ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2008 թվականի N 374-Ա
«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում կառավարման մեխանիզմի հետագա կատարելագործմանն ուղղված` հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ձեռք բերված համաձայնությունը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1440-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անցկացնել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության միջազգային մրցույթ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) համապատասխան որոշում ընդունելու նպատակով` սահմանված կարգով «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովներում քննարկել ընկերությունների կառավարչի ընտրության համար միջազգային մրցույթ անցկացնելու մասին հարցը.
2) համաձայն սույն որոշման 3-րդ կետի` համապատասխան նախարարությունների, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմել հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մրցութային փաթեթը:
3. «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության մրցութային գործընթացները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` առաջնորդվելով հետևյալ սկզբունքով` մեկական անդամ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի (համաձայնությամբ), և երկու անդամ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|