ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 հունվարի 2008 թ. |
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 73 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ դիմող` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 68 հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` սահմանադրական դատարանում 02.10.2007 թ. մուտքագրված դիմումն է:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի և պատասխանող կողմի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002 թ. նոյեմբերի 19-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2003 թ. մարտի 31-ին և ուժի մեջ է մտել 2003 թ. ապրիլի 10-ից:
Օրենքի 73 հոդվածը, որը շարադրված է «Անցումային դրույթներ» 14-րդ գլխում, սահմանում է. «Մինչև սույն oրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` հաշվի առնելով սույն oրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն oրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում:
Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն oրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով»:
2. Դիմող կողմը վիճարկում է օրենքի 73 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին՝ այն հիմնավորմամբ, որ այդ դրույթը, վատթարացնելով քաղաքացիների իրավական վիճակը, կիրառվում է հետադարձ ուժով: Մինչդեռ, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերին, ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, չի կարող հետադարձ ուժ տրվել:
Դիմողը փաստում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 2-րդ մասի համաձայն մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ նույն օրենքի 48 հոդվածով սահմանված կարգի: Նշված 48 հոդվածը, սակայն, առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանքը չի դիտում որպես ստաժի հաշվարկման առանձնահատկություն: Մինչդեռ, նախկինում գործող «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի համաձայն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկվում էր մեկուկես անգամ:
Դիմողը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասը` նույն օրենքի 45 հոդվածի 2-րդ մասի դրույթների հետ փոխադարձ կապի մեջ, մինչև օրենքի ուժի մեջ մտնելն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած և կենսաթոշակի նշանակումից հետո աշխատանքային գործունեությունը շարունակած անձանց կենսաթոշակային իրավունքները գնահատելիս կամ բացառում է նշված հիմքով աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկումը, կամ թույլ չի տալիս ապահովագրական ստաժում հաշվարկել կենսաթոշակի նշանակումից հետո իրականացված աշխատանքային գործունեության այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել են սոցիալական ապահովագրության վճարները: Դրանով օրենքը վատթարացնում է քաղաքացիների վիճակը և վերացնում նախկինում գործող օրենսդրությամբ ձեռք բերված նրանց իրավունքները, ուստի պատկանում է այն նորմերի թվին, որոնց չի կարող հետադարձ ուժ տրվել:
3. Ըստ պատասխանող կողմի` դիմողի փաստարկները հիմնավոր են, վիճարկվող նորմով հետադարձ ուժ է տրվել քաղաքացիների իրավական վիճակը վատթարացնող դրույթի, վերացվել է նախկինում գործող ՀՀ օրենսդրությամբ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատելու համար քաղաքացիներին տրվող արտոնությունը` կապված այդպիսի պայմաններում աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելու առանձնահատկությունների հետ:
Պատասխանող կողմն ակնհայտ համարելով վիճարկվող նորմի հակասությունը ՀՀ Սահմանադրությանը` գտնում է նաև, որ օրենքի վիճարկվող դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու դեպքում առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատած անձանց համար ապահովագրական ստաժի հաշվարկման խնդիրը չի լուծվում: Այս առումով, թերևս, անհրաժեշտություն կառաջանա խնդիրը լրացուցիչ կարգավորել օրենսդրական մակարդակում:
4. ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասն ամրագրում է անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի մերժման սկզբունքը: Վերջինս հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով:
5. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածը սահմանում է մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման կարգը: Օրենսդիրն այդ կարգը սահմանելիս տարբերակել է կենսաթոշակը վերահաշվարկելու հետևյալ երկու իրավիճակները.
- երբ կենսաթոշակի վերահաշվարկը կատարվում է արդեն իսկ գործում առկա փաստաթղթերի հիման վրա,
- երբ ներկայացվում են ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:
Առաջին դեպքում, նախկինում նշանակված կենսաթոշակը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված նոր կարգով վերահաշվարկելիս հիմք է ընդունվում նախկինում գործող «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 06.12.1995 թ., ուժը կորցրել է 10.04.2003 թ.) հիման վրա հաշվարկված աշխատանքային ստաժը: Այդ օրենքի 30 հոդվածի համաձայն, որը սահմանում էր աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկման կարգը, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածում աշխատանքային ստաժը հաշվարկվում էր մեկ և կես անգամ: Հաշվի առնելով, որ, ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 1-ին մասի, նախկինում նշանակված կենսաթոշակը նշված օրենքով սահմանված կարգով վերահաշվարկելիս հիմք է ընդունվում արդեն իսկ հաշվարկված ստաժը, ապա վերահաշվարկելիս պահպանվում է աշխատանքային ստաժի այն արտոնյալ հաշվարկման կարգը, որը գործել է «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի հիմա վրա:
Մինչդեռ, երկրորդ դեպքում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելիս նախկինում նշանակված կենսաթոշակն այդ օրենքով սահմանված նոր կարգով վերահաշվարկելիս այդ օրենքի հիման վրա է հաշվարկվում և´ ստաժի այն հատվածը, որն արդեն հիմնավորված է գործում առկա փաստաթղթերով, և´ լրացուցիչ փաստաթղթերով ներկայացված ստաժը: Իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ այդ օրենքի 48 հոդվածով սահմանված կարգի: Վերջինս էլ, իր հերթին, առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանքը չի դիտում որպես ստաժի հաշվարկման առանձնահատկություն: Ուստի կենսաթոշակը նշված դրույթների հիման վրա վերահաշվարկելիս չի պահպանվում առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատանքի ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկման կարգը:
Օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման կարգավորման արդյունքում վերահաշվարկ կատարելիս մեծ մասամբ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ վերահաշվարկված գումարն ավելի նվազ լինի, քան նախկինում նշանակվածը, օրենքի 73 հոդվածի 3-րդ մասով նախատեսել է, որ եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև այդ oրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
Սակայն այս դրույթը լիովին չի լուծում քաղաքացու համար վերահաշվարկի արդյունքում ստեղծվող բացասական հետևանքները վերացնելու խնդիրը: Նման կարգավորման արդյունքում, թեև ապահովվում է նախկինում հաշվարկված կենսաթոշակի չափը, այնուամենայնիվ, կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանք կատարած անձի՝ լրացուցիչ փաստաթղթերով հիմնավորվող ստաժն ընդհանրապես անտեսվի և լրացուցիչ փաստաթղթերի ներկայացումն իմաստ չունենա, քանի որ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման դեպքում նոր կարգով վերահաշվարկելիս կենսաթոշակի նախկինում հաշվարկված չափը կարող է նվազել:
6. Մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած և կենսաթոշակի նշանակում ստացած անձինք ակնկալիք են ունեցել, որ իրենց կենսաթոշակը ենթակա է հաշվարկման արտոնյալ կարգով: Սակայն նույն օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի ուժով այդ արտոնյալ կարգը վերացվել է՝ անտեսելով նաև նշված պայմաններում աշխատած անձանց ակնկալիքն առ այն, որ իրենց կենսաթոշակը հաշվարկվելու է արտոնյալ կարգով: Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածը, ի թիվս այլ սկզբունքների, որպես պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունք ամրագրում է նաև սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության ապահովումը: Սոցիալական արդարության սկզբունքը պահանջում է, որ որոշակի առավելություններ ու արտոնություններ տրամադրվեն վնասակար և ծանր պայմաններում աշխատող անձանց:
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի 73 հոդվածով նախատեսված կարգավորման արդյունքում կարող է առաջանալ նաև օրենքի առջև հավասարության սկզբունքի ապահովման հետ կապված խնդիր: Սահմանելով վերահաշվարկման կարգը՝ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու և չներկայացնելու պարագայում, օրենքի վիճարկվող նորմը տարբերակված մոտեցում է ցուցաբերում նույն ժամանակահատվածում նույն պայմաններում ձեռք բերված աշխատանքային ստաժի հաշվարկման կարգի նկատմամբ: Օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի կիրառման արդյունքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ միևնույն ժամանակահատվածում միևնույն պայմաններում աշխատած անձանց համար սահմանվեն կենսաթոշակի տարբեր չափեր: Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է, եթե առկա չէ օբյեկտիվ և պատճառաբանված արդարացում:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ տարբերակված մոտեցման հիմքում ընկած այնպիսի ձևական հանգամանքը, ինչպիսին, ի հիմնավորումն աշխատանքային ստաժի, լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու հանգամանքն է, չի կարող դիտվել որպես օբյեկտիվ, իրավաչափ և ողջամիտ արդարացում:
8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը: Մինչդեռ, օրենքի վիճարկվող նորմն առնչվել է բազմաթիվ մարդկանց իրավունքներին: Միաժամանակ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացրած տեղեկանքի համաձայն` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակների վերահաշվարկման արդյունքում ապահովագրական ստաժը պակասել է 14.826 տարով (ամսական 3.4 մլն դրամով):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ մասի հիման վրա սույն որոշումը տարածել նաև դրա ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|