Գլխավոր տեղեկություն
Номер
N 163-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2008-25.02.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.03.19/16(606) Հոդ.241
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.02.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.2008
Дата вступления в силу
20.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2008 թվականի N 163-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներով, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի թարգմանությունների իրականացումն անգլերենով.

2) Եվրոպական միության իրավական ակտերի թարգմանությունների իրականացումը հայերենով.

3) եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանի (շտեմարանների) ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը.

4) թարգմանությունների հանրամատչելիության ապահովումն ինտերնետային կայքի միջոցով.

5) լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումների իրականացումը.

6) հրատարակչական գործունեության ծավալումը և արտադրանքի իրացումը.

7) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:

3. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`

1) այլ թարգմանչական աշխատանքներ.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերների հիման վրա անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանչական ծառայությունների մատուցում.

3) լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումներ.

4) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

5) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում:

4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

5. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

6. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 41ա հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկի 515,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (սկզբնական արժեքը` 410,016 հազ. դրամ, մաշվածությունը` 189,636 հազ. դրամ, մնացորդային արժեքը` 220,379 հազ. դրամ) և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

7. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք.

2) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

1) մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

2) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2008 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 22-ի N 163-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` թարգմանությունների կենտրոն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է: Թարգմանությունների կենտրոնն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2. Թարգմանությունների կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Թարգմանությունների կենտրոնը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Թարգմանությունների կենտրոնն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5. Թարգմանությունների կենտրոնը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` առնվազն հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Թարգմանությունների կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:

7. Թարգմանությունների կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

8. Թարգմանությունների կենտրոնի անվանումն է`

հայերեն լրիվ` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` «Центр переводов министерства юстиции Республики Армения» Государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` «Центр переводов» ГНО,

անգլերեն լրիվ` Translation Centre of the Ministry of Justice of the Republic of Armenia State non Profitable Organization,

անգլերեն կրճատ` «Translation Centre» SNCO:

9. Թարգմանությունների կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հալաբյան 41 ա:

 

II. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Թարգմանությունների կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի թարգմանությունների իրականացումն անգլերենով.

2) Եվրոպական միության իրավական ակտերի թարգմանությունների իրականացումը հայերենով.

3) եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանի (շտեմարանների) ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը.

4) թարգմանությունների հանրամատչելիության ապահովումն ինտերնետային կայքի միջոցով.

5) լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումների իրականացումը.

6) հրատարակչական գործունեության ծավալումը և արտադրանքի իրացումը.

7) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:

11. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` թարգմանությունների կենտրոնը`

1) կազմում է աշխատանքային ծրագրեր և դրանք ներկայացնում համապատասխան մարմնի հաստատմանը.

2) կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.

3) իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

12. Թարգմանությունների կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`

1) այլ թարգմանչական աշխատանքներ.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերների հիման վրա անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանչական ծառայությունների մատուցում.

3) լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումներ.

4) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

5) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում:

13. Թարգմանությունների կենտրոնը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Լիազոր մարմինը`

1) իրականացնում է թարգմանությունների կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

2) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.

3) իրականացնում է վերահսկողություն թարգմանությունների կենտրոնի գործունեության նկատմամբ.

4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում թարգմանությունների կենտրոնի տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

5) լսում է թարգմանությունների կենտրոնի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրա գործունեության արդյունքները.

6) իրականացնում է վերահսկողություն թարգմանությունների կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

7) օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս թարգմանությունների կենտրոնի գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար.

8) քննարկում և հաստատում է թարգմանությունների կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվեկշիռը, տարեկան ֆինանսական և այլ հաշվետվություններ.

9) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

15. Թարգմանությունների կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է թարգմանությունների կենտրոնի տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է (նրա լիազորությունները դադարեցվում են) լիազոր մարմնի հրամանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է թարգմանությունների կենտրոնի գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այլ իրավական ակտերի, թարգմանությունների կենտրոնի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով թարգմանությունների կենտրոնին և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չի հանդիսանում պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

18. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

19. Տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս թարգմանությունների կենտրոնի անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է թարգմանությունների կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է թարգմանությունների կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է թարգմանությունների կենտրոնի բաժինների ղեկավարներին ու աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր բաժնի պետերի միջև.

7) սահմանում է թարգմանությունների կենտրոնի կառուցվածքը.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

IV. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Թարգմանությունների կենտրոնի սեփականությունը ձևավորվում է թարգմանությունների կենտրոնի հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև թարգմանությունների կենտրոնի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

21. Թարգմանությունների կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

22. Թարգմանությունների կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է ֆինանսական վերստուգման (աուդիտի)` լիազորված մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության այլ ստորաբաժանման կողմից:

23. Թարգմանությունների կենտրոնն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ինքնուրույն` իր կողմից սահմանված կարգով, իր առջև դրված նպատակների իրականացման համար:

24. Թարգմանությունների կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին կամ սույն կանոնադրությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

25. Թարգմանությունների կենտրոնի սեփականության պահպանման պատասխանատվությունը կրում է թարգմանությունների կենտրոնը:

26. Թարգմանությունների կենտրոնի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

27. Հիմնադիրը կարող է թարգմանությունների կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք: Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից թարգմանությունների կենտրոնին ամրացված գույքը:

28. Թարգմանությունների կենտրոնն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:

29. Թարգմանությունների կենտրոնն իրավունք ունի իրեն ամրագրված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

30. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները թարգմանությունների կենտրոնի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

31. Թարգմանությունների կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

32. Հիմնադրի կողմից թարգմանությունների կենտրոնին գույքն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

33. Հիմնադրի կողմից թարգմանությունների կենտրոնին ամրացված անշարժ գույքի և (կամ) պարտադիր պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ թարգմանությունների կենտրոնի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

V. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

34. Թարգմանությունների կենտրոնը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Թարգմանությունների կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

35. Թարգմանությունների կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Թարգմանությունների կենտրոնի լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան