Գլխավոր տեղեկություն
Номер
N 1323-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/61(585) Հոդ.1256
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.10.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2007
Дата вступления в силу
06.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2007 թվականի N 1323-Ն

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 1497-Ն որոշումը, ինչպես նաև հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ա. Մանուկյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Վ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Գ. Դանիելյան

- ՀՀ արդարադատության նախարար

Ն. Երիցյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Լ. Գևորգյան

- ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)

Ս. Ղոնաղչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ

Ա. Խրիմյան

- «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բախտամյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

Գ. Տոռոզյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 18-ի N 1323-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով (այսուհետ` կոնցեսիոն պայմանագիր) փոխանցվում է սույն կարգին և մրցութային փաստաթղթերին (այսուհետ` առաջարկներ ներկայացնելու հրավեր) համապատասխան կազմակերպված մրցույթի արդյունքների հիման վրա:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախաորակավորված մասնակիցները (այսուհետ` հայտատուներ):

4. Կոնցեսիոն պայմանագրի կնքման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

5. Կոնցեսիոն պայմանագրի կնքման մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

6. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջինիս մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Հանձնաժողովը`

1) ուսումնասիրում է հայտատուների հարցումները և պարզաբանում դրանք` ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հայտատուների համաժողովի ընթացքում.

2) անհրաժեշտության դեպքում կատարում է լրացումներ առաջարկներ ներկայացնելու հրավերին.

3) բացում է հայտատուների առաջարկները.

4) ուսումնասիրում և գնահատում է հայտատուների առաջարկները.

5) անհրաժեշտության դեպքում կատարում է հարցումներ հայտատուներին` պարզաբանելու իրենց առաջարկները.

6) հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և հրավիրում ֆինանսական առաջարկների բացմանն այն հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս չէ առաջարկի հրավերով սահմանված նվազագույն միավորից.

7) որոշում է նախընտրելի հայտատուին (մրցույթի հաղթող) տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշռային միավորների ամենաբարձր հանրագումարը հավաքած հայտատու):

9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

10. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ծանուցում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստերի մասին, կազմում է արձանագրությունները.

2) ընդունում և գրանցում է հայտատուների առաջարկները.

3) ապահովում է արձանագրությունների կազմումը, մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր փաստաթղթերի հավաքագրումը և մրցույթի ավարտից հետո դրանք հանձնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը.

4) կատարում է սույն կարգից բխող` հանձնաժողովի նախագահի կողմից իրեն տրված հանձնարարականները:

11. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները:

12. Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկել համապատասխան մասնագետների:

13. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մրցույթի հաղթողի հետ կոնցեսիոն պայմանագրի կնքման վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունելուց հետո:

 

III. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ

 

14. Առաջարկներ ներկայացնելու հրավերը պետք է բաղկացած լինի հետևյալ բաժիններից`

1) «Մաս 1. Հրահանգներ հայտատուներին».

2) «Մաս 2. Տեղեկատվական հուշագիր»:

15. «Մաս 1. Հրահանգներ հայտատուներին» բաժինը պետք է ներառի`

1) կոնցեսիայի սխեմայի ընդհանուր պատկերը և գործընթացը.

2) մրցույթի մասնակիցների անվանումները.

3) մանրամասներ տեխնիկական և ֆինանսական առաջարկների բովանդակության, ձևի ու ներկայացնելու հասցեի և վերջնական ժամկետի վերաբերյալ.

4) պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը և ձևերը.

5) մանրամասներ առաջարկներ ներկայացնելու հրավերի վերաբերյալ, պարզաբանումներ ստանալու նպատակով հայտատուների կողմից հարցումներ ներկայացնելու և դրանց պատասխանելու ընթացակարգի վերաբերյալ.

6) մանրամասներ առաջարկներ ներկայացնելու հրավերին լրացումներ կատարելու ընթացակարգի վերաբերյալ.

7) տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման չափանիշները և միավորները.

8) մանրամասներ հանձնաժողովի կողմից առաջարկների ընդունման, բացման և գնահատման վերաբերյալ.

9) ֆինանսական առաջարկների բացմանը և գնահատմանը մասնակցելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկի գնահատականի նվազագույն միավորը.

10) տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշիռները (տոկոսներով).

11) Հայաստանի Հանրապետությունում կոնցեսիան իրականացնող կազմակերպության ստեղծման գործընթացի ընդհանուր նկարագիրը.

12) կոնցեսիոն պայմանագրի նախագիծը, այդ թվում` օտարվող և կոնցեսիայի հանձնվող ակտիվների ցուցակը.

13) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:

16. «Մաս 2. Տեղեկատվական հուշագիր» բաժինը պետք է պարունակի`

1) տեղեկատվություն Հայկական երկաթուղու վերաբերյալ.

2) տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի վերաբերյալ.

3) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

17. Մրցույթի հայտերը (առաջարկները) ներկայացվում են փակ ծրարով:

18. Հայտի ներկայացման ժամկետը համարվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին կատարվում է գրառում` հատուկ գրանցաթերթիկում, որի պատճենը տրամադրվում է հայտատուին:

19. Մրցույթի հայտերի ընդունման սահմանված վեջնաժամկետից ուշ ներկայացված հայտերի մասին կատարվում է գրառում` հատուկ գրանցաթերթիկում և առանց ծրարը բացելու վերադարձվում հայտատուին:

20. Հայտատուները մինչև մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը:

21. Հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո ներկայացնելու դեպքում մերժվում են:

22. Մրցույթի միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

23. Մրցույթի հայտերը բացվում են հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից անմիջապես հետո` հանձնաժողովի նիստում, որին կարող են մասնակցել բոլոր հայտատուները, ընդ որում, բացվում են միայն տեխնիկական առաջարկները, իսկ ֆինանսական առաջարկները փակ վիճակում պահվում են մինչև դրանց բացման պահը:

24. Հայտերի բացման ժամանակ հրապարակվում են`

1) յուրաքանչյուր հայտատուի անվանումը.

2) հայտի փոփոխության և հետ վերցնելու մասին գրավոր դիմումները, եթե այդպիսիք կան.

3) այլ մանրամասներ, որոնք հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի հայտարարել:

25. Այն հայտերը, որոնց հետ վերցնելու մասին գրավոր դիմումն ստացվել է մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը, չեն բացվում և փակ վիճակում վերադարձվում են հայտատուին:

26. Հանձնաժողովի հետագա նիստերը փակ են հայտատուների համար, եթե իրենք չեն ստացել նիստին մասնակցելու հատուկ հրավեր:

27. Հանձնաժողովն ստուգում է հայտերի ամբողջականությունը և համապատասխանությունն առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված պահանջներին: Հայտերը, որոնք էականորեն չեն համապատասխանում սույն կարգի և առաջարկներ ներկայացնելու հրավերի պահանջներին, հանձնաժողովի կողմից մերժվում են:

28. Հայտերը, սույն կարգի և առաջարկներ ներկայացնելու հրավերի պահանջներին համապատասխանելու դեպքում, հանձնաժողովը գնահատում է ներկայացված տեխնիկական առաջարկները` առաջարկներ ներկայացնելու հրավերով նախատեսված չափանիշներով:

29. Տեխնիկական առաջարկների գնահատումն ավարտելուց հետո հանձնաժողովը հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և հրավիրում ֆինանսական առաջարկների բացմանն այն հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս չէ առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված նվազագույն միավորից:

30. Այն հայտատուները, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս է առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված նվազագույն միավորից, հետ են ստանում իրենց ֆինանսական առաջարկները փակ վիճակում:

31. Ֆինանսական առաջարկները բացվում են հանձնաժողովի նիստում, որին կարող են մասնակցել հրավիրված հայտատուները:

32. Հանձնաժողովն ստուգում է ֆինանսական առաջարկների ճշգրտությունը և գնահատում է առաջարկներ ներկայացնելու հրավերով նախատեսված չափանիշներով:

33. Մրցույթի նախընտրելի հայտատու է ճանաչվում այն հայտատուն, որը հանձնաժողովի կողմից ստացել է տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշռված միավորների ամենաբարձր հանրագումարը:

34. Գնահատականների կշռային միավորների հավասար հանրագումար ստանալու դեպքում նախընտրելի հայտատուն որոշվում է ֆինանսական առաջարկների առավելագույն գնահատականի արդյունքով: Ֆինանսական առաջարկների առավելագույն գնահատականի հավասարության դեպքում նախապատվությունը կտրվի առանց փոխհատուցման ուղևորափոխադրումների իրականացման առաջարկություն ներկայացրած հայտատուին, իսկ այդ առաջարկության համընկնելու կամ հայտատուների կողմից նման առաջարկություն չներկայացնելու դեպքում` վիճակահանությամբ:

35. Հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին:

36. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը մրցույթի մասնակիցներին ծանուցում է մրցույթի արդյունքների մասին:

37. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը նախընտրելի հայտատուին հրավիրում է կոնցեսիոն պայմանագրի բանակցությունների:

38. Նախընտրելի հայտատուի կողմից կոնցեսիոն պայմանագիր կնքելուց խուսափելու կամ հրաժարվելու դեպքում պայմանագրի բանակցությունների է հրավիրվում գնահատման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած հայտատուն, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:

39. Հանձնաժողովը ներկայացված առաջարկների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունի գրավոր դիմելու հայտատուներին` պահանջելով պարզաբանել իրենց առաջարկները:

40. Հայտատուների պարզաբանումները նույնպես պետք է լինեն գրավոր տեսքով և չպետք է հանգեցնեն առաջարկների փոփոխության:

41. Հանձնաժողովը` ցանկացած պահի, նախքան կոնցեսիոն պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը, կարող է ընդունել կամ մերժել ցանկացած առաջարկ, անտեսել ստացված առաջարկներում տեղ գտած ոչ էական անճշտությունները, չեղյալ հայտարարել առաջարկներ ներկայացնելու հրավերի գործընթացը և մերժել բոլոր առաջարկները` առանց այդ գործողությունների համար հայտատուների նկատմամբ որևէ պարտավորության կամ նրանց այդ գործողությունների հիմքերի վերաբերյալ տեղեկացնելու պարտավորվածության:

42. Մրցույթը համարվում է չկայացած`

1) եթե մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) սույն կարգով և օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

43. Պայմանագրի բանակցություններն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը նախընտրելի հայտատուի (մրցույթի հաղթողի) հետ կոնցեսիոն պայմանագրի կնքման վերաբերյալ համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

44. Կոնցեսիոն պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են պայմանագրի կողմ հանդիսացող մրցույթի մասնակցի միջոցների հաշվին:

45. Մրցույթը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան