ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-820/2007 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-1730(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
Դատավորներ՝ | Ն. Հովսեփյան |
Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռաֆայել Պապանյանի, Սեդա Բաղդասարյանի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքները, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ Գևորգ Բաբախանյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), Երևանի քաղաքապետարանի, Ռաֆայել Պապանյանի՝ Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2464-Ա որոշումը, 02.08.2005 թվականի հողամասի վարձակալության թիվ 2983 պայմանագիրը, 16.08.2005 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2001287 վկայականն անվավեր ճանաչելու, հողամասի և այդ հողամասում կառուցված ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2464-Ա որոշումը, 02.08.2005 թվականի հողամասի վարձակալության թիվ 2983 պայմանագիրը, 16.08.2005 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2001287 վկայականը և պարտավորեցնել Կադաստրին գրանցել հողամասի և այդ հողամասում կառուցված ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 08.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2464-Ա որոշման 1-ին հավելվածի 38-րդ կետը, 02.08.2005 թվականի հողամասի վարձակալության թիվ 2983 պայմանագիրը, Կադաստրի կողմից 16.08.2005 թվականին Ռ.Պապանյանի անվամբ Երևանի Բաղրամյան պողոտայի 33ա շենքի բակում գտնվող ավտոտնակի սեփականության իրավունքի գրանցումը, պարտավորեցնել Կադաստրին Գ.Բաբախանյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցել վերջինիս անվամբ 12.04.2000 թվականի թիվ 0258653 սեփականության իրավունքի վկայականում չներգրավված ավտոտնակների 32,4քմ տարածքը: Հայցը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռաֆայել Պապանյանը, Սեդա Բաղդասարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքներին պատասխան է ներկայացրել Գևորգ Բաբախանյանը:
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները.
Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
ըստ Ռ.Պապանյանի, Ս.Բաղդասարյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքների՝
1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր և չի կիրառել ՀՀ Սահմանադրության 42-րդ և 83.5-րդ հոդվածները, իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ հողային օրենսգրքի 21-րդ հոդվածը, ներկայումս գործող ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ և 76-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 188-րդ, 280-րդ հոդվածները և 449-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 35-րդ և 38-րդ հոդվածները, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշման պահանջները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:
Բողոքներ բերած անձինք սույն պնդումը հիմնավորել են հետևյալ փաստարկներով.
Սույն քաղաքաքացիական գործի փաստերի համաձայն Կադաստրին հասցեագրված «Հայտարարությամբ» Գ.Բաբախանյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի ուժով հրաժարվել է 497,2քմ փաստացի չափերով տիրապետվող հողամասից դուրս գտնվող հողամասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից, այսինքն` Ռ.Պապանյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված ավտոտնակով ծանրաբեռնված հողամասը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, հետևաբար սույն իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի պահանջները կիրառելի չէ, քանի որ Գ.Բաբախանյանի որևէ իրավունք չի խախտվել: Հատկանշանական է այն, որ Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո գտնվող հողամասի վրա առկա ինքնակամ կառույցի կարգավիճակը կարող է ճանաչվել պետության կողմից:
1994 թվականի հոկտեմբերի 10-ի առուվաճառքի թիվ 1-3193 պայմանագրից ծագող իրավունքները հայցվորի անվամբ գրանցվել են 497,2քմ մակերեսով հողամասի նկատմամբ, հետևաբար, հիշյալ իրավական նորմերի պահանջներին համապատասխան վերջինս ձեռք է բերել սեփականության իրավունք միայն 497,2քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը, առանց որևէ իրավական հիմքերի եզրահանգելով, որ Գ.Բաբախանյանի 11.10.1994 թվականի սեփականության վկայագրով հողամասը նշվել է 855քմ, սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ 11.10.1994 թվականին Գ.Բաբախանյանին տրված սեփականության վկայագրում հողամասի մակերեսի վերաբերյալ որևէ նշում առկա չէ: Գ.Բաբախանյանը տեղյակ էր, որ իր փաստացի տիրապետման ներքո գտնվող հողամասի մակերեսը կազմում է 497,2քմ: Ավելին, խնդրել է կատարել իրավունքների պետական գրանցում՝ ըստ փաստացի չափերի, որպիսի գործողությունն ակնհայտ վկայում է Գ.Բաբախանյանի կողմից 497,2քմ փաստացի չափերով տիրապետվող հողամասից դուրս գտնվող հողամասից հրաժարվելու մասին, այսինքն` վիճելի ավտոտնակը և դրանով զբաղեցված հողամասը գտնվում է Գ.Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող 497,2քմ մակերեսով հողամասի սահմաններից դուրս:
2) ըստ Ռ.Պապանյանի և Ս.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքի` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 130-րդ հոդվածի 3-րդ մասի և 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձինք սույն պնդումը հիմնավորել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ռ.Պապանյանի անվամբ 16.08.2005 թվականի թիվ 2001287 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման:
3) ըստ Ռ.Պապանյանի և Ս.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքի՝ առկա է նոր երևան եկած հանգամանք, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտում:
Բողոք բերած անձինք սույն պնդումը հիմնավորել են այն փաստարկով, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ս.Բաղդասարյանին տրված անձը հաստատող թիվ 135 փաստաթղթի համաձայն` Ռ.Պապանյանը և Ս.Բաղդասարյանն ամուսիններ են, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, որը թեև հայտնի է եղել գործին մասնակցող անձ Ռ.Պապանյանին, բայց նրանից անկախ պատճառներով չի ներկայացվել դատարան, որը թույլ է տալիս եզրահանգելու, որ Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած Ս.Բաղդասարյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած աձինք` Ռ.Պապանյանը և Ս.Բաղդասարյանը պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի թիվ 07-820 վճիռն ամբողջությամբ, իսկ բողոք բերած անձ` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը պահանջել է բեկանել հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքների պատասխանը.
Ըստ Գ.Բաբախանյանի պատասխանի՝ ներկայացված վճռաբեկ բողոքների փաստարկներն անհիմն են և ենթակա մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանի վճիռը հիմնավոր է և այն կայացվել է գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 10.10.1994 թվականին Նվարդ Դավթյանի և Գևորգ Բաբախանյանի միջև կնքված բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Նվարդ Դավթյանը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող բնակելի տունը վաճառել է Գ.Բաբախանյանին:
2) Ըստ 11.10.1994 թվականի սեփականության իրավունքի վկայագրի Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող 129,4քմ մակերեսով բնակելի տան սեփականատերը Գ.Բաբախանյանն է: Նշված վկայագրում տնամերձ հողամասի վերաբերյալ որևէ նշում առկա չէ:
3) Սույն քաղաքացիական գործում առկա է 22.03.2000 թվականին Գ.Բաբախանյանի կողմից տրված հայտարարությունը, որում վերջինս հայտնել է, որ տեղյակ է չափագրման արդյունքներին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի չափը կազմում է 497,2քմ՝ սկսած 1968 թվականից, կապված Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 31ա շենքի կառուցման հետ: Հայտարարությամբ Գ.Բաբախանյանը խնդրել է կատարել պետական գրանցում՝ ըստ փաստացի չափերի:
4) Ըստ Գ.Բաբախանյանին տրված 12.04.2000 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0258653 վկայականի՝ Գ.Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող 135,2քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և 0,04972հա տնամերձ հողամասը:
5) Ըստ 16.08.2005 թվականի թիվ 2001287 սեփականության իրավունքի գրանցման վկայականի՝ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 33ա շենքի բակում գտնվող 20,5քմ մակերեսով ավտոտնակը սեփականության իրավունքով, իսկ դրանով զբաղեցված հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Ռ.Պապանյանին, հիմք` Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2464-Ա որոշումը և 02.08.2005 թվականի հողամասի վարձակալության պայմանագիրը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) վճռաբեկ բողոքներն առաջին հիմքով հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Օրենսդիրը սույն դրույթով նախատեսել է սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելու երկու դեպք: Այն է` այդ մասին գրավոր հայտարարելը, կամ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Սույն գործի փաստերի համաձայն առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի հատկանիշները: Այն է` 22.03.2000 թվականին Կադաստրին հասցեագրված հայտարարությամբ Գ.Բաբախանյանն ընդունել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի չափը կազմում է 497,2քմ՝ սկսած 1968 թվականից, կապված Բաղրամյան պողոտայի թիվ 31ա շենքի կառուցման հետ և խնդրել է կատարել պետական գրանցում՝ ըստ փաստացի տիրապետվող չափերի: Ընդ որում, Գ.Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանող 497,2քմ փաստացի չափերով տիրապետվող հողամասը գտնվում է ցանկապատված վիճակում: Ավելին, Երևանի քաղաքապետի 28.06.2000 թվականի որոշմամբ Գ.Բաբախանյանին թույլատրվել է կառուցել ավտոտնակ, իսկ 20.07.2000 թվականին տրվել է ավտոտնակը կառուցելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք, որում որպես Գ.Բաբախանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չափ նշվել է 497,2քմ, իսկ Գ.Բաբախանյանը մինչև սույն վեճը երբևէ չի առարկել և վիճարկել նշված փաստը:
Փաստորեն, Գ.Բաբախանյանն ինչպես գրավոր հայտարարությամբ, այնպես էլ ավտոտնակի հետ կապված վերը նշված գործողություններով հրաժարվել է մնացած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի հիմքով սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր սեփականության իրավունքից հրաժարվելու դեպքում, իսկ ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածի հիմքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը պետության սեփականությունն են:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Բաբախանյանի կողմից ցանկապատված վիճակում 497,2քմ փաստացի չափերով տիրապետվող հողամասից դուրս գտնվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու պայմաններում նշված հողամասի նկատմամբ ծագել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Հետևաբար, Երևանի քաղաքապետը, օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքներից, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 33ա շենքի բակում գտնվող 20,5քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել է Ռ.Պապանյանի սեփականության իրավունքը, իսկ դրանով զբաղեցված հողամասի նկատմամբ` վարձակալության իրավունքը, որպիսի իրավունքներն ենթարկվել են պետական գրանցման:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ նշված դրույթի համաձայն ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու իրավունք ունի սեփականատերը, մինչդեռ, ինչպես նշվեց, Գ.Բաբախանյանը ցանկապատված վիճակում 497,2քմ փաստացի չափերով տիրապետվող հողամասից դուրս գտնվող հողամասի նկատմամբ որևէ իրավունք չունի:
2) Ռ.Պապանյանի և Ս.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործի վարույթը Ռ.Պապանյանի անվամբ 16.08.2005 թվականի թիվ 2001287 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարութի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
«Գույքի նկատամամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:
Վճռաբեկ դատարանն այս իրավական հարցի վերաբերյալ իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920(ՎԴ) որոշմամբ (տես՝ քաղաքացիական գործն ըստ հայցի Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի՝ պայմանագրերը լուծելու, Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):
3) Ռ.Պապանյանի և Ս.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքն երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմք են` գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան:
Նշված դրույթի բովանդակությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքները հայտնի լինելու պարագայում պետք է մատնանշվեն այն պատճառները որոնց հիմքով անհնարին էր դրանց ներկայացնելը դատարան: Միաժամանակ, այդ հանգամանքները գործի համար պետք է ունենան էական նշանակություն:
Մինչդեռ, գործին մասնակցող անձ Ռ.Պապանյանի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված փաստաթուղթը ստորադաս դատական ատյաններում դատական քննության ժամանակ նրան հայտնի էր և վերջինս հնարավորություն է ունեցել ինչպես դրանք ներկայացնելու, այնպես էլ որպես դատավարության կողմ դատարանին միջնորդելու կնոջը դատաքննությանը ներգրավելու համար, ինչը չի կատարել: Ընդ որում այդ հանգամանքները հայտնի լինելու պարագայում չի մատնանշել այն պատճառները որոնց հիմքով դրանց ներկայացնելը դատարան անհնարին էր:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքին կից ներկայացված փաստաթուղթը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք չէ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Սույն գործի փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Այսպիսով, վերը շարադրված պատճառաբանությունների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքների առաջին և երկրորդ հիմքերը հիմնավոր համարելով, դրանք դիտում է որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.07.2007 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Գևորգ Բաբախանյանի հայցը մերժել:
2. Ռաֆայել Պապանյանի անվամբ 16.08.2005 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2001287 վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|