«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2003 թվականի N 832-Ն
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգի գործողության ժամկետը սահմանել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշման 1-ին կետի «դ» ենթակետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Մանրամասն հատակագծման նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` բնակավայրի առանձին հատվածի, ինչպես նաև բնակավայրի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով կառուցապատման ենթակա տարածքների համար, գործող մանրամասն հատակագծման նախագծերի փոփոխման կամ լրացման դեպքերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմանը համապատասխան մշակված գոտիավորման նախագծերի առկայության պարագայում մանրամասն հատակագծման նախագիծ չի մշակվում:
3. Մանրամասն հատակագծման նախագիծը (այսուհետ` նախագիծ) որոշում է բնակելի, մշակութակենցաղային, կոմունալ սպասարկման օբյեկտների կազմը և տեղաբաշխումը, տարածքի ինժեներական նախապատրաստման, բարեկարգման ու շրջակա միջավայրի պահպանման միջոցառումները, հողամասերի սահմանները` ըստ սեփականության իրավունքի սուբյեկտների, տրանսպորտային սպասարկման կազմակերպումը, ինժեներական կառուցվածքների և գլխավոր հաղորդակցուղների ուղեգծերը, կառուցապատման կարգավորման, փողոցների ու հրապարակների կարմիր գծերը, դրանց ընդլայնման կտրվածքները:
4. Նախագծի պատվիրատու (այսուհետ` պատվիրատու) կարող են հանդիսանալ`
ա) քաղաքային կամ գյուղական համայնքի վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար` համայնքի ղեկավարը.
բ) համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքների համար` համապատասխան մարզպետը.
գ) Երևան քաղաքի առանձին հատվածների համար` Երևանի քաղաքապետը.
դ) քաղաքաշինական գործունեության` օրենքով նախատեսված այլ սուբյեկտներ:
5. Պատվիրատուն օրենքով սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետ` կատարող) հանձնում է նախագծի մշակման առաջադրանքը (այսուհետ` առաջադրանք) և կատարողի հետ կնքում պայմանագիր:
Կատարողը պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ կարող է հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:
Նախագիծը մշակվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված կազմով և բովանդակությամբ:
6. Հաստատված գլխավոր հատակագծի բացակայության դեպքում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պատվիրատուներն առաջադրանքը համաձայնեցնում են համապատասխանաբար համայնքի ղեկավարի, մարզպետի (ըստ տարածքի գտնվելու վայրի) և քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի հետ:
7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 96 որոշմամբ սահմանված կարգով:
Նախագծային փաստաթղթերը կարող են ներկայացվել փորձաքննության դրանք մշակողի կողմից, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:
8. Պատվիրատուն, փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո, նախագծի մասին հինգօրյա ժամկետում իրազեկում է հասարակությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ հաստատված կարգի և այն ներկայացնում համաձայնեցման`
ա) սույն կարգի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում` համապատասխան մարզպետին և քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմին.
բ) սույն կարգի 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում` քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմին:
9. Սույն կարգի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում սուբյեկտները պարտավոր են նախագծի մշակման առաջադրանքը և նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել համապատասխանաբար 4-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերով սահմանված մարմինների հետ` ըստ տարածքի գտնվելու վայրի, որոնք մինչև նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելը, դրանց մասին իրազեկում են հասարակությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ հաստատված կարգի:
10. Պատվիրատուն նախագիծը սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հաստատում է այն:
11. Մանրամասն հատակագծում փոփոխությունները կատարվում են նույն կարգով, ինչ կարգով այն հաստատվում է:
Երևան քաղաքի տարածքում մանրամասն հատակագծում կատարվող և գլխավոր հատակագծով ամրագրված դրույթներին չհակասող փոփոխություններն իրականացվում են առանց սույն կարգի 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված համաձայնեցման` ապահովելով օրենքով և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պարտադիր կատարումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |