Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.11.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
09.11.2007
Дата вступления в силу
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-378

Քաղաքացիական գործ թիվ 3-1400(ՎԴ)

2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
դատավորներ` Ա. Թումանյան
Տ. Սահակյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆլեշ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.02.2007 թվականի թիվ 07-378 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Արարատ Ծովյանի և Սվետլանա Հակոբյանի հայցի ընդդեմ ընկերության՝ շինությունը քանդելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն պարտավորեցնելու կամ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորները պահանջել են պարտավորեցնել ընկերությանը քանդել Արարատ Ծովյանին հատկացված տարածքում կառուցված շինությունը, վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, այն է՝ պարտավորեցնել ընկերությանը Երևանի Պուշկինի փողոցի 15ա շենքին հարող տարածքի հողամասում երկամսյա ժամկետում կառուցել և հանձնել կենցաղասպասարկման օբյեկտ այն վիճակում, ինչ եղել է քանդման պահին կամ նշված աշխատանքները իրենց կողմից կատարելու համար բռնագանձել ընկերությունից 4.828.577 ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.08.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Արարատ Ծովյանը և Սվետլանա Հակոբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճռում պատճառաբանվել է, որ շինությունը քանդող տեխնիկան պատկանում է Ընկերությանը: Լուսանկարներում պատկերված տեխնիկան իրոք պատկանում է Ընկերությանը, սակայն դրա առկայությունը այդ տարածքում դեռևս չի նշանակում, որ այն քանդում է շինությունը, քանի որ ընկերության հողամասը, որտեղ այս տեխնիկան աշխատանքներ է իրականացնում, գտնվում է անմիջապես Ա.Ծովյանի հողամասի հարևանությամբ: Ընկերության տեխնիկայի տարածքում գտնվելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այն քանդում է կամ քանդել է Ա. Ծովյանի կառուցած շինությունը:

Վճռում նշվել է, որ պատասխանող կողմը դատարանում ընդունեց, որ ընկերության տեխնիկան աշխատել է տարածքում: Սակայն պատասխանողի ներկայացուցիչը ընդամենը հղում կատարելով վկա Ֆ. Գրիգորյանի ցուցմունքի վրա նշել է, որ ընկերության տեխնիկայով ոչ թե քանդվել է շինությունը, այլ տեղափոխվել է շինարարական աղբը:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Որևէ թույլատրելի ապացույցով չի հիմնավորվել, որ հայցվորին պատկանող շինությունը քանդվել է պատասխանողի աշխատակիցների կողմից, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի հիմքով պատասխանողը չի կարող պատասխանատվություն կրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Վճռաբեկ բողոքում ընկերությունը նշում է, որ չի քանդել շինությունը, պատճառաբանելով, որ որևէ ապացույցով չի հաստատվում, որ տեխնիկան աշխատացրել է Ընկերության աշխատակիցը: Բողոքում անդրադարձ է կատարվում նաև վկաների ցուցմունքներին:

Վկա Գ.Հարոյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Ընկերության ապրանքային նշանով տեխնիկայի միջոցով է քանդվել կառույցը: Ինչ վերաբերում է փորձագետի եզրակացությունը կասկածի տակ դնելուն, ապա ծախսերը շատ ավելի են, քան եզրակացությունում նշվածը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն փաստը, որ Ընկերության կողմից շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ գործում որևէ պատշաճ ապացույց առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը խախտվել է այն առումով, որ հայցվորին պատկանող շինությունը պատասխանողի կողմից քանդված լինելու հանգամանքը հիմնավորելու համար հիմք են ընդունվել միայն գործում առկա լուսանկարները և գործով հարցաքննված վկաների ցուցմունքները:

Մինչդեռ, այդ ապացույցներով չի կարող հաստատվել այն հանգամանքը, որ նշված տեխնիկայի միջոցով պատասխանողը քանդել է հայցվորի շինությունը, իսկ գործով հարցաքննված վկաները տվել են իրարամերժ ցուցմունքներ, որոնք Դատարանի կողմից բազմակողմանի և օբյեկտիվ չեն հետազոտվել և պատշաճ գնահատման չեն արժանացել:

Փաստորեն, գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել հայցվորին պատկանող շինությունը պատասխանողի կողմից քանդված լինելու հանգամանքը:

Փորձաքննության եզրակացության հետևություններ մասում նշվել է Երևանի Պուշկինի 15ա հասցեում իրականացված շինարարական աշխատանքների բնույթը և ծավալը, որոշվել է շինության շուկայական գինը, ինչպես նաև՝ վնասի չափը: Իսկ այն հարցը, թե ում կողմից է վնասը պատճառվել, փորձաքննությամբ չի պարզվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպեu նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնաuը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Մինչդեռ, սույն գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ հայցվորի գույքին վնասը պատճառվել է պատասխանողի կողմից.

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է այն պատճառաբանությամբ, որ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածը սույն գործով չի կիրառել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.02.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 28.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան