ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 06-2960 |
Քաղաքացիական գործ թիվ 3-193 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան | |
Դատավորներ՝ Տ. Սահակյան Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սարգիս Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.09.2006 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընդդեմ «Արիկո Պեռլիտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանի` ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը կատարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը 12.01.2005 թվականի թիվ C-42 ԲՄՀ-ով ձևակերպված ավտոմեքենաները ձևակերպել «վերաարտահանում» կամ «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով և Սարգիս Սարգսյանից բռնագանձել 1.847.992 (մեկ միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար ինը հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ` որպես տուգանք և վճարված պետական տուրք:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 05.05.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.09.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Սարգիս Սարգսյանի բնակության հասցեով ծանուցագիր չի ուղարկել, դատական նիստի ժամանակի և վայրի մասին նրան պատշաճ ձևով չի ծանուցել: Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Ընկերությանն ուղարկված ծանուցագիրը և այն հանգամանքը, որ Սարգիս Սարգսյանն այդ Ընկերության տնօրենն է, համարել է նրան պատշաճ ծանուցված: Մինչդեռ Սարգիս Սարգսյանը երբեք Ընկերության տնօրեն չի եղել:
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Սարգիս Սարգսյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել որպես Ընկերության տնօրեն տրանսպորտային միջոցներն արտահանելու Ընկերության պարտավորությունը չկատարելու համար: Մինչդեռ Սարգիս Սարգսյանը երբեք չի եղել Ընկերության տնօրեն, ինչը հաստատվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կոտայքի տարածքային բաժնի 12.12.2007 թվականի թիվ ե-411 տեղեկանքով: Նման պայմաններում Սարգիս Սարգսյանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի որևէ խախտում թույլ չտալու պարագայում նա չէր կարող հանդիսանալ նշված օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման սուբյեկտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2006 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Գործում առկա ծանուցագրերի վրա բացակայում է Սարգիս Սարգսյանի ստորագրությունը:
2) 22.09.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Սարգիս Սարգսյանը պատշաճ ձևով տեղեկացված չէ, Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռը հրապարակել է նրա բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Սարգիս Սարգսյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 22.09.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 22.09.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Սարգիս Սարգսյանին պատշաճ ձևով ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
2) Բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել Սարգիս Սարգսյանի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.09.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |