Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին Համաձայնագրի մասնակից պետությունների՝ ազատ առևտրի ռեժիմից հանումների փուլային վերացման շուրջ խորհրդակցությունների անցկացման ընթացակարգի կանոնների մասին
Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհուրդը, 1994 թվականի ապրիլի 15-ի՝ «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունների հանձնարարությամբ (այսուհետ՝ Կողմեր),
նշված Համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Արձանագրությունը (այսուհետ՝ 1999 թվականի ապրիլի 2-ի Արձանագրություն) իրագործելու նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Ընդհանուր դրույթներ
1. Սույն Արձանագրությունը սահմանում է երկկողմ համաձայնագրերում ամրագրված՝ Կողմերի՝ ազատ առևտրի ռեժիմից հանումների փուլային վերացման համաձայնեցմանն ուղղված խորհրդակցությունների անցկացման (այսուհետ՝ խորհրդակցություններ) ընթացակարգի կանոնները, աշխատանքի կազմակերպումն ու համակարգումը:
2. Խորհրդակցություններ անցկացնելիս և ազատ առևտրի ռեժիմից հանումների վերացման փաստաթղթեր պատրաստելիս Կողմերը ղեկավարվում են բազմակողմ պայմանավորվածությունների առաջնայնությամբ, ինչպես նաև արտաքին քաղաքականության գործունեության ոլորտում ձեռնարկվող միջոցառումների հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներով:
3. Երկկողմ խորհրդակցությունների մասնակից Կողմերի (այսուհետ՝ խորհրդատվությունների մասնակիցներ) իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Համաձայնագրով և 1999 թվականի ապրիլի 2-ի Արձանագրությամբ:
Հ ո դ վ ա ծ 2
Խորհրդակցությունների անցկացման ընթացակարգի կանոնները
1. Խորհրդակցություններն անցկացնում են Կողմերը՝ ի դեմս իրենց ներկայացուցիչների, որոնք լիազորված են խորհրդակցությունների անցկացման համար, և գլխավորվում են իրավասու մարմնի ղեկավարի տեղակալի մակարդակից ոչ ցածր մակարդակով ներկայացուցիչներով:
2. 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Արձանագրության 10-րդ կետին համապատասխան՝ ազատ առևտրի ռեժիմից հանումների փուլային վերացման Համաձայնագիրը իրականացվում է ուժի մեջ մտնելու օրվանից 12-ամսյա ժամկետում և ձևակերպվում երկկողմ փաստաթղթերով:
3. Խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվում են երկկողմ խորհրդակցությունների անցկացման վայրի և ժամանակի մասին:
4. Երկկողմ խորհրդակցությունների անցկացման ընթացքում դրանց մասնակիցները.
փոխանակում են առաջարկություններ ազատ առևտրի ռեժիմից հանումների փուլային վերացման վերաբերյալ՝ նշելով ապրանքային անվանացանկերը և առաջարկվող ժամկետները,
որոշում են ազատ առևտրի ռեժիմից հանումների վերացման փուլերը, պայմանները, անվանացանկը և ժամկետները:
5. Խորհրդակցությունների մասնակիցները սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված երկկողմ փաստաթղթերի ստորագրման պահից 10 օրվա ընթացքում դրանք ուղարկում են ԱՊՀ Գործադիր կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե):
6. Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին, ըստ հանումների վերացման ուժի մեջ մտնելու, Կողմերը տեղեկացնում են միմյանց և Կոմիտեին:
7. Եթե 1999 թվականի ապրիլի 2-ի Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում ազատ առևտրի ռեժիմից հանումների փուլային վերացման հարցերով փոխընդունելի որոշում ձեռք չի բերվում, խորհրդակցությունների մասնակիցները կարող են դիմել Կոմիտե 1999 թվականի ապրիլի 2-ի Արձանագրության 30-րդ կետին համապատասխան, հատուկ համաձայնեցման ընթացակարգ անցկացնելու առաջարկությամբ:
Հ ո դ վ ա ծ 3
Հատուկ համաձայնեցված ընթացակարգի շրջանակներում վեճերի լուծումը
1. Կոմիտեի առաջարկած վեճերի լուծման հատուկ համաձայնեցման ընթացակարգը իրականացվում է աշխատանքային խմբի կողմից՝ 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Արձանագրության 30-րդ կետին համապատասխան:
2. Կոմիտեն խորհրդակցությունների մասնակիցներից տեղեկություն ստանալու պահից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, ձևավորում է աշխատանքային /օպերատիվ/ խումբ:
3. Աշխատանքային /օպերատիվ/ խումբը հատուկ համաձայնեցման ընթացակարգի շրջանակներում վեճը լուծում է ոչ ուշ, քան իր ձևավորման պահից 30 օրվա ընթացքում:
4. Աշխատանքային /օպերատիվ/ խմբի կազմում, սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, մտնում են խորհրդակցությունների մասնակիցների, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և Կոմիտեի ներկայացուցիչները:
5. Աշխատանքային /օպերատիվ/ խումբն իրավունք ունի Կողմերից պահանջել անհրաժեշտ տեղեկություն քննվող վեճի էության վերաբերյալ:
6. Անցկացվող հատուկ համաձայնեցման ընթացակարգի շրջանակներում աշխատանքային /օպերատիվ/ խմբի ընդունած հանձնարարականները ձևակերպվում են արձանագրությամբ, որը հաստատվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի կողմից և ուղարկվում Կողմերի քննարկմանը:
7. Կողմերը հանձնարարականների ընդունման օրվանից հետո՝ 45 օրվա ընթացքում, տեղեկացնում են Կոմիտեին իրենց մտադրությունների մասին:
8. Եթե աշխատանքային /օպերատիվ/ խումբը քննարկվող վեճի շուրջ փոխընդունելի արդյունքների չի հասնում, ապա համապատասխան հիմնավորմամբ մշակում է առաջարկություններ և դրանք ուղարկում է Հանձնաժողովին:
9. Հանձնաժողովը, իր ներքին ընթացակարգին համապատասխան, պատրաստում է հանումների փուլային վերացման մասին փաստաթղթերի նախագծեր ԱՊՀ տնտեսական խորհրդի քննարկման համար:
10. Տնտեսական խորհուրդը մշակում է համաձայնեցված որոշում, իսկ եթե նման որոշում ձեռք բերված չի լինում, վիճելի հարցը դնում է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը:
Հ ո դ վ ա ծ 4
Տեղեկատվական և տեխնիկական աջակցության կազմակերպում
1. Կողմերը, Համաձայնագրով և 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Արձանագրությամբ, ինչպես նաև սույն Արձանագրությամբ հաստատված նորմերի շրջանակներում, հարցման և փոխհամաձայնեցված պայմաններին համաձայն՝ անմիջապես միմյանց են տրամադրում խորհրդակցությունների կազմակերպման և վեճերի լուծման համար անհրաժեշտ տեղեկություն:
2. Կոմիտեն, յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, յուրաքանաչյուր կիսամյակի առաջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 15-ը, Կողմերին ներկայացնում է տեղեկություն Համաձայնագրի 3-րդ հոդվածով ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
3. Կոմիտեն խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Կողմերին ցուցաբերում է կազմակերպատեխնիկական աջակցություն՝ տրամադրելով տարածք, կազմտեխնիկա և այլ նյութատեխնիկական միջոցներ:
Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, հաշվի առնելով այլ շահագրգիռ Կողմերի կարծիքը, կարող են ընտրել երկկողմ խորհրդակցությունների անցկացման համար ցանկացած վայր:
Հ ո դ վ ա ծ 5
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթղերը ավանդապահին հանձնելու օրվանից:
2. Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Արձանագրությունում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին փաստաթղթերով:
3. Սույն Արձանագրության կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը շահագրգիռ Կողմերի միջև լուծվում են բանակցությունների միջոցով:
4. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Արձանագրությունից՝ այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
5. Սույն Արձանագրությունը բաց է Արձանագրության նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների միանալու համար, բոլոր Կողմերի համաձայնությամբ, միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած միանալու համաձայնության մասին վերջին ծանուցումը ավանդապահի ստանալուց 30 օր հետո:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 25-ից:
