Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-755
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.10/35(625) Հոդ.553
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
06.06.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
06.06.2008
Дата вступления в силу
06.06.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

6 հունիսի 2008 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՐ ARM-P2 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008թ. մայիսի 27-ին: Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունացմանն ու զարգացմանը:

2. Սույն համաձայնագրով Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի իրականացման համար Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը 10 մլրդ 491 մլն (տասը միլիարդ չորս հարյուր իննսունմեկ միլիոն) ճապոնական իենով վարկ է տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

3. Սույն համաձայնագրով փոփոխություններ են կատարվել 2005թ. մարտի 29-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում (մայր համաձայնագիր), որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2005թ. մայիսի 26-ին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Ն-2003-3 որոշմամբ (ՍԴՈ-565): Այդ փոփոխությունները վերաբերում են ֆինանսական միջոցների տարեկան պահանջարկի նախահաշվի ձևին, վարկի միջոցների բաշխմանը, ինչպես նաև այն ոլորտներին, որոնց համար չի թույլատրվում ֆինանսավորում կատարել:

4. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) վերադարձնել վարկի հիմնական գումարը, ինչպես նաև վճարել տոկոսագումարները սույն համաձայնագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,

բ) Նախագիծն ավարտին հասցնել մինչև 2012 թվականի մայիսը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

6 հունիսի 2008 թ.

ՍԴՈ-755

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան