Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-786
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.10
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
23.12.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
23.12.2008
Дата вступления в силу
23.12.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

23 դեկտեմբերի 2008 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Գ. Կուտոյանի, պատասխանող կողմի՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 68 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` սահմանադրական դատարանում 21.11.2008 թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ դատական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ դատական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թ. փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի ապրիլի 7-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 18-ին:

ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածը վերնագրված է. «Դատավորի անփոփոխելիությունը»: Հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատավորների ինքնաբացարկները բավարարելու կամ այլ պատճառներով առաջացած դատավորների թվի անբավարարության հետևանքով, վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատավորը (նույն կամ վերադաս ատյանի) կարող է գործուղվել այդ դատարան», իսկ համապատասխանաբար 7-րդ մասը սահմանում է. «Եթե oրենքով նախատեսվում է դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն oրենսգրքով այլ բան նախատեսված չէ»:

2. Սկզբնապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվել է ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի սահմանադրականությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2008 թ. դեկտեմբերի 2-ի աշխատակարգային որոշմամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի, մերժել է ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի սահմանադրականությունը վիճարկելու մասով գործի քննության ընդունումը` նկատի ունենալով այդ նորմերի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման առկայությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը քննության է ընդունվել ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու մասով:

3. Վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը` դիմող կողմը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին` հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ դատավորին նույն ատյանի կամ վերադաս ատյանի դատարան գործուղելու արդյունքում ստեղծված դատարանը չի կարող համարվել դատական մարմին, քանի որ ՀՀ Սահմանադրության 94 հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Մինչդեռ վճռաբեկ դատարանի նախագահի որոշման արդյունքում ձևավորված դատարանը չի համապատասխանում «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» հասկացությանը: Բացի դրանից, վիճարկվող դրույթը, ըստ դիմողի, չի համապատասխանում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթը սահմանադրականության խնդիր չի առաջացնում: Ըստ պատասխանողի՝ ռեզերվային դատավորին գործուղելու վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի վերաբերում դատարանի կազմավորման կարգով նոր դատական կազմ ձևավորելու կամ ուղղակի դատական մարմին ստեղծելու պահանջին: Վիճարկվող դրույթը վերաբերում է ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետի և 95 հոդվածի պահանջներին համապատասխան օրենքի հիման վրա ստեղծված դատարանում ռեզերվային դատավորի ընդգրկմամբ դատական նոր կազմի ձևավորմանը:

ՀՀ դատական օրենսգիրքը, սահմանելով վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները, միևնույն ժամանակ նախատեսում է նրա կողմից վճռաբեկ դատարանի բնականոն գործունեության ապահովման և օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացման հնարավորություն: Իսկ նույն օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասը՝ 7-րդ մասի համադրությամբ, նախատեսում է ռեզերվային դատավորին գործուղելու մասին որոշում կայացնելու՝ վճռաբեկ դատարանի նախագահի իրավունքը: Ըստ պատասխանողի՝ դա նշանակում է, որ վճռաբեկ դատարանի նախագահը կարող է կայացնել այդպիսի որոշում միայն օրենքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության պարագայում:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին՝ վիճարկվող դրույթի՝ դիմողի մատնանշած հակասության առնչությամբ պատասխանողը նշում է, որ սահմանադրական դատարանն իր 2008 թ. դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշմամբ արդարացիորեն իրավաչափ է համարել գործուղման հիման վրա ձևավորված դատական կազմի միջոցով գործի քննությունը՝ դատավորի գործուղման ինստիտուտի առկայությունը պայմանավորելով հենց անձի դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների ապահովման անհրաժեշտությամբ:

5. ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածն ամրագրել է դատավորների երկու կատեգորիա, որոնք կարող են վճռաբեկ դատարանի նախագահի կողմից գործուղվել այլ դատարան: Դրանք են.

ա) գործող դատավորը (14 հոդվածի 3-րդ և 5-րդ մասեր),

բ) ռեզերվային դատավորը (14 հոդվածի 4-րդ մաս` 7-րդ մասի համադրությամբ):

Սահմանադրական դատարանը գործող դատավորների գործուղման իրավակարգավորումը սահմանող՝ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը լուծել է սահմանադրական դատարանի 2008 թ. դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-782 որոշմամբ՝ այդ դրույթները ճանաչելով ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ մասին, 18 հոդվածի 1-ին մասին, 55 հոդվածի 11-րդ մասին և 95 հոդվածին հակասող և անվավեր: Այդ որոշման մեջ, անդրադառնալով դատավորի գործուղման իրավաչափությանը՝ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածով սահմանված՝ դատավորի գործուղման իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ դատական ծանրաբեռնվածության հաղթահարումը` ողջամիտ ժամկետում գործերի քննության համար, ինչը, իր հերթին, նպատակաուղղված է դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների արդյունավետ իրացման ապահովմանը: Դատավորի գործուղման հնարավորության նախատեսումն ինքնին իրավաչափ է, պայմանավորված է բացառիկ դեպքերում, իրավականորեն արդարացված` տվյալ դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով գործի քննության անհնարինության հետևանքների հաղթահարման անհրաժեշտությամբ:

Նշված որոշման մեջ սահմանադրական դատարանը միաժամանակ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ դատավորների գործուղումները պետք է լինեն բացառություն և ոչ թե դառնան ընդհանուր կանոն: Ըստ դիմողի` դրանք նաև պետք է իրականացվեն այն կարգով, որ բացառվի սահմանված կարգից դուրս` բացառիկ բնույթ ունեցող դատարան ձևավորելը:

Սահմանադրական դատարանն իր նշված որոշման մեջ նաև նշել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 61 հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի ուժով օրենքով վճռաբեկ դատարանի նախագահին կարող են վերապահվել այնպիսի լիազորություններ, որոնք իրենց բնույթով չեն հակասում օրենքով և, մասնավորապես, օրենսգրքի 61 հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված՝ դատավորներին գործուղելու վերաբերյալ լիազորությունը չի բխում նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներից:

6. Դատական օրենսգրքի 14 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ռեզերվային դատավորների ինստիտուտը ձևավորվում է դատարանների կամ վճռաբեկ դատարանի պալատների վերացման արդյունքում: Ռեզերվային դատավորների կարգավիճակը պահպանվում է մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը: Նման իրավակարգավորումը բխում է ՀՀ Սահմանադրության 96 հոդվածում ամրագրված՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքից և իրավական երաշխիք է այդ սկզբունքի իրացումն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրճատված դատավորները, թեև ունեն նույն կարգավիճակը, ինչ դատարանի կամ պալատի վերացման արդյունքում ձևավորված ռեզերվային դատավորները, սակայն, ըստ նույն հոդվածի 7-րդ մասի` ռեզերվային դատավորներ չեն համարվում, ենթակա չեն գործուղման և, հետևաբար՝ ստեղծված չեն արդարադատության իրականացմանը նրանց մասնակցությունն ապահովող մեխանիզմներ:

Դատական օրենսգրքի 14 հոդվածի վիճարկվող դրույթը` սահմանելով ռեզերվային դատավորին գործուղելու դեպքերը, միաժամանակ որպես ռեզերվային դատավորների գործուղման միակ չափանիշ սահմանում է գործուղվող դատավորի՝ նույն ատյանի կամ վերադաս ատյանի դատավոր լինելու պահանջը: Նման պահանջն առաջին հերթին հնարավորություն է ընձեռում գործուղման դեպքում ապահովել գործի քննությունը համապատասխան ատյանի դատավորի որակավորում ունեցող դատավորի կողմից:

7. Հիմք ընդունելով այն եզրահանգումը, որ ինչպես գործուղման հնարավորության սահմանումը` ընդհանրապես, այնպես էլ ռեզերվային դատավորների գործուղման հնարավորության սահմանումը` մասնավորապես, ինքնին իրավաչափ են, միաժամանակ հաշվի առնելով, որ ռեզերվային դատավորների գործուղման կապակցությամբ իրավակիրառական պրակտիկա դեռևս ձևավորված չէ՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ ռեզերվային դատավորների գործուղման իրավաչափությունն իրավակիրառական պրակտիկայում կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ գործուղման գործընթացն իրականացվի ինչպես վերոհիշյալ, այնպես էլ սահմանադրական դատարանի ՍԴՈ-782 որոշման մեջ նշված իրավական դիրքորոշումներին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 14 հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


23 դեկտեմբերի 2008 թ.
ՍԴՈ-786