին Ընկերությանն ուղարկած գրության 1-ին և 2-րդ կետերով Կազմակերպությունը հստակ նշել է, որ հաստատման նպատակով իրեն չի ներկայացվել պայմանագրի 8-րդ հոդվածում նշված պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող «Ծառայության վայրի հրահանգացուցակը» և որ Ընկերությունը 01.07.2006 թվականից չի իրականացնում պայմանագրով ստանձնած պարտականությունները։
Բացի այդ, Ընկերությունը ժամանակին և պատշաճ չի կատարել իր պայմանագրային պարտականությունները՝ ի սկզբանե չի մշակել և չի ներկայացրել պատվիրատուի հաստատմանը կամ համաձայնեցմանը պայմանագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված պահպանության ծառայության հրահանգների նախագծերը, տարածքի պահպանության վերաբերյալ պատվիրատուին չի մատուցել ամբողջական խորհրդատվություն, չի կազմել արտակարգ իրավիճակներում անվտանգության և գործողությունների պլանի վերաբերյալ նախնական զեկույց, չի սահմանել և ներդրել անցագրային ռեժիմ և այլն։
Ավելին, գործում առկա չէ ըստ պահպանության պայմանագրի պահանջվող պահպանության ենթակա ապրանքանյութական արժեքների, մեքենաների, սարքավորումների, կնիքների և այլ գույքի ընդունման-հանձնման որևէ ակտ, պահպանության պայմանագրի բաղկացուցիչ մաս կազմող «Պահպանության ծառայության հրահանգ»-ը, ինչը վկայում է, որ Ընկերությունը պահպանության պայմանագրային ծառայությունները պատշաճ, ժամանակին չի կատարել և չէր էլ կարող կատարել, քանի որ ընդհանրապես չի ունեցել պատվիրատուի հետ համաձայնեցված և պայմանագրով նախատեսված այլ պարտադիր փաստաթղթեր, որոնցով պետք է ղեկավարվեին պահպանության անմիջական ծառայություն մատուցողները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ընկերության՝ որպես կապալառուի, և Կազմակերպության՝ որպես պատվիրատուի, միջև 17.04.2006 թվականին կնքվել է պահպանության պայմանագիր, որի համաձայն` կապալառուն պարտավորվել է իրականացնել պատվիրատուի տարածքում շուրջօրյա պահպանություն, իսկ պատվիրատուն պարտավորվել է մատուցված ծառայությունների դիմաց, մինչև ընթացիկ ամսվա 15-ը ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա, կապալառուին վճարել 540.000 դրամ, եթե մատուցված ծառայությունների ծավալները չեն գերազանցում պայմանագրում նշված ծավալները: Նշված պայմանագիրը կնքվել է 20.04.2006թ.-20.04.2007թ. ժամանակահատվածի համար:
2. Կազմակերպության կողմից Ընկերությանը վճարվել է 1.080.000 դրամ՝ համաձայն Ընկերության մուտքի դրամարկղային թվով չորս օրդերների, որոնց (ըստ օրդերների վրա առկա գրառումների) կցվել են համապատասխան հաշիվ-ապրանքագրերը:
3. 24.01.2007 թվականին փոստային եղանակով Ընկերությանն առաքված գրությամբ Կազմակերպությունը հայտնել է, որ կողմերի միջև կնքված պահպանության պայմանագիրը 03.07.2006 թվականից համարում է լուծված, քանի որ կապալառուի կողմից «չի ներկայացվել պայմանագրի 8-րդ հոդվածում նշված պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող «Ծառայության վայրի հրահանգացուցակը» հաստատման նպատակով», ինչպես նաև 2006 թվականի հուլիսի մեկից կապալառուի կողմից չի կատարվում պայմանագրային պարտականությունները:
4. Ընկերության կողմից 08.06.2007 թվականին փոստային եղանակով առաքված գրությամբ Կազմակերպությունը տեղեկացվել է, որ պայմանագրային պարտականությունները կատարել է պայմանագրի կնքման օրվանից մինչև 13.11.2006 թվականը, այնինչ պատվիրատուն չի վճարել 01.07.2006թ.-13.11.2006թ. ժամանակահատվածում մատուցված ծառայությունների վճարի գումարը 2.484.000 դրամի չափով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ և 779-րդ հոդվածների համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով՝ կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ պատվիրատուի վճարման պարտականությունը ծագում է միայն ծառայությունը պատշաճ (պայմանագրում նշված ժամկետներում և կարգով) մատուցված լինելու պարագայում:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության և Կազմակերպության միջև 17.04.2006 թվականին կնքված պահպանության պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է 12 ամիս ժամկետում Կազմակերպության տարածքում իրականացնել շուրջօրյա պահպանություն, իսկ Կազմակերպությունը պարտավորվել է մատուցված ծառայությունների դիմաց, մինչև ընթացիկ ամսվա 15-ը ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա, կատարողին վճարել 540.000 դրամ: Պատվիրատուն 2006 թվականի մայիս, հունիս ամիսների համար կատարողին վճարել է 1.080.000 դրամ գումար:
Այսինքն՝ կողմերի միջև կնքված պահպանության մասին պայմանագրի հիմքով կողմերը ծառայության մատուցման հաշվարկային ժամանակահատված նախատեսել են մեկ ամիսը և որպես պատվիրատուի վճարման պարտավորության ծագման հիմք սահմանել են կարգ այն մասին, որ յուրաքանչյուր ամսվա համար մատուցված ծառայությունների դիմաց պատվիրատուն վճարում է կատարողին մինչև ընթացիկ ամսվա 15-ը ներկայացված հաշիվ-ապրանքագրերի հիման վրա։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, այսինքն՝ յուրաքանչյուր մասնակից կրում է իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների ապացուցման պարտականությունը, ընդ որում, այդ և վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկություններ պարունակող ապացույցներով:
Սույն գործով Ընկերությունն է վկայակոչել 01.07.2006թ.-13.11.2006թ. ժամանակահատվածում մատուցված ծառայությունների համար Կազմակերպության կողմից 2.484.000 դրամ գումար վճարված չլինելու հանգամանքը, հետևաբար, նա է կրում ծառայության մատուցված լինելու և այն հանձնված լինելու հանգամանքների ապացուցման բեռը, որը չի կատարվել: Մասնավորապես, գործում առկա չէ 01.07.2006թ.-13.11.2006թ. ժամանակահատվածում ծառայությունների մատուցված լինելու և այդ կապակցությամբ պատվիրատուին հաշվարկային ամսվա համար հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելու հանգամանքները հիմնավորող որևէ ապացույց։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ծառայության պատշաճ մատուցված լինելու և այն սահմանված կարգով և ժամկետներում կատարված լինելու հանգամանքների ապացուցման բեռին՝ արձանագրելով, որ ծառայության մատուցված լինելու հանգամանքի ապացուցման բեռն ամբողջությամբ կրում է կատարողը:
Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ աշխատանքները պատշաճ որակով և ծավալով կատարված լինելու և այն հանձնված լինելու հանգամանքներն ապացուցելը Կատարողի պարտականությունն է (տես՝ «Քլիը Սիթի» ՍՊԸ-ի անվճարունակության գործով կառավարիչ Լ. Պետրոսյանի հայցն ընդդեմ Երևանի Արաբկիրի թաղապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ 3-299(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը ծառայության պատշաճ մատուցված չլինելու հանգամանքի ապացուցման պարտականությունը դրել է Կազմակերպության վրա:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2008 թվականի որոշման՝ «Յունիպրոտեկտ Սիկյուրիթի» ՍՊԸ-ի հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. «Յունիպրոտեկտ Սիկյուրիթի» ՍՊԸ-ի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
|
Ս. Սարգսյան |
Ե. Խունդկարյան | ||
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |