ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2008 թվականի N 211-Ն
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 6-ի N 211-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. «Արև» համակարգը հատուկ համակարգչային համակարգ է, որի միջոցով տեսողության խնդիրներ ունեցող անձինք կարող են օգտվել համակարգչային տեխնիկայից:
3. «Արև» համակարգի ուսուցումը և համակարգչային տեխնիկայի տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
4. «Արև» համակարգի ուսուցումը, համակարգչային տեխնիկայի տրամադրումը և տեխնիկական սպասարկումն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
5. «Արև» համակարգի ուսուցումը և համակարգչային տեխնիկան տրամադրվում են տեսողության խնդիրներ ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին և տեսողությունից զրկված հաշմանդամ երեխաներին (այսուհետ` հաշմանդամ)` հաշվի առնելով հետևյալ առաջնայնությունները`
1) ԲՈՒՀ-երի ուսանողներ.
2) աշխատող հաշմանդամներ, որոնց աշխատանքն ուղղակիորեն առնչվում է համակարգչի հետ.
3) հանրակրթական դպրոցի ավարտական դասարանի աշակերտներ.
4) քոլեջների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ.
5) աշխատանք փնտրող հաշմանդամներ:
II. «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
6. «Արև» համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկա ստանալու համար հաշմանդամը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում դիմում, անձը և հաշմանդամի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և սույն կարգի 5-րդ կետում նշված առաջնայնությունը հավաստող տեղեկանք:
7. Հաշմանդամի դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում, որտեղ նշվում է ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ:
8. Դիմումների հաշվառումը և մատյանի վարումն իրականացնում է նախարարությունը:
9. Հանձնաժողովն ուսումնասիրում է հաշմանդամի կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը, որի հիման վրա ընդունում է որոշում` հաշմանդամին «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրելու մասին:
10. «Արև» համակարգի ուսուցումն իրականացնում է կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից հաշմանդամին տրված ուղեգրի հիման վրա: Հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է նախարարը:
11. Հանձնաժողովը սահմանում է հաշմանդամներին «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրելու հերթականությունը:
12. Հանձնաժողովը մերժում է հաշմանդամին` «Արև» համակարգի ուսուցում ստանալու համար կազմակերպություն ուղեգրի տրամադրումը, եթե նա չի ներկայացնում սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:
13. Հանձնաժողովի նիստը գումարվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` դիմումի առկայության դեպքում:
14. Կազմակերպությունը «Արև» համակարգի համակարգչային տեխնիկան տրամադրում է մեկ անգամ, տասը տարի ժամկետով` «Արև» համակարգի 60-ժամյա ուսուցումն իրականացնելուց և համապատասխան վկայական տրամադրելուց հետո:
III. «ԱՐԵՎ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովի կողմից հաշմանդամին տրամադրված ուղեգրի հիման վրա կազմակերպությունում լրացվում է անհատական քարտ` հաշմանդամի «Արև» համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկա ստանալու վերաբերյալ, որտեղ նշվում են հաշմանդամի անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության վայրը), ուսուցման և տեխնիկա տրամադրելու ժամկետները:
16. Հաշմանդամի և կազմակերպության միջև կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր «Արև» համակարգի համակարգչային տեխնիկա տրամադրելու վերաբերյալ: Պայմանագրով սահմանվում են այն դեպքերը, երբ համակարգչային տեխնիկան ժամկետից շուտ կարող է վերադարձվել կազմակերպությանը:
17. Անհատական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Հաշմանդամին կարող է տրամադրվել քաղվածք` անհատական քարտից:
19. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախարարություն է ներկայացնում հաշվետվություն նախորդ ամսում ուսուցումն ավարտած և համակարգչային տեխնիկա ստացած հաշմանդամների վերաբերյալ:
20. Նախարարությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն` նախորդ ամսում ուսուցումն ավարտած և համակարգչային տեխնիկա ստացած հաշմանդամների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |