Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-744
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.04.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.16/23(613) Հոդ.336
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
01.04.2008
Подписан
Նախագահող
Дата подписания
01.04.2008
Дата вступления в силу
01.04.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

1 ապրիլի 2008 թ.

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագիրը (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին` Դուշանբե քաղաքում:

Համաձայնագրի նպատակն է ապահովել Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի (այսուհետ` ԽՊՀՈՒ անձնակազմ) սոցիալական և իրավական պաշտպանությունը, խաղաղության պահպանման գործողություն (ԽՊԳ) անցկացնելու մանդատին համապատասխան իրենց պարտավորությունները կատարելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի անվտանգության և պաշտպանության ապահովումն ու ԽՊՀՈՒ-ի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական պաշտպանվածության ուժեղացումը:

Համաձայնագրի դրույթներով կարգավորվում են ԽՊՀՈՒ-ի անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալական և իրավական երաշխիքներ տրամադրելու ֆինանսավորման կարգը, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի անդամի զոհվելու (մահվան) դեպքում նրա ընտանիքի անդամների միանվագ լրացուցիչ նպաստ ստանալու իրավունքը, ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար նախկինում զբաղեցրած պաշտոնների դրամական բավարարման, իրավունքների, երաշխիքների, փոխհատուցումների և այլ վճարումների` այդ թվում ԽՊԳ-ին մասնակցության ընթացքում հատուկ պայմաններով ծառայության չափանիշներով, պահպանումը և այլն:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի (այսուհետ` ԽՊՀՈՒ անձնակազմ) համար սահմանել` ըստ նախկին զբաղեցրած պաշտոնների` ապրուստի, դրամական միջոցի (միջին աշխատավարձի), իրավունքների, երաշխիքների, փոխհատուցումների և այլ վճարումների (այդ թվում ԽՊԳ-ին մասնակցության ընթացքում ծառայության (աշխատանքի) հատուկ պայմաններով) պահպանում,

- ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սահմանել դրամական վարձատրություն, որի վճարման չափը և կարգը հաստատվում է համաձայնագրի Կողմերի որոշմամբ,

- ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սահմանել վարձատրվող լրացուցիչ արձակուրդ` 15 օր տևողությամբ` արձակուրդն անցկացնելու վայր ուղևորվելու և հետդարձի ժամանակը չհաշված,

- ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սահմանել` ԽՊՀՈՒ-ի զինվորական, ոստիկանական անձնակազմի ծառայության ժամկետի կենսաթոշակի հաշվարկի համար հաշվանցում երկարամյա ծառայության մեջ, ԽՊՀՈՒ-ի քաղաքացիական անձնակազմի աշխատանքի ժամկետի կենսաթոշակի հաշվարկի համար (պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրման համար ուղարկող Կողմի կենսաթոշակային հիմնադրամին ապահովագրական մուծումներ վճարելու պայմանով) հաշվանցում աշխատանքային ստաժի մեջ` ծառայության (աշխատանքի) մեկ ամիսը` որպես երեք ամիս,

- սահմանել` միանվագ նպաստի վճարում ԽՊՀՈՒ-ի անձնակազմին, որը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացել է խեղումներ (վերքեր, վնասվածքներ, կոնտուզիաներ), հիվանդություններ, որոնք հանգեցրել են ժամանակավոր անաշխատունակության և հաշմանդամություն չեն առաջացրել, 5 ամսվա դրամական վարձատրության չափով, իսկ հաշմանդամության առաջացման դեպքում` 10 ամսվա դրամական վարձատրության չափով. նշված նպաստը վճարվում է որպես հավելում ուղարկող Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված նպաստների (ապահովագրական վճարների),

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան` սահմանել բժշկական ապահովում,

- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի կազմից անձի զոհվելու (մահվան) դեպքում նրա ընտանիքի անդամներին տալ իրավունք հավասար մասնաբաժիններով ստանալու 30 ամսվա դրամական վարձատրության չափով միանվագ լրացուցիչ նպաստ` որպես հավելում ազգային օրենսդրությամբ սահմանվածի,

- զոհվածի (մահացածի) մարմնի և անձնական իրերի տեղափոխումը հուղարկավորման վայր իրականացնել համաձայնագրի 5 հոդվածով սահմանված միջոցների հաշվին,

- համաձայնագրով նախատեսված սոցիալական և իրավական երաշխիքները չտարածել այն անձանց վրա, որոնք ինքնակամ թողել են զորամասը կամ ծառայության (աշխատանքի) վայրը, քրեորեն պատժելի արարք են գործել ԽՊՀՈՒ-ի կազմում առաջադրանքներ կատարելու ընթացքում,

- որպես ուղարկող Կողմ իրականացնել ԽՊՀՈՒ-ի անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալական և իրավական երաշխիքներ տրամադրելու ծախսերի ֆինանսավորումը` ԽՊՀՈՒ ստեղծելու մասին Կողմերի որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա, այն ֆինանսական միջոցների շրջանակներում, որոնք ամեն տարի սահմանված կարգով նախատեսվում են ազգային բյուջեներում համապատասխան նպատակների համար:

3. Համաձայնագիրը բաց է Անկախ պետությունների համագործակցության այլ մասնակից պետությունների միանալու համար և ուժի մեջ է մտնում միանալու մասին գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու ամսաթվից:

4. ԱՊՀ մասնակից պետություններից համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը (վերապահումով), Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


1 ապրիլի 2008 թ.
ՍԴՈ-744

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան