ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1483-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 184-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 24 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականինոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների (այսուհետ` ազգային զեկույց) պատրաստման և հաստատման կարգը:
2. Սույն կարգի իմաստով միջազգային պարտավորություն են համարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված Հայաստանի Հանրապետության պարտավորությունները և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները:
3. Եթե ազգային զեկույցի պատրաստումը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված պարտավորությունից, ապա զեկույցների պատրաստման պատասխանատու մարմին է հանդիսանում տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը (այսուհետ` իրավասու գերատեսչություն):
4. Եթե ազգային զեկույցի պատրաստումը բխում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ստանձնած պարտավորություններից, ապա ազգային զեկույցի պատրաստման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նշանակված գերատեսչությունը:
5. Ազգային զեկույցի պատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում ցանկ, որում արտացոլված են իրավասու գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ազգային զեկույցների պատրաստման թեմաները և ժամկետները` նշելով համապատասխան միջազգային պայմանագիրը կամ միջազգային կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունը:
6. Ազգային զեկույցի պատրաստման համար իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից իրավասու գերատեսչության ներկայացմամբ` սահմանված կարգով կարող է ստեղծվել միջգերատեսչական աշխատանքային խումբ կամ հանձնաժողով:
7. Իրավասու գերատեսչությունն ազգային զեկույցի պատրաստմանը կարող է ներգրավել մասնագետների, փորձագետների և խորհրդատուների:
8. Իրավասու գերատեսչությունը, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն ազգային զեկույցի պատրաստման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ` հիմնավորելով ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությունը և կցելով համապատասխան նախահաշիվը:
9. Իրավասու գերատեսչությունը մշակում է ազգային զեկույցի նախագիծը և համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ:
10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև այլ շահագրգիռ պետական կառավարման մարմիններ իրենց առաջարկությունները ներկայացնում են իրավասու գերատեսչության կողմից նշված ժամկետում, իսկ նման ժամկետ նշված չլինելու դեպքում` 30-օրյա ժամկետում:
11. Իրավասու գերատեսչությունը կարծիքներն ստանալուց հետո ամփոփում և լրամշակում է ազգային զեկույցի նախագիծը:
12. Իրավասու գերատեսչությունն ազգային զեկույցը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
13. Ազգային զեկույցն օտար լեզվով պատրաստելն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |