ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1330-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարությանն օժանդակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 21 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման և վիճակահանության արդյունքում շահող կտրոնների տիրապետող ֆիզիկական անձանց պարգևավճարների տրամադրման կարգը:
2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`
1) վիճակահանություն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձանց տրամադրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերի բացահայտման հրապարակային միջոցառում, որի արդյունքում հայտնի են դառնում հատուկ համարների շահող թվերը (հատուկ համարներում առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ).
2) վիճակահանություն անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողով, որի անդամները գործում են հասարակական հիմունքներով.
3) հատուկ համարներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման համար կիրառվող ժապավեններին ներկայացվող պահանջներին համապատասխան` ժապավենի դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն.
4) շահող կտրոններ` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին (առաջինից սկսած` հաջորդական հերթականությամբ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի (առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ) սույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոններ.
5) շահող կտրոնների տիրապետողներ` վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բնօրինակները սույն կարգով սահմանված պարգևավճարներ տրամադրող մարմին ներկայացրած ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, oտարերկրյա պետությունների քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք).
6) բազային պարգևավճարների հիմնադրամ` յուրաքանչյուր վիճակահանության համար վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից նախօրոք հայտարարված գումար, որից սույն կարգին համապատասխան տրամադրվելու են վիճակահանության արդյունքներով շահող կտրոնների տիրապետողների պարգևավճարները.
7) բազային պարգևավճար` վիճակահանության արդյունքներով` սույն կարգին համապատասխան բազային պարգևավճարների հիմնադրամից շահող կտրոններին բաժին ընկնող գումար.
8) բոնուս` սույն կարգի համաձայն իրականացվող երրորդ վիճակահանությունից սկսած, հանձնաժողովի հրապարակած տեղեկատվությանը համապատասխան` շահող կտրոնի բազային պարգևավճարի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ գումար:
II. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Վիճակահանությունը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` հանրային հեռուստատեսությամբ: Վիճակահանությունն անցկացվում է, եթե ներկա է հանձնաժողովի անդամ պետական պաշտոնատար անձանց 3/4-ը:
4. Վիճակահանությունն անցկացվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` տվյալ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը, որի արդյունքները վերաբերում են միայն վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած` բացառապես հատուկ համարներ պարունակող կտրոններին:
5. Վիճակահանության անցկացման մասին դրան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակում է տեղեկատվություն, որը նույն օրը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
6. Հանձնաժողովը, երրորդ վիճակահանությունից սկսած, վիճակահանությունից առնվազն երեք աշխատանքային օր առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում կարող է հրապարակել շահող կտրոնների բազային պարգևավճարի նկատմամբ բոնուսի հաշվարկման մասին տեղեկատվություն, որը նույն օրը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
7. Վիճակահանության համար առանձնացվում են ութ թափանցիկ տարաներ: Յուրաքանչյուր տարայում պետք է լինեն տասը անթափանց և միագույն գնդեր, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն զրոյից մինչև ինը մեկական թիվ պարունակող` քառատակ ծալված թղթեր: Հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր տարայից ընտրում է մեկական գունդ, բացում և դրանում պարունակվող թիվը ցուցադրում է հանձնաժողովին` բարձրաձայն հայտարարելով այն: Բոլոր ութ տարաներից հանված թվերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ տարաներից դրանք հանելու հաջորդականության:
8. Վիճակահանությունն ավարտվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերը (առաջին նիշից սկսած` դրանց հաջորդական հերթականությամբ) հայտնի դառնալով, որի մասին հատուկ տեղեկատվությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
9. Վիճակահանության անցկացումից հետո, սույն կարգով սահմանված պարգևավճարներ տրամադրող մարմնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա, հարկային մարմինն ապահովում է շահող կտրոնների մասին տեղեկությունների ընթացիկ տեղադրումն իր պաշտոնական ինտերնետային կայքում:
III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վիճակահանության պարգևավճարների հիմնադրամը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` յուրաքանչյուր տարվա ընթացքում վիճակահանության անցկացման համար պահանջվող միջոցների` հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացված հայտին համապատասխան:
11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բազային պարգևավճարը տրամադրվում է հետևյալ չափերով`
1) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում` |
հինգ միլիոն դրամ. |
2) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերը համընկնելու դեպքում` |
հինգ հարյուր հազար դրամ. |
3) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր վեց թվերը համընկնելու դեպքում` |
հիսուն հազար դրամ. |
4) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերը համընկնելու դեպքում` |
քսան հազար դրամ. |
5) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում` |
հինգ հազար դրամ: |
12. Հանձնաժողովի հրապարակած տեղեկատվությանը համապատասխան` բազային պարգևավճարի նկատմամբ հաշվարկվում է բոնուս` շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի լրիվ արժեքի յուրաքանչյուր ամբողջական հազար դրամ գումարի հաշվով բազային պարգևավճարի մեկ տոկոսի չափով: Հաշվարկված բոնուսի գումարը չի կարող գերազանցել շահող կտրոնի բազային պարգևավճարի գումարը:
13. Վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամի չօգտագործված մնացորդը տեղափոխվում է հաջորդ վիճակահանություն (վիճակահանություններ) և օգտագործվում բոնուսների հաշվարկման տրամադրման համար:
III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Բազային պարգևավճար և բոնուս ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժին են ներկայացնում դիմում` կցելով վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը և բոնուսը տրամադրվում են նրանց oրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո բազային պարգևավճար և բոնուս ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:
15. Շահող կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց բազային պարգևավճար և բոնուս տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական համապատասխան բաժնի կողմից` սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և հարկային մարմնի միջև իրականացվում է ներկայացված շահող կտրոնների, դրանց կից ներկայացված փաստաթղթերի ու դրանց վավերապայմանների մասին տեղեկատվության փոխանակում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից համատեղ սահմանված կարգով:
17. Եթե շահող կտրոնի հատուկ համարն ունենում է վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերի` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված` մեկից ավելի համընկնում, ապա պարգևավճար տրամադրվում է առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առավելագույնս համընկած թվերի մեկ համակցության համար:
18. Եթե հսկիչ-դրամարկղային մեքենայի շահող կտրոնն իր դարձերեսին ունի մեկից ավելի հատուկ համարներ, ապա յուրաքանչյուր հատուկ համար հավասարապես մասնակցում է վիճակահանությանը, բազային պարգևավճարի և բոնուսի տրամադրմանը:
19. Պարգևավճար և բոնուս չեն տրամադրվում, եթե ներկայացվում են`
1) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, որի վրա բացակայում է այն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը.
2) վնասված կամ մաշված այնպիսի կտրոն, որի վրա անընթեռնելի է դարձերեսի հատուկ համարը (առնվազն մեկ նիշ) կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը.
3) վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվան չվերաբերող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ.
4) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի պատճենը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Հայաստանի վաճառականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |