041.0496.20.08.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 1999 թվականի N 496
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասին» N 442 որոշման`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի կազմը (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտե | 74 | 2 | -. |
կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ | 722 | - | -»: |
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կոլեգիայի անդամների թիվը` 9 մարդ:
(3-րդ կետը փոփ. 21.08.00 N 550)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 347 որոշումը (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468 որոշման խմբագրությամբ):
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետև` կոմիտե) պետական կառավարման հանրապետական մարմին է:
Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով և իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
2. Կոմիտեն պատասխանատու է բնագավառում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության անշարժ գույքի շուկայի ձևավորման, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, բնագավառում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման, համակարգի կառավարման համար:
3. Կոմիտեն իր իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:
4. Կոմիտեի համակարգն ընդգրկում է կոմիտեի տարածքային ստորաբաժանումները, հիմնարկները և ընկերությունները:
5. Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները կոմիտեի նախագահի սահմանած տարածքներում իրականացնում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, հաշվառման, կադաստրային գնահատման աշխատանքները և ենթակա ու հաշվետու են միայն կոմիտեին:
6. Կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
7. Կոմիտեն ու կոմիտեի տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:
8. Կոմիտեի կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ու պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գանձվող ծառայությունների վճարներից` օրենքով սահմանված կարգով:
II. Կոմիտեի խնդիրներն ու գործառույթները
9. Կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը և կադաստրի համակարգի գործունեության ապահովումը.
բ) գույքի (անկախ սեփականության ձևից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման իրականացումը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի (անկախ սեփականության ձևից) պետական հաշվառումն և դրա իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքի հողային հաշվեկշռի կազմումը.
դ) անշարժ գույքի կադաստրային քարտեզագրումը, թվային կադաստրային քարտեզների կազմումը.
ե) իրականացնում է անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների հարկման նպատակով գնահատման մեթոդիկայի մշակումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի կադաստրային գնահատումը, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծումը մասնակցում է բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը.
զ) անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակումն ու ներդրումը.
է) անշարժ գույքի պետական գրանցման, հաշվառման, կադաստրային քարտեզագրման, գնահատման, համակարգի ոլորտների լիցենզավորման աշխատանքներում համաշխարհային փորձի ուսումնասիրումը.
ը) անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) կազմակերպումն ու իրականացումը, անշարժ գույքի շուկայի վերլուծումը և տեղեկատվության հրապարակումը.
թ) անշարժ գույքի շուկայի ձևավորման ու կայացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը.
ժ) անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը, կադաստրային գործերի և պետական գրանցման փաստաթղթերի պահպանումը.
ժա) կադաստրային քարտեզագրողների, ռիելտորների, անշարժ գույքի շուկայական գնահատողների լիցենզավորումը.
ժբ) համակարգում ավտոմատացված կադաստրի ներդրումը.
ժգ) անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության ճշտության, ամբողջականության, մատչելիության, թարմության և հրապարակայնության ապահովումը.
ժդ) կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարումը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, մեթոդական օգնության կազմակերպումը.
ժե) իր իրավասության սահմաններում մշակում է հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքները հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձևավորման մասով, մասնակցում է, անշարժ գույքի հետ կապված հարաբերությունների կարգավորմանը.
ժզ) բնակավայրերի գլխավոր հատակագծերի, հողերի օգտագործման սխեմաների կազմման համար անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, կազմված նախագծերի վերաբերյալ իր իրավասության սահմաններում եզրակացության տրամադրումը բնակավայրերի գլխավոր հատակագծերի, հողերի օգտագործման սխեմաների կազմման սկզբունքների մշակմանը մասնակցությունը, հողերի օգտագործման սխեմաների տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ եզրակացության տրամադրումը.
ժէ) բազմաբնույթ կադաստրների վարման համար անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.
ժը) համակարգում մատուցվող ծառայությունների, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության դիմաց գանձվող վճարների հաստատումը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
ժթ) համակարգում ֆինանսական հոսքերի կենտրոնացումը, համակարգի եկամուտների և ծախսերի պլանավորումը, օպերատիվ հաշվապահական հաշվառման խնդիրների լուծումը.
ի) բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական և իրավական նորմատիվ ակտերի նախագծերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ, հանձնարարականներ և այլն) մշակումը, ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան բնագավառում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կատարելագործման նպատակով մշակում է առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին.
իա) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի ստեղծումն ու հրապարակումը.
իբ) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, անշարժ գույքի կադաստրի ծրագրերի իրականացումը.
իգ) տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքերի սահմանումը
իդ) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակման, դրանց իրականացման, ինչպես նաև տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների` սահմանված կարգով պետական ընդունման ապահովումը.
իե) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի և հատակագծերի հիման վրա պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծումն ու կառավարումը.
իզ) պետական գեոդեզիական ցանցի ստեղծման ու պարբերաբար թարմացման աշխատանքների իրականացումը, կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովումը.
իէ) սահմանված կարգով տեղագրաքարտեզագրական ֆոնդի, պետական գեոդեզիական ցանցի մասին տեղեկատվության տրամադրումը.
իը) ֆոտոգրամետրական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
իթ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով թույլտվությունների տրամադրումը և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
լ) տեղագրական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար լիցենզիաների տրամադրումը.
լա) նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակումը և հաստատումը.
լբ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության, պաշտպանության, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների ու քարտեզագրական նյութերի ապահովումը, իր իրավասության սահմաններում համայնքների և մարզերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքներին մասնակցելը.
լգ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցելը.
լդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
(9-րդ կետը լրաց., փոփ. 21.08.00 N 550)
(9-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 16.11.00 N 767)
III. Կոմիտեի աշխատանքների կազմակերպումը
10. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրերին համապատասխան: Կոմիտեի աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար:
11. Կոմիտեն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում, նախարարությունների և այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար, ինչպես նաև արձակում է համատեղ հրամաններ:
12. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իր բնագավառի պետական գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործառույթները: Կոմիտեն իր համակարգի տարածքային ստորաբաժանումներում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
13. Կոմիտեն`
ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից, կազմակերպություններից ու քաղաքացիներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է տեղեկանքներ անշարժ գույքի քանակական և որակական փոփոխությունների մասին.
բ) սահմանված կարգով մասնակցում է կոմիտեի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
գ) մյուս նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցության բնագավառին վերաբերող հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար.
դ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.
ե) սահմանում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջները, կոորդինացնում է ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.
14. Կոմիտեն բնագավառի բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:
15. Կոմիտեն գլխավորում է կոմիտեի նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Կոմիտեի նախագահն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստր:
16. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի տարածքային ստորաբաժանումների, հիմնարկների և ընկերությունների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված պետական գույքի օգտագործումը:
17. Կոմիտեն իրականացնում է համակարգի հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և դրանց կողմից կնքված պայմանների օրինականության վերահսկումը:
18. Կոմիտեն կազմակերպում է քաղաքացիների, իրավաբանական անձանց նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` համակարգի տարածքային ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
19. Կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
20. Կոմիտեի նախագահը`
ա) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին.
գ) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, ընկերությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
դ) սահմանում է կոմիտեի նախագահի տեղակալների, վարչության պետերի, բաժնի պետերի և կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների շրջանակը.
ե) կատարում է կոմիտեի նախագահի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
զ) հաստատում է կոմիտեի կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային ստորաբաժանումների կառուցվածքները, հաստիքացուցակները և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները, հաստատում է կոմիտեի կենտրոնական ապարատի վարչությունների, բաժինների, տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը, կոմիտեի կոլեգիայի անդամների թիվը, անհատական կազմը, կոմիտեի կառուցվածքն ու աշխատողների թիվը.
ը) կազմակերպում և ղեկավարում է կոմիտեի կոլեգիայի նիստերը.
թ) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է կոմիտեի տարածքային ստորաբաժանումները, հիմնարկներն ու ընկերությունները, սահմանում նրանց կողմից սպասարկվող տարածքները.
ժ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի կենտրոնական ապարատի, տարածքային ստորաբաժանումների աշխատողներին.
ժա) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի համակարգի տարածքային ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները:
21. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը:
22. Կոմիտեում ստեղծվում է կոլեգիա, որի մեջ մտնում են պետական կոմիտեի նախագահը (նախագահ), պետական կոմիտեի նախագահի տեղակալները` ի պաշտոնե, կոմիտեի և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:
23. Կոմիտեի կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերը, հեռանկարային զարգացման ու տարեկան ծրագրերի, կոմիտեի գործունեության հետ կապված այլ հարցեր, քննարկում է համակարգի տարածքային ստորաբաժանումների և մյուս հիմնարկների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերը, լսում կոմիտեի վարչությունների, համակարգի տարածքային ստորաբաժանումների հաշվետվությունները: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և, որպես կանոն, կենսագործվում կոմիտեի նախագահի հրամաններով: Կոմիտեի նախագահի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ ծագած տարաձայնությունների դեպքում կոմիտեի նախագահը կենսագործում է իր որոշումը այդ տարաձայնությունների մասին` զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
24. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական քաղաքականություն իրականացնելու, կոմիտեի համակարգի կադրերի ուսուցման ու վերապատրաստման, կադրային բանկի և տեղեկատվական համակարգի ստեղծման ու հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից, այդ թվում օտարերկրյա, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է կոմիտեի նախագահը:
25. Կոմիտեի գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի
Անշարժ գույքի գրանցման վարչություն
Անշարժ գույքի հաշվառման վարչություն
Անշարժ գույքի կադաստրային գնահատման վարչություն
Անշարժ գույքի համակարգված դիտարկումների վարչություն
Լիցենզավորման վարչություն
Միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի
իրականացման վարչություն
Քարտեզագրման վարչություն
Ֆինանսական, հաշվապահական հաշվառման վարչություն
Իրավաբանական և օրենսդրության մշակման վարչություն
Կոմիտեի նախագահի աշխատակազմ
1-ին բաժին
Կադրերի բաժին
Գործերի կառավարչություն
Հողաշինարարության վարչություն
Կառավարման ավտոմատացված համակարգերի վարչություն
Գեոդեզիայի վարչություն
Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողության տեսչություն
(Կառուցվացքը լրաց., փոփ. 21.08.00 N 550)
(Կառուցվացքը լրաց., փոփ. 16.11.00 N 767)
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կոլեգիայի
Կոմիտեի նախագահ (նախագահ)
Կոմիտեի նախագահի տեղակալներ
Անշարժ գույքի գրանցման վարչության պետ
Անշարժ գույքի հաշվառման վարչության պետ
Ֆինանսական, հաշվապահական հաշվառման վարչության պետ
Կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար