Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.09.03/44(568)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.07.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
13.07.2007
Дата вступления в силу
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի

առաջին ատյանի դատարանում դատավճիռ

կայացրած դատարանի կազմը՝

դատավոր՝ Գ. Պողոսյան

ՎԲ-107/07

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

13 հուլիսի 2007 թ.

ք. Երևան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

 

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

դատախազ

Գ. Ջհանգիրյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Տիգրան Ժորայի Շմավոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Տիգրան Ժորայի Շմավոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճռով Տ. Շմավոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Տ. Շմավոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով Տ. Շմավոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով նա արդարացվել է:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի մայիսի 30-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Տ. Շմավոնյանը 2007 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Չարբախի մթերային շուկայի մոտ գտնվող երթուղային տաքսիների կանգառում ձեռք է բերել (գտել է) 3 հատ՝ յուրաքանչյուրը 0.05 գրամ (դեղապատիճ) և 1 հատ 0.1 գրամ (դեղահաբ) «Տրամադոլ» տեսակի հոգեներգործուն բաղադրատարր պարունակող դեղամիջոցներ, որոնք ապօրինի, առանց իրացման նպատակի, անձնական օգտագործման համար պահել է իր մոտ: Դրանցից 2 հատ 0.05 գրամ (դեղապատիճ) դեղամիջոցները 2007 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի թիվ 16 բնակարանում առանց բժշկի թույլտվության գործածել է: Մնացած 1 հատ 0.05 գրամ (դեղապատիճ) և 1 հատ 0.1 գրամ (դեղահաբ) դեղամիջոցներն անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են Տ. Շմավոնյանի բաճկոնի ձախ գրպանից՝ նրան 2007 թվականի հունվարի 23-ին Երևան քաղաքի Արշակունյաց և Շիրակի փողոցների խաչմերուկի մոտակայքից Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկելուց հետո:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Տ. Շմավոնյանի վերաբերյալ դատավճիռն անհիմն է և այն պետք է բեկանել հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 266-274-րդ հոդվածները քրեական պատասխանատվություն են նախատեսում թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության համար և ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի «Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում:

ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի դիսպոզիցիայում թմրամիջոցներ գործածելու տակ, անկասկած, պետք է նկատի ունենալ նաև թմրադեղերն ու հոգեներգործուն նյութերը. այդպիսին է ՀՀ քրեական օրենսգրքի 266-274-րդ հոդվածների կառուցման տրամաբանությունը:

Վճռաբեկ բողոքի հեղինակի կարծիքով, օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի վերնագրում և դիսպոզիցիայում օգտագործված «թմրամիջոցներ» հասկացության մեջ թմրամիջոցներից բացի ներառել է նաև հոգեներգործուն նյութերը: Հակառակ դեպքում կխախտվեր վերոհիշյալ հոդվածների տրամաբանական կառուցվածքը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-274-րդ հոդվածներով նախատեսված արարքները նույնաբնույթ են, և անտրամաբանական է, որ նույնիսկ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը համարվի քրեորեն պատժելի, իսկ անմիջականորեն գործածելը՝ ոչ:

Բացի այդ, դատարանը հենվել է ուժը կորցրած ճանաչված ենթաօրենսդրական ակտի վրա, քանի որ ինչպես հանցավոր արարքի կատարման, այնպես էլ անձի դատապարտման ժամանակ գործել է «Թմրամիջոցների կամ հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի մանր, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 19-ի թիվ 59 հրամանը, և դատարանը պետք է ղեկավարվեր այդ հրամանով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Տ. Շմավոնյանը պետք է մեղավոր ճանաչվեր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով:

Ելնելով վերոգրյալից՝ վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Տիգրան Ժորայի Շմավոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճիռը և քրեական գործն ուղարկել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով»:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»: Հետևաբար` Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի՝ Տ. Շմավոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը ճիշտ է:

Արարքը ճանաչվում է հանցավոր միայն այն դեպքում, երբ առկա են քրեական օրենքով նախատեսված բոլոր հատկանիշները: Հանցագործությունն իրենից ներկայացնում է չորս պարտադիր տարրերի միասնություն, այն է` օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ: Նշվածներից թեկուզ մեկի բացակայությունը անձի արարքում վկայում է հանցակազմի բացակայության մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ, այլ ոչ թե հոգեներգործուն նյութեր գործածելու համար, հետևաբար, հոգեներգործուն նյութեր գործածած Տ. Շմավոնյանը չէր կարող քրեական պատասխանատվության ենթարկվել վերոհիշյալ հոդվածով, որը պատասխանատվություն չի սահմանում հոգեներգործուն նյութեր գործածելու համար:

Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Ուստի անհիմն են վճռաբեկ բողոքում նշված փաստարկներն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի վերնագրում և դիսպոզիցիայում օգտագործված «թմրամիջոցներ» հասկացության ներքո պետք է նկատի ունենալ նաև հոգեներգործուն նյութերը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի՝ թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվություն նախատեսող 266-274-րդ հոդվածները ներառված են «Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում, նույնաբնույթ են և դա բխում է հիշյալ գլխում սահմանված հոդվածների կառուցման տրամաբանությունից:

Իհարկե, ՀՀ քրեական օրենսգրքի «Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում ներառված 266-274-րդ հոդվածներով սահմանված են հանցագործությունների այն տեսակները, որոնք նույնաբնույթ են և ուղղված են համասեռ հասարակական հարաբերությունների որոշակի շրջանակի դեմ: Սակայն համապատասխան արարքը որպես հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ արարքի հատկանիշները ոչ թե նույնաբնույթ լինեն, այլ ուղղակիորեն նախատեսված լինեն քրեական օրենքով: Ուստի, հոգեներգործուն նյութեր գործածելը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանը հենվել է ինչպես հանցավոր արարքի կատարման, այնպես էլ անձի դատապարտման ժամանակ ուժը կորցրած ճանաչված «Թմրամիջոցների կամ հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2003 թվականի օգոստոսի 12-ի թիվ 691-Ն հրամանի վրա, ապա հանցանքի կատարման ժամանակ գործել է այդ հրամանը: Դրանից զատ, «Թմրամիջոցների կամ հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի մանր, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 19-ի թիվ 59-Ն հրամանով տրամադոլը վերստին սահմանված է որպես հոգեմետ նյութ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Վճռաբեկ բողոքը մերժել:

Տիգրան Ժորայի Շմավոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ղուկասյան
  Մ. Սիմոնյան
  Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան